Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Տրանսպորտային սակագների որոշման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Պայմանագրի դրույթներով,
գիտակցելով Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր տնտեսական տարածքի արդյունավետ տրանսպորտային ապահովման օբյեկտիվ անհրաժեշտությունը, որը հիմնված է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժման վրա,
ձգտելով կիրառվող սակագներով խթանել Համագործակցության մասնակից պետությունների տնտեսությունների աճը,
գիտակցելով փոխընդունելի գործողությունների անցկացման կարևորությունը և անհրաժեշտությունը ուղևորների և բեռների փոխադրման արդյունավետ ապահովման համար,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
«միջազգային հաղորդակցություն ԱՊՀ մասնակից պետությունների հետ»` բեռների և ուղևորների փոխադրում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջև,
«միջազգային հաղորդակցություն երրորդ երկրների հետ»` բեռների և ուղևորների փոխադրում սույն Համաձայնագրի մասնակից պետություններից դեպի երրորդ երկրներ և հետ:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների սակագների տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որտեղ գործում են միջազգային փոխադրումների համար սակագնային քաղաքականության ձևավորման և կիրառման համաձայնեցված սկզբունքները:
Հ ո դ վ ա ծ 3
ԱՊՀ մասնակից պետությունների հետ միջազգային հաղորդակցության մեջ տրանսպորտային սակագների բնագավառում համաձայնեցված քաղաքականության մշակման նպատակով, Կողմերը համապատասխան մարմիններին կհանձնարարեն.
սակագների քաղաքականության կարգավորման համար միջոցառումների համալիրի մշակումը` ուղղված ապրանքների և ուղևորների ազատ տեղաշարժի ապահովմանը,
հաշվի առնելով տրանսպորտային շուկայի կոնյունկտուրան և ճանապարհատրանսպորտային համալիրի տնտեսական շահերը և փոխհաշվարկների համակողմանի կարգավորման անհրաժեշտությունը, սակագների ձևավորումը` ելնելով Կողմերի ազգային շահերից,
սակագների միջանցքների սահմանումը, հաշվի առնելով Կողմերի օրենսդրությունները, առանձին բեռների փոխադրման համար:
Երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործում է ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Որոշումը ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտում համաձայնեցված սակագների քաղաքականության հաստատման մասին հայեցակարգը:
Հ ո դ վ ա ծ 4
Որպես ԱՊՀ մասնակից պետությունների հետ միջազգային հաղորդակցության սակագների կառավարման համակարգի իրականացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ, Կողմերը.
մշակում են համապատասխան նորմատիվ-իրավական հիմք, որը կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների միջև միջազգային հաղորդակցության տրանսպորտի ծառայությունների գնագոյացման սկզբունքները,
իրականացնում են բեռների փոխադրման պայմանների դյուրացմանն ուղղված մաքսային քաղաքականություն:
Հ ո դ վ ա ծ 5
Համաձայնեցված սակագների քաղաքականության ապահովման նպատակով Կողմերը ձեռնարկում են միջոցառումներ, ուղղված՝
փոխհատուցման հիմունքներով փոխադրումների վճարմանը, այդ թվում՝ տրանսպորտի զարգացման համար բեռնատերերի կատարած ներդրումների մասնակցության հաշվին,
բեռնատար փոխադրումների շահագործման տրանսպորտային ծախսերի նվազեցմանը և ուղևորատար փոխադրումների ծախսածածկմանը, որոնք ստացվում են ֆինանսական տարբեր աղբյուրների հաշվին,
հետադարձ վճարումների մեխանիզմի մշակմանը և համաձայնեցմանը:
Հ ո դ վ ա ծ 6
Համաձայնեցված սակագների քաղաքականության ձևավորումը իրականացվում է փուլերով` վճարման դրույքների ստեղծման, դրանց տարբերակման սկզբունքների, չափերի համաձայնեցման, կիրառման կանոնների միասնականացման ընթացակարգերի կատարելագործման նկատմամբ ընդհանուր մոտեցումների հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 7
Տրանսպորտային սակագների որոշման բնագավառում համաձայնեցված քաղաքականության համակարգող մարմիններն են Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհուրդը, Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեն, տրանսպորտի բնագավառում միջպետական (միջկառավարական) համագործակցության մարմինները, երկաթուղային փոխադրումների համար` Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային փոխադրողների սակագնային Համաժողովը:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը միջոցներ են ձեռնարկում գնագոյացման բնագավառում ազգային օրենսդրական ակտերի ներդաշնակեցման ուղղությամբ:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերն իրենց իրավունք են վերապահում անկախ և ինքնուրույն որոշելու սակագների քաղաքականության պայմաններն ու ձևերը սույն Համաձայնագրին չմասնակցող պետությունների հետ:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 12
Բոլոր Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրին կարող է միանալ ցանկացած պետություն, որն ընդունում է սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները` ավանդապահին այդպիսի միացման փաստաթղթերի հանձնման միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից նման միացման համաձայնության վերաբերյալ վերջին հաղորդագրությունը ստանալու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից‚ այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը գործում է այն ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետի լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հինգ տարիների համար, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի հունվարի 17-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից:
