ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ4/0104/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ4/0104/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.08.2009 թվականի վճռի դեմ` ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ «Միավորված բանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) լուծարային կառավարիչ Ա. Աղայանի` Ծառայության ավագ հարկադիր կատարողի 02.04.2009 թվականի թիվ 04/01-431/09 կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության ավագ հարկադիր կատարողի 02.04.2009 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» թիվ 04/01-431/09 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության լուծարային կառավարիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված է մեկամյա ժամկետ: Տվյալ դեպքում Ընկերության լուծարային կառավարիչն առաջին անգամ 01.03.2001 թվականի թիվ 2-88 կատարողական թերթը կատարման է ներկայացրել 03.04.2001 թվականին` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 08.02.2001 թվականի թիվ 2-88 վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց 1 ամիս 8 օր հետո: Կատարողական թերթը կատարման ներկայացնելով` ընդհատվել է դրա կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը: Հետագայում` 18.04.2005 թվականին, կատարողական թերթը հետ պահանջելուց հետո սկսել է հոսել այն կատարման ներկայացնելու նոր մեկամյա ժամկետ: Այսինքն` կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար սահմանված են այնպիսի պահանջներ, ինչպիսիք առաջին անգամ ներկայացնելու համար, և մեկամյա ժամկետի սկիզբը պետք է հաշվել կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու օրվանից` 20.04.2005 թվականից: Մինչդեռ, նշված մեկամյա ժամկետը լրացել է, և Ծառայությունը չէր կարող կատարողական վարույթ հարուցել:
Այսպիսով, Դատարանի այն պնդումը, որ օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացված կատարողական թերթի կատարման համար ժամկետային սահմանափակումներ նախատեսված չեն, անհիմն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.08.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Բողոք բերած անձը հայցի հիմքում ի սկզբանե դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 08.02.2001 թվականի թիվ 2-88 օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթը հարկադիր կատարման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ: Այսինքն` կատարողական թերթը կատարման պետք է ներկայացվեր մեկ տարվա ընթացքում`սկսած այն օրվանից, երբ նշված վճիռը մտել էր օրինական ուժի մեջ: Մինչդեռ գործի քննության ընթացքում Ընկերությունը Դատարանին է ներկայացրել բազմաթիվ ապացույցներ, որոնց գնահատման ուժով հիմնավորվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը 23.03.2009 թվականի թիվ 43 գրությամբ ոչ թե կատարման է ներկայացրել կատարողական թերթը, այլ` կրկին կատարման:
Վերոգրյալի հիման վրա Ընկերության լուծարային կառավարիչը խնդրել է Գյուղապետարանի բերած վճռաբեկ բողոքը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 08.02.2001 թվականի թիվ 2-88 վճռով Ընկերության հայցը բավարարվել է` վճռվել է Գյուղապետարանից հօգուտ Ընկերության բռնագանձել ընդհանուր 11.112.605 ՀՀ դրամ: Նշված վճռի հիման վրա 01.03.2001 թվականին տրվել է թիվ 2-88 կատարողական թերթը: Ծառայության հարկադիր կատարողի 03.04.2001 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 374 կատարողական վարույթը (գ.թ. 18-20, 43):
2) Ընկերության լուծարային կառավարիչը` Ծառայության պետին ուղղված 18.04.2005 թվականի թիվ 121 գրությամբ, հարկադիր կատարման անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ խնդրել է ավարտել նշված կատարողական վարույթը և վերադարձնել կատարողական թերթը, որի արդյունքում Ծառայության հարկադիր կատարողի 20.04.2005 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշմամբ 03.04.2001 թվականին հարուցված թիվ 374 կատարողական վարույթն ավարտվել է (գ.թ. 45, 47):
3) Ընկերության լուծարային կառավարիչը Ծառայության պետին ուղղված 23.03.2009 թվականի թիվ 43 գրությամբ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 08.02.2001 թվականի թիվ 2-88 վճռի հիման վրա 01.03.2001 թվականին տրված թիվ 2-88 կատարողական թերթը ներկայացրել է նոր կատարման: Նշված գրությամբ ներկայացված կատարողական թերթի հիման վրա Ծառայության ավագ հարկադիր կատարողի 02.04.2009 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 04/01-431/09 կատարողական վարույթը (գ.թ. 22, 40):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին համաձայն` եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21 հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված ընդհանուր ժամկետից բացի որևէ այլ ժամկետի բացակայության պայմաններում կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար նույնպես պետք է հիմք ընդունվի վերոհիշյալ մեկ տարվա ժամկետը, քանի որ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելը, ըստ էության, կատարողական թերթը կատարման ներկայացնելն է` առանց որևէ էական առանձնահատկության: Հետևաբար տվյալ դեպքում նույնպես կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի մեկ տարվա ընթացքում: Ուստի նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված, ինչն էլ հիմք է այն անվավեր ճանաչելու համար:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ կատարողական վարույթը վերսկսելու հետ կապված Ծառայության և Ընկերության լուծարային կառավարչի գործողությունները բխում են օրենքից:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն անտեսել է, որ կատարողական թերթը նոր կատարման կարող է ներկայացվել օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետի ընթացքում, իսկ սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության լուծարային կառավարիչը 01.03.2001 թվականին տրված թիվ 2-88 կատարողական թերթը նոր կատարման է ներկայացրել նշված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև չի ներկայացրել այդ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը: Նշվածի արդյունքում Դատարանն անտեսել է, որ Ծառայության ավագ հարկադիր կատարողը, խախտելով կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար օրենքով սահմանված մեկամյա ժամկետը, այն պահանջատիրոջը վերադարձնելու փոխարեն հարուցել է կատարողական վարույթ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության ավագ հարկադիր կատարողի 02.04.2009 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումն ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության սխալ կիրառման հետևանքով: Հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի հիման վրա նշված որոշումը ենթակա է անվավեր ճանաչման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանի հայցը բավարարել` անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Տ. Ղազարյանի 02.04.2009 թվականի թիվ 04/01-431/09 կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը:
2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքից հօգուտ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքեր:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան