Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-911
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1038
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2010 թ.

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդված 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2003 թվականի մայիսի 21-ին Կիևում ստորագրված` «Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական բնապահպանական գնահատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 17.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Արձանագրությունն ստորագրվել է 2003թ. մայիսի 21-ին Կիևում` երկրում բնապահպանական հարցերի քննարկման և արդյունավետ լուծման, ինչպես նաև հարևան երկրների հետ բնապահպանական խնդիրների համատեղ լուծման հստակեցված և իրավական հիմքերով համագործակցություն ծավալելու նպատակով:

2. Արձանագրությունը «Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիային կից արձանագրություն է: Այդ կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1996թ. մայիսի 14-ին` ՀՀ Ազգային ժողովի Ն-096-1 որոշմամբ:

3. Արձանագրության բաղկացուցիչ մաս են կազմում հինգ հավելված: Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ համապատասխան միջոցներ` Արձանագրության դրույթները պարզ և թափանցիկ շրջանակներում իրագործելու համար,

 ապահովել այն ընկերակցությունների, կազմակերպությունների կամ խմբերի ճանաչումն ու աջակցումը, որոնք նպաստում են Արձանագրության համատեքստում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության պահպանմանը,

 ապահովել, որ իրենց բնապահպանական կոլեկտիվ իրավունքներն իրականացնող անձինք իրենց գործունեության համար չպատժվեն, չհետապնդվեն կամ հարձակման չենթարկվեն,

 ապահովել ռազմավարական բնապահպանական գնահատման իրագործումը,

 որոշել, թե արդյոք Արձանագրությամբ սահմանված պլաններն ու ծրագրերն զգալի ազդեցություն կունենան շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա` ցանկացած դեպքում հաշվի առնելով Արձանագրության հավելվածում սահմանված չափորոշիչները,

 սահմանել այն տեղեկությունների որոշման պայմանները, որոնք պետք է ընդգրկվեն շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ, ինչպես նաև ապահովել բնապահպանական և առողջապահական մարմինների հետ խորհրդակցությունների անցկացումը,

 ապահովել շրջակա միջավայրի մասին հաշվետվության մշակումը` ռազմավարական բնապահպանական գնահատում պահանջող պլանների և ծրագրերի համար,

 ապահովել հանրության պատշաճ, ժամանակին և արդյունավետ մասնակցությունը պլանների և ծրագրերի` ռազմավարական բնապահպանական գնահատմանը,

 ապահովել, որ պլանը կամ ծրագիրն ընդունելիս պատշաճ կերպով հաշվի առնվեն շրջակա միջավայրի մասին հաշվետվության եզրակացությունները և շրջակա միջավայրի մասին հաշվետվության մեջ նշված վնասակար ներգործությունները կանխարգելող, նվազեցնող կամ մեղմացնող միջոցառումները,

 իրականացնել պլանների կամ ծրագրերի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա զգալի ազդեցությունների մոնիտորինգ,

 իրականացված մոնիտորինգի արդյունքները տրամադրել բնապահպանական և առողջապահական մարմիններին և հանրությանը` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

4. Արձանագրությամբ սահմանված են նաև խորհրդակցությունների իրականացման, կողմերի քվեարկելու իրավունքի իրականացման, Արձանագրությունում փոփոխությունների կատարման, ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման և միացման, ուժի մեջ մտնելու, դուրս գալու, ինչպես նաև վեճերի և աուտենտիկության կարգավորման կարգն ու պայմանները:

5. ՀՀ սահմանադրական դատարանն ուսումնասիրելով նաև Արձանագրության տեքստի անգլերեն բնօրինակը` գտնում է, որ անհրաժեշտ է հայերեն պաշտոնական տեքստի հասկացութային ապարատը համապատասխանեցնել անգլերեն բնօրինակին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2003 թվականի մայիսի 21-ին Կիևում ստորագրված` «Անդրսահմանային կոնտեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական բնապահպանական գնահատման մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


10 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-911

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան