Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Բջջային շարժական կապի համակարգերի օգտագործման և զարգացման բնագավառում համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները՝ ի դեմս իրենց Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
բջջային շարժական կապի համակարգերի բնագավառում համագործակցության ապահովման նպատակով,
գիտակցելով բջջային շարժական կապի համակարգերի համատեղ և արդյունավետ օգտագործման կարևորությունը ծառայությունների շուկայի զարգացման համար,
ձգտելով հետևողականորեն իրականացնել «Փոստային և էլեկտրական կապի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» 1992 թվականի հոկտեմբերի 9-ի Համաձայնագիրը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
«բջջային շարժական կապի համակարգ»` տեխնիկական միջոցների (կոմուտացիոն և ռադիո- սարքավորումներ, միացնող գծեր, կառուցվածքներ) համակցություն, որոնց միջոցով համակարգի բաժանորդներին տրամադրվում է անընդհատ հեռախոսային կապ (քաղաքային, միջքաղաքային, միջազգային) միմյանց և ընդհանուր օգտագործման ցանցի բաժանորդների միջև,
«ռոումինգ»` բջջային շարժական կապի համակարգի ծառայություն, որը բաժանորդների համար հնարավորություն է ապահովում՝ առանց որևէ նախնական դիմումի, իրականացնելու երկկողմանի կապ մի օպերատորի գործողության գոտուց մյուսի մոտ տեղափոխվելու ժամանակ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս,
«տարանցումային ցանց»` համակարգ, որն ապահովում է կապուղիներով տեղեկատվության փոխանցումը մի պետությունից մյուսը՝ միջանկյալ երկրների միջոցով,
«կապի սարքավորումների ստանդարտացում»` այնպիսի տեխնիկական բնութագրերի և չափանիշների սահմանման և կիրառման գործընթաց, որոնք հիմք են ընդունվել միևնույն տեխնիկական նշանակություն ունեցող կապի սարքավորումների համադրման համար,
«կապի սարքավորումների սերտիֆիկացիա»` կապի սարքավորումների համապատասխանելիության ստուգում սահմանված չափանիշներին, այլ նորմերին և տեխնիկական պահանջներին,
«բաժանորդային տերմինալ»` անձնական օգտագործման բաժանորդային ապարատ, վերջամասային սարքավորում, որի օգնությամբ բաժանորդն իրականացնում է ազդանշանների ընդունում և փոխանցում բջջային շարժական կապի համակարգերում:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը միջոցներ են ձեռնարկում մշակելու.
բջջային շարժական կապի համակարգի հետագա ստեղծման համար հաճախականությունների տարբերակման երաշխավորություններ,
բջջային շարժական կապի համակարգի զարգացմանը նպաստող պայմանների ստեղծման համար համաձայնեցված քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների վերաբերյալ երաշխավորություններ,
բջջային շարժական կապի ազգային համակարգերի ներդաշնակեցման ապահովմանն ուղղված առաջարկություններ,
երաշխավորություններ բջջային շարժական կապի ցանցերի օպերատորների փոխգործունեության վերաբերյալ՝ հաշվի առնելով ազգային ցանցերի կազմակերպչատեխնիկական առանձնահատկությունները և MօU-NMT և MOU-GSM միջազգային կազմակերպությունների գործող դրույթները,
առաջարկություններ չթույլատրված օգտագործումից տեղեկատվությունը պաշտպանելու և այդպիսի օգտագործման կանխումը կազմակերպելու վերաբերյալ:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը պատրաստակամություն են հայտնում.
զարգացնելու ազգային կարգավիճակ ունեցող բջջային շարժական կապի համակարգերի ցանցերը,
ապահովելու միջպետական ռոումինգ բջջային շարժական կապի ազգային համակարգերի միջոցով՝ համաձայն ընդունված չափանիշների,
ստեղծելու տարանցիկ ցանցեր և նոր տեխնոլոգիաներ՝ ելնելով բջջային շարժական կապի համակարգերի գործունեության շահերից,
կատարելագործելու բջջային շարժական կապի համակարգերի բնագավառում տեխնոլոգիական գործընթացները և տեխնիկական միջոցները միջպետական ուղղություններով,
մշակելու փոխադարձ հաշվարկների և վճարումների մեխանիզմներ և համակարգեր միջպետական ռոումինգի ծառայությունների դիմաց՝ համաձայն միջազգային երաշխավորությունների,
համաձայնեցված ձևով կատարել ռադիոհաճախական սպեկտրի փոխակերպում՝ դրա գոտիները բջջային շարժական կապի համակարգերի հետագա զարգացման համար առանձնացնելու նպատակով:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը միջոցներ են ձեռնարկում, իրենց կողմից սահմանված կարգին համապատասխան, բջջային շարժական կապի անհատական բաժանորդային տերմինալների՝ պետական սահմաններով անարգել տեղափոխման համար պայմանների ապահովման ուղղությամբ, այդ թվում նաև տարանցումով դեպի երրորդ երկրներ՝ ռոումինգի ապահովման նպատակով կնքված պայմանագրերի սահմաններում դրանցից օգտվելու համար:
Հ ո դ վ ա ծ 5
Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, միմյանց միջև միջպետական ուղղություններով բջջային շարժական կապի համակարգերի փոխգործունեության վերաբերյալ պայմանագրերի կնքման ժամանակ, կանոնակարգվում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների գործող ազգային օրենսդրական ակտերով:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը միջոցներ են ձեռնարկում բջջային շարժական կապի օգտագործման և զարգացման բնագավառում ազգային նորմատիվ-իրավական ակտերը մերձեցնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում անարգել կերպով տրամադրել կապի այդ տեսակի ծառայություններ:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի միջոցների մշակման և պայմանների կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններ են հանդիսանում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կապի վարչակազմերը:
Հ ո դ վ ա ծ 8
Բջջային շարժական կապի համակարգերի զարգացման համար համատեղ միջոցառումների անցկացումը իրականացվում է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության տնտեսական և աշխարհագրական առանձնահատկությունները:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը Կողմերից յուրաքանչյուրի կողմից ինքնաբերաբար կերկարաձգվի նոր հնգամյա ժամանակաշրջանի համար, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրող Կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերը ավելի ուշ կատարած Կողմերի համար` Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերը ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ ավանդապահին այդպիսի միացման մասին փաստաթղթերը հանձնելու միջոցով: Միացումը ուժի մեջ է մտնում այդպիսի միացման վերաբերյալ համաձայնության մասին վերջին հաղորդումը ավանդապահի կողմից ստանալուց հետո:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին՝ նախապես կարգավորելով սույն Համաձայնագրով ստանձնած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի հունվարի 17-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 20-ից: