ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2010 թվականի N 96-Ն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) երկաթուղային գծերի` ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) երկաթուղիների հատման կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) երկաթուղային գծանցների շահագործման պայմանները` համաձայն N 3 հավելվածի.
4) երկաթուղային գծանցների գործարկման և փակման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. փետրվարի 9 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 96-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային գծերի (այսուհետ` երկաթուղի)` ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման (այսուհետ` գծանցներ) սկզբունքային դրույթները: Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների հատման կարգը կանոնակարգելու միջոցով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովումն է:
2. Սույն կարգը հաշվի է առնում գծանցների բարձր վտանգավորությունը և երկաթուղային տրանսպորտի երթևեկության առավելությունը տրանսպորտի այլ տեսակների նկատմամբ:
II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն «Երկաթուղային տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նշված նշանակությունը:
III. ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ` ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
4. Երկաթուղիների հատումը ավտոմոբիլային ճանապարհների հետ պետք է իրականացվի ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
5. Միևնույն հարթության վրա ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների հատման վայրը սահմանվում է երկաթուղու ենթակառուցվածքի կառավարչի կողմից:
6. Գծանցները պետք է տեղակայվեն երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների ուղիղ հատվածների վրա, տեսանելիության բավարար պայմանների ապահովման դեպքում` փորվածքների և այլ վայրերի սահմաններից դուրս, որտեղ չեն ապահովվում տեսանելիության բավարար պայմաններ:
7. Երկաթուղիների հատումն ավտոմոբիլային ճանապարհների հետ պետք է իրականացվի հիմնականում ուղիղ անկյան տակ: Այդ պայմանի բավարարման անհնարինության դեպքում` հատվող ճանապարհի միջև սուր անկյունը պետք է լինի 600-ից ոչ պակաս: Առավելապես սուր անկյան տակ տեղակայված գործող գծանցներն անհրաժեշտ է վերասարքավորել ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցման հետ միաժամանակ:
8. Գոյություն ունեցող գծանցների մոտ երկաթուղու եզրային ռելսից 10 մ-ից ոչ պակաս երկարության վրա ավտոմոբիլային ճանապարհը երկայնական պրոֆիլում պետք է ունենա հորիզոնական հարթակ կամ մեծ շառավղով ուղղաձիգ կոր, կամ թեքություն` պայմանավորված մեկ ռելսի բարձրացմամբ մյուսների նկատմամբ, երբ հատումները գտնվում են ճանապարհի (ուղու) թեք հատվածում:
9. Բարդ պայմաններում (լեռնային շրջաններ, քաղաքային փողոցներ և այլն) գծանցներին մոտեցումներում ավտոմոբիլային ճանապարհի պրոֆիլը կարող է լինել անհատական` համաձայնեցված ճանապարհային ոստիկանության և ճանապարհներ շահագործող կազմակերպությունների կամ ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի հետ:
10. Դեպի գծանց, հարթակից առաջ ավտոմոբիլային ճանապարհի` 20 մ-ից ոչ պակաս երկարությամբ անցամասի երկայնական թեքությունը պետք է լինի 50 պրոմիլից (5 տոկոս) ոչ ավելի:
11. Վերակառուցման կամ նոր ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ժամանակ մոտեցումները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի եզրային ռելսից 2 մ-ից ոչ պակաս երկարության վրա ճանապարհը երկայնական պրոֆիլում ունենա հորիզոնական հարթակ:
12. Ավտոմոբիլային ճանապարհի` 50 մ-ից ոչ պակաս երկարությամբ մոտեցումներն անհրաժեշտ է նախագծել երկայնական 30 պրոմիլից ոչ ավելի թեքությամբ:
13. Չափագիտական նորմերի և կանոնների խախտումներից խուսափելու և դրանց կանխարգելման նպատակով երկաթուղային գծանցների շահագործման ընթացքում օգտագործվող սարքավորումներն անհրաժեշտ է ստուգաչափել` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
14. Ավտոմոբիլային բնահողային ճանապարհների` եզրային ռելսի գլխիկից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ մոտեցումները դեպի գծանցների երկու կողմեր պետք է պատված լինեն ամուր ծածկով:
15. Գծանցների փռվածքի ռետինակորդային կամ պոլիմերային նյութերի դեպքում չի թույլատրվում միջռելսային փռվածքի իջեցումը ռելսերի գլխիկների մակարդակից ցածր:
16. Գծանցների սահմաններում ճանապարհի երթևեկելի մասը, ինչպես նաև փռվածքը, ազդանշանային սյունիկները, արգելակային կամ եզրապատային տեսակի ճաղաշարերն ու ցանկապատերը պետք է համապատասխանեն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին:
17. Գծանցի երթևեկելի մասի լայնությունը պետք է հավասար լինի ավտոմոբիլային ճանապարհի երթևեկելի մասի լայնությանը, բայց ոչ պակաս, քան 6 մ, իսկ փռվածքի լայնությունն անասունների արոտահանման վայրերում` 4 մ-ից ոչ պակաս: Գծանցի փռվածքը պետք է համապատասխանի երկաթուղու ենթակառուցվածքի կառավարչի հաստատած կառուցվածքին:
18. Փռվածքի տակով ուղին կարող է լինել ինչպես փայտյա, այնպես էլ` երկաթբետոնե կոճերի վրա: Ռելսամեջի արտաքին կողմերից փռվածքը պետք է լինի ռելսերի գլխիկների կատարի հետ միևնույն մակերևույթի վրա: Ծածկի նկատմամբ դրա շեղումը չի թույլատրվում 2 սմ-ից ավելի: Ռելսամեջի ներսում փռվածքը պետք է ռելսի գլխիկներից բարձր լինի 1-3 սմ-ի սահմաններում: Շահագործվող գծանցներում մինչև պլանային կարգով վերակառուցումը, ռելսամեջի ներսում փռվածքի բարձրացումը թույլատրվում է 3-4 սմ-ի սահմաններում:
19. Նոր ստեղծվող պաշտպանիչ անտառային տնկիները գծանցներից 50 մ և պակաս հեռավորության վրա տրանսպորտային միջոցների վարորդներին պետք է ապահովեն գծանցին մոտեցող գնացքի տեսանելիություն` 500 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
20. Կառուցվածքից կախված` շարժակազմի անվազույգերի անարգել անցնելն ապահովելու համար գծանցների փռվածքի սահմաններում կարող են տեղադրվել զուգառելսեր: Դրանց ծայրերը 50 սմ երկարությամբ ծռում են դեպի փռվածքի ներս` 25 սմ-ով: Ակոսի լայնությունը սահմանվում է 75-100 մմ-ի սահմաններում, իսկ խորությունը` 45 մմ-ից ոչ պակաս:
21. Երկաթուղու կողմից գծանցների մոտեցումներում տեղադրվում են մշտական նախազգուշացման ազդանշաններ, իսկ ավտոմոբիլային ճանապարհի կողմից տեղադրվում են համապատասխան ճանապարհային նշաններ:
22. Բնակավայրերում և գծանցների մոտեցումներում մայթ ունեցող ավտոմոբիլային ճանապարհին գծանցների տեղակայման դեպքում գծանցներն ապահովվում են հետիոտնային ուղիներով:
23. Միևնույն հարթության վրա երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների հատման վայրերը (գծանցները) պետք է սարքավորված և հանդերձավորված լինեն անհրաժեշտ ազդանշանային և այլ սարքվածքներով, որոնք երաշխավորում են երկաթուղային տրանսպորտային միջոցների երթևեկության և ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
24. Առաջնահերթ ազդանշանային սարքվածքներով պետք է սարքավորվեն ավտոբուսային երթևեկություն, ինչպես նաև գնացքների և տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկություն, գնացքների բարձր արագությամբ երթևեկություն, տեսանելիության անբավարար պայմաններ ունեցող գլխավոր ուղիներում տեղակայված գծանցները:
25. Գծանցային ազդասարքով սարքավորված գծանցներից առաջ ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղակայվում են հորիզոնական տեղաբաշխված և փոփոխական, թարթող երկու կարմիր ազդանշաններով (լույսերով) լուսացույցեր: Լուսացույցերը տեղակայվում են տրանսպորտային միջոցների շարժման ուղղությամբ, աջ կողմից: Առանձին դեպքերում (տեսանելիության պայմաններ, երթևեկության ինտենսիվություն) լուսացույցերի ազդանշանները (լույսերը) կարող են կրկնվել ավտոմոբիլային ճանապարհի հակադարձ կողմում:
26. Գծանցներում, մինչև մոտիկ ռելսի կոճերի եզրերը, ավտոմոբիլային ճանապարհների մոտեցումների պահպանության և նորոգման աշխատանքներն իրականացվում են այդ ճանապարհների սեփականատերերի միջոցների հաշվին: Ընդ որում, մոտակա ռելսի կոճերի եզրերից մինչև 10 մ-ի սահմաններում աշխատանքները կատարվում են ենթակառուցվածքի կառավարչի համաձայնությամբ` նրա լիազորած անձի ներկայությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 96-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում երկաթուղիների հատման սկզբունքային դրույթները: Սույն կանոնների նպատակը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղիների հատման գործընթացը կանոնակարգելու միջոցով երկաթուղային տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովումն է:
II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունը:
III. ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
3. Երկաթուղիների հատումն այլ երկաթուղիների հետ պետք է իրականացվի ՀՀՇՆ IV-11.05.01-96 «Երկաթուղիներ 1520 մմ ռելսամեջի» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
4. Նոր կառուցվող գծերի և մերձատար ուղիների մոտեցումը կայարանամեջ գլխավոր ուղիներին կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում` երկաթուղու ենթակառուցվածքների կառավարչի թույլտվությամբ: Նոր գծերի և մերձատար ուղիների հատումն այլ երկաթուղիների և մերձատար ուղիների հետ կառուցվում են միայն տարբեր հարթություններում:
5. Գործող երկաթուղագծերին ընդհանուր օգտագործման երկաթուղային ցանցի մոտեցումը իրականացվում է «Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնների» համաձայն:
6. Նոր առանձին կետերի շինարարության, կառույցների և սարքվածքների վերակառուցման և հիմնական նորոգման աշխատանքների կատարման, երկրորդային գծերի շինարարության և այլնի հետ կապված կայարանամեջ հատվածների վրա սլաքային փոխադրիչների ժամանակավորապես տեղադրումն ու հանումն իրականացվում է յուրաքանչյուր առանձին դեպքի համար երկաթուղու ենթակառուցվածքի կառավարչի թույլտվությամբ:
7. Միևնույն հարթության վրա գծերի հատումը, ինչպես նաև գծերի, մերձատար և միացնող ուղիների կիպ մոտեցումը գլխավոր ուղիներին, կայարանամեջ հատվածներում և կայարաններում պետք է ունենան ապահովիչ փակուղիներ կամ պահպանող սլաքներ: Ընդունող-ուղարկող և այլ կայարանային ուղիներին մերձատար և միացնող ուղիների կիպ մոտեցումը կայարան կամ կայարանամեջ հատված շարժակազմի ինքնակամ դուրս գալը կանխելու համար պետք է ունենալ ապահովիչ փակուղիներ, պահպանող սլաքներ, գծից վայր գցող կալուններ կամ սլաքներ:
8. Ապահովիչ փակուղիների օգտակար երկարությունը պետք է լինի առնվազն 50 մ: Կայարանամեջ հատվածների վրա, որոնք ունեն ձգվող վայրէջքներ, ինչպես նաև այդպիսի կայարանամեջ հատվածները սահմանափակող կայարաններում անհրաժեշտության դեպքում` հաստատված նախագծերի համաձայն կառուցում են որսացող փակուղիներ: Այն դեպքում, երբ ըստ տեղային պայմանների հնարավոր չէ որսացող կամ ապահովիչ փակուղիների տեղադրումը, կազմակերպությունները համապատասխան նախագծային ընկերությունների հետ համատեղ մշակում են շարժակազմի երթևեկության անվտանգությունն ապահովող կազմակերպչատեխնիկական այլ միջոցառումներ:
9. Երկուղի գծերով կայարանամեջ հատվածների վրա տեղադրվող սլաքային փոխադրիչները կանոնավոր ուղիով ընթացող գնացքների համար պետք է լինեն խավոտ: Բացառիկ դեպքերում` կիպ կպած ուղիների դժվար մոտեցումների դեպքում երկաթուղու ենթակառուցվածքների կառավարչի թույլտվությամբ կարող են տեղադրվել հակախավոտ սլաքային փոխադրիչներ:
10. Երեք կամ չորս գծանի ուղիների գոյացմամբ գլխավոր և ընդունող-ուղարկող ուղիների խաչմերուկների կառուցումը կարող է իրականացվել միայն երկաթուղու ենթակառուցվածքների կառավարչի թույլտվությամբ: Այլ կայարանային ուղիների վրա խաչմերուկները տեղակայվում են երկաթուղու ենթակառուցվածքների կառավարչի թույլտվությամբ:
11. Սլաքային փոխադրիչների մոտ և ուղիների միացման այլ վայրերում տեղակայվում են սահմանային սյունիկներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 96-Ն որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային գծանցների շահագործման հիմնական դրույթները: Սույն պայմանների նպատակը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային գծանցների շահագործումը կանոնակարգելու միջոցով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովումն է:
II. ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն պայմաններում օգտագործված հասկացություններն ունեն «Երկաթուղային տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նշված նշանակությունը:
III. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
3. Գծանցները պետք է սարքավորված լինեն գնացքների և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգությունն ապահովող միջոցներով:
4. Գծանցների` առանց հերթապահի շահագործման անցնելու, ինչպես նաև գծանցների` հերթապահով սպասարկման կարգը սահմանում է երկաթուղու ենթակառուցվածքների կառավարիչը:
5. Հերթապահով գծանցները պետք է սարքավորված լինեն ավտոմատ, կիսաավտոմատ և էլեկտրական ուղեփակոցներով, իսկ դրանցում իրականացվող հերթապահությունը սահմանվում է շուրջօրյա: Ոչ շուրջօրյա հերթապահություն կարող է սահմանվել ոչ ընդհանուր օգտագործման, ինչպես նաև տեղական նշանակություն ունեցող գծանցներում:
6. Ավտոմատ և կիսաավտոմատ, ինչպես նաև էլեկտրական ուղեփակոցների չորսուները պետք է ապահովված լինեն կարմիր գույնի լուսապաշտպանիչ սարքերով և ունենան 4, 6 և 8 մ ստանդարտ երկարություն: Ավտոմատ, կիսաավտոմատ և էլեկտրական ուղեփակոցները պետք է փակեն տրանսպորտային միջոցների ընթացքի աջ կողմից ավտոմոբիլային ճանապարհի երթևեկելի մասի կեսից ոչ պակաս մասը:
7. Մեքենայացված ուղեփակոցները, որպես կանոն, պետք է փակեն ճանապարհի ամբողջ երթևեկելի մասը և ունենան օրվա մութ ժամերին, ինչպես նաև ցերեկը վատ տեսանելիության (մառախուղ, բուք և այլ անբարենպաստ պայմաններ) ժամանակ օգտագործվող ազդանշանային լապտերներ: Մեքենայացված ուղեփակոցների արգելափակող չորսուների վրա տեղակայված ազդանշանային լապտերներն ավտոմոբիլային ճանապարհի ուղղությամբ պետք է արձակեն`
1) ուղեփակոցների փակ դիրքի ժամանակ` կարմիր ազդանշաններ (լույս).
2) ուղեփակոցների բաց դիրքի ժամանակ` հատուկ սպիտակ ազդանշաններ (լույս).
3) երկաթուղու ուղղությամբ ուղեփակոցների ինչպես բաց, այնպես էլ փակ ժամանակ` ստուգիչ հստակ սպիտակ ազդանշաններ (լույս):
8. Ուղեփակոցները տեղակայվում են գծանցի երկու կողմերում, ավտոմոբիլային ճանապարհի աջ կողմի եզրին, որպեսզի դրանց չորսուները փակ դիրքի դեպքում դասավորվեն ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթից 1-1.25 մ բարձրության վրա: Մեքենայացված ուղեփակոցներն այդ դեպքում տեղադրվում են եզրային ռելսից 8.5 մ-ից ոչ պակաս և 14 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, ավտոմատ, կիսաավտոմատ և էլեկտրական ուղեփակոցները` կախված արգելափակող չորսուի երկարությունից (4, 6, 8 մ) եզրային ռելսից 6, 8, 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
9. Ուղեփակոցների արգելափակող չորսուները ներկում են կարմիր և սպիտակ հաջորդական շերտերով, ավտոմոբիլային ճանապարհի կողմից նայելիս` հորիզոնականի նկատմամբ 45-500 անկյան տակ դեպի աջ թեքված: Շերտերի լայնությունը 500-600 մմ է: Արգելափակող չորսուի վերջնամասը պետք է ունենա 250-300 մմ լայնությամբ կարմիր գույնի շերտ:
10. Անցնող գնացքների դիտման համար գծանցներն անհրաժեշտության դեպքում սարքավորվում են լուսարձակային տեղակայանքներով:
11. Գծանցային ազդանշանիչ սարքերի էլեկտրամատակարարումը պետք է համապատասխանի գործող նորմերին: Դրա հետ մեկտեղ` հաստատուն հոսանքի ռելսային շղթաների հետ ավտոմատիկայի սարքերի համար պետք է նախատեսվի նաև 8 ժամից ոչ պակաս անընդհատ աշխատանքի տևողությամբ կուտակչային պահուստ:
12. Հերթապահով գծանցները պետք է ունենան ռադիոկապ գնացքաքարշերի մեքենավարների հետ, ուղիղ հեռախոսակապ` մոտակա կայարանի կամ պահակետի հետ, իսկ երթակարգավորական կենտրոնացված տեղամասերում` գնացքային երթակարգավարի հետ:
13. Ուղեփակոցների կանգնակները, գծանցային ազդանշանիչների լուսացուցային աշտարակները, պարիսպները, ճաղաշարքերը և ուղղորդող սյունիկները տեղակայվում են ճանապարհի երթևեկելի մասի եզրից 0.75 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Ուղղորդող սյունիկները տեղադրվում են գծանցի երկու կողմից եզրային ռելսերից 2.5 մ-ից մինչև 16 մ հեռավորության վրա` յուրաքանչյուր 1.5 մ մեջ տալով:
14. Էլեկտրիֆիկացված գծերի վրա գծանցների երկու կողմից ուղեփակոցից 5 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ տեղադրվում է նշանի վրա 4.5 մ թվով «Բարձրության սահմանափակում» արգելող ճանապարհային նշան, իսկ ուղեփակոցի բացակայության դեպքում` եզրային ռելսից 14 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
15. Սակավագործող մերձատար և կայարանային երկաթուղիների վրա տեղակայված և հորիզոնական դարձովի ուղեփակոցներով սարքավորված գծանցները պետք է սարքավորված լինեն գնացքակազմող և գնացքաքարշային բրիգադների կողմից կառավարվող լուսանշանային ազդանշանիչներով: Մինչև գծանցներն ազդանշանիչներով սարքավորելը հորիզոնական-դարձովի ուղեփակոցները պահպանվում են, և այդպիսի գծանցները հերթապահ աշխատողով չեն սպասարկվում:
16. Գծանցային ազդանշանիչների կառավարման վահանակները տեղադրվում են գծանցի հերթապահի պահակետի դրսից երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի գծանցին մոտեցման լավ տեսանելի վայրերում:
17. Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցված վայրերում, գծանցների մինչև հերթապահության վերացման դեպքում ոչ պակաս, քան 15 օր առաջ, մեկ ամիս ժամկետով պետք է տեղադրվի «Գծանցը (ամսաթվից) առանց հերթապահի» լավ տեսանելի հայտարարությունը:
18. Գծանցներում հարակից ուղիների ռելսերի գլխիկների մակարդակների տարբերություն չի թույլատրվում:
19. Ժամանակավոր ավտոմոբիլային ճանապարհների հետ շահագործվող ուղիների փոխհատման վայրերը պետք է կառուցվեն ըստ նախագծերի, համաձայնեցված շահագործման ծառայության հետ, գծանցների մոտեցումների լցմամբ և փռվածքների տեղադրմամբ, սարքավորված նախազգուշացնող նշաններով, իսկ գիշերային ժամերին` լուսային ազդանշանիչներով:
20. Մինչև գծանցների մոտակա ռելսերի կոճերի եզրն ավտոմոբիլային ճանապարհների նորոգման և պահպանման աշխատանքների կատարումն իրականացնում են ճանապարհը տնօրինող կազմակերպությունները:
21. Գծի ուղեմասը, որի հաշվեկշռում գտնվում են գծանցները, ապահովում է բոլոր կառուցվածքների ու շինվածքների, այդ թվում` նաև գծանցների սահմանների ավտոմոբիլային ճանապարհների սարքին պահպանումը:
22. Արտադրության աշխատանքի ընթացքում երկաթուղով մարդկանց մասսայական անցման վայրերում պետք է տեղադրվեն ռելսերի գլխիկների մակարդակով փռվածքներ և ազդանշանային պահակետեր:
23. Միայն ենթակառուցվածքի կառավարչի թույլտվությամբ է թույլատրվում գծանցներով ծանրաքաշ, վտանգավոր և խոշորաչափ բեռների ու մեքենամեխանիզմների երթևեկությունը:
24. Յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բոլոր երկաթուղիներում ենթակառուցվածքների գծային, կապի և ազդանշանային, էլեկտրամատակարարման ծառայությունների ղեկավարությունը տարածքային կառավարման տեղական մարմինների, ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ միասին անցկացնում է գծանցների հանձնաժողովային ուսումնասիրություն և կազմում համապատասխան աշխատանքների միջոցառումների պլան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 96-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային գծանցների գործարկման և փակման ընթացակարգը: Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային գծանցների գործարկման և փակման ընթացակարգը կանոնակարգելու միջոցով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովումն է:
II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն «Երկաթուղային տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նշված նշանակությունը:
III. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Ընդհանուր օգտագործման և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիներում գծանցների գործարկման և փակման նախաձեռնողներ կարող են լինել`
1) պետական կառավարման մարմինները.
2) տեղական ինքնակառավարման մարմինները.
3) ընդհանուր օգտագործման երկաթուղիների ենթակառուցվածքների սեփականատերը կամ կառավարիչը (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ).
4) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատերը.
5) ճանապարհների սեփականատերերը.
6) տեխնոլոգիական երկաթուղային տրանսպորտի սեփականատերերը:
4. Ընդհանուր և (կամ) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների գծանցների գործարկումը և (կամ) փակումն իրականացվում է ընդհանուր օգտագործման երկաթուղու ենթակառուցվածքների կառավարչի կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղու սեփականատիրոջ որոշմամբ:
5. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերում նշված պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման համար դիմում են ընդհանուր օգտագործման երկաթուղիների ենթակառուցվածքների կառավարչին կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատիրոջը: Դիմումին կցվում են երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման անհրաժեշտության տեխնիկատնտեսական հիմնավորումները, մոտակա գծանցները ներառող տրանսպորտային միջոցների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաները:
6. Եթե երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման նախաձեռնողները հանդիսանում են ընդհանուր օգտագործման երկաթուղիների ենթակառուցվածքների կառավարիչը կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատերը, ապա երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման անհրաժեշտության տեխնիկատնտեսական հիմնավորումները պարունակող նյութերը և մոտակա գծանցները ներառող տրանսպորտային միջոցների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաները պատրաստում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների կառավարիչը կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատերը:
7. Երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման հարցով սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերում նշված` պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների դիմումների քննարկման ժամանակ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների կառավարիչը կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատերը որոշում է երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման հիմնավորվածությունը և տեխնիկական հնարավորությունները` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները:
8. Երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման հիմնավորվածության և տեխնիկական հնարավորությունների հաստատման դեպքում համապատասխան որոշում ընդունելու համար ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների կառավարիչը կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատերը դիմումի ստացման պահից տասն օրվա ընթացքում հարցումներ է ուղարկում`
1) երկաթուղային տրանսպորտի պետական կառավարման մարմին կամ երկաթուղային տրանսպորտը կառավարող կազմակերպություն.
2) ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին կամ ավտոմոբիլային ճանապարհների սեփականատիրոջը, ում ավտոմոբիլային ճանապարհի հատվածում նախատեսված է գործարկել և (կամ) փակել երկաթուղային գծանցը.
3) տրանսպորտի բնագավառում հսկողություն իրականացնող մարմին.
4) Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանություն.
5) տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց տարածքում նախատեսվում է գործարկել և (կամ) փակել երկաթուղային գծանցը:
9. Երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման մասին ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների կառավարչի կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատիրոջ որոշումն ընդունվում է միայն սույն կարգի 3-րդ կետում թվարկված պետական կառավարման բոլոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների դրական եզրակացության առկայության դեպքում:
10. Երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման մասին որոշումն ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարիչը կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատերն ընդունում է սույն կարգի 3-րդ կետում թվարկված պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների եզրակացություններն ստանալու պահից 20 օրվա ընթացքում:
11. Երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման վերաբերյալ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների կառավարիչը կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատերը որոշման մասին տեղեկացնում է դիմողին և սույն կարգի 3-րդ կետում թվարկված պետական կառավարման բոլոր մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին:
12. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատիրոջ երկաթուղային գծանցների գործարկման և (կամ) փակման մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Երկաթուղային գծանցների փակումը կարող է իրականացվել ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների կառավարչի կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների սեփականատիրոջ կողմից, դրանց անբավարար տեխնիկական վիճակի դեպքում` տրանսպորտի բնագավառում հսկողություն իրականացնող մարմնի, ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կամ ավտոմոբիլային ճանապարհների սեփականատիրոջ, որոնց ավտոմոբիլային ճանապարհի հատվածում նախատեսվում է փակել երկաթուղային գծանցը` Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության դիմումների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |