Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.36
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ6/0407/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ6/0407/05/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ալավերդյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) հայցի ընդդեմ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով ՀՀ վարչական դատարան (ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի)` Գյուղապետարանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 5.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 2.500.000 ՀՀ դրամի մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 247-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 31-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները, սույն գործով որպես պատասխանող կողմ է ներգրավել Ընկերությանը, սակայն չի ապահովել յուրաքանչյուր կողմի` գործում եղած կամ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց կապակցությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Նշվածը կարող է իրականացված համարվել այն դեպքում, երբ գործին մասնակցող յուրաքանչյուր անձի ընձեռվել է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, որի ապահովումը դատարանի պարտականությունն է:

Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ:

Դատարանի վճիռը նաև հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 28.09.2006 թվականին թիվ 3-1787(ՏԴ)/2006թ. և 30.03.2007 թվականին թիվ 3-690(ՎԴ)/2007թ. քաղաքացիական գործերով կայացրած որոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 19.10.2009 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գյուղապետարանի վարչական հանձնաժողովի 22.09.2008 թվականի թիվ 2 որոշմամբ Ընկերությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է համապատասխանաբար 2.500.000 ՀՀ դրամ և 2.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքների (գ.թ. 38):

2) Գյուղապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի` պահանջելով Ընկերությունից բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ (գ.թ. 23):

3) Դատարանը սույն գործի քննության նախապատրաստման ընթացքում որոշմամբ չի կատարել ոչ պատշաճ պատասխանողի` Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, փոխարինում պատշաճ պատասխանողով` Ընկերությունով` միաժամանակ սույն գործով որպես պատասխանող դիտելով Ընկերությանը (գ.թ. 67-72, 85-93` 16.04.2009 թվականի, 05.10.2009 թվականի և 19.10.2009 թվականի դատական նիստերի արձանագրություններ, վճիռ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գործի քննության նախապատրաստման ընթացքում վարչական դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին այլ անձով փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին հայցվորի համաձայնությամբ ներգրավել որպես երկրորդ պատասխանող:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական դատավարությունում որպես պատասխանող է հանդես գալիս այն վարչական մարմինը, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ ներկայացվել է հայց: Այսինքն` ՀՀ վարչական դատարանը պարտավոր է տվյալ գործը քննել և լուծել` որպես պատասխանող դիտելով հայցադիմումում նշված անձին: Իսկ այն դեպքում, երբ գործի քննության նախապատրաստման ընթացքում հանգում է համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ, հայցվորի համաձայնությունը ստանալուց հետո կարող է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճով: Սակայն, երբ հայցվորը նման փոխարինմանը համաձայն չէ, հայցվորի համաձայնությամբ պատշաճ պատասխանողին կարող է ներգրավել որպես երկրորդ պատասխանող: Պատասխանողի փոխարինումը կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանողի ներգրավումն իրականացվում են` դրա վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելով, որի դեպքում միայն ոչ պատշաճ պատասխանողը կարող է համարվել պատշաճով փոխարինված:

Սույն գործով Գյուղապետարանը հայցադիմումը ներկայացրել է ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, սակայն պահանջել է 5.000.000 ՀՀ դրամը բռնագանձել Ընկերությունից: Այսինքն` Գյուղապետարանը հայցադիմումը ներկայացրել է ընդդեմ ֆիզիկական անձի` Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, սակայն հայցապահանջն ուղղել է իրավաբանական անձին` Ընկերությանը, որը և ըստ հայցի պետք է պատասխաներ:

Մինչդեռ Դատարանը, առանց ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին որոշում կայացնելու, սույն գործը քննել և լուծել է` գործի քննության ընթացքում և վճռով որպես պատասխանող դիտելով Ընկերությանը: Այսինքն` Ընկերությունը սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով չի ներգրավվել որպես պատասխանող, վերջինիս համար չի ապահովվել համապատասխան դատավարական կարգավիճակ, սակայն նրա նկատմամբ կայացվել է վճիռ:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գյուղապետարանի վարչական հանձնաժողովի 22.09.2008 թվականի թիվ 2 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել Ընկերությունը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 28.09.2006 թվականին թիվ 3-1787(ՏԴ)/2006թ. քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ անդրադարձել և տվել է իրավաբանական անձի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով իրավախախտման սուբյեկտ չհանդիսանալու վերաբերյալ իրավական գնահատականներ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.10.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի լուծման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան