ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2010 թվականի N 1104-Ն
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, ԱՊՊԱ ԿՏՐՈՆԻ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ), ԿՈՐԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԻ ՈՒ ԴՐԱ ՁԵՎԱԹՂԹԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել համաձայնեցված հայտարարագրի և ԱՊՊԱ կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ հավելվածի 12-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1104-Ն որոշման |
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ապահովագրական պատահարի (այսուհետ` ԱՊ) մասնակից ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցների (այսուհետ` ՏՄ) վարորդների կողմից լրացվող՝ համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը և բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի (այսուհետ` կտրոն) ձևը, բովանդակությունը, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնը նորով փոխարինելու կարգը (այդ թվում` կտրոնի կորստի, հափշտակման, վնասման (խոտանման) կամ ոչնչացման մասին ապահովադրի կողմից ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու կարգը), ինչպես նաև կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
1) տուժող (տուժած անձ)` ՏՄ-ի օգտագործման հետևանքով ԱՊ-ի արդյունքում գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ, որը «Ավտոտրանսպոտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի վնասի հատուցում ստանալու իրավունք.
2) ապահովագրված ավտոտրանսպորտային միջոց` ՏՄ, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Սույն կարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ու «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը, եթե դրանց այլ նշանակություն չի բխում սույն կարգի դրույթներից:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, ԿՏՐՈՆԻ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԿՏՐՈՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
4. Հայտարարագիրը բաղկացած է 2 էջից:
5. Հայտարարագրի դիմերեսի ձևը, դրանում ներառվող տեղեկատվությունը սահմանվում են՝ համաձայն N 1 ձևի:
6. Հայտարարագրի դարձերեսը ներառում է դրա լրացման հրահանգը` համաձայն N 2 ձևի:
7. Հայտարարագիրը լրացվում է՝ համաձայն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված լրացման հրահանգի:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
8. Կտրոնը 105 x 74 մմ չափերով, կապույտ գույնի դիմերեսով քարտ է:
9. Կտրոնի դիմերեսի և դարձերեսի ձևը, դրանում ներառվող տեղեկատվությունը սահմանվում են՝ համաձայն N 3 ձևի:
10. Կտրոնի դիմերեսի կենտրոնում «ՏՏ/ԱԱ» տառերը պատկերող ուղղանկյունաձև վանդակի վրա ապահովագրական ընկերության կողմից, Բյուրոյի խորհրդի սահմանած տեխնիկական չափանիշների համաձայն, արաբական թվերով տպագրվում են ԱՊՊԱ պայմանագրի գործողության ավարտի տարեթվի վերջին երկու նիշը և ԱՊՊԱ պայմանագրի գործողության ավարտի ամիսը: Ընդ որում, տարեթիվը և ամիսն իրարից բաժանվում են կոտորակի նշանով:
11. Կտրոնի դիմերեսին «XX 000000»-ի փոխարեն նշվում է կտրոնի ծածկագիրը: Կտրոնի ծածկագիրը ներառում է կտրոնի սերիան և համարը: Սերիան պարունակում է 2 նիշ, իսկ հերթական համարը` 6 նիշ` սկսած 000001-ից: Ընդ որում, համարակալումը կատարվում է` սկզբից նշելով սերիան, այնուհետև` հերթական համարը: Կտրոնների ծածկագրերը չեն կրկնվում (անգամ, եթե տվյալ կտրոնն այլևս ուժի մեջ չէ): Կտրոնի սերիայի նիշերը մեծատառ են և լատինատառ: Կտրոնի սերիան սահմանվում է «AA», քանի դեռ չեն սպառվել կտրոնի հերթական համարի բոլոր հնարավոր համակցությունները (կոմբինացիաները): Բոլոր հնարավոր համակցությունները (կոմբինացիաները) սպառվելու դեպքում կտրոնի սերիան փոխվում է, իսկ հերթական համարն սկսվում է հաշվարկվել 000001-ից: Ընդ որում, նոր սերիա սահմանելիս՝ կիրառվում է հետևյալ մոտեցումը` առաջին «A» տառը մնում է անփոփոխ, իսկ երկրորդ «A» տառը փոփոխվում է` ըստ այբբենական հերթականության:
12. Կտրոնի դարձերեսին՝ «Պատահարի դեպքում զանգահարել» տողում նշվում է առնվազն մեկ հեռախոսահամար` շուրջօրյա հասանելիությամբ: Ընդ որում` կտրոնի վրա նշված հեռախոսահամարներով պետք է ապահովվի առնվազն երեք միաժամանակյա զանգի սպասարկման հնարավորություն:
13. Կտրոնը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պետք է փակցված լինի ՏՄ-ի դիմապակու ներքևի աջ անկյունում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿՏՐՈՆԻ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ), ԿՈՐԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿՏՐՈՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
14. Կտրոնի վնասման (խոտանման), կորստի, հափշտակման կամ ոչնչացման դեպքում այն ենթակա է փոխարինման նոր կտրոնով, որի նպատակով ապահովադիրը դրա մասին կտրոնի վնասմանը (խոտանմանը), կորստին, հափշտակմանը կամ ոչնչացմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ անմիջականորեն կամ ապահովագրական գործակալի միջոցով, վերադարձնելով վնասված (խոտանված) կտրոնը: Վնասված (խոտանված) կտրոնն ապահովադրի կողմից չվերադարձվելու և կտրոնի վնասված (խոտանված) լինելու փաստը չապացուցվելու դեպքում կտրոնը համարվում է կորած:
15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված պահանջից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ապահովադիրը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում տեղեկացնել ապահովագրական ընկերությանը կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել կտրոնի վնասման (խոտանման), կորստի, հափշտակման կամ ոչնչացման մասին: Սույն կետով նախատեսված տեղեկացման անհնարին դարձնող հանգամանքների վերացման (կտրոնի վնասման (խոտանման), կորստի, հափշտակման կամ ոչնչացման մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը պարտավոր է սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը:
16. Կտրոնը (ձևաթուղթը) համարվում է վնասված (խոտանված)՝ պատռվելու, գունաթափվելու, քայքայվելու, անընթեռնելի դառնալու, մասնակիորեն այրվելու դեպքում, ինչպես նաև, եթե դրանում կատարված են ուղղումներ կամ փոփոխություններ: Ձևաթուղթը համարվում է վնասված (խոտանված) նաև այն դեպքում, եթե սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով տպագրված տարեթվի (ամսվա) պատճառով այլևս պիտանի չէ օգտագործման:
17. Ապահովագրական ընկերության կողմից ապահովադրին տրամադրված կտրոնը փոխարինելու մասին դիմումն ստանալուց անմիջապես հետո ապահովագրական ընկերությունը համապատասխան գրառում է կատարում իր կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյանում և Բյուրոյին տեղեկացնում վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնների մասին:
18. Ապահովագրական ընկերությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան ապահովադրի կողմից կտրոնը փոխարինելու մասին դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, պարտավոր է ապահովադրին տրամադրել նոր կտրոն՝ համապատասխան հաշվառման ընթացակարգի:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԿՏՐՈՆԻ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԹՂԹԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Կտրոնի ձևաթղթերը (այսուհետ` ձևաթուղթ) համարակալվում, տպագրվում, հաշվառվում, պահպանվում և Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններին տրամադրվում են Բյուրոյի կողմից:
20. Կտրոնների (ձևաթղթերի) միասնական հաշվառման նպատակով Բյուրոն և ապահովագրական ընկերությունները վարում են հատուկ էլեկտրոնային գրանցամատյաններ, որոնք պետք է պաշտպանված լինեն չթույլատրված մուտքից, օգտագործումից, փոփոխումից և ոչնչացումից:
21. Սահմանված կարգով չտպագրված և չգրանցված ձևաթղթերի վրա լրացված, ինչպես նաև նորով փոխարինված կտրոններն անվավեր են:
22. Բյուրոն համարակալված ձևաթղթերը տրամադրում է անդամ հանդիսացող ապահովագրական ընկերություններին, իսկ վնասված (խոտանված) ձևաթղթերը հետ է ստանում ապահովագրական ընկերություններից` ձևաթղթերի ընդունման-հանձնման ակտերի հիման վրա: Ընդունման-հանձնման ակտի հիման վրա Բյուրոյին վերադարձման են ենթակա նաև իրենց անդամությունը դադարեցրած ապահովագրական ընկերությունների մոտ առկա ձևաթղթերը:
23. Ձևաթղթերի ընդունման-հանձնման ակտերում առնվազն ներառվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ձևաթղթերի վերադարձման պատճառը` վնասում-խոտանում կամ Բյուրոյին անդամության դադարեցում (Բյուրոյի կողմից ձևաթղթերի հետստացման դեպքում).
2) ձևաթղթերի քանակը: Ընդ որում, Բյուրոյի կողմից ձևաթղթերի հետստացման դեպքում ձևաթղթերի քանակը նշվում է ըստ վնասման (խոտանման)` սույն կարգի 16-րդ կետով սահմանված եղանակների.
3) ձևաթղթերի ծածկագրերը: Ընդ որում, Բյուրոյի կողմից ձևաթղթերի հետստացման դեպքում ձևաթղթերի ծածկագրերը նշվում են` ըստ վնասման (խոտանման)` սույն կարգի 16-րդ կետով սահմանված եղանակների.
4) ընդունման-հանձնման ամսաթիվը.
5) կողմերի տվյալները (այդ թվում` ընդունող և հանձնող իրավաբանական անձանց անվանումները, նրանց ներկայացուցիչների անունները, ազգանունները)` համապատասխան ստորագրություններով:
24. Ձևաթղթերի ընդունում-հանձնումն իրականացվում է կողմերի գործադիր տնօրենների (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրանց կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցիչների կողմից:
25. Բյուրոն ապահովագրական ընկերություններից վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնների (ձևաթղթերի) մասին տեղեկացում ստանալուց հետո անմիջապես կատարում է գրառում իր կողմից վարվող գրանցամատյանում:
26. Բյուրոն և ապահովագրական ընկերությունը ձևաթղթերը պետք է պահեն առանձին պահոցում, որը պետք է նախատեսված լինի բացառապես չօգտագործված, ինչպես նաև վնասված (խոտանված) ձևաթղթերի համար:
27. Վնասված (խոտանված) ձևաթղթերը հատուկ պահոցում պահելուց հետո ոչնչացվում են Բյուրոյում առկա կտրոնների ձևաթղթերի` տվյալ տարվա հերթական գույքագրման ժամանակ, իսկ ոչնչացումից հետո ակտավորվում են: Վնասված (խոտանված) ձևաթղթերի ոչնչացման արդյունքում կազմված ակտերը Բյուրոյի կողմից սահմանված կարգով արխիվացվում են: Բյուրոն ոչնչացման, ակտավորման նպատակով կարող է ստեղծել հատուկ հանձնաժողով: Ընդ որում, ձևաթղթերի ոչնչացումից հետո Բյուրոյի կողմից վարվող գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
28. Բյուրոյի կողմից վարվող գրանցամատյանը պետք է պարունակի կտրոնների (ձևաթղթերի) մասին առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝
1) ձևաթղթերի տպագրման ամսաթիվը, տպագրված ձևաթղթերի քանակը և ծածկագրերը.
2) ձևաթղթերի` ապահովագրական ընկերություններին տրամադրելու ամսաթիվը, տրամադրված ձևաթղթերի քանակը, ծածկագրերը` ըստ յուրաքանչյուր ապահովագրական ընկերության, ինչպես նաև ձևաթղթերն ստացող ապահովագրական ընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը, գործադիր տնօրենի կողմից տրված լիազորագրի համարը (ընդունումը գործադիր տնօրենի կողմից չիրականացվելու դեպքում).
3) ապահովագրական ընկերությունների կողմից Բյուրոյին վերադարձվող ձևաթղթերի ծածկագրերը, ընդհանուր քանակը, վերադարձման ամսաթիվը` ըստ յուրաքանչյուր ապահովագրական ընկերության և ըստ վերադարձման պատճառի (վնասման (խոտանման)` սույն կարգի 16-րդ կետով սահմանված եղանակների), ինչպես նաև ձևաթղթերը վերադարձնող ապահովագրական ընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը, գործադիր տնօրենի կողմից տրված լիազորագրի համարը (ընդունումը գործադիր տնօրենի կողմից չիրականացվելու դեպքում).
4) վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնների (ձևաթղթերի) քանակը, ամսաթիվը և ծածկագրերը.
5) վնասված (խոտանված) ձևաթղթերի ոչնչացման ամսաթիվը, ոչնչացման ակտի համարը, քանակը և ծածկագրերը.
6) Բյուրոյում գտնվող՝ չօգտագործված ձևաթղթերի քանակը (մնացորդը):
29. Ապահովագրական ընկերության կողմից վարվող գրանցամատյանը պետք է պարունակի կտրոնների (ձևաթղթերի) մասին առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝
1) Բյուրոյից ձևաթղթերի ձեռքբերման ամսաթիվը, ձեռքբերված ձևաթղթերի քանակը, ծածկագրերը, ինչպես նաև ձևաթղթերն ստացող ապահովագրական ընկերության ներկայացուցչի անունը, ազգանունը, գործադիր տնօրենի կողմից տրված լիազորագրի համարը (ընդունումը գործադիր տնօրենի կողմից չիրականացվելու դեպքում).
2) ձևաթղթերի` ապահովագրական ընկերության կողմից իր մասնաճյուղերին և ապահովագրական գործակալներին տրամադրման ամսաթիվը, տրամադրված ձևաթղթերի քանակը և ծածկագրերը` ըստ յուրաքանչյուր մասնաճյուղի (ապահովագրական գործակալի).
3) ձևաթղթերի` ապահովագրական ընկերության մասնաճյուղերի և ապահովագրական գործակալների կողմից ընկերությանը վերադարձման ամսաթիվը, վերադարձված ձևաթղթերի քանակը և ծածկագրերը` ըստ յուրաքանչյուր մասնաճյուղի (ապահովագրական գործակալի) և ըստ վերադարձման պատճառի (վնասման (խոտանման)` սույն կարգի 16-րդ կետով սահմանված եղանակների).
4) վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնների (ձևաթղթերի) քանակը, ամսաթիվը և ծածկագրերը.
5) վնասված (խոտանված) ձևաթղթերի` Բյուրոյին վերադարձման ամսաթիվը, վերադարձվող ձևաթղթերի քանակը և ծածկագրերը` ըստ վնասման (խոտանման)` սույն կարգի 16-րդ կետով սահմանված եղանակների.
6) օգտագործված ձևաթղթերի քանակը և ծածկագրերը` ըստ յուրաքանչյուր մասնաճյուղի, ապահովագրական գործակալի և ընկերության գլխամասի.
7) ապահովագրական ընկերության կողմից չօգտագործված ձևաթղթերի քանակը (մնացորդը):
30. Բյուրոյի և ապահովագրական ընկերությունների կողմից վարվող գրանցամատյանները լրացվում են օրական կտրվածքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
1. ԱՊ-ի վայրը ------------------------------ամսաթիվը ------------ ժամը --------
(Քաղաքի (գյուղի, մարզի) անվանումը, ճանապարհի անվանումը, մոտակա օբյեկտի անվանումը) (օր/ամիս/տարի )
2. Տուժող (տուժած անձանց) քանակը ----------------
3. Այլ գույքային վնասը առկա է □ առկա չէ □
4. ԱՊ-ի ականատեսները -----------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------
(Ա.Ա.Հ, բնակության վայրը, հեռախոսահամարը, ստորագրությունը)
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
1. Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից-վարորդների կողմից միաժամանակ` ԱՊ-ի վայրում:
2. Հայտարարագիրը լրացվում է գրիչով, ընթեռնելի ձեռագրով:
3. Հայտարարագիրը լրացվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրի վրա ստորագրում են երկու վարորդները:
4. Ականատեսների բացակայության պարագայում 4-րդ տողը լրացվում է «ականատեսներ չկան» բառերով: Իսկ ականատեսների առկայության պարագայում նշվում է նրանց անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը և ստորագրությունը: Եթե ականատեսները հանդիսանում են վարորդներից որևէ մեկի ուղևորները, ապա այդ փաստը նույնպես նշվում է հայտարարագրում:
5. Հայտարարագրի 5-րդ կետով սահմանված «Նույնացման համար (VIN)» տողում, եթե ՏՄ-ը չունի նույնացման համար, ապա լրացվում է թափքի համարը` փակագծերում գրելով «Թափքի համար» բառերը:
6. Հայտարարագրի 9-րդ տողը լրացնելիս անհրաժեշտ է հնարավորինս ճշգրիտ և հակիրճ նկարագրել ՏՄ-ի բաղկացուցիչ մասերի վնասվածքի բնույթը: Վնասի մեծության աստիճանը բնութագրվում է «քերծվածք», «դեֆորմացում» և «ճեղքվածք» բառերով:
7. Հայտարարագրում ՏՄ-ի բաղկացուցիչ մասերի վնասվածքի մասին չնշելու պարագայում այդ գծով հատուցումը կարող է մերժվել ապահովագրական ընկերության կողմից՝ դրանց այլ ԱՊ-ում և այլ հանգամանքներում վնասված լինելու կասկածանքի հիմքով: Վթարի պահին ՏՄ-ի չնկատելի բաղկացուցիչ մասերի վնասներն ուսումնասիրվում և նկարագրվում են փորձագետի կողմից` ՏՄ-ը հետազոտելիս:
8. Հայտարարագրի 10-րդ տողում պետք է սլաքով ցույց տրվի ԱՊ-ի պահին ՏՄ-ի սկզբնական հարվածի տեղը անմիջապես պատկերված համապատասխան մեքենայի գծանկարի վրա, ինչպես նաև այլ հնարավոր գծագրական նկարագիր, որն առավել հստակ կբնորոշի ԱՊ-ն:
9. 11-րդ «Նշումներ» տողում կարող են լրացվել լրացուցիչ տեղեկություններ, որոնք չեն արտացոլվել 13-րդ տողում: Վերոնշյալ տողում նշվում են նաև ԱՊ-ի առաջացմանը նպաստող պայմանները (1. սառցակալած ծածկ, 2. ծածկի բարձր սահելիություն, 3. անհարթ ծածկ, 4. կողմնակի անբավարար վիճակ, 5. կամրջին հարակից նեղ երթևեկելի մաս, 6. կամրջի տակով անցնող նեղ երթևեկելի մաս, 7. ե/գ գծանցի անբավարար վիճակ, 8. անբավարար տեսանելիություն, 9. անբավարար լուսավորություն, 10. ծառեր, սյուներ և այլն, 11. պաշտպանիչ հարմարանքների բացակայություն, 12. ճանապարհային նշանների թերություններ, 13. լուսացույցի թերություններ, 14. գծանշման թերություններ, 15. աշխատանքներ երթևեկելի մասում, 16. այլ պայմաններ, 17. չկա):
10. 12-րդ «Լրացուցիչ նշումներ մեղավորության վերաբերյալ» տողում նշվում է ԱՊ-ի մեղավորության վերաբերյալ տեղեկատվություն` նշելով վարորդի կողմից կատարված իրավախախտումը (1. ոչ սթափ վիճակում վարելը, 2. արագությունը գերազանցելը, 3. նշանների և գծանշումների պահանջները չկատարելը, 4. մարդկանց փոխադրման կանոնները խախտելը, 5. շարքերի վերադասավորման կանոնները խախտելը, 6. հետիոտնային անցումների անցման կանոնները խախտելը, 7. ընդհանուր օգտագործման ՏՄ կանգառի անցման կանոնները խախտելը, 8. լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը, 9. առաջինն անցնելու իրավունքի կանոնները խախտելը, 10. կանգառի և կայանման կանոնները խախտելը, 11. երկաթուղային գծանցների անցման կանոնները խախտելը, 12. բեռների փոխադրման կանոնները խախտելը, 13. քարշակման կանոնները խախտելը, 14. վազանցի կանոնները խախտելը, 15. խաչմերուկի անցման կանոնները խախտելը, 16. ՏՄ-ի միջև տարածության պահպանման կանոնները խախտելը, 17. ՏՄ-ի անսարքությունը, 18. ղեկին քնելը, 19. այլ խախտումներ, 20. չկա, 21. անհայտ է): 12-րդ տողը լրացվում է կողմերի հայեցողությամբ:
11. 13-րդ տողում «Ա» և «Բ» ՏՄ-ի վարորդների կողմից յուրաքանչյուրի համար նախատեսված վանդակներում նշվում են ԱՊ-ի հանգամանքները նկարագրող կետերը:
12. 14-րդ տողում անհրաժեշտ է մանրամասն նկարել ԱՊ-ի սխեման վթարի պահին և վթարից հետո: Պետք է գծագրել ԱՊ-ի տեղանքը` նկարել ճանապարհը/փողոցը և նշել անվանումը, նկարել ՏՄ-երը, նշել վերջիններիս դիրքերը հարվածի պահին և հարվածից հետո, սլաքով ցույց տալ ՏՄ-երի շարժման ուղղությունները, նկարել ճանապարհային նշաններն ու ճանապարհային գծանշումները, լուսացույցի դիրքը և ցուցումը վթարի պահին և այլն:
13. Այն դեպքում, եթե հայտարարագրի որևէ տող չի բավականացնում ամբողջ տեղեկատվությունը լրացնելու համար, կարող է այդ նպատակով օգտագործվել այլ սպիտակ թուղթ և համապատասխան ստորագրություններով կցվել հայտարարագրին:
14. Համաձայնեցված հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում հայտարարագրում իրականացնել ոչ մի փոփոխություն, ուղղում կամ լրացում:
15. Ցանկացած անհասկանալի, բարդ իրավիճակում, որի դեպքում ՃՏՊ-ի մասնակիցները չեն կողմնորոշվում հանգամանքներում, անհրաժեշտ է դիմել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնին:
Ձև N 3