040.0707.06.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2001 թվականի N 707
քաղ. Երևան
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են`
աջակցել`
ա) մտավոր արտադրության գլոբալ տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ներգրավմանը.
բ) տնտեսական առաջընթաց և բարեկեցության աճ ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր և կենսունակ ոլորտի ձևավորմանը.
գ) Հայաստանի Հանրապետությունում բարձր զարգացած տեղեկատվական հասարակության ձևավորմանը:
4. Խորհրդի խնդիրներն են`
աջակցել`
ա) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը կյանքի բոլոր ոլորտներում.
բ) կայուն և գործունեության համար նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորմանը.
գ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասսայականացմանը.
դ) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը` ուղղված գիտության, կրթության և արդյունաբերության վերացմանը համաշխարհային շուկայում մրցունակ և ներդրումների համար բարենպաստ ոլորտի.
ե) գործարարության և նորարարության խթանմանը.
զ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
5. Խորհուրդը`
ա) աջակցում է ոլորտի ներդրումներին և նպաստում գործարարությանը խոչընդոտող վարչարարական արգելքների վերացմանը.
բ) աջակցում է գործարարների կողմից բարձրացված հարցադրումների և խնդիրների լուծմանը.
գ) ստեղծում է աշխատանքային խմբեր` խորհրդի որոշումների իրականացման, նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեության ապահովման համար.
դ) քննարկում և հաստատում է աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները.
ե) սահմանված կարգով պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող օրենսդրության վերաբերյալ.
զ) խորհուրդն իր որոշումներին համապատասխան կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների քննարկմանը.
է) օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետության տեղեկատվական տեխնոլոգիաների քաղաքականության մշակման հարցում.
ը) հանդես է գալիս որպես միջանկյալ օղակ պետական մարմինների և գործարարների միջև:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն չորս ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերը արձանագրվում են:
(6-րդ կետը փոփ. 02.12.04 N 1698-Ն)
7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է իր գործունեության ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների 3/4-ը:
9. Խորհրդի յուրաքանչյուր անդամ խորհրդում ունի մեկ ձայն: Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների 3/4-ով:
10. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն կանոնադրության 13-րդ կետում նշված անձանց` գումարվող խորհրդի նիստից հինգ աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնել առաջարկություն օրակարգում ընդգրկելու համար:
Խորհրդի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունը քարտուղարության կողմից առանց քննարկման ընդգրկվում է նիստի օրակարգում` հեղինակին տալով այն ներկայացնելու իրավունք: Եթե խորհրդի անդամի կողմից ներկայացվում են նաև փաստաթղթեր, ապա դրանք խորհրդի մյուս անդամներին տրվում է քարտուղարության միջոցով:
11. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատումով և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումով:
12. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
13. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պաշտոնատար անձինք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ և օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
14. Տվյալ ժամանակահատվածում խորհրդի կազմում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով հաստատված անձինք կարող են սույն կանոնադրության 10-րդ կետով սահմանված կարգով խորհրդի քարտուղարության միջոցով նիստի օրակարգում ընդգրկել իրենց առաջարկությունները:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՏԵՂԱԿԱԼԸ
15. Խորհրդի նախագահը`
ա) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.
բ) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
գ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:
16. Խորհրդի նախագահի տեղակալը`
ա) փոխարինում է խորհրդի նախագահին նրա բացակայության ժամանակ.
բ) օժանդակում է խորհրդի նախագահին` խորհրդի աշխատանքների իրականացման ընթացքում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի կազմում տասնհինգ անդամն ընդգրկվում է ռոտացիոն կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրով հաստատված ներկայացուցիչների ցուցակից: Տասնմեկ անդամի ռոտացիան կատարվում է տարեկան մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Ներկայացուցիչների ցուցակից չորս անդամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է չփոփոխվել ռոտացիոն կարգով:
(17-րդ կետը փոփ. 02.12.04 N 1698-Ն, խմբ. 20.05.10 N 592-Ն)
18. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
19. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, իսկ ռոտացիոն կարգով ընդգրկվածներինը` նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
20. Խորհրդի քարտուղարությունը հանդիսանում է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարությունը:
(20-րդ կետը խմբ. 06..06.02 N 759-Ն)
21. Խորհրդի քարտուղարությունը`
ա) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
բ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.
գ) խորհրդին է ներկայացնում ստացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտող հարցերի վերաբերյալ.
դ) ապահովում է խորհրդի գործունեության և արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն.
ե) տեղեկատվություն է տրամադրում պետական նշանակության ծրագրային միջոցառումների, կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին.
զ) կազմակերպում է հանդիպումներ գործարարների և պաշտոնատար անձանց միջև.
է) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.
ը) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները ուղարկում է համապատասխան նախարարություններ, գերատեսչություններ և շահագրգիռ կազմակերպություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
22. Խորհրդի քարտուղարը «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետն է:
(22-րդ կետը խմբ. 06..06.02 N 759-Ն)
23. Խորհրդի քարտուղարը`
ա) խորհրդի նիստերում զեկուցում է խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին.
բ) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
գ) կազմակերպում է խորհրդի քարտուղարության աշխատանքները:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
24. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: