ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով նախատեսված` մշակույթի ոլորտի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարական դրույթներով նախատեսված` մշակույթի ոլորտի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 449-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. Մշակույթի ոլորտում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի նպատակը
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության իրականացման ապահովմանն ուղղված մշակույթի ոլորտի միջոցառումների ծրագրի հիմնական նպատակն է ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման, ազգային մշակույթին սպառնացող վտանգների կանխորոշման, գնահատման, կանխարգելման ու չեզոքացման, մշակութային կրթության, քաղաքացիական, գեղագիտական դաստիարակության ու լուսավորչության միջոցով ապահովել հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման երաշխիքներ և պետության ու պետականության զարգացման համար անվտանգ, խաղաղ և բարենպաստ պայմաններ:
II. Ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են՝
1. Հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում
1) Հանրապետության տարածքում հաշվառված հուշարձանները խմբավորված են մոտ 4500 տարածքային պահպանական միավորներում, դրանցից 700-ը հնագույն, հին և միջնադարյան Հայաստանի բնակատեղիներ ու ամրոցներ են, 1200-ը՝ վանական համալիրներ, եկեղեցիներ ու տաճարներ: Կան հարյուրավոր դամբարանադաշտեր, պատմական գերեզմանոցներ, տարաբնույթ աշխարհիկ կառույցներ, մեմորիալ և մոնումենտալ արվեստի նմուշներ: 2004 թվականից սկսած պետությունը միջոցներ է հատկացնում պատմական հուշարձանների վերականգնման համար: Տարեկան իրականացվում է շուրջ 14 հուշարձանի վերականգնում և նույնքան հուշարձանների վերականգնման նախագծում: 1998 թ. սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկում» հանրապետությունից ընդգրկվել են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդի վանքը և Ազատ գետի հովիտը, Էջմիածնի Մայր տաճարն ու Զվարթնոց հնագիտական վայրը: Սակայն հիշյալ ցանկի համալրման գործընթացն անհրաժեշտ է շարունակել.
2) Հայաստանում ներկայումս գործում է մոտ 104 թանգարան, որից 73-ը՝ պետական: Թանգարանային հավաքածուներում ընդգրկված է ավելի քան 2 միլիոն բազմաբնույթ թանգարանային առարկա: Թանգարանային ֆոնդերի համալրման նպատակով ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվում են ֆինանսական միջոցներ: «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքների շնորհիվ բարելավվել են 13 թանգարանների շենքային պայմանները, նորակառույց շենք է տեղափոխվել Երևան քաղաքի պատմության թանգարանը, նոր մասնաշենք ստացել ժամանակակից արվեստի թանգարանը: Սակայն դեռևս լուծված չեն մի շարք թանգարանների, մասնավորապես, հաճախակի համալրվող Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, մարզերի թանգարանների հավաքածուների պահպանության և նյութատեխնիկական ապահովման խնդիրները: Վերջին տարիներին 11 թանգարանում կազմակերպվել են նոր մշտական ցուցադրություններ՝ հանրությանը ներկայացնելով չցուցադրված ավելի քան 4000 թանգարանային առարկա: Սակայն մշակութային ժառանգության մեծ մասը բնակչության համար շարունակում է մնալ ոչ մատչելի:
Մի շարք թանգարաններում իրականացվում են մշակութային արժեքների վերականգնման աշխատանքներ, որն անբավարար է վերականգնման կարիք ունեցող արժեքների քանակի համեմատ: Խնդիր է նաև վերականգնող մասնագետների պակասը, վերականգնողական դպրոցի բացակայությունը:
Վերջին տարիներին հավաքածուների հաշվառման և տեղեկույթի ավտոմատացման, դրանց պահպանության համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով ձեռք է բերվել 304 սարքավորում (համակարգչային տեխնիկա, օդորակիչ սարքեր և այլն): Միևնույն ժամանակ, չեն վերազինվում մարզային թանգարանները:
Մշակվել է «Թանգարան» համակարգչային ծրագիրը, որը կիրառվում է միայն 7 թանգարանում:
Հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսների, բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ մեծացել է հայ և օտարերկրյա այցելուների հետաքրքրությունն ազգային ժառանգության նկատմամբ: 2008-2009 թթ. (686011) այցելուների թվաքանակը 2006-2007 թթ. (584749) համեմատությամբ աճել է 101262-ով: Սակայն շարունակում է խնդիր մնալ պատանիների և երիտասարդների հետաքրքրության աճի ապահովումը: 2006 թ. իրագործվում է «Թանգարան անիվների վրա» ծրագիրը, որի նպատակն է համաթանգարանային ցուցահանդեսների միջոցով հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակչությանը ծանոթացնել թանգարաններում պահպանվող մշակութային արժեքներին: Սակայն դեռևս անհրաժեշտություն է զգացվում ընդլայնելու ծրագրի աշխարհագրությունը.
3) Հայաստանում ներկայումս գործում են 16 պետական, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում մեկ մարզային, 1200 համայնքային, 31 ակադեմիական, 22 գիտաբժշկական, 13 գիտատեխնիկական և 16 բուհական գրադարաններ: Սակայն մարզերում ընթերցողների թիվը նվազել է 24.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գրքային ֆոնդի տարիներ շարունակ չհամալրմամբ, խիստ մաշված վիճակով: ՀՀ գրադարանային հավաքածուներում ընդգրկված է ավելի քան 11,8 միլիոն գրականություն՝ ավելի քան 7000-ը հնատիպ գրքերով, որոնք պահպանման հատուկ պայմաններ են պահանջում:
2007 թ. սկսվել է գրադարանների վերանորոգման գործընթացը: Այդ նպատակով 2008 թ. ՀՀ պետական բյուջեն տրամադրել է 500 մլն դրամ, 2009 թ. 312 մլն դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին պետական բոլոր գրադարաններում սկսվել է հավաքածուների հաշվառման ավտոմատացման գործընթացը՝ 7 գրադարաններում իրականացվում է էլեկտրոնային սպասարկում, 5 գրադարաններ ընդգրկված են Հայաստանի գրադարանների տեղեկույթի միացյալ ավտոմատացված ցանցում.
4) իրականացվում են այլ պետությունների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքների հայտնաբերման և դրանց հաշվառման մատյանի ստեղծման աշխատանքներ: Ներկայումս հաշվառված են ավելի քան 6703 մշակութային արժեքներ, սակայն դրանց իրական թիվը գերազանցում է մի քանի անգամ.
5) մշակույթի ոլորտի զարգացումն անմիջականորեն կապված է առկա նյութատեխնիկական, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, ստեղծագործական աշխատողների (ոլորտի կադրերի) ճիշտ ընտրության, տեղաբաշխման և համարժեք ֆինանսավորման հետ: Սոցիալ-տնտեսական բարեփոխումների հիմնական նպատակներից է նաև մշակույթի գործիչների սոցիալական վիճակի բարելավումը, ստեղծագործական գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովումը: Այդ խնդիրների լուծմամբ կկանխվի մշակույթի գործիչների արտահոսքն արտերկիր, պայմաններ կստեղծվեն մշակույթի ոլորտի կադրերի համալրման համար, կխթանվի մշակութային բազմազանությունը:
2. Նախատեսվող միջոցառումները՝
1) հուշարձանների ուսումնասիրման, վավերագրման, պահպանման և հանրահռչակման համալիր ծրագրի մշակում և իրականացում.
2) թանգարանների և գրադարանների հավաքածուների պահպանման, համալրման և հանրայնացման համալիր ծրագրի մշակում և իրականացում.
3) հայազգի մշակույթի գործիչների հավաքածուների տեղափոխում Հայաստան և «Հավաքածուների թանգարանի» հիմնադրում.
4) Հայաստանում մշակութային արժեքների վերականգնման դպրոցի հիմնադրում.
5) մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծում.
6) մշակույթի ոլորտում կառավարման ճկուն համակարգի ներդրմամբ սոցիալական բարեփոխումների իրականացում.
7) երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների գործունեությանը խթանող ծրագրերի մշակում և իրականացում:
3. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովում
1) ըստ ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների` մշակութային կազմակերպությունները (մշակույթի տներ, թատրոններ, թանգարաններ, գրադարաններ, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ) ՀՀ մարզերում բաշխված են անհավասարաչափ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերի 1334 բնակչին (ՀՀ մարզերի բնակչության ընդհանուր թիվը` 2116.3 հազ. մարդ, մշակութային կազմակերպությունների ընդհանուր թիվը` 1586) միջինն ընկնում է մեկ մշակութային կազմակերպություն: Այս ցուցանիշին չի համապատասխանում մի քանի մարզ՝ Գեղարքունիք` 1697, Լոռի` 1662, Կոտայք` 1815, Շիրակ` 1815 բնակիչ: Սակայն նշված ցուցանիշը միայն ամրագրում է առկա իրավիճակը և առաջնահերթ խնդիր է սահմանել մշակութային կազմակերպությունների նվազագույն թիվն ըստ մարզերի (նկատի ունենալով յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները).
2) մշակութային կազմակերպությունների առկայությունը դեռ չի նշանակում ակտիվ մշակութային կյանք, քանի որ դրանց մեծ մասը կարիք ունեն հիմնանորոգման և նյութատեխնիկական հագեցվածության բարելավման: Այդ կազմակերպությունների շենքերի 60.3%-ը ունի կապիտալ, 27.8%-ը` ընթացիկ վերանորոգման կարիք: Դրանցից վերանորոգված է 11.9%-ը: Մշակութային կազմակերպությունների 5.3 %-ը չի գործում և 8.7%-ը տարածքի բացակայության պատճառով տեղակայված է այլ շենքերում: Նկատի ունենալով, որ համայնքներն առայժմ հնարավորություն չունեն իրենց միջոցներով իրականացնելու մշակութային կազմակերպությունների հիմնանորոգման աշխատանքներ` այսօր առաջնահերթ խնդիրներից է պետական աջակցության ցուցաբերումը, որի իրականացման նախապայմաններից է մշակութային կազմակերպությունների արդյունավետ տեղաբաշխման սխեմաների ստեղծումը և քարտեզագրումը: Ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը կնպաստի նաև մերձակա համայնքների համար մշակութային կենտրոնների ձևավորումը.
3) մշակույթի տները գյուղական համայնքներում ունեն բազմաբնույթ գործառույթներ. այնտեղ է տեղակայված գրադարանը, ժամանցի կենտրոնը, գործում են ազգագրական խմբերը, ժողովրդական վարպետները և, ընդհանրապես, դրանք մշակութային և հասարակական միջոցառումների կազմակերպման հիմնական վայրերն են: Առաջնային վերականգնման կարիք ունեն սահմանամերձ գյուղերի մշակույթի տները, քանի որ վերջինները կնպաստեն մի շարք խնդիրների լուծմանը` նոր աշխատատեղերի ստեղծում, բնակչության արտահոսքի նվազեցում, երիտասարդության շրջանում ազգային-ավանդական մշակութային արժեքների քարոզչություն: Այն մեծ կարևորություն ունի նաև ազգային անվտանգության խնդիրների լուծման տեսանկյունից.
4) մշակութային կյանքի կազմակերպման մյուս խնդիրը կապված է ՀՀ մարզերում մշակութային գործունեություն իրականացնելու հետ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բավարար չափով միջոցառումներ չեն իրականացվում համայնքի տարածքում գործող մշակութային կազմակերպությունների, ազգագրական համույթների, անհատ արվեստագետների գործունեության համար: Չկան նաև համայնքային ծրագրեր ժողովրդական արհեստների զարգացման ուղղությամբ: Կարևոր է, որ այդ խնդիրները համապատասխան լուծումներ ստանան մարզային համապատասխան ծախսային ծրագրերում.
5) մշակութային կյանքի կազմակերպման գործում կարևորելով նաև մշակույթի գործիչների և արվեստագետների մասնակցությունը «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի N 589-Ն որոշմամբ նախատեսվում է ՀՀ մարզպետարաններին կից գեղարվեստական խորհուրդների ստեղծում: Դրանց հիմնական գործառույթներն են մարզում կամ համայնքում իրականացվող մշակութային գործունեության համակարգումը, մշակութային կազմակերպությունների կողմից ներկայացվող միջոցառումների ծրագրերը մարզի սոցիալ-տնտեսական ծրագրերում ընդգրկելու, ՀՀ մարզերի և համայնքների ստեղծագործական աշխատողներին, մշակութային կազմակերպություններին պետական պարգևների արժանացնելու, ինչպես նաև մշակույթի ոլորտի ստեղծագործական աշխատողների պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման կազմակերպման վերաբերյալ պետական լիազորված մարմնին առաջարկությունների ներկայացումը.
6) ելնելով ժամանակի պահանջներից՝ մշակութային կազմակերպությունների մատուցած շատ ծառայություններ վճարովի են, ինչի հետևանքով, նկատի ունենալով ներկա սոցիալական իրավիճակը, մշակութային ծառայությունները մատչելի չեն սոցիալապես անապահով խմբերի համար: Ներկայումս թանգարանների համար սահմանված են անվճար այցելությունների օրեր, սակայն դա խնդրի լիարժեք լուծում չէ:
4. Նախատեսվող միջոցառումները՝
1) մշակութային կազմակերպությունների արդյունավետ տեղաբաշխման անհրաժեշտ չափորոշիչների (այդ թվում՝ բնակչության և կազմակերպությունների հարաբերակցության) սահմանում, տեղաբաշխման ծրագրի կազմում և իրականացում.
2) հասարակության անապահով և խոցելի խմբերի համար վճարովի մշակութային ծառայություններից օգտվելու զեղչերի համակարգի մշակում և ներդրում.
3) միջմարզային մշակութային փոխադարձ ճանաչողության ապահովման ծրագրերի իրականացում.
4) մշակութային խոշոր միջոցառումների ապակենտրոնացման (դեպի մարզեր) քաղաքականության շարունակականության ապահովում:
5. Աջակցություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր, բարոյական, սոցիալական և մշակութային գործունեությանը
Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային նշանակությունը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում՝ առավել քան կարևորվում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունը: Սահմանադրության 8.1-ին հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ժամանակի մարտահրավերներն առաջադրում են խնդիրներ, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ համագործակցությունը կարող է չեզոքացնել հոգևոր ոլորտում առկա ներքին և արտաքին սպառնալիքները:
6. Նախատեսվող միջոցառումները՝
1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սեփականություն և ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող պատմական, հոգևոր, մշակութային արժեքների ցանկի համատեղ պատրաստում.
2) պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների համատեղ պահպանում, վերականգնման (ռեստավրացիոն) և հանրայնացման ծրագրերի համատեղ մշակում և իրականացում.
3) հայ հոգևոր և մշակութային ժառանգության քարոզչության իրականացում՝ համատեղ հրատարակությունների, ռադիո-, հեռուստահաղորդումների կազմակերպմամբ:
7. Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելում
1) ազգային մշակույթի համակարգն իր բաղադրիչներով (հոգեկերտվածք, մտածելակերպ, կենսակերպ, ավանդված մշակութային ժառանգություն, արվեստ և ժողովրդական ստեղծագործություն, մշակութային գիտություն և կրթություն) հիմնականում խարսխված է ազգային ավանդույթների հենքի վրա՝ պայմանավորված այն կենսատարածքով, որտեղ ձևավորվել և հարատևում է հայ ժողովուրդը.
2) հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելման նպատակով անհրաժեշտ քայլեր են, մասնավորապես՝
ա. ազգաբնակչության հնարավորինս լայն շերտերի մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը և մշակութային տարբեր գործընթացներում հասարակությանը ներգրավելը,
բ. ավանդական մշակույթի ներկայացումը հանրությանը և փոխանցումը սերունդներին, արդյունքում՝ դրա տարրերի ներդրում ժամանակակից արվեստում և ազգային ավանդական արժեքների նորովի լուսաբանում:
8. Նախատեսվող միջոցառումները՝
1) մշակութային ժառանգության հանրահռչակման ծրագրի մշակում և իրականացում.
2) պետական խորհրդանիշների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրի մշակում և իրականացում.
3) ավանդական ժողովրդական արհեստագործության զարգացման ծրագրի մշակում և իրականացում.
4) արտերկրում հայ ազգային ինքնության պահպանմանն ուղղված պետական ծրագրի մշակում և իրականացում.
5) մշակույթի կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում` մշակույթի ոլորտի վարչական վիճակագրության ներդրում:
9. Այլ պետությունների հետ համագործակցությունը նրանց տարածքում գտնվող հայկական պատմական, հոգևոր, մշակութային արժեքների պահպանման նպատակով
Առանձնահատուկ կարևորություն է ստանում տարածաշրջանային մշակութային համագործակցությունը, քանի որ պետության սահմանները միշտ չէ, որ ներառում են մշակութային սահմանները, և դրանց գեղարվեստական ու ճարտարապետական արտահայտումները տարածքային առումով բաժանված են իրարից:
10. Նախատեսվող միջոցառումները՝
1) տարածաշրջանի հայկական պատմության և մշակութային հուշարձանների ուսումնասիրումը և հաշվառումն ապահովող համալիր ծրագրի մշակում.
2) տարածաշրջանի հայ բնակչության մշակութային գործունեության խթանում և աջակցում, հայրենիքի հետ կապերի ամրապնդում.
3) արտերկրում մշակութային արժեքների հաշվառման գործընթացի շարունակականության ապահովում:
11. Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանություն
1) Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների ոլորտում խարսխվում է երեք հիմնարար սկզբունքների վրա`
ա. նպաստել էթնիկ ինքնության պահպանմանը և էթնիկ մշակույթի զարգացմանը,
բ. կանխարգելել էթնիկ որևէ խտրականություն,
գ. նպաստել Հայաստանի հասարակության մեջ ոչ հայազգի բնակչության լիարժեք ինտեգրմանը:
Այս սկզբունքների իրականացմանն են ուղղված Հայաստանի ընդունած միջազգային համաձայնագրերը, Հայաստանի օրենքներում անհրաժեշտ լրացումների և փոփոխությունների կատարումը, ինչպես նաև հիշյալ խնդիրներին նպաստող ծրագրերի իրագործումը.
2) 2002 թ. ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Վերջին տարիներին Հայաստանում բացվել են բազմաթիվ մշակութային հաստատություններ, այդ թվում` նաև ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոններ: Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային գործունեությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի նախատեսվում են ֆինանսական միջոցներ, որոնք հասանելի են բոլոր ազգային փոքրամասնություններին.
3) ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքների մասնակցությամբ ավանդաբար անցկացվում են գեղարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդես և երաժշտական փառատոն: ՀՀ-ում պետական պաշտպանության տակ են առնված Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջ` պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական կառույցները՝ անկախ դրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից: Պետությունն ուշադրության կենտրոնում է պահում ազգային առանձին համայնքների մշակութային և ստեղծագործական կյանքը։
12. Նախատեսվող միջոցառումները՝
1) տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկում և մասնակցություն.
2) ազգային փոքրամասնությունների լեզուներով մամուլին տրամադրվող աջակցության ընդլայնում.
3) ազգային փոքրամասնությունների լեզվամշակութային առանձնահատկությունների լուսաբանում, այդ թվում` նաև զանգվածային լրատվամիջոցներով ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության (հեքիաթներ, պարեր, ավանդույթներ և այլն) անդրադարձի միջոցով.
4) կրոնական և էթնիկ համայնքների հուշարձանների վերականգնում:
13. Ներգրավումը միջազգային տեղեկատվական դաշտին, Հայաստանի և հայության մասին ճշմարտության արհեստավարժ ներկայացումը միջազգային հանրությանը, հակազդումն ապատեղեկատվությանն ու քարոզչությանը
1) մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը հանրության լայն զանգվածների մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է՝ մշակույթի քարոզչությունը, որը լավագույնս հնարավոր է իրականացնել մամուլի միջոցով և հեռուստատեսությամբ: Հայաստանում այսօր գործում են բազմաթիվ հեռուստաընկերություններ, տպագրվում են մեծ թվով օրաթերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր, պարբերականներ, հանդեսներ, սակայն այս բոլորն իրագործվում է մասնավոր հիմունքներով և անհատ ձեռնարկատերերի, քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ձեռքում է: Նրանցից յուրաքանչյուրն իր լրատվամիջոցն օգտագործում է սեփական տնտեսական շահի կամ գաղափարական, քաղաքական քարոզչության նպատակով.
2) 2002 թ. չի գործում ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը՝ տեղեկատվական գործառույթ իրականացնող պետական մարմինը: Պետական ֆինանսավորմամբ այսօր Հայաստանում գործում է երկու հեռուստաընկերություն («Հանրային հեռուստատեսություն» և «Միր»), մեկ ռադիոընկերություն («Հանրային ռադիո») և երկու տպագիր մամուլ («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ և «Արմենպրես» տեղեկատվական գործակալություն): Մշակութային քաղաքականություն վարելու ամենակարևոր ուղղությունը՝ քարոզչությունը, բնականաբար, հնարավոր չէ իրականացնել այս սակավաթիվ լրատվամիջոցներով: Այս հարցում հատկապես մեծ է հեռուստատեսության դերը, որը պետք է հագեցած լինի մշակութային նպատակային հաղորդաշարերով՝ հանրության լայն զանգվածների մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով.
3) քարոզչությունը պետք է ունենա ներքին և արտաքին ուղղություններ:
Ներքին քարոզչության նպատակը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս լայն զանգվածների մոտ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է և մշակութային տարբեր գործընթացներում հասարակությանը ներգրավելը: Սա կհանգեցնի հասարակության բարոյական առողջացմանը և բարոյական նպաստավոր կլիմայի ստեղծմանը:
Արտաքին քարոզչությունը պետք է նպատակաուղղված լինի միջազգային ասպարեզում հայկական մշակույթի ներկայացմանը և դրանով Հայաստանի համար առավելագույնս բարենպաստ վարկանիշ ստեղծելուն, ինչպես նաև երկրի ու ժողովրդի հանդեպ համակրանք սերմանելու, Հայաստանի Հանրապետության բարեկամների թիվն ավելացնելու խնդիրներին: Ընդ որում, վեկտորները պետք է ուղղված լինեն և՛ արևմուտք, և՛ արևելք, որովհետև հայ մշակույթի քաղաքական առավելությունը սփյուռքի ու պատմական հանգամանքների բերումով ներկայացվածությունն է աշխարհի տարբեր անկյուններում:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը բավարար չափով ներկայացված չէ միջազգային տեղեկատվական դաշտում, ինչը բացասաբար է անդրադառնում ապատեղեկատվության դեմ պայքարում:
14. Նախատեսվող միջոցառումները՝
1) արտաքին քարոզչության ծրագրի մշակում և իրականացում՝ տեղեկատվական, մշակութային և տնտեսական բաղադրիչներով.
2) օտարալեզու «Հայաստանի մշակույթ» ինտերակտիվ վեբ կայքի ստեղծում.
3) հանրային դեցիմետրային ալիքով մշակութային ծրագրերի թողարկում և հեռարձակում.
4) տեղական ու միջազգային շուկայում գովազդվող հայ մշակույթին և Հայաստանին նվիրված բրենդների ձևավորում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 449-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Նպատակը | Միջոցառման անվանումը | Արդյունքը | Ֆինանսա-կան միջոցները | Ժամկետը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. Հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծում | 1) հուշարձանների ուսումնասիրման, վավերագրման, պահպանման և հանրահռչակման ծրագրի մշակում և իրականացում | սահմանամերձ շրջանների, ինչպես նաև մարզերի հուշարձանների պահպանման և օգտագործման հավասարակշիռ քաղաքականության իրականացմամբ զբոսաշրջության զարգացման և բնակչության համար սոցիալական նպաստավոր պայմանների ստեղծում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. |
2) թանգարանների և գրադարանների հավաքածուների պահպանման, համալրման և հանրայնացման ծրագրի մշակում և իրականացում | թանգարանների և գրադարանների հավաքածուների պահպանության պայմաններն ապահովող համակարգերի ստեղծմամբ ազգային մշակութային ժառանգության պահպանության ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
3) մշակույթի նախարարության ցուցահանդեսային կենտրոնի, հայազգի մշակույթի գործիչների հավաքածուների տեղափոխում Հայաստան, նվիրատվությունների և անհատ հավաքածուների թանգարանի հիմնադրում | մշակույթի նախարարության ցուցասրահի հիմնադրմամբ մշակույթի ներքին քարոզչության ընդլայնում, արտերկրում բնակվող հայազգի արվեստագետների և անհատ հավաքչարարների (կոլեկցիոներների) հավաքածուների կենտրոնացմամբ Հայաստանում հայ մշակութային ժառանգության պահպանության երաշխիքների ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2011-2012 թթ. | |
4) մշակութային արժեքների վերականգնման կենտրոնի հիմնադրում | վերականգնող մասնագետների առկայությամբ մշակութային արժեքների վերականգնման գործընթացի շարունակականության ապահովում, մշակութային ժառանգության վերականգնման (կոնսերվացման) մասնագիտական ուսումնական վերարտադրողական բազայի ստեղծում | ՀՀ պետական բյուջե | 2010-2011 թթ. | |
5) մշակութային ժառանգության թվանշանացում, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծում | տեղեկատվական շտեմարանի առկայությամբ մշակութային ժառանգության հանրահռչակման ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
6) մշակույթի ոլորտում կառավարման ճկուն համակարգի ներդրմամբ սոցիալական բարեփոխումների իրականացում | մշակութային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերին մրցութային հիմունքներով պետական աջակցության տրամադրմամբ ստեղծագործական գործընթացների խթանում և արվեստագետների սոցիալական վիճակի բարելավում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
7) երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների գործունեությանը խթանող ծրագրերի մշակում և իրականացում | «Դեբյուտ» դրամաշնորհային ծրագրի միջոցով տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների բացահայտում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
2. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովում | 1) հասարակության անապահով և խոցելի խմբերի համար վճարովի մշակութային ծառայություններից օգտվելու զեղչերի համակարգի մշակում և ներդրում | համակարգի ներդրմամբ սոցիալապես անապահով խավերի համար մշակութային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորության ստեղծում | ՀՀ պետական բյուջե | 2010 թ. |
2) միջմարզային մշակութային փոխադարձ ճանաչողության ապահովման ծրագրերի իրականացում | ՀՀ մարզերում թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերի կազմակերպմամբ գեղագիտական ճաշակի ձևավորում և հոգևոր պահանջմունքների բավարարում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
3) մշակութային խոշոր միջոցառումների ապակենտրոնացման (դեպի մարզեր) քաղաքականության շարունակականության ապահովում | ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մշակութային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովում՝ անկախ բնակավայրի աշխարհագրական դիրքից, մշակութային դաշտի համահարթեցում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
3. Աջակցություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր, բարոյական, սոցիալա- կան և մշակութային գործունեությանը | 1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սեփականություն և ազգային մշակութային ժառանգության ցանկի համատեղ պատրաստում | ազգային մշակութային ժառանգության ամբողջական տեղեկատվական ցանկի ստեղծմամբ մշակութային արժեքների մատչելիության ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. |
2) պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների համատեղ պահպանում, վերականգնման (ռեստավրացիոն) և հանրայնացման ծրագրերի համատեղ մշակում և իրականացում | պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների վերականգնման (ռեստավրացիոն) համատեղ իրականացմամբ հուշարձանների նպատակային օգտագործման ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
3) հայ հոգևոր և մշակութային ժառանգության քարոզչության իրականացում՝ համատեղ հրատարակությունների, ռադիո-, հեռուստահաղորդումների կազմակերպմամբ | հայ հոգևոր և մշակութային ժառանգության քարոզչության իրականացմամբ հոգևոր ոլորտում առկա ներքին և արտաքին սպառնալիքների չեզոքացում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
4. Հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելում | 1) մշակութային ժառանգության հանրահռչակման ծրագրի մշակում և իրականացում | ազգաբնակչության հնարավորինս լայն շերտերի մոտ ազգային մշակույթի հանդեպ հետաքրքրության առաջացում և մշակութային տարբեր գործընթացներում հասարակությանը ներգրավում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. |
2) պետական խորհրդանիշների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրի մշակում և իրականացում | քաղաքացիական հասարակության ձևավորմանը նպաստում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
3) ավանդական ժողովրդական արհեստագործության զարգացման ծրագրի մշակում և իրականացում | ազգային ոչ նյութական մշակութային արժեքների համակարգի ներդրում ժամանակակից արվեստում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
4) արտերկրում հայ ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում | սփյուռքի պաշտպանություն. հայապահպանությանը նպաստում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
5) մշակույթի կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում | մշակույթի ոլորտի վարչական վիճակագրության ներդրում | ՀՀ պետական բյուջե | 2011-2012թթ. | |
5. Այլ պետությունների հետ համագործակցու- թյունը նրանց տարածքում գտնվող հայկական պատմական, հոգևոր, մշակութային արժեքների պահպանման նպատակով | 1) տարածաշրջանի հայկական պատմության և մշակութային հուշարձանների ուսումնասիրման և հաշվառման համալիր ծրագրի մշակում | պատմության և մշակութային հուշարձանների մասին հավաստի տեղեկույթի առկայություն և հետագա ծրագրերի մշակման նախադրյալներ | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. |
2) տարածաշրջանի հայ բնակչության մշակութային գործունեության խթանում և աջակցում, հայրենիքի հետ կապերի ամրապնդում | տարածաշրջանի հայ բնակչության կապերի սերտացում, ազգային ինքնության պահպանում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
3) արտերկրում մշակութային արժեքների հաշվառման գործընթացի շարունակականության ապահովում | մշակութային ժառանգության համահայկական տեղեկատվական շտեմարանի ձևավորում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
6. Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանություն | 1) մշակույթի տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկում և մասնակցություն | ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկվածություն մշակութային դաշտում | ՀՀ պետական բյուջե | 2010 թ. |
2) ազգային փոքրամասնությունների լեզուներով ոչ պետական մամուլին տրամադրվող աջակցության ընդլայնում | ազգային փոքրամասնությունների ինքնարտահայտման հնարավորության ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
3) ազգային փոքրամասնությունների լեզվամշակութային առանձնահատկությունների լուսաբանում, այդ թվում նաև` զանգվածային լրատվամիջոցներով ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության (հեքիաթներ, պարեր, ավանդույթներ և այլն) անդրադարձի միջոցով | բազմամշակութային դաշտի ապահովում, ազգային փոքրամասնությունների ինքնությանը նպաստում և մշակութային ժառանգության հանրահռչակում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
4) կրոնական և էթնիկ համայնքների հուշարձանների վերականգնում | ՀՀ տարածքի բոլոր պատմաճարտարապետական, մշակութային և կրոնական կառույցների պաշտպանության երաշխիքների ապահովում՝ անկախ դրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից | ՀՀ պետական բյուջե | 2010 թ. | |
7. Ներգրավումը միջազգային տեղեկատվական դաշտին, Հայաստանի և հայության մասին ճշմարտության արհեստավարժ ներկայացումը միջազգային հանրությանը, հակազդումն ապատեղեկատվությանն ու քարոզչությանը | 1) արտաքին քարոզչության ծրագրի մշակում և իրականացում՝ տեղեկատվական, մշակութային և տնտեսական բաղադրիչներով | Հայաստանի համար առավելագույնս բարենպաստ վարկանիշի ստեղծում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. |
2) օտարալեզու «Հայաստանի մշակույթ» ինտերակտիվ վեբ կայքի ստեղծում | առաջնահերթ ազգային մշակութային ծրագրերի տեղեկատվական ապահովման համալիր ծրագրի իրականացում և ներգրավում համաշխարհային մշակութային դաշտ | ՀՀ պետական բյուջե | 2011 թ. | |
3) հանրային դեցիմետրային ալիքով մշակութային ծրագրերի թողարկում և հեռարձակում | Հայաստանի և հայության մասին ճշմարտացի տեղեկույթի ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2010-2011 թթ. | |
4) տեղական ու միջազգային շուկայում գովազդվող հայ մշակույթի և Հայաստանին նվիրված բրենդների ձևավորում | արտաքին քարոզչության հակազդում, հայ մշակույթի բրենդների աճի ապահովում | ՀՀ պետական բյուջե | 2010-2012 թթ. | |
5) Հայաստանում Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ստեղծման նախադրյալների ապահովում | կինոդպրոցի, երաժշտական գործիքների վերականգնման, վերականգնողական տարածաշրջանային կենտրոնների ստեղծում | ՀՀ պետական բյուջե, ԵՄ ծրագրա-յին միջոցներ | 2010-2012 թթ. | |
6) ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի «Մարդկանց միջև շփումներ» IV պլատֆորմի շրջանակներում «Գրական տապան. 10 տարի անց» նախագծի իրականացում | օտարերկրյա արվեստագետների կողմից Հայաստանի և հայ մշակույթի ներկայացում | ՀՀ պետական բյուջե, ԵՄ ծրագրային միջոցներ | 2010-2012 թթ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |