«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010126
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 փետրվարի 2010 թ. ք. Երևան |
N 55-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) և ը) կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Պայմանագրի 3.1, 4.1 կետերում և N 2 հավելվածում` «նխմ» տերմինը փոխարինել «խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում)» բառերով։
2) Պայմանագրի 5.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5.4. Եթե տեղի է ունեցել գազի սպառման փոխհամաձայնեցված քանակության փոփոխություն, որի հետևանքով չափումը կատարվում է հաշվառքի սարքի չափման ընդգրկույթից (Qmin ÷ Qmax) դուրս, ապա հաշվառքի սարքերի սեփականատերը այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահում մյուս կողմին, և Բաժանորդը պարտավոր է կանոնակարգել իր սպառումը կամ`
ա) Մատակարարից պահանջել հաշվառքի սարքերի փոխարինում, վճարելով փոխարինման հետ կապված բոլոր ծախսերը, եթե հաշվառքի սարքերի սեփականատերը Մատակարարն է.
բ) իր միջոցներով փոխարինել հաշվառքի սարքերը, եթե հաշվառքի սարքերի սեփականատերը Բաժանորդն է:
Ճնշման անկման սկզբունքով աշխատող հաշվառքի սարքերի կիրառման դեպքում նվազագույն Qmin և առավելագույն Qmax մեծությունները որոշվում են հաշվարկային եղանակով` համաձայն ԳՕՍՏ-8563-97-ի: Այլ սկզբունքով աշխատող հաշվառքի սարքերի համար նվազագույն Qmin և առավելագույն Qmax մեծությունները որոշվում են հաշվառքի սարքի անձնագրային տվյալների հիման վրա` համաձայն համապատասխանության սերտիֆիկատի:
Այն ժամանակահատվածում, երբ չափումը կատարվել է նշված ընդգրկույթից դուրս, սպառված գազի քանակությունը հաշվվում է բոլոր հաշվառքի սարքերի համար հետևյալ կերպ`
ա) եթե չափումը կատարվել է ընդգրկույթի ստորին սահմանից (Qmin) ցածր, ապա ծախսն ընդունվում է ___________ տոկոսին հավասար,
բ) եթե չափումը կատարվել է ընդգրկույթի վերին սահմանից (Qmax) բարձր, ապա ծախսն ընդունվում է ___________ տոկոսին հավասար:»:
3) Պայմանագրի 6.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6.3 Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար Մատակարարը սույն պայմանագրի 5.2 կետին համապատասխան կազմված երկկողմ ակտի հիման վրա Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ` հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ------ օրվա ընթացքում: Հաշվարկային ժամանակաշրջանում մինչև 10,0 հազար խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում) գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և սպառված գազի քանակության արտադրյալով: Հաշվարկային ժամանակաշրջանում 10,0 հազար խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում) և ավելի գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.
S = | ( | 19.74 |
+ |
182.86 |
. |
Q կալ.մ.ա. |
) | . | E.V |
, |
____ | __ | |||||||||
|
1000 |
որտեղ`
S -ը վճարման ենթակա գումարն է` դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).
Qկալ.մ.ա. -ն գազի միջին կալորիականությունն է` հաշվարկային ժամանակաշրջանում.
E - ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է.
V - ն սպառված գազի քանակն է` հաշվարկային ժամանակաշրջանում (խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում):»։
2. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների հետ կնքված բնական գազի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի N 9-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 66-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |