ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված մի շարք պայմանագրերով նախատեսված` հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան իրականացնել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը և հաշվառումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մարտի 31
Երևան
Հավելված մարտի 25-ի N 312-Ն որոշման
ՀՀ կառավարության 2010 թվականի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված հետևյալ համաձայնագրերի նկատմամբ`
1) Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագիր (Հայաստանը միացել է 2005 թվականի մայիսի 24-ին).
2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև տեխնիկական աջակցության շրջանակային համաձայնագիր (ստորագրվել է 2005 թվականի փետրվարի 25-ին).
3) մասնավոր հատվածի գործողությունների երաշխավորագիր-նամակ (ստորագրվել է 2005 թվականի փետրվարի 25-ին).
4) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2008 թվականի հունվարի 23-ին Մանիլայում և 2008 թվականի հունվարի 30-ին Երևանում):
1.1. Նշված բոլոր համաձայնագրերը սույն կարգի դրույթներում նշվելու են որպես համաձայնագրեր, իսկ առանձին դեպքերում, հաշվի առնելով որևէ համաձայնագրի շրջանակներում սահմանված առանձնահատկությունը, կնշվի համաձայնագրի կամ համաձայնագրերի անվանումները:
2. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են այդ համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:
3. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված այլ արտոնություններ:
4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագրեր:
5. Սույն կարգի իմաստով «Կազմակերպություն» նշանակում է` Ասիական զարգացման բանկ և Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելություն: Սույն կարգի նշված դրույթներում կազմակերպությունն առանձին դեպքերում, հաշվի առնելով որևէ համաձայնագրի շրջանակներում սահմանված առանձնահատկությունը, կնշվի առանձնացված` որպես Ասիական զարգացման բանկ կամ Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելություն:
II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
6. Համաձայնագրերի շրջանակներում կիրառվող արտոնություններն են`
1) ավելացված արժեքի հարկ`
ա. անմիջականորեն կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումն ազատվում է ավելացված արժեքի հարկից (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),
բ. Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,
գ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,
դ. անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):
Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սահմանված կարգով.
2) շահութահարկ`
ա. կազմակերպության կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված ցանկացած եկամուտ ազատվում է շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),
բ. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությունը, որպես հարկային գործակալ, ազատվում է համաձայնագրերով իրականացվող և ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտներից շահութահարկի պահումից,
գ. «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրի շրջանակներում գործունեություն իրականացնող և ֆինանսավորվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող խորհրդատուներն այդ մասով ազատվում են շահութահարկից (այդ թվում` այդ համաձայնագրի շրջանակներում եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից շահութահարկի պահումից).
3) եկամտահարկ`
ա. Ասիական զարգացման բանկի տնօրենների, տեղակալների, պաշտոնյաների և աշխատողների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի շրջանակներում գործուղումներ գնացող փորձագետներին վճարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտներն ազատվում են եկամտահարկից,
բ. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև աշխատակազմում ընդգրկված ֆիզիկական անձանց` համաձայնագրերով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացած եկամուտներն ազատվում են եկամտահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),
գ. «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրի շրջանակներում գործունեություն իրականացնող և ֆինանսավորվող ֆիզիկական անձ հանդիսացող խորհրդատուներն այդ մասով ազատվում են եկամտահարկից (այդ թվում` այդ համաձայնագրի շրջանակներում եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից եկամտահարկի պահումից):
Սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված աշխատակազմում ընդգրկված ֆիզիկական անձինք են` Ասիական զարգացման բանկի գործունեության հետ կապված աշխատանքի համար կազմակերպության կողմից իր ներքին կանոնակարգին համապատասխան վարձված ամբողջ անձնակազմը` բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամավճարի պայմաններով ընդունված անձանց.
4) պարտադիր սոցիալական ապահովության վճարներ`
ա. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությունը, որպես գործատու, ազատվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկելու և վճարելու պարտավորությունից,
բ. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև աշխատակազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք ազատվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից, եթե այդ ֆիզիկական անձինք Ասիական զարգացման բանկի սոցիալական ապահովության համակարգի կամ այնպիսի համակարգի անդամներ են, որին միացել է Ասիական զարգացման բանկը և, որը նախատեսում է սոցիալական ապահովության բավարար նպաստներ,
գ. Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև աշխատակազմում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք չեն հանդիսանում սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված սոցիալական ապահովության համակարգի անդամներ` իրենց կողմից ստացված եկամուտների գծով պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են ինքնուրույն` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով,
դ. Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում լիազորված մարմին տեղեկություններ հայտնել սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված անձանց և նրանց վճարվող եկամուտների մասին,
ե. «Տեխնիկական աջակցության մասին» շրջանակային համաձայնագրի շրջանակներում գործունեություն իրականացնող և ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խորհրդատուներն այդ մասով ազատվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից.
5) մաքսատուրք`
ա. համաձայնագրերով իրականացվող և ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից,
բ. համաձայնագրերով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից:
7. Եթե համաձայնագրի շրջանակներում չկանխամտածված գանձվի հարկային կամ մաքսային վճար, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է Ասիական զարգացման բանկի կողմից նշված հաշվին վերադարձնի այդ վճարը` Հայաստանի Հանրապետության արժույթով 30 օրվա ընթացքում, կամ այն ժամանակահատվածում, որում կողմերը կհամաձայնեն:
III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
8. Սույն կարգի 2-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում գործադիր գործակալության (այլ ոչ թե ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի) կողմից հաստատված տեղեկանքը` համաձայն ձևի:
1) Գործադիր գործակալությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված և վերջինիս կողմից հաստատված տեխնիկական աջակցությունը համակարգող մարմին (Հայաստանի Հանրապետության կառավարությանը ԱԶԲ-ի օգնության տրամադրման շրջանակներում գործադիր գործակալություն է հանդիսանում տվյալ տեխնիկական աջակցության համաձայնագրով ընտրված պետական մարմինը):
9. Տեղեկանքը կազմվում է 3 բնօրինակից, որը լրացվում է արտոնություններից օգտվող անձանց կողմից և ներկայացվում գործադիր գործակալություն` հաստատման:
1) Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ և նրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
10. Գործադիր գործակալության կողմից նշված տեղեկանքի հաստատման համար հիմք են ընդունվում`
1) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում`
ա. կազմակերպության և ապրանքներ մատակարարող, աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող անձանց միջև կնքված պայմանագրերի պատճենները,
բ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փաստը հաստատող ընդունման - հանձնման ակտի կամ կատարման մասին հաշվետվության պատճենը (ներկայացվում է, եթե այդպիսի փաստաթղթի կազմումը բխում է սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրից),
գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
2) կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում`
ա. կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագրի և հաշիվ-ապրանքագրի պատճենները,
բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում է կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,
գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը.
3) Հայաստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության կողմից ապրանքների ներմուծման դեպքում`
ա. կազմակերպության հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի և հաշիվ-ապրանքագրի պատճենները,
բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում է կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը, արժեքը,
գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներ ստացող, նշված է կազմակերպությունը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է:
11. Սույն կարգի 3-րդ բաժնի 9-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը սույն կարգում նշված արտոնությունների կիրառման առումով սպառիչ է և այլ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահանջ չի կարող առաջադրվել`
1) գործադիր գործակալության կողմից տեղեկանքներն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում (կնքվում և ստորագրվում) և տրամադրվում են արտոնություններից օգտվող անձանց: Բնօրինակներից մեկը, հիմնավորող փաստաթղթերի հետ միասին, մնում է գործադիր գործակալությունում.
2) մնացած 2 բնօրինակը տրվում են արտոնություններից օգտվող անձանց, որոնցից մեկը` ի պահ, մյուսը` համապատասխան տարածքային հարկային մարմին, իսկ ապրանքների ներմուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու համար.
3) արտոնություններից օգտվող անձինք հաստատված տեղեկանքը գործադիր գործակալությունից ստանալուց հետո, սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ միասին, պարտավոր են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` 3 աշխատանքային օրվա ընթացքում.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ապրանքների ներմուծման դեպքում, սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը վերադարձնում է արտոնություններից օգտվող անձին՝ համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ ներկայացնելու համար և հրահանգում է այդ մաքսատանը կամ մաքսային կետին հարկային և մաքսային արտոնությունները կիրառելու մասին կամ նույն ժամկետում արտոնություններ հայցողին գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին՝ մատնանշելով դրա հիմնավորումը:
12. Գործադիր գործակալությունն արտոնություններից օգտվող անձանց կողմից ներկայացված տեղեկանքի հաստատումը և տրամադրումը կարող է մերժել, եթե`
1) փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանում գործակալության տրամադրության տակ գտնվող և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին.
2) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների որակական և (կամ) քանակական հատկանիշները չեն համապատասխանում համաձայնագրերին, կազմակերպության կողմից իրականացվող գործարքների (գործառնությունների) վերաբերյալ կնքված պայմանագրի պահանջներին:
13. Գործադիր գործակալությունը տեղեկանքի հաստատումը և տրամադրումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է արտոնություններից օգտվող անձանց` նշելով մերժման պատճառները:
Արտոնություններից օգտվող անձանց կողմից լրացված տեղեկանքները գործադիր գործակալության կողմից մերժվելու դեպքում համարվում են անվավեր և ներկայացված 3 բնօրինակից 2 օրինակը վերադարձվում է արտոնություններից օգտվող անձանց: Մեկ օրինակը մնում է գործադիր գործակալությունում` ի պահ:
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, արտոնություններից օգտվող անձանց տրամադրումը և տեղեկանքների ձևաթղթերի հաշվառումը:
1) Տեղեկանքների ձևաթղթերը տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով` յուրաքանչյուրում 24 տեղեկանք` 3 օրինակից: Բոլոր 3 օրինակը համարվում է բնօրինակ, տպագրվում է գունավոր ֆոնով և նշվում նույն համարներով ու տառային սերիաներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Ձև
ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև
կնքված մի շարք պայմանագրերով
նախատեսված` հարկային, մաքսային
և այլ պարտադիր վճարների գծով
արտոնությունների կիրառման կարգի
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ——
—— ————————2010 թ.
1. ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում նախատեսված ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
2. ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում նախատեսված ծրագիր իրականացնող անձի կամ ծրագրի շրջանակներում արտոնությունից օգտվող այլ անձի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը), գտնվելու և (կամ) բնակության վայրը, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ն____________________________________________
___________________________________________________________
3. Ներմուծում է`
___________________________________________________________
(ապրանքներ մատակարարողի լրիվ անվանումը, գտնվելու և (կամ) բնակության վայրը, ապրանքների անվանումները, քանակը, ընդհանուր գինը)
___________________________________________________________
___________________________________________________________
4. Ձեռք է
բերում`______________________________________________________
(ապրանքներ մատակարարողի, ծառայություններ (աշխատանքներ) մատուցողի լրիվ անվանումը,
գտնվելու և (կամ) բնակության վայրը, ՀՎՀՀ-ն)
___________________________________________________________
(ապրանքների անվանումները, ծառայությունների (աշխատանքների) համառոտ նկարագրությունը, ծավալը, գինը)
___________________________________________________________
5. Նշված գործարքների դիմաց վճարումները կատարվում են Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող միջոցների հաշվին:
Գործադիր գործակալության
պատաuխանատու անձ
_____________________
(uտորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.