ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5017/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5017/05/08 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Պիվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Հեղուշ Պիվազյանի հայցի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձինք Աշոտ և Անահիտ Պիվազյանների` Աշոտ և Անահիտ Պիվազյաններին Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմածներ ճանաչելուն և ժառանգների ցուցակից հանելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հեղուշ Պիվազյանը պահանջել է պարտավորեցնել նոտարին «Աշոտ և Անահիտ Պիվազյաններին ճանաչել որպես Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմածների և այդ հիմքով նրանց հանել Սուսաննա Պիվազյանի ժառանգների ցուցակից»:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.06.2009 թվականի վճռով վճռվել է «Հեղուշ Պիվազյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Աշոտ Պիվազյանի, Անահիտ Պիվազյանի` «Գործողություն կատարելուն պարտավորեցնելու» պահանջի մասին բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Աշոտ և Անահիտ Պիվազյաններին որպես 04.02.2007թ. մահացած հանգուցյալ Սուսաննա Պիվազյանի ժառանգությունն ընդունած ժառանգների հաշվառումը (գրանցումը)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Պիվազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հեղուշ Պիվազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ Հեղուշ Պիվազյանը ներկայացրել է որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու հայց, մինչդեռ հայցի հիմքը և առարկան չփոփոխելու պայմաններում Դատարանը վճիռ է կայացրել վիճարկման հայցի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության կամ փոփոխել դատական ակտը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սուսաննա, Հեղուշ, Անահիտ և Աշոտ Պիվազյանները հարազատ քույրեր և եղբայր են, իսկ Վարդուշ Հովհաննիսյանը նրանց մայրն է (գ.թ. 13, 14, 15):
2. Վարդուշ Հովհաննիսյանը մահացել է 11.11.2005 թվականին, իսկ Սուսաննա Պիվազյանը` 04.02.2007 թվականին (գ.թ. 11, 10):
3. Նոտարի 26.09.2008 թվականի գրության համաձայն` «Սուսաննա Վաղինակ Պիվազյանի (մահացած 04.02.2007թ.) և Վարդուշ Դանիել Հովհաննիսյանի (մահացած 11.11.2005թ-ին) մահից հետո 08.06.2007թ-ին մուտքագրվել է ժառանգական գործ 2459, դիմել են Աշոտ, Հեղուշ և Անահիտ Պիվազյանները, կողմերի միջև վեճը լուծելու պատճառով ժառանգական գործը կասեցվել է և ուղարկվում է դատարան»(գ.թ. 32):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է՝
- վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- վարչական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:
Սույն գործով Հեղուշ Պիվազյանը, դիմելով դատարան, պահանջել է «Աշոտ և Անահիտ Պիվազյաններին ճանաչել որպես Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմածների և այդ հիմքով նրանց հանել Սուսաննա Պիվազյանի ժառանգների ցուցակից»: Այսինքն` Հեղուշ Պիվազյանի կողմից ներկայացվել է պարտավորեցման հայց:
Մինչդեռ Դատարանը, անտեսելով վերոգրյալը, վճիռ է կայացրել վիճարկման հայցի վերաբերյալ, այն է` անվավեր է ճանաչել նոտարի կողմից «Աշոտ և Անահիտ Պիվազյաններին որպես 04.02.20007թ. մահացած հանգուցյալ Սուսաննա Պիվազյանի ժառանգությունն ընդունած ժառանգների հաշվառումը (գրանցումը)»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի նշված խախտման առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Մասնավորապես, Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ «նոտարի կողմից դատարանին ներկայացված ժառանգական գործի փաստաթղթերի հետազոտման հիման վրա և վերը նշված իրավական ակտերի դրույթների համաձայն, դատարանը եզրակացնում է, որ Անահիտ և Աշոտ Պիվազյանների կողմից սահմանված կարգով որևէ գրավոր դիմում, վերը նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան երբևէ չեն ներկայացվել նոտարական գրասենյակ, պատասխանող նոտարին՝ իրենց քույր, հանգուցյալ Սուսաննա Վաղինակի Պիվազյանի (մահացած 04.02.2007թ.) ժառանգությունն ընդունելու և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար: Ավելին, դատարանը հետազոտելով նոտարի կողմից դատարանին որպես ապացույց ներկայացված «ժառանգության գործերի մուտքի մատյանի քսերոպատճենի թիվ 2459 գրանցման հատվածը»՝ եզրակացնում է, որ Աշոտ Պիվազյանն ընդհանրապես չի դիմել նոտարին հանգուցյալ Սուսաննա Պիվազյանի (մահացած 04.02.2007թ.) ժառանգությունն ընդունելու մասին դիմումով և նրա անունն ընդհանորապես վերոհիշյալ մատյանում որևէ համարի տակ նշված չէ»: Դատարանի կողմից հաստատված վերոնշյալ հանգամանքները վճռաբեկ բողոքով չեն վիճարկվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին պարտավորեցնել Աշոտ և Անահիտ Պիվազյաններին ճանաչել Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմողներ և նրանց հանել Սուսաննա Պիվազյանի ժառանգների ցուցակից:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Է. Հայրիյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան