Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,
Մաքսային միության անդամ պետությունների և Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև փոխադարձ առևտրի ընդլայնման նպատակներով,
հաշվի առնելով «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրով և «Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» համաձայնագրով սահմանված կանոններն ու սկզբունքները, որոնք ընդունվել են 1994 թվականի ապրիլի 15-ին բազմակողմ տնտեսական բանակցությունների Ուրուգվայի փուլում, ինչպես նաև «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրի դրույթները, «Եվրասիական տնտեսական համայնքի անդամ պետությունների տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման հիմքերի մասին» 2005 թվականի մարտի 24-ի համաձայնագիրը, «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և բուսասանիտարական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը, «Սանիտարական միջոցառումների մասին» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագիրը, «Անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագիրը, «Բույսերի կարանտինի մասին» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագիրը, «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագիրը,
ցանկանալով վերացնել տեխնիկական խոչընդոտները Մաքսային միության անդամ պետություն չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ փոխադարձ առևտրում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրում առևտրի տեխնիկական խոչընդոտներ ասելով ենթադրվում են Մաքսային միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետության ազգային տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և համապատասխանության գնահատման (հավաստման) չափանիշների և ընթացակարգերի ու Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, Մաքսային միությունում կիրառվող ստանդարտների և նույնանուն արտադրատեսակների նկատմամբ Մաքսային միության համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգերի պահանջների տարբերությունները, որոնք փոխադարձ առևտրում հանգեցնում են խոչընդոտների:
Սույն Համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական և բուսասանիտարական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրով, «Սանիտարական միջոցառումների մասին» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրով և «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:
Հոդված 2
1. Մաքսային միության անդամ պետություն չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության ցանկացած մասնակից պետություն (այսուհետ՝ Շահագրգիռ պետություն) իրավունք ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) հարցում ուղարկելու որոշակի արտադրատեսակի առնչությամբ փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման մասին:
Հանձնաժողովը, Շահագրգիռ պետության հարցման հիման վրա, սահմանում է Մաքսային միության տեխնիկական այն կանոնակարգերի ցանկը, որոնք տարածվում են Շահագրգիռ պետության հարցման մեջ սահմանված արտադրատեսակների վրա, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումների ցանկը, որոնք անհրաժեշտ են նշված տեխնիկական կանոնակարգերը կիրառելու համար, և փոխանցում է Շահագրգիռ պետությանը այդ տեղեկությունները:
2. Շահագրգիռ պետության հարցման մեջ սահմանված արտադրատեսակների մասով փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համար պայման է համարվում Շահագրգիռ պետության կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների և սույն հոդվածի 1-ին կետում նշված Հանձնաժողովի համապատասխան որոշումների կիրառումը՝ սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով:
3. Շահագրգիռ պետության կողմից՝ սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով իր տարածքում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումը կարող է իրականացվել իր ընտրությամբ՝ ոչ այլընտրանքային կամ այլընտրանքային հիմունքներով:
Այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումն իրականացվում է առանց բացառումների՝ պայմանով, որ Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի գործողության ոլորտում Շահագրգիռ պետության ազգային տեխնիկական կանոնակարգերի և օրենսդրական այլ ակտերի գործողությունը դադարեցվի:
Ոչ այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառումն իրականացվում է առանց բացառումների՝ Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգերի գործողության ոլորտում Շահագրգիռ պետության գործող ազգային տեխնիկական կանոնակարգերի և այլ օրենսդրական ակտերի հետ մեկտեղ՝ Շահագրգիռ պետության հայտատուների (տնտեսական գործունեության մասնակիցների) ընտրությամբ:
Հոդված 3
Փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակներով՝ Շահագրգիռ պետությունը Մաքսային միության անդամ պետությունների հետ՝
ա) ապահովում է սույն Համաձայնագրին համապատասխան Շահագրգիռ պետության կողմից կիրառվող Մաքսային միության բոլոր տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ այդ տեխնիկական կանոնակարգերում կատարված փոփոխությունների, ինչպես նաև նշված տեխնիկական կանոնակարգերը կիրառելու համար անհրաժեշտ՝ Հանձնաժողովի որոշումների ուղղակի գործողությունն իր տարածքում,
բ) ապահովում է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված և Հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերի ցանկերի՝ ներառյալ դրանցում փոփոխությունների կիրառումը,
գ) ապահովում է Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ շրջանառության մեջ դրված արտադրանքի համապատասխանության գնահատումը (հավաստումը)՝ նշված տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով: Այլընտրանքային հիմունքով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման դեպքում, սույն կետի դրույթները կիրառվում են, եթե Շահագրգիռ պետության հայտատուն ընտրում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը,
դ) ապահովում է իր տարածքում այն արտադրանքի շրջանառությունը, որը համապատասխանում է Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, անցել է Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց գործողությունը տարածվում է տվյալ արտադրատեսակի նկատմամբ, և մակնշվել է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով՝ առանց այդպիսի արտադրանքի նկատմամբ նշված տեխնիկական կանոնակարգերում պարունակվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ ներկայացնելու և առանց համապատասխանության գնահատման (հավաստման) լրացուցիչ ընթացակարգերի անցկացման,
ե) ապահովում է չափումների միասնականությունը՝ Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջների հետ՝ արտադրանքի համապատասխանությունը գնահատելու (հավաստելու) արդյունքների համադրելիության նպատակով,
զ) ճանաչում է այն փաստաթղթերը, որոնք պարունակում են Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) արդյունքները, որոնք ստացվում են այդ տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով,
է) սահմանում է այն լիազոր մարմնին, որն ապահովում է Մաքսային միության հավաստագրման և փորձագիտական լաբորատորիաների (կենտրոնների) մարմինների Միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումը (այսուհետ՝ Միասնական ռեեստր),
ը) որոշում է այն լիազոր մարմնին, որն իրականացնում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ Փաստաթղթերի միասնական ռեեստրում ազգային մասերի ձևավորումն ու վարումը, ինչպես նաև դրանց օպերատիվ տեղադրումը այդ մարմնի պաշտոնական կայքէջում՝ ապահովելով դրանց նկատմամբ ազատ հասանելիությունը,
թ) որոշում է այն լիազոր մարմիններին, որոնք իրականացնում են Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների պետական գրանցումը,
ժ) իր օրենսդրությունը ներդաշնակեցնում է Կողմերի օրենսդրության հետ՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով կիրառվող պահանջները խախտելու, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման ոլորտում,
ժա) որոշում է այն լիազոր մարմիններին, որոնք իրականացնում են պետական հսկողություն (վերահսկողություն) Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների նկատմամբ,
ժբ) տեխնիկական կանոնակարգման ոլորտին վերաբերող մասով՝ միանում է Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգին:
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով Մաքսային միության անդամ պետությունների և Շահագրգիռ պետության միջև որոշակի արտադրատեսակների մասով փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման ամսաթիվը, Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց գործողությունը տարածվում է տվյալ արտադրատեսակների վրա և Հանձնաժողովի այն որոշումների ցանկը, որոնք անհրաժեշտ են նշված տեխնիկական կանոնակարգերը կիրառելու համար, սահմանվում են արձանագրությամբ, որը ստորագրվում է Հանձնաժողովի կողմից «Հանձնաժողովի մասին» պայմանագրի հիման վրա և Շահագրգիռ պետության կողմից, այն բանից հետո, երբ Հանձնաժողովը փաստում է, որ Շահագրգիռ պետությունը կատարել է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանները:
Նշված արձանագրության մեջ ներառվում է դրույթ այն մասին, որ Շահագրգիռ պետությունը ստանձնում է սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները:
2. Շահագրգիռ պետության կողմից սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների կատարման ստուգումն իրականացնելու ընթացքում՝ Հանձնաժողովն իրավունք ունի Շահագրգիռ պետությունից պահանջելու անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև կազմակերպելու համապատասխան արտագնա ստուգումներ Շահագրգիռ պետության տարածքում:
Հոդված 5
1. Շահագրգիռ պետության կողմից ոչ այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման դեպքում Կողմերն ապահովում են՝
ա) Մաքսային միության միասնական տարածքում այն արտադրանքի շրջանառությունը, որը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և մակնշված է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, ստացվում է Շահագրգիռ պետության տարածքից, այդ թվում՝ երրորդ երկրներից՝ առանց այդպիսի արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգերում նշված պահանջներից բացի այլ պահանջներ ներկայացնելու և առանց համապատասխանության գնահատման (հավաստման) լրացուցիչ ընթացակարգեր անցկացնելու,
բ) Շահագրգիռ պետության լիազոր մարմնի կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և այդպիսի տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի հանրային քննարկման ընթացակարգերի անցկացման հնարավորությունը:
2. Շահագրգիռ պետության կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը այլընտրանքային հիմունքներով կիրառելու դեպքում Կողմերն ապահովում են այն արտադրանքի շրջանառությունը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում, որը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և մակնշված է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, ծագել է Շահագրգիռ պետության տարածքից՝ առանց այդպիսի արտադրանքի նկատմամբ նշված տեխնիկական կանոնակարգերում պարունակվող լրացուցիչ պահանջները ներկայացնելու և առանց համապատասխանության գնահատման (հավաստման) լրացուցիչ ընթացակարգեր անցկացնելու:
3. Ոչ այլընտրանքային կամ այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման դեպքում Հանձնաժողովը սահմանված կարգով ապահովում է՝
ա) տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասով Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի հասանելիությունը Շահագրգիռ պետության լիազոր մարմնի համար,
բ) Շահագրգիռ պետության լիազոր մարմինների առաջարկներով՝ սերտիֆիկացման գծով հավատարմագրված մարմինների (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինների (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմիններ) և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) (այսուհետ՝ լաբորատորիաներ) ընդգրկումը Միասնական ռեեստրում:
4. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերով Շահագրգիռ պետության լիազոր մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
Հոդված 6
1. Շահագրգիռ պետության տարածքում Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատումը (հավաստումը) իրականացվում է Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված ձևով:
2. Ոչ այլընտրանքային հիմունքներով կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն կարող է լինել Շահագրգիռ պետության օրենսդրության համաձայն դրա տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ որպես անհատ ձեռնարկատեր, կամ արտադրող կամ վաճառող, կամ օտարերկրյա արտադրողի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության դեպքում պատասխանատվության մասով գործառույթներն իրականացնող անձը (Շահագրգիռ պետության տարածքում օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ):
3. Այլընտրանքային հիմունքներով կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն կարող է լինել Շահագրգիռ պետության օրենսդրության համաձայն դրա տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ որպես անհատ ձեռնարկատեր, որը հանդես է գալիս որպես արտադրող:
4. Շահագրգիռ պետության կողմից կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող և տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման (հավաստման) նշված կանոնակարգերով սահմանված ընթացակարգեր անցած արտադրանքը մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում:
Հոդված 7
1. Շահագրգիռ պետության տարածքում Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերով սահմանված գնահատման (հավաստման) պահանջներին արտադրանքի համապատասխանության աշխատանքներն իրականացնում են Շահագրգիռ պետության սերտիֆիկացման գծով հավատարմագրված մարմինները և լաբորատորիաները, որոնք ընդգրկված են Միասնական ռեեստրում:
2. Կողմերը ճանաչում են Շահագրգիռ պետության հավատարմագրման ազգային համակարգում համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող՝ սերտիֆիկացման գծով հավատարմագրման մարմինների և լաբորատորիաների գործունեության արդյունքները հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
Շահագրգիռ պետության հավատարմագրման ազգային համակարգը պարունակում է հավատարմագրման իրականացման համար այնպիսի կանոններ և ընթացակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին՝
հավատարմագրումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
կամավորություն,
հավատարմագրման կանոնների թափանցիկություն և հասանելիություն,
հավատարմագրում իրականացնող մարմինների կոմպետենտություն և անկախություն,
հավատարմագրման հավակնող հայտատուների համար հավասար պայմանների ապահովում,
հավատարմագրման և համապատասխանության գնահատման (հավաստման) գործողությունները միաժամանակ կատարելու անթույլատրելիություն:
3. Շահագրգիռ պետության սերտիֆիկացման գծով հավատարմագրման մարմինների և լաբորատորիաների ընդգրկումը Միասնական ռեեստրում իրականացվում է Շահագրգիռ պետության լիազոր մարմնի ներկայացմամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան:
Հոդված 8
1. Շահագրգիռ մարմնի կողմից կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Շահագրգիռ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգեր անցած արտադրանքի նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնելիս Շահագրգիռ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինները կիրառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն մեթոդները և այն նմուշառման կանոնները, որոնք սահմանվում են տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին Հանձնաժողովի որոշմամբ, որը կիրառվում է Շահագրգիռ պետության կողմից սույն Համաձայնագրին համապատասխան:
3. Շահագրգիռ պետության տարածքում Մաքսային միությունում կիրառելի տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանք կամ համապատասխանության գնահատման (հավաստման) ենթակա՝ առանց համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթի տարածք մտնող կամ շրջանառվող և (կամ) առանց Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանի մակնշման շրջանառության մեջ գտնվող արտադրանք հայտնաբերելիս Շահագրգիռ պետության լիազոր մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ թույլ չտալու տվյալ արտադրանքի շրջանառությունը և այն դուրս հանելը Մաքսային միության մաքսային տարածքից, Շահագրգիռ պետության օրենսդրությանը համապատասխան այն շրջանառությունից հանելու համար, ինչպես նաև Հանձնաժողովին տեղեկացնում են դրա մասին և համապատասխան ծանուցում են ուղարկում Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգ:
Հոդված 9
Կողմերը և Շահագրգիռ պետությունը, ղեկավարվելով մարդու, կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության շահերով, կարող են ժամանակավորապես իրականացնել սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ բուսասանիտարական սահմանափակող միջոցառումներ առանձին արտադրատեսակների նկատմամբ՝ վտանգի սպառնալիքի առկայության մասին իրենց ունեցած համապատասխան տեղեկությունների (ներառյալ համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկությունները), ինչպես նաև մյուս պետությունների կողմից իրականացվող սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումների մասին տեղեկությունների հիման վրա:
Այդ դեպքում, Կողմերը և Շահագրգիռ պետությունն անհապաղ տեղեկացնում են Հանձնաժողովին իրականացված ժամանակավոր միջոցառումների մասին և անցնում են տվյալ հարցի շուրջ խորհրդակցություններին ու բանակցություններին:
Կողմերը և Շահագրգիռ պետությունը ձգտում են ստանալ լրացուցիչ տեղեկություններ մարդու, կենդանիների և բույսերի առողջությանը սպառնացող վտանգի մասին, որն անհրաժեշտ է առավել օբյեկտիվ գնահատական տալու համար և ողջամիտ ժամանակահատվածում համապատասխանաբար վերանայել ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ բուսասանիտարական սահմանափակող միջոցառումը:
Հոդված 10
Կողմերի միջև ծագող՝ սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:
Հոդված 12
Սույն Համաձայնագրում փոփոխությունները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |