ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԱՔԴ/0049/01/09 |
ԵԱՔԴ/0049/01/09
|
Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան | |
Դատավորներ՝ Ս. Չիչոյան, Ա. Դանիելյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Հ. Ղուկասյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
|
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2010 թվականի փետրվարի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Արայիկ Էդուարդի Գզոյանի վճռաբեկ բողոքն իր վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008թ. հուլիսի 12-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 266-րդ հոդվածի 4-րդ մասի և 268-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է թիվ 12113708 քրեական գործը:
2. 2008թ. հոկտեմբերի 15-ին Արայիկ Էդուարդի Գզոյանը ձերբակալվել է:
3. 2008թ. հոկտեմբերի 17-ի որոշմամբ Ա.Գզոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
4. 2008թ. դեկտեմբերի 4-ի որոշմամբ թիվ 12113708 քրեական գործից անջատվել է Ա.Գզոյանի և մյուսների մասը, և անջատված մասին շնորհվել է 14800508 համարը:
5. 2009թ. մարտի 6-ի որոշմամբ Ա.Գզոյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով:
6. 2009թ. մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Գզոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով նա դատապարտվել է ազատազրկման 5(հինգ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով, պատիժները լրիվ գումարելու միջոցով ամբաստանյալ Ա.Գզոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5(հինգ) տարի ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
7. Ամբաստանյալ Ա.Գզոյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գզոյանը:
Վճռաբեկ դատարանը 2009թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Արայիկ Գզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ. հուլիսի 18-ին, քննությամբ չպարզված անձից իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 40 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցից և 1 լիտր քացախաթթվի անհիդրիդից 1,36 գրամ հաստատուն քաշով երկուանգամյա օգտագործման համար նախատեսված չափաբաժին և պրեկուրսոր հանդիսացող 2մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, ինչպես նաև զգալի չափերի` 0,3 գրամ քաշով մզվածքային ափիոն տեսակի թմրամիջոցը վաճառելու միջոցով ապօրինի իրացրել է Գարեգին Ղազարյանին: Բացի այդ, կրկին անգամ, 2008թ. հուլիս ամսին Ա.Գզոյանն իր ընկերոջ՝ ոմն Լյովայի խնդրանքով երկու անգամ, քննությամբ չպարզված անձից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի` 40 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց՝ 2 գրամ քաշով չափաբաժինը վաճառելու միջոցով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակիչներ ոմն Հրաչին և ոմն Արամին:
10. 2009 թվականի մարտի 2-ին Ա.Գզոյանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի ոստիկանության վարչության Արաբկիրի ՔԲ քննիչ Ա.Հակոբյանին հայտնել է, որ «(…) [ոստիկանության] 4-րդ բաժնում տրված բացատրությունները չ[են] համապատասխանում իրականությանը: Դրանք ներկայացվել են (…) ինձ ծեծի ենթարկելու, երեխաներիս հասցեին ահաբեկչական հայհոյանքների և սպառնալիքների ազդեցության ներքո: Այդ ցուցմունքը ես ներկայացրել եմ ֆիզիկապես անտանելի հյուծված և հոգեպես ծանր՝ ծայրաստիճան ցնցված ու անկայուն վիճակում [` հ]արցաքննության ընթացքում չդիմանալով ֆիզիկական ահավոր ցավերին[, ռ]ետինե մահակով հարվածներ ստանալով ոտքերիս տակ և երիկամներիս շրջանում: Այդ մահակի ուժեղ հարվածից պայթել է ձախ ականջիս ականջաթաղանթը և ես լիովին կորցրել եմ այդ ականջիս լսողությունը ու մի քանի սեղանատամներ: (…)» (Քրեական գործ, 2-րդ հատոր, 129 էջ):
11. 2009 թվականի մարտի 4-ին Ա.Գզոյանի պաշտպան Ս.Միրզոյանը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի ոստիկանության վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա.Հակոբյանին տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցների կողմից իր պաշտպանյալին ծեծի ենթարկելու մասին (Քրեական գործ, 2-րդ հատոր, 115-117 էջեր):
12. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրի պետի 2008թ. նոյեմբերի 10-ի թիվ 8/8-215 գրությամբ փաստաբան Ս.Միրզոյանին հայտնվել է, որ «Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ձերբակալված և 2008թ. հոկտեմբերի 15-ին Ոստիկանության Երևանի վարչության [ձերբակալվածներին պահելու վայր] բերված Արայիկ Էդուարդի Գզոյանը սահմանված կարգով ենթարկվել է բուժզննության, որի ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են հետևյալ մարմնական վնասվածքները՝ ձախ ձեռքի դաստակի ներսի մասում կա կտրված վերք, աջ բազկին կա կապտուկ, ձախ ականջին կապտուկ, ըստ նրա բանավոր հայտարարության վերը նշված վնասվածքները ստացել է երկու օր առաջ ծառից ընկնելու հետևանքով» (Քրեական գործ, 2-րդ հատոր, 212 էջ):
13. Սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված՝ պաշտպանի դիմումի կապակցությամբ 2009 թվականի մարտի 13-ին նշանակվել է ծառայողական քննություն, և դրա արդյունքում հաստատված է համարվել, որ «Ծառայողական քննությամբ պարզվել է, որ Ա.Գզոյանի նկատմամբ Ա.Համբարձումյանի կողմից անօրինական վերաբերմունք չի ցուցաբերվել (…):
ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818-Ն որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների» ցանկի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները լիարժեք չկատարելու՝ ՀՀ ոստիկանության [կազմակերպված հանցավորության դեմ պայքարի] գլխավոր վարչության շենք բերման ենթարկված Արայիկ Էդուարդի Գզոյանի կողմից պաշտպանից հրաժարվելու հանգամանքը չարձանագրելու, ինչպես նաև վերջինիս պահանջով ոստիկանություն բերելու պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում Ա.Գզոյանի գտնվելու վայրի մասին վերջինիս կողմից ընտրված անձին ուշացումով տեղեկացնելու համար ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության 4-րդ վարչության 2-րդ բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Ավետիք Հրաչի Համբարձումյանի հարցը քննարկել ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետին կից օպերատիվ խորհրդակցությունում» (Քրեական գործ, 2-րդ հատոր, 147-151 էջեր):
14. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա են հետևյալ ձևակերպումները. «(…) Ամբաստանյալ Ա.Գզոյանը դատաքննության ընթացքում (…) տված ցուցմունքով հայտնեց, որ (…) իրեն տարել են ոստիկանություն և իր նկատմամբ գործադրել հոգեբանական և ֆիզիկական ներգործություն և ծեծի ենթարկելով ստիպել, որ խոստովանի, որ զբաղվել է թմրամիջոցների վաճառքով: Իրեն ենթարկել են ֆիզիկական բռնությունների, որոնց ճնշման տակ ինքը տվել է այնպիսի ցուցմունքներ, ինչպես որ իրեն թելադրել են, քանի որ իրեն սպառնացել են, որ իր տղային, որը բժշկական համալսարանի ուսանող է, նույնպես կբերեն բաժին՝ թմրանյութ գցելով գրպանը: Բացի այդ, ոստիկանությունում ծեծի հետևանքով կորցրել է ձախ ականջի լսողությունը, ինչի կապակցությամբ բժշկական փորձաքննության չի ենթարկվել (…)»:
«(…) Ամբաստանյալ Ա.Գզոյանը դեռևս նախաքննության փուլում գրավոր հայտնել է իր պաշտպան Ս.Միրզոյանին իր նկատմամբ գործադրած բռնության մասին, որի կապակցությամբ կատարվել է ծառայական քննություն և ըստ էության չեն հերքվել Ա.Գզոյանի պնդումները: Բացի այդ, գործով վկա Գ.Ղազարյանն իր դատաքննական ցուցմունքներով չհերքեց այն փաստը, որ Ա.Գզոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ նրա հագուստները եղել են արյունոտ վիճակում (…)» (Քրեական գործ, 2-րդ հատոր, 233 էջ):
«(…) Սույն քր. գործով 40 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքը Ա.Գզոյանը միայն իր ցուցմունքում է ընդունել, և հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքից՝ պատճառաբանելով, որ իր նկատմամբ գործադրվել է ճնշում, ֆիզիկական բռնության ձևով, ծեծի միջոցով, որի հետևանքով ինքը կորցրել է նաև ձախ ականջի լսողությունը: (…) Դատարանը գտնում է, որ Ա.Գզոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը ապացուցված չէ, սպառվել են այն բոլոր հնարավորությունները այդ փաստը՝ 40 գրամ թմրամիջոցը ձեռք բերելու մասին հավաստող որևէ նոր ապացույց ձեռք բերելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր չփարատված ենթադրությունները պետք է մեկնաբանվեն մեղադրյալի, ամբաստանյալի օգտին, իսկ Ա.Գզոյանի կողմից 40 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման հանգամանքը նախաքննական մարմնի չփարատված ենթադրությունն է, որը այլ ապացույցներով չի հաստատվել:
Վերանայելով վերը նշվածը՝ դատարանը հաստատված և ապացուցված է համարել այն փաստը, որ Ա.Գզոյանը ապօրինի ձեռք է բերել և 44.000 ՀՀ դրամով Գ.Ղազարյանին վաճառել է 1,36 գրամ հաստատուն քաշով երկուանգամյա օգտագործման համար նախատեսված չափաբաժին և պրեկուրսոր հանդիսացող 2 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, ինչպես նաև զգալի չափերի հասնող 0,3 գրամ քաշով մզվածքային ափիոն տեսակի թմրամիջոց: Բացի այդ, կրկին անգամ, 2008թ. հուլիս ամսին Արայիկ Գզոյանը իր ընկերոջ ոմն Լյովայի խնդրանքով երկու անգամ Երևան քաղաքի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում քննությամբ չպարզված անձից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված ափիոն տեսակի թմրամիջոցից 2 գրամ քաշով չափաբաժին ապօրինի, վաճառելու միջոցով, իրացրել է Երևան քաղաքի բնակիչներ ոմն Հրաչին և ոմն Արամին՝ յուրաքանչյուրին 1 գրամը վաճառելով 11.000 ՀՀ դրամով: Այսինքն, նա կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 2.1 կետով: Հետևապես ամբաստանյալ Ա.Գզոյանին մեղսագրված արարքը ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից պետք է վերաորակել ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 2.1 կետի և նա մեղավոր պետք է ճանաչվի այդ արարքի համար: (…)» (Քրեական գործ, 2-րդ հատոր, 233-234 էջեր):
15. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման պատճառաբանական մասում ամրագրված է, որ «(…) Մեղադրյալ Ա.Գզոյանը դեռևս նախաքննության փուլում գրավոր հայտնել է պաշտպան Ս.Միրզոյանին իր նկատմամբ գործադրած բռնության մասին, որի կապակցությամբ կատարվել է ծառայական քննություն և ըստ էության չեն հերքվել Ա.Գզոյանի պնդումները: Բացի այդ, գործով վկա Գ.Ղազարյանն իր դատաքննական ցուցմունքներով չի հերքել այն փաստը, որ Ա.Գզոյանի հետ առերես հարցաքննության ժամանակ նրա հագուստները եղել են արյունոտ վիճակում: Սույն քրեական գործով 40 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքը Ա.Գզոյանը միայն իր ցուցմունքում է ընդունել և հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքից՝ պատճառաբանելով, որ իր նկատմամբ գործադրվել է ճնշում ֆիզիկական բռնության ձևով, ծեծի միջոցով, որի հետևանքով ինքը կորցրել է նաև իր ձախ ականջի լսողությունը:
(…)
Ամբաստանյալ Ա.Գզոյանի կողմից 40 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման հանգամանքը նախաքննական մարմնի չփարատված ենթադրությունն է, հետևաբար այն պետք է դիտել որպես չփարատված կասկած և մեկնաբանել ի օգուտ ամբաստանյալ Ա.Գզոյանի:
Նման պայմաններում առաջին ատյանի դատարանը, իրավացիորեն, հիմնավորված է համարել այն փաստը, որ Ա.Գզոյանը ապօրինի ձեռք է բերել և 44.000 ՀՀ դրամով Գ.Ղազարյանին վաճառել է 1,36 գրամ հաստատուն քաշով երկուանգամյա օգտագործման համար նախատեսված չափաբաժին և պրեկուրսոր հանդիսացող 2 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, ինչպես նաև զգալի չափերի հասնող 0,3 գրամ քաշով մզվածքային ափիոն տեսակի թմրամիջոց: Բացի այդ, կրկին անգամ, 2008թ. հուլիս ամսին Արայիկ Գզոյանը իր ընկերոջ ոմն Լյովայի խնդրանքով երկու անգամ Երևան քաղաքի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում քննությամբ չպարզված անձից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված ափիոն տեսակի թմրամիջոցը՝ 2 գրամ չափաբաժին, ապօրինի, վաճառելու միջոցով, իրացրել է Երևան քաղաքի բնակիչներ ոմն Հրաչին և ոմն Արամին՝ յուրաքանչյուրին 1 գրամը վաճառելով 11.000 ՀՀ դրամով: (…)» (Քրեական գործ, 2-րդ հատոր, 290-291 էջեր):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
16. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Բողոք բերած անձը գտնում է, որ որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով և ոչ ճիշտ կիրառմամբ, որն ազդել է գործի ելքի վրա՝ հանգեցնելով դատական սխալի: Բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի պահանջը, չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա էր կիրառման, և արդյունքում կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասպանող չհիմնավորված և չպատճառաբանված որոշում: Բացի այդ, դատարանը չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածը, որն ազդել է գործի ելքի վրա, սակայն նյութական իրավունքի նորմերի խախտմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերը, 266-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր:
17. Բողոք բերած անձը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա հետևությունները միայն ենթադրություններ են: Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը փաստարկում է, որ դատարանում հետազոտվել է միայն մեկ ապացույց՝ Գ.Ղազարյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ նախաքննության մյուս ապացույցները, մասնավորապես՝ Ա.Գզոյանի ցուցմունքները, դատավճռի հիմքում չեն դրվել դրանք բռնության արդյունքում ձեռք բերված լինելու պատճառով: Ըստ բողոք բերած անձի, դատարանում Գ.Ղազարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ա.Գզոյանն իրեն փոխանցել է ոմն Լյութոյի կողմից ծխախոտի տուփի մեջ դրված թմրանյութը, որի պարունակության մասին Ա.Գզոյանը չի իմացել, սակայն Գ.Ղազարյանի այս ցուցմունքը դատավճռում չի ներառվել:
Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ իր արարքը պետք է որակվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, այլ 268-րդ հոդվածի 2-րդ մասով:
18. Հիմք ընդունելով իր վերոշարադրյալ փաստարկը՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 27-ի որոշումը, իր նկատմամբ պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով, իսկ բողոքը չբավարարելու դեպքում` հաշվի առնելով իր անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, իր նկատմամբ պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
19. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել սույն որոշման 16-րդ կետում առկա վերաորակման պահանջի և 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում արձանագրված՝ Ա.Գզոյանի նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բռնություն կիրառելու հանգամանքների միջև առկա կապի մասին: Այսպես, ըստ բողոք բերած անձի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից իր արարքը պետք է որակվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա պնդմամբ, այս առումով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, այն է՝ չի կիրառել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման և կիրառել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից նյութական իրավունքի խախտում թույլ տալու և իրեն խոշտանգելու վերաբերյալ բողոքաբերի հայտարարությունները փոխկապակցված են. նյութական իրավունքի խախտումը կարող է հետևանք լինել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանների կողմից թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման, որը սույն գործով դրսևորվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածներից, ՀՀ Սահմանադրության 17-րդ և 22-րդ հոդվածներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասից և 105-րդ հոդվածից բխող պահանջների չպահպանմամբ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից սույն գործի քննության ժամանակ թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:
I. Իրեն խոշտանգելու վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարության քննությունը մինչդատական վարույթում
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են պատշաճ միջոցներ իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
21. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից»:
Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ: Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը»:
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի: Արգելվում է կասկածյալից, մեղադրյալից, ամբաստանյալից, տուժողից, վկայից և քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանցից ցուցմունքներ կորզել բռնության, սպառնալիքի, խաբեության, նրանց իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով»:
22. Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում:
Նշված հանգամանքը բազմիցս շեշտադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ կայացված նախադեպային որոշումներում: Մասնավորապես, Զելիլոֆն ընդդեմ Հունաստանի որոշման մեջ դատարանն արձանագրել է. «(…) 3-րդ հոդվածը պաշտպանում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Անգամ այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակ արտահայտություններով արգելում է խոշտանգումը և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը: Ի տարբերություն Կոնվենցիայի և՛ 1-ին, և՛ 4-րդ Արձանագրությունների շատ նյութաիրավական դրույթների, 3-րդ հոդվածը 15-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված թույլտվությունից բացի որևէ բացառություն կամ սահմանափակում չի նախատեսում, անգամ ազգի գոյությանը սպառնացող արտակարգ դրության դեպքում (…)» (տե՛ս Zelilof v. Greece, 2004 թվականի մայիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 17060/03, կետ 42):
23. Խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը:
Պոզիտիվ գործողություններ կատարելու պահանջը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված պահանջից, որի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի առաջին բաժնում»:
Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ վերոշարադրյալ հոդվածում կիրառվող՝ «ապահովել» բառը ենթադրում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականություն, որոնց արդյունքում կապահովվի իրավունքների երկուստեք՝ օրենսդրական և գործնական պատշաճ պաշտպանություն:
Վերոնշյալ պոզիտիվ պարտականության առկայությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հիմնավորվել է մի շարք այլ որոշումներում ևս: Այսպես, Բեկոսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի որոշման մեջ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) եթե անձը անում է վստահելի հայտարարություն այն մասին, որ ինքն ի խախտումն 3-րդ հոդվածի ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ նման այլ պետական պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման» պետությունների ընդհանուր պարտականության հետ միասին ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության առկայություն: (…) Հակառակ պարագայում, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար կարևորության, գործնականում ոչ արդյունավետ կլինի և որոշ դեպքերում հնարավոր կլինի պետական մարմինների կողմից խախտել իրենց տրամադրության տակ գտնվող անձանց իրավունքները և փաստացի մնալ անպատժելի (ի թիվս այլ աղբյուրների տե՛ս Labita v. Italy, գանգատ թիվ 26772/95, կետ 131)» (Bekos and Koutropoulos v. Greece, 2005 թվականի դեկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 15250/02, կետ 53):
24. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գզոյանը իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ հայտնել է նախաքննության մարմնին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Ա.Գզոյանի պաշտպանի դիմումի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում կայացված եզրակացության մեջ ծառայողական քննությունն իրականացրած մարմինը սահմանափակվել է միայն «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների» ցանկի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերի պահանջները լիարժեք չկատարելու, այն է՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության շենք բերման ենթարկված Արայիկ Էդուարդի Գզոյանի կողմից պաշտպանից հրաժարվելու հանգամանքը չարձանագրելու, ինչպես նաև վերջինիս պահանջով ոստիկանություն բերելու պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում Ա.Գզոյանի գտնվելու վայրի մասին վերջինիս կողմից ընտրված անձին ուշացումով տեղեկացնելու հարցերի քննարկմամբ և չի անդրադարձել Ա.Գզոյանին խոշտանգելու հարցին (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):
Ինչպես երևում է վերոշարադրյալ մեջբերումից, ծառայողական քննություն իրականացրած մարմինը չի անդրադարձել մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությանը, դա ստուգելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն չի նշանակել, մինչդեռ դատաբժշկական ապացույցներն առանցքային նշանակություն ունեն խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների արդյունավետ քննության համար: Այս առումով Վճռաբեկ դատարանի համար ուղեցույց է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մամադովն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի մեջ ամրագրված մոտեցումն այն մասին, որ. «Իշխանությունները պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկեն ապահովելու համար միջադեպին վերաբերող ապացույցների պահպանությունը՝ ներառյալ դատաբժշկական ապացույցները: (…) [Դ]ատաբժշկական ապացույցները ժամանակային առումով չապահովելը հանդիսանում է սույն գործով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմնական գործոններից մեկը: Ժամանակին կատարված բժշկական հետազոտությունը բժշկին հնարավորություն կտար վնասվածքների պատճառման ժամանակի և դրանց պատճառների վերաբերյալ առավել որոշակի եզրակացության հանգել» (տե՛ս Mammadov (Jalaloglս) v. Azerbaijan, 2007 թվականի հունվարի 11-ի վճիռը, գանգատ թիվ 34445/04, կետ 74):
25. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ծառայողական քննության արդյունքում կայացված որոշումը, այն է՝ «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության 4-րդ վարչության 2-րդ բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Ավետիք Հրաչի Համբարձումյանի հարցը քննարկել ԿՀԴՊ Գլխավոր վարչության պետին կից օպերատիվ խորհրդակցությունում» չի կարող գնահատվել որպես խոշտանգման փաստի պատշաճ արձագանք: Այս հարցում Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այն մասին, որ խոշտանգումը պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության և պատժի (առավել մանրամասն տե՛ս Bati and Otհers v. Tսrkey, 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատներ թիվ 33097/96 և 57834/00, 145-146 կետեր, Mikհeev v. Rսssia, 2006 թվականի հունվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 77617/01, 120 և 135 կետեր):
26. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նախաքննության ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
II. Իրեն խոշտանգելու վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությանն արձագանքելը ՀՀ դատարանների կողմից
27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ստորադաս դատարանների կողմից պատշաճ արձագանք է տրվել իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարություններին:
28. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Դատարանի լիազորություններն են մասնավորապես՝
(…)
4) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելը,
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է՝ (…) դատարանի միջնորդության հիման վրա հարուցել քրեական գործ, (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ՝ առանց մեղադրյալի մասնակցության»:
29. Վերոշարադրյալ դրույթների տառացի մեկնաբանությունից բխում է, որ եթե դատարաններն իրենց վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերում են հանցագործության ակնհայտ հատկանիշներ, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա պարտավոր են քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:
30. Սույն գործի նյութերից երևում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները հաստատված են համարել այն, որ Ա.Գզոյանը ցուցմունքներ է տվել ֆիզիկական բռնությունների ազդեցության տակ: Դատարանները, հիմք ընդունելով իրեն խոշտանգելու վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարությունը, գտել են, որ վերջինիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքն ապացուցված չէ և սպառվել են նրա կողմից 40 գրամ թմրամիջոց ձեռք բերելու փաստը հավաստող որևէ նոր ապացույց ձեռք բերելու բոլոր հնարավորությունները (տե՛ս սույն որոշման 14-րդ և 15-րդ կետերը): Այսինքն, Ա.Գզոյանի նախաքննական ցուցմունքները դատարանները գնահատել են որպես ոչ հավաստի ապացույց: Նշվածի հետ մեկտեղ, սակայն, դատարանները մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան դատախազին Ա.Գզոյանի նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարությունն ստուգելու և նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բռնություն գործադրելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու միջնորդություն չեն ներկայացրել:
31. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից պատշաճ արձագանք չի տրվել իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեկան բռնությունների վերաբերյալ Ա.Գզոյանի հայտարարություններին, ինչը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասից բխող պահանջների չպահպանման:
32. Ի լրումն սույն որոշման 28-րդ կետում առկա օրենսդրական կարգավորումներին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նախաքննության մարմնի դեմ ներկայացված բողոքները պետք է քննվեն անկախ մարմնի կողմից, որը չպետք է կապված լինի նախաքննության մարմնի հետ և պետք է առանձնացված լինի վերջինիցս:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի 1998 թվականի նոյեմբերի 19-ի Եզրափակիչ Դիտարկումներում նշված է՝ «Կոմիտեն առաջարկում է հատուկ անկախ մարմին հիմնադրել` իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի առնչությամբ բերված բողոքներն ուսումնասիրելու նպատակով» (տե՛ս Մարդու իրավունքների կոմիտեի Եզրափակիչ Դիտարկումները, Հայաստան, CCPR/C/79/Add.100., 19 նոյեմբերի 1998թ., կետ 12):
Ռամսահայն ընդդեմ Նիդեռլանդների և Բատին և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման համաձայն՝ չպետք է լինի ինստիտուցիոնալ կամ ենթակարգային կապ քննիչների և այն ոստիկանների միջև, ում դեմ բողոք է ներկայացվել (տե՛ս Bati and Otհers v. Tսrkey, 2004 թվականի հունիսի 3-ի վճիռը, գանգատներ թիվ 33097/96 և 57834/00, Ramsaհai v. Tհe Netherlands, 2007 թվականի մայիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 52391/99):
III. Որպես ոչ հավաստի գնահատված ապացույցից բխող փաստերի կիրառումը դատարանների կողմից
33. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները, հաստատված համարելով այն, որ Ա.Գզոյանի կողմից 40 գրամ թմրամիջոցի ձեռքբերման փաստը ապացուցված չէ, իրավասո՞ւ էին արդյոք ապացուցված համարել փաստերն այն մասին, որ վերոնշյալ 40 գրամ թմրամիջոցից Ա.Գզոյանը որոշակի չափաբաժիններով թմրամիջոց է իրացրել:
34. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (…)»:
ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…) »:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ «1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`
1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով.
2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի (….) էական խախտմամբ.
(…)
5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.
(…) »:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»:
35. Ա.Սարգսյանի վերաբերյալ որոշման 15-րդ կետում Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(…) որպես քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները պարզելու միջոց կարող են օգտագործվել միայն այնպիսի ապացույցներ, որոնք ձեռք են բերվել, ամրագրվել և գործին կցվել են քրեադատավարական օրենքով սահմանված և թույլատրելի համարվող կարգով: Ապացույցների ձեռքբերման և ամրագրման թույլատրելիությունը կարգավորող նորմերից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման, ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:
Այսպիսով, ապացույցների հավաքմանը և ստուգմանն ուղղված դատավարական գործողությունների կատարման ընթացքում պետք է ապահովվի անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Հակառակ դեպքում կատարված դատավարական գործողության արդյունքում ստացված փաստական տվյալը, անկախ գործի համար ունեցած նշանակությունից, կորցնում է իր իրավական ուժը, ապացուցողական նշանակությունը և չի կարող ընդգրկվել կոնկրետ քրեական գործով ապացույցների համակցության մեջ և դրվել մեղադրանքի հիմքում» (տե՛ս Արմեն Սեյրանի Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի՝ ԵՔՐԴ /0295/01/08 որոշման 15-րդ կետը):
36. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ինչպես Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները գտել են, որ Ա.Գզոյանի կողմից 40 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման հանգամանքը նախաքննական մարմնի չփարատված ենթադրությունն է, հետևաբար այն պետք է դիտել որպես չփարատված կասկած և մեկնաբանել հօգուտ ամբաստանյալ Ա.Գզոյանի: Մինչդեռ, անդրադառնալով վերոնշյալ՝ 40 գրամ թմրամիջոցից որոշակի չափաբաժիններով թմրամիջոցի իրացման վերաբերյալ փաստերին, դատարանները դրանք հիմնավորված են համարել և Ա.Գզոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով (տե՛ս սույն որոշման 6-րդ, 7-րդ, 14-րդ և 15-րդ կետերը):
37. Վերոշարադրյալ փաստական հանգամանքների լույսի ներքո Վճռաբեկ դատարանին անհասկանալի է, թե Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանները, հաստատված համարելով այն, որ Ա.Գզոյանի կողմից 40 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման փաստը նախաքննական մարմնի չփարատված ենթադրությունն է, որն այլ ապացույցներով չի հաստատվել, կարո՞ղ էին արդյոք հիմնավորված հետևության հանգել այն մասին, որ վերոնշյալ 40 գրամ թմրամիջոցից Ա.Գզոյանը որոշակի չափաբաժիններով թմրամիջոց է իրացրել:
38. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք (…) խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
39. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արայիկ Էդուարդի Գզոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ կետերով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|