Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Պայմանագրի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի արտադրական կոոպերացիայի զարգացմանն աջակցելու ընդհանուր պայմանների և մեխանիզմի մասին 1993 թվականի դեկտեմբերի 23-ի Համաձայնագրի դրույթներով,
մեծ նշանակություն տալով ստեղծված արտադրական և գիտատեխնիկական ներուժի, անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության մեջ տնտեսական կապերի պահպանմանը և զարգացմանը,
ընդունելով բոլոր տեսակի անտառների կայուն զարգացման, շրջակա բնական միջավայրի պահպանման, Համաձայնագրի մասնակից պետությունների բնակչության կենսագործունեության ապահովման նպատակով անտառահումքային պաշարների վերականգնման սկզբունքների իրագործման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը աշխատանք են տանում անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության համակարգման ուղղությամբ և նպաստում են նրա զարգացմանը, ընդունում են համաձայնեցված միջոցառումներ անտառաթղթի արտադրանքի և անտառային այլ մթերքների իրացման շուկաների փոխադարձ ապահովման համար, նպաստում են անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության հետագա զարգացմանը, անտառահումքային պաշարների բանական օգտագործման ապահովմանը՝ հաշվի առնելով ձևավորված արտադրատեխնոլոգիական կապերը դրանց ու ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերն ապահովում են պետական աջակցություն համատեղ ներդրումային ծրագրերին, ստեղծում են նպաստավոր պայմաններ անտառաարդյունաբերական համալիրում և անտառային տնտեսությունում ներդրումների ներգրավման համար, մշակում են հանաձայնեցված դիրքորոշում անտառաթղթի արտադրանքի և այլ անտառային մթերքների համաշխարհային շուկայում համատեղ գործողությունների ապահովման ուղղությամբ:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերն իրականացնում են անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության համար սարքավորումների, տեխնոլոգիական գծերի և տեխնիկայի մշակման, պատրաստման և մատակարարման համատեղ միջոցառումներ:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը համակարգում և իրականացնում են համատեղ աշխատանքներ գիտական հետազոտությունների, գիտատեխնիկական ապահովման, անտառային մոնիտորինգի, անտառաարդյունաբերական համալիրում և անտառային տնտեսությունում տեղեկատվական համակարգերի ձևավորման, գիտական, ինժեներական և բանվորական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը միջոցներ են ձեռնարկում շրջակա բնական միջավայրի պահպանման խնդիրների լուծման համար փոխահամաձայնեցված մոտեցումների մշակման ուղղությամբ, անտառների պահպանման և վերականգնման համար, համաշխարահային հանրության պահանջներին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 6
Անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության զարգացման ոլորտում համագործակցության համակարգման համար Կողմերը ստեղծում են անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության Միջկառավարական խորհուրդ, որը գործում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոնադրության հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի իրագործումն իրականացվում է ինչպես Կողմերի, այնպես էլ նրանց իրավասու մարմինների կողմից կնքվող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի, ինչպես նաև Կողմերի ձեռնարկությունների, կազմակերպությունների և տնտեսվարող սուբյեկտների կողմից, անկախ դրանց սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելությունից, կնքվող պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա:
Համագործակցության կոնկրետ ուղղություններին աջակցություն ցուցաբերելու ձևերը որոշելիս և ընտրելիս՝ Կողմերը ղեկավարվում են փոխադարձ շահերով:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերն իրականացնում են համագործակցություն անտառաթղթի արտադրանքի և այլ անտառային մթերքների համար գործող չափանիշների և տեխնիկական պայմանների միասնականացման և ներդաշնակեցման, համապատասխանության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում նորմատիվ-իրավական փաստաթղթերի մշակման ուղղությամբ:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներ են հանդիսանում Կողմերը:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ միջազգային դատարաններ:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում Կողմերը կանցկացնեն համապատասխան ազգային մարմինների խորհրդակցություն՝ դրա իրագործման համար առաջնահերթ միջոցառումները որոշելու համար:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Հ ո դ վ ա ծ 15
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց առնվազն 12 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից դրան միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 11-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հավելված
Անտառաարդյունաբերական համալիրի և
անտառային տնտեսության բնագավառում
համագործակցության մասին 1998 թվականի
սեպտեմբերի 11-ի Համաձայնագրին կից
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության Միջկառավարական խորհրդի մասին
1. Ընդհանուր դրույթներ
Անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության Միջկառավարական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում համագործակցության կարգավորման և զարգացման նպատակով՝ անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) շրջանակներում:
1. Խորհուրդն իր գործունեության մեջ ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրով, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումներով, Համաձայնագրով ու այլ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով ու որոշումներով, սույն Կանոնադրությամբ:
2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է՝ սերտ համագործակցելով Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեի (այսուհետ՝ ՄՏԿ) և Անկախ Պետությունների Համագործակցության այլ մարմինների հետ:
3. Խորհուրդը հանդիսանում է իրավաբանական անձ գտնվելու վայրի պետությունում գրանցվելու պահից, սեփականության կամ օպերատիվ կառավարման իրավունքով ունի առանձնացված գույք, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ, ստանձնել պարտականություններ, դատարանում լինել հայցվոր և պատասխանող:
Խորհուրդն իրավունք ունի հաշիվներ բացել ինչպես իր գտնվելու վայրի պետության, այնպես էլ դրա տարածքից դուրս գտնվող բանկերում՝ գտնվելու վայրի պետության արժույթով կամ արտարժույթով:
Խորհուրդն ունի կնիք, դրոշմ և իր անվանումով բլանկներ:
4. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների կամ այլ կազմակերպությունների ղեկավարներից:
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհուրդ է ուղարկում երկու ներկայացուցիչ՝ մեկին անտառաարդյունաբերական համալիրի կառավարման ճյուղային մարմնից և մյուսին՝ անտառային տնտեսության գծով գերատեսչությունից:
Յուրաքանչյուր ներկայացուցիչ (այսուհետ՝ Խորհրդի անդամ) Խորհրդում ունի մեկ ձայն:
5. Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով մտնում են ՄՏԿ ներկայացուցիչը և Անկախ Պետությունների Համագործակցության անտառային ոլորտների աշխատողների արհմիությունների դաշինքի նախագահը:
2. Խորհրդի խնդիրները և գործառույթները
6. Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.
6.1. Առաջարկությունների մշակում Համաձայնագրի մասնակից պետությունների անտառաթղթային արտադրանքի և անտառի այլ մթերքների շուկայի կայացման և զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ դրանց ձեռնարկությունների միջև փոխշահավետ կոոպերացիոն կապեր ձևավորելու միջոցով՝ հաշվի առնելով նոր իրավական և տնտեսական պայմանները:
6.2. Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում անտառաթղթային արտադրանքի և անտառի այլ մթերքների ներքին շուկայի պաշտպանվածության համաձայնեցված միջոցառումների մշակում:
6.3. Աջակցություն անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ստեղծված գիտաարտադրական ներուժի պահպանմանն ու զարգացմանը:
6.4. Համաձայնագրի շրջանակներում անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության տնտեսական և գիտատեխնիկական զարգացման համատեղ ծրագրերի մշակման և իրագործման կազմակերպում:
6.5. Համաձայնագրի մասնակից պետությունների անտառաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների զարգացման և տեղակայման վերաբերյալ առաջարկությունների մշակում:
6.6. Աջակցություն անտառային պաշարների պահպանմանն ու վերականգնմանը, անընդմեջ, անսպառ և անտառների բանական օգտագործում ապահովող պայմանների ստեղծում:
6.7. Շրջակա բնական միջավայրի պահպանման և համաշխարհային հանրության պահանջներին համապատասխան անտառների պահպանման խնդիրների լուծման փոխհամաձայնեցված մոտեցումների մշակման և իրագործման կազմակերպում:
6.8. Աջակցություն Համաձայնագրի մասնակից պետությունների՝ անտառաարդյունաբերական համալիր և անտառային տնտեսություն ներդրումների և վարկերի ներգրավմանը, արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ներգրավման մեխանիզմների և պայմանների ստեղծման մասին երաշխավորությունների մշակում:
6.9. Գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական մշակումների առաջնային ուղղությունների որոշում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների նախագծերի, ծրագրերի և այլնի ֆինանսավորման կազմակերպում բաժնային հիմունքներով:
6.10. Մասնակցություն անտառաթղթային և այլ անտառային արտադրանքի համար գործող չափանիշների և տեխնիկական պայմանների, ինչպես նաև անտառաարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի միասնականացման աշխատանքներին:
6.11. Տեղեկատվական և գովազդային գործունեության կազմակերպում, գիտական, ուսումնական և այլ բնույթի պարբերականների թողարկում:
6.12. Աջակցություն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, դպրոցների և գործարարության, մարքեթինգի ու մենեջմենթի դասընթացների կազմակերպման, մասնագիտական գիտելիքների և կուտակված փորձի տարածման, ցուցահանդեսների, սեմինարների, համաժողովների, գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը:
6.13. ՄՏԿ և Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի կողմից սահմանված այլ խնդիրների կատարում:
3. Խորհրդի իրավունքները
7. Իր խնդիրների և գործառույթների իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.
7.1. Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան գերատեսչություններից իր խնդիրների լուծման համար հարցումով խնդրել անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկատվություն:
7.2. Խորհրդի իրավասությանը վերաբերող նորմատիվ-մեթոդական և այլ փաստաթղթերի համաձայնեցում և հաստատում:
7.3. Հաստատված կարգով ներկայացնել Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի, ՄՏԿ քննարկմանը:
7.4. Ստեղծել Խորհրդի մշտական կամ ժամանակավոր աշխատանքային և այլ մարմիններ, ընդունել դրանց մասին կանոնադրություններ, որոշել դրանց գտնվելու վայրը, գործունեության և ֆինանսավորման կարգը, հաստատել հաստիքները և ծախսերի նախահաշիվները, նշանակել այդ մարմինների ղեկավարներ և իրականացնել հսկողություն դրանց գործունեության նկատմամբ:
7.5. Մասնակցել միջպետական նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների որոշմանը:
7.6. Խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով համագործակցել սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետությունների համապատասխան մարմինների, Համագործակցության այլ միջպետական, միջկառավարական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ:
7.7. Մշակել և հաստատել իր աշխատակարգը, ինչպես նաև դրանում կատարել փոփոխություններ:
4. Խորհրդի աշխատանքի կարգը և կազմակերպումը
8. Խորհրդի աշխատանքը, որպես կանոն, իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետություններում նիստերի անցկացումով:
9. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին երկու անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության նախաձեռնությամբ և Խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ:
Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
10. Խորհուրդը ղեկավարում են նախագահը և նախագահի տեղակալը, որոնք ընտրվում են Խորհրդի կողմից, երկու տարով ռոտացիայի կարգով՝ Խորհրդի անդամների թվից:
Խորհրդի նախագահի և նախագահի տեղակալի ընտրության մասին որոշումն ընդունվում է Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
11. Համաձայնագրի մասնակից պետությունները Խորհրդում կրում են իրենց ներկայացուցիչների աշխատանքի հետ կապված ծախսերը: Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը ֆինանսավորվում են այն պետությունների միջոցներից, որի տարածքում դրանք անցկացվում են, և այդ պետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
12. Խորհրդի գույքի ձևավորման աղբյուրները՝ դրամական և այլ ձևով, հանդիսանում են.
- կամավոր գույքային մուծումները և հանգանակությունները,
- Համագործակցության պետությունների և այլ երկրների նպատակային հատկացումները, այդ թվում՝ պետական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնադրամների դրամաշնորհները,
- գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ չարգելված այլ մուծումներ:
13. Խորհրդի անդամն իրավունք ունի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Խորհրդի գործունեության, ընդունած որոշումների մասին, ինչպես նաև քննարկման ներկայացնել ցանկացած հարցեր՝ Խորհրդի իրավասության շրջանակներում:
14. Խորհրդի նիստերին, որպես դիտորդներ կամ փորձագետներ, կարող են հրավիրվել Համաձայնագրի մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների և ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
15. Խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը, ժամանակը և նախնական օրակարգը որոշվում է Խորհրդի նախորդ նիստում:
16. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Ծրագրերի և նախագծերի հաստատման, սույն Կանոնադրության փոփոխության մասին առաջարկությունների, ինչպես նաև ֆինանսական հարցերով Խորհրդի աշխատանքային և այլ մարմինների ծախսերի նախահաշվի վերաբերյալ Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
17. Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտնել այս կամ այն հարցում իր շահագրգռված չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշում ընդունելու համար:
18. Խորհրդի աշխատանքային մարմնի գործառույթները կատարում է ՄՏԿ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:
19. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
20. Խորհրդի գտնվելու վայրը՝ Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա:
5. Խորհրդի գործունեության դադարեցման կարգը
21. Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների որոշմամբ:
Խորհրդի գործունեության դադարեցման դեպքում ֆինանսական և այլ հարցերը որոշում է Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից ստեղծվող լուծարող հանձնաժողովը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից:
