Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեվ մշակութային համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր.
ձգտելով զարգացնել և ամրապնդել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները,
ցանկանալով զարգացնել համագործակցությունը մշակույթի բնագավառում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը մշակույթի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, և նրանք հատկապես կխրախուսեն.
- անհատ կատարողների, թատերական, գեղարվեստական և ժողովրդական խմբերի փոխանակումները,
- համագործակցությունը կինոյի ոլորտում՝ ֆիլմերի փոխանակման կամ մյուս Պայմանավորվող կողմի կազմակերպած միջազգային կինոփառատոներին մասնակցելու միջոցով,
- գեղարվեստական ցուցահանդեսների փոխանակումը:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը և տեղեկության փոխանակումը երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը կկազմակերպեն երկկողմ սեմինարներ և սիմպոզիումներ համապատասխան հասարակական և մասնագիտական հաստատությունների փորձագետների մասնակցությամբ, որոնք մասնագիտանում են մշակութային ժառանգության պահպանման խնդիրներով:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կաջակցի մյուս Կողմի կազմակերպած մշակութային հարցերին նվիրված միջազգային գիտաժողովներին, մրցույթներին և հանդիպումներին իրենց ներկայացուցիչների մասնակցությանը:
Հոդված 5
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են փոխադարձության հիման վրա իրենց մայրաքաղաքներում սկսել մշակութային կենտրոնների հիմնադրումը:
2. Պայմանավորվող կողմերը կստորագրեն առանձին համաձայնագիր՝ այդ կենտրոնների իրավական կարգավիճակը և գործունեության պայմանները սահմանելու նպատակով:
Հոդված 6
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն արվեստագետների փոխայցելությունները և հանդիպումները, ինչպես նաև մասնագետների և փորձի փոխանակումները գեղարվեստի կրթության ոլորտում:
Հոդված 7
1. Սույն Համաձայնագրի նպատակների իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերը կհիմնեն հայ-բրազիլական Համատեղ հանձնաժողով, որը կկազմվի երկու երկրների ներկայացուցիչներից և հաջորդաբար նիստեր կգումարի Երևանում և Բրազիլիայում՝ երեք տարին մեկ:
2. Հանձնաժողովը որոշումներ կընդունի՝ կապված սույն Համաձայնագրի կիրառման հետ: Հանձնաժողովը կմշակի համագործակցության ծրագրերի մանրամասները, ինչպես նաև այդ ծրագրերի ֆինանսական պայմանները:
Հոդված 8
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կծանուցի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալուց երեսուն (30) օր հետո:
2. Սույն Համաձայնագիրը Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել դիվանագիտական հայտագրերի փոխանակման միջոցով: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:
Հոդված 9
1. Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամկետով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի մյուսին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի վերջին ծանուցումն ստանալուց վեց (6) ամիս հետո:
2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի Համաձայնագրից բխող ծրագրի կամ նախագծի ավարտման վրա, եթե Պայմանավորվող կողմերը այլ բան չորոշեն:
Կատարված է Բրազիլիա քաղաքում, 2002 թվականի մայիսի 7-ին, երկու բնօրինակով, հայերեն, պորտուգալերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանության տարաձայնությունների դեպքում, անգլերեն տեքստը կգերակայի:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. նոյեմբերի 9-ից:
