Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ֆրանսիական Հանրապետության Կառավարության միջեվ հայտագրերի փոխանակման միջոցով կնքված Համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջեվ 1997 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված «Եկամտահարկի ԵՎ գույքահարկի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եվ հարկային չվճարումներն ու խարդախությունը կանխելու մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին
Երևան, 3 փետրվարի 2004թ.
Հարգելի պարոն դեսպան,
Պատիվ ունեմ վկայակոչել Ձեր 2003 թվականի փետրվարի 5-ի թիվ 35/CD/AL հայտագիրը, որի բովանդակությունը հետևյալն է.
«Հարգելի պարոն Նախարար,
Հղում կատարելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 1997 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված «Եկամտահարկի և գույքահարկի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին» համաձայնագրին` պատիվ ունեմ իմ կառավարության հանձնարարությամբ Ձեզ առաջարկելու կրկնակի հարկումների վերացման մասին 23-րդ հոդվածի 1 A) ii) կետը փոխարինել հետևյալ կետով.
ii) 7-րդ հոդվածում և 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ֆրանսիական ընկերությունների հարկին ենթակա եկամտի առնչությամբ, և 10-րդ հոդվածում, 11-րդ հոդվածի 2-րդ կետում, 12-րդ հոդվածի 2-րդ կետում, 15-րդ հոդվածի 4-րդ կետում, 16-րդ հոդվածում և 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված եկամտի առնչությամբ` Հայաստանում վճարված հարկի գումարին այդ հոդվածների դրույթներին համապատասխան. սակայն այդ հարկային հաշվանցումը չպետք է գերազանցի այդ եկամտին համապատասխանող ֆրանսիական հարկի գումարը:
1 C) ii) կետը փոխարինել հետևյալ կետով.
«ii) պայմանավորված է, որ «Հայաստանում վճարված հարկի գումար» արտահայտությունը «a» և «b» ենթակետերում օգտագործելիս նշանակում է հայկական հարկի գումար, գործնականորեն վճարված այնտեղ` Համաձայնագրի դրույթներին համապատասխան, վերջնականորեն դիտարկվող եկամտի կամ գույքի տարրերի նկատմամբ Ֆրանսիայի ռեզիդենտ հանդիսացող այդ եկամտի կամ գույքի տարրերի փաստացի սեփականատիրոջ կողմից»:
Երախտապարտ կլինեմ Ձեզ Հայաստանի կառավարության կողմից առաջարկությունն ընդունվելու դեպքում ինձ իրազեկելու համար: Այդ դեպքում սույն հայտագիրը, ինչպես նաև Ձեր պատասխանը կնշանակեն այս կետի շուրջ երկու կառավարությունների համաձայնությունը: Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու համար, յուրաքանչյուր կողմ կհայտագրի մյուսին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին: Վերջինս ուժի մեջ կմտնի վերջին հայտագրման ստացման օրվանից»:
Ընդունեք խնդրեմ, պարոն նախարար, հարգանքներիս գերագույն հավաստիքը»:
Պարոն Անրի Քյունի
Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան
Պատիվ ունեմ Ձեզ տեղեկացնել, որ Ձեր հայտագրում նշված առաջարկությունն ընդունելի է Հայաստանի կառավարության համար: Ձեր հայտագիրը և սույն պատասխանը կկազմեն համաձայնագիր մեր երկու կառավարությունների միջև, որն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումներից վերջինի ստացման օրը:
Ընդունեք, խնդրեմ, պարոն դեսպան, իմ խորին հարգանքի հավաստիքը:
Վարդան Օսկանյան
Հայտագրերի փոխանակմամբ կնքված համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. դեկտեմբերի 7-ից:
