ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/3296/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` Գործակալություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գագիկ Նավասարդյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության Գեղարքունիքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) և Գործակալության` Հանձնաժողովի և Գործակալության որոշումները փոփոխելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գագիկ Նավասարդյանը պահանջել է պարտավորեցնել փոփոխել Հանձնաժողովի որոշումը և այն անփոփոխ թողնելու Գործակալության կայացրած որոշումը, որով Գագիկ Նավասարդյանի նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.12.2009 թվականի վճռով Գագիկ Նավասարդյանի հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Նավասարդյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության թիվ 780-Ն որոշման 28-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության թիվ 780-Ն որոշման 5-րդ կետը, կիրառել է ՀՀ կառավարության թիվ 780-Ն որոշման 27-րդ կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Բողոքարկվող դատական ակտի առկայության պայմաններում խախտվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ ՀՀ հաշմանդամների հանրապետական բազայում «Ստորին վերջույթի ամպուտացիոն պրոտեզավորման ծայրատ» ախտորոշմամբ հաշվառված է մոտ 200 անձ, որոնց բոլորին Գործակալության տարածքային մարմինների կողմից սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ:
Դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Հանձնաժողովի 23.12.2008 թվականի թիվ 1086-1080 վարչական ակտի 16-րդ կետում նշված է «Վերականգնողական անհատական ծրագրով երաշխավորված միջոցառումների արդյունքները, վերականգնումը` անարդյունք» և «Վերականգնողական կանխատեսում` անբարենպաստ» արտահայտությունները և եզրակացրել է, որ առկա է անատոմիական արատ: Սակայն 2007 թվականի փորձաքննության ժամանակ Գագիկ Նավասարդյանի ձախ ազդրի ամպուտացիոն ծայրատը պրոթեզավորված չի եղել, և նա ի վիճակի չի եղել ինքնուրույն տեղաշարժվել առանց կողմնակի անձանց օգնության, իսկ 2008 թվականին այն եղել է պրոթեզավորված, և անձը նույնիսկ Դատարան ներկայացել է ինքնուրույն` առանց որևէ մեկի օգնության, այսինքն` փոփոխվել է Գագիկ Նավասարդյանի ինքնուրույն տեղաշարժման կարողության սահմանափակման աստիճանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.12.2009 թվականի վճիռը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը ճիշտ է մեկնաբանել և կիրառել օրենքը, քանի որ Գագիկ Նավասարդյանը ինքնուրույն` առանց օժանդակ միջոցների և այլ անձանց օգնության չի կարող տեղաշարժվել, Դատարան է ներկայացել հենակով, պրոթեզով և եղբոր ու հորաքրոջ օգնությամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Հանձնաժողովի 25.12.2007 թվականի որոշմամբ Գագիկ Նավասարդյանը ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ` մեկ տարի ժամկետով:
2) Հանձնաժողովի 23.12.2008 թվականի որոշմամբ Գագիկ Նավասարդյանը ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ` անժամկետ (գ.թ 42-45):
3) 23.12.2008 թվականի և 05.05.2009 թվականի փորձաքննությունների արդյունքների համաձայն` Գագիկ Նավասարդյանի մոտ արձանագրվել են ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առաջին աստիճաններ:
4) Գործակալության 05.05.2009 թվականի որոշմամբ Գագիկ Նավասարդյանը ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ` անժամկետ: Նշված վարչական ակտն ընդունելիս Գագիկ Նավասարդյանի մոտ ախտորոշվել է` «Ձախ ազդրի պրոթեզավորված ամպուտացիոն ծայրատ (2007թ.) ազդրի միջին 1/3-ի մակարդակից, հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարումով» (գ.թ 38-40):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի թիվ 780-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն` ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են` 1-ին աստիճան` օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն, 2-րդ աստիճան` օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն, 3-րդ աստիճան` ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:
Նույն որոշման 28-րդ կետի համաձայն` հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման` ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն, հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն, սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն:
Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:
Վերը նշված դրույթներից հետևում է, որ 3-րդ խմբի հաշմանդամության որոշման չափանիշ կարող է սահմանվել վնասվածքների հետևանքով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարումը, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման` ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն, հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն, սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն:
Սույն գործի փաստերի համաձայն` 2007 թվականի փորձաքննության ժամանակ Գագիկ Նավասարդյանի ձախ ազդրի ամպուտացիոն ծայրատը պրոթեզավորված չի եղել, և նա ինքնուրույն տեղաշարժվել չի կարողացել, իսկ 23.12.2008 թվականին և 05.05.2009 թվականին փորձաքննություն կատարելու ժամանակ եղել է պրոթեզավորված, այսինքն` օժանդակ միջոցի օգտագործմամբ փոխվել է Գագիկ Նավասարդյանի ինքնուրույն տեղաշարժման կարողության սահմանափակման աստիճանը, 2-րդ աստիճանից փոխվել է 1-ին աստիճան: 23.12.2008 թվականի և 05.05.2009 թվականի փորձաքննությունների արդյունքների համաձայն` Գագիկ Նավասարդյանի մոտ արձանագրվել է ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առաջին աստիճաններ և այդ հիմքերի առկայության պայմաններում Գագիկ Նավասարդյանը ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ` անժամկետ:
Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «Ախտորոշում» բաժնում որպես Գ. Նավասարդյանի հիվանդության ախտորոշում նշված է. «Զախ ազդրի 5/3 ամպուտացիոն կատրատ, պրոթեզավորված, հենաշարժական ֆունկցիայի խանգարում», «Վերականգնողական միջոցառումների արդյունքներ» բաժնում վերականգնումը համարել է անարդյունք, «Վերականգնողական կանխատեսում» բաժնում առկա է նշում` անբարենպաստ: Այսինքն` հանձնաժողովը ինքն էլ գտել է, որ առկա է անատոմիական արատ, ինչի վերականգնումը դիտվում է անհնար և սահմանվել է հաշմանդամություն` «անժամկետ», «Այսինքն` հայցվորի պարագայում, եթե առկա է ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի, տեղաշարժվելու 2-րդ աստիճանի, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողության սահմանափակում, ապա պետք է սահմանվի հաշմանդամության 2-րդ խումբ: Հանձնաժողովի առաջնակի փորձաքննության արդյունքում տրված տեղեկանքում նշված է 2-րդ աստիճանի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակում: Մոտ մեկ տարի հետո կատարված փորձաքննության արդյունքում նշվում է 1-ին աստիճանի սահմանափակում»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Հանձնաժողովի 23.12.2008 թվականի և Գործակալության 05.05.2009 թվականի վարչական ակտերն ընդունելու ժամանակ Գագիկ Նավասարդյանն ախտորոշվել է` «Ձախ ազդրի պրոթեզավորված ամպուտացիոն ծայրատ (2007թ.) ազդրի միջին 1/3-ի մակարդակից, հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարումով» հիվանդությամբ, իսկ նույն վարչական ակտերով «Փորձաքննական գնահատական» բաժնի «Բ» ենթակետում «Կենսագործունեության սահմանափակումները և դրանց աստիճաները» բաժնում Գագիկ Նավասարդյանի մոտ արձանագրել են ինքնասպասարկման ապահովման ունակության առաջին աստիճանի կարողություն, ինքնուրույն տեղաշարժվելու առաջին աստիճանի կարողություն, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու առաջին աստիճանի կարողություն:
Այսինքն` Գագիկ Նավասարդյանի օժանդակ միջոցների օգտագործմամբ փոխվել է ինքնուրույն տեղաշարժման կարողության սահմանափակման աստիճանը, 2-րդ աստիճանից դարձել է 1-ին աստիճան, և այդ հիմքով էլ Հանձնաժողովը և Գործակալությունը ՀՀ կառավարության 780-Ն որոշման հավելվածի 28-րդ կետով Գագիկ Նավասարդյանին սահմանել են 3-րդ խմբի հաշմանդամություն:
Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|