Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) XXVII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1061 հոդվածով.
«Հոդված 1061
XXVIII բաժնին առնչվող անցումային դրույթներ
«Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (սույն պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետով նախատեսված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը պահպանվում է առանց հաշվի առնելու պետական քաղաքացիական ծառայության ստաժի տևողության մասով փոփոխությունները, որոնք կատարվել են 2022 թվականի մարտի 24-ին ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակային ապահովման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ (այսուհետ՝ «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն)՝
«Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (սույն պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետին համապատասխան՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և մինչև «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը Հանձնաժողովում կամ Միության դատարանում զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց համար.
«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հանձնաժողովում կամ Միության դատարանում պաշտոն զբաղեցնող և այդ օրվա դրությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար պետական քաղաքացիական ծառայության ոչ պակաս, քան 20 տարվա ստաժ ունեցող անձանց համար.
«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հանձնաժողովում կամ Միության դատարանում պաշտոն զբաղեցնող, այդ օրվա դրությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար պետական քաղաքացիական ծառայության ոչ պակաս, քան 15 տարվա ստաժ ունեցող և մինչև «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, ծերության (հաշմանդամության) ապահովագրական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց համար։
Նշված կատեգորիաների անձանց համար երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայողների համար՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված պայմաններին և կարգին համապատասխան:».
2) «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին» հիմնադրույթի (սույն պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հանձնաժողովի և Միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնք մինչև Հանձնաժողովում և Միության դատարանում աշխատելը ցանկացած ժամանակահատվածում զբաղեցրել են Ռուսաստանի Դաշնության պետական ծառայության պաշտոններ, ազատվել են Հանձնաժողովում կամ Միության դատարանում իրենց զբաղեցրած պաշտոններից (բացառությամբ հանցավոր գործողությունների հետևանքով աշխատանքից ազատվելու դեպքերի), և որոնք համապատասխան տարում ունեն պետական քաղաքացիական ծառայության՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված տևողությամբ ստաժ, ունեն դաշնային պետական քաղաքացիական ծառայողների համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված պայմաններին և կարգին համապատասխան նշանակվող՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք, եթե աշխատանքից ազատվելուց անմիջապես առաջ Հանձնաժողովում կամ Միության դատարանում նրանք առնվազն 3 տարի պաշտոն են զբաղեցրել։»։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2022 թվականի մարտի 24-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: