ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 ապրիլի 2010 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի,
գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Աշոտ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Մանուկյանի` 18.12.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից։
Օրենսգրքի` «Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները» վերտառությամբ 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են.
«1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:
Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 309.1-րդ հոդվածը լրացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007թ. նոյեմբերի 28-ին ընդունված ՀՕ-270-Ն օրենքով: Նշված օրենքով 309.1-րդ հոդվածի լրացումը պայմանավորվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները ճանաչվեցին ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր: Նույն որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքերով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր ճանաչվեցին նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև 292-րդ հոդվածի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի, 363-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 5-րդ մասի, 398-րդ հոդվածի 6-րդ մասի, 421-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները և 419-րդ հոդվածի 2-րդ կետի` լրացուցիչ նախաքննություն նախատեսող դրույթը:
2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ թիվ 62202608 քրեական գործով 2008 թվականի մարտի 4-ին դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: 2008 թվականի հունիսի 10-ին թիվ 62202608 քրեական գործից անջատվել են դիմողի վերաբերյալ գործի նյութերը, և անջատված մասով նախաքննությունը շարունակվել է թիվ 62212308 քրեական գործով: 2008 թվականի հունիսի 13-ի որոշմամբ դիմողը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի հունիսի 16-ին քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
2008 թվականի հուլիսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեղադրողի նույն օրվա միջնորդությունը` անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու և դիմողի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրելու համար դատաքննությունը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ:
2008 թվականի հուլիսի 30-ին դիմողին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երևանի քրեական դատարանի, որտեղ գործն ուղարկվել է ըստ առարկայական ընդդատության, 2008 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճռով դիմողը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անպարտ և արդարացվել է: Դիմողը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման հինգ տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 2009 թվականի մարտի 10-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով դիմողի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի դատավճիռը:
ՀՀ վճռաբեկ դատարանը` գտնելով, որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է, որ դիմողը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը, և վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ եզրակացության, իր` 19.05.2009թ. որոշմամբ վերադարձրել է դիմողի պաշտպանի բերած վճռաբեկ բողոքը:
3. Դիմողը` որպես վիճարկվող օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հակասահմանադրականության հիմնական փաստարկ, իր դիմումում վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.07.2007թ. ՍԴՈ-710 որոշումը, որով Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր են ճանաչվել դատարանի որոշմամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը կարգավորող նորմերը:
Ըստ դիմողի` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը քողարկված կերպով հնարավորություն են տալիս կիրառել «լրացուցիչ նախաքննության ուղարկելու» ընթացակարգ, ինչը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական: Որպես փաստարկ դիմողը ներկայացնում է դատական պրակտիկայից այնպիսի օրինակ, երբ ԵԿԴ/0192/01/09 գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը կիրառվել է երեք անգամ, որից երկուսի դեպքում գրավոր ակտ չի կայացվել, «...որպեսզի բավարարի պատճառաբանված և հիմնավոր լինելու չափորոշիչին»:
Դիմողը գտնում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառման դեպքում չի երաշխավորվում անձի` իրեն առաջադրված մեղադրանքին ծանոթանալու իրավունքը, քննչական գործողությունների արձանագրությունների պատճեններին ծանոթանալու իրավունքը, մինչև մեղադրանքը դատարան ուղարկելը` մեղադրանքի էության վերաբերյալ բացատրություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքները, մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալու իրավունքը, առերեսման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այլ իրավունքներ: Դիմողը գտնում է, որ քրեական գործով ապացույցներ կարող են ստացվել միայն համապատասխան քննչական գործողություններ և դրանցից բխող դատավարական գործողություններ կատարելու միջոցով` պայմանով, որպեսզի մեղադրյալի համար ապահովվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի դատավարական երաշխիքները: Ըստ դիմողի` քրեական դատավարության սկզբունքների հետ անհամատեղելի է նախաքննության մարմնի քննչական և դատավարական գործողությունների կատարումը` առանց գործը վարույթ ընդունելու:
Դիմողը վիճարկում է նաև օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով քննչական գործողությունների կատարմամբ ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն այն պատճառաբանությամբ, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, ուստի քննիչն իրավունք չունի կատարելու քննչական գործողություններ: Ըստ դիմողի` «դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց և դատարան ուղարկելուց հետո վարույթն իրականացնող մարմինը դատավարական օրենսգրքով, ըստ էության ոչ մի իրավասություն չունի դատարանի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում որևէ քննչական գործողություն կատարելու»:
Դիմողը գտնում է նաև, որ «...սույն գործով խնդրահարույց իրավակարգավորման ինստիտուտի բաղկացուցիչ մաս է» նաև վիճահարույց հոդվածի 5-րդ մասը, և միջնորդում է համակարգային փոխկապակցության մեջ անդրադառնալ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությանը:
4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` քրեական գործերի քննության վարույթային կարգը երաշխավորում է դատավարության բոլոր փուլերում գործի բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործունեության իրականացում` դատական քննության փուլերում ապացույցների ողջ ծավալի հետազոտման արդյունքում: Դա է պատճառը, որ քր. դատ. օր-ը (հոդված 354) պահանջում է կողմերից դատական վիճաբանությունների փուլում իրենց ճառերում հիմնվել միայն այնպիսի ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատական քննության ընթացքում: Բացի այդ` քր. դատ. օր-ը ոչ միայն կողմերին օժտել է դատական քննության փուլում նոր ապացույցներ ներկայացնելու իրավունքով, այլև գործի հանգամանքները բացահայտելու իրավասությամբ օժտել է նաև դատարանին: Քր. դատ. օր-ի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար: Այս դրույթն ուղղակիորեն պայմանավորված է քրեական դատավարության մրցակցային բնույթով, որի համաձայն` դատարանը հանդես չգալով մեղադրանքի կամ պաշտպանության կողմում, այնուամենայնիվ, ներկայացնում է իրավունքի շահը: Ուստի դատական քննության ընթացքում դատավարության կողմերի և դատարանի ապացուցողական գործունեության արդյունքում կարող են ի հայտ գալ փաստական հանգամանքներ, որոնք հայտնի չէին և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում:
Ըստ պատասխանողի` քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածի կարգավորման պարագայում դատարանն այլևս իրավասու չէ քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության, այլ, հիմնվելով առկա ապացույցների վրա, պետք է գործը լուծի ըստ էության: Այս ամբողջ ընթացքում գործը շարունակում է մնալ դատարանի վարույթում, և դատարանն է սահմանում այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է կատարվեն համապատասխան գործողությունները (որպես կանոն` մեկ ամիս, իսկ բացառիկ դեպքերում դատարանի որոշմամբ` ևս մեկ ամիս):
Պատասխանողը գտնում է, որ հիմնավոր չէ նաև դիմողի այն պնդումը, որ վիճարկվող իրավակարգավորումը սահմանափակում է ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածում սահմանված իրավակարգավորումն ստեղծում է ամբաստանյալի իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքներ: Այդ հոդվածը կարգավորում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները: Դա պայմանավորված է նրանով, որ անգամ մեղմացման առումով մեղադրանքը փոփոխելիս, եթե փոփոխվել են փաստական հանգամանքները, և արարքը որակվել է նվազ խիստ պատիժ նախատեսող հոդվածով, անգամ այս պարագայում մեղադրյալն օգտվում է իր պաշտպանությունը պատշաճ ձևով իրականացնելու հնարավորությունից:
Պատասխանողի կարծիքով, թեև ՀՀ քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածն ամբողջապես նվիրված է դատական քննության ընթացքում մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանը, սակայն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և նույն հոդվածի 5-րդ մասն ուղղված են սկզբունքորեն միմյանցից տարբերվող իրավիճակների կարգավորմանը: Դրանից ելնելով` պատասխանողը գտնում է, որ ՀՀ քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի իմաստով վիճարկվող իրավադրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված չէ, կարգավորում է սկզբունքորեն տարբերվող իրավիճակ և սույն գործով վիճարկման առարկա չի կարող լինել:
5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու վերաբերյալ նախկինում գործող և օրենսգրքի 309.1-րդ հոդվածով սահմանված ներկա օրենսդրական կարգավորման ինստիտուտների համադրված վերլուծության արդյունքներով դատարանի մեղադրական թեքումից ձերբազատվելու երաշխիքների, դատարանի անկախության և անկողմնակալության, դատավարության կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների ու երաշխիքների ապահովման սահմանադրաիրավական գնահատումը:
Սահմանադրական դատարանը` իր ՍԴՈ-710 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելով քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը կարգավորող նորմերը, արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ, որոնք էական նշանակություն ունեն նաև սույն գործի առնչությամբ, և որոնք, մասնավորապես, հանգել են հետևյալին.
նախ. երբ դատարանը հայտնաբերելով, որ գործով ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով, փոխանակ ՀՀ քր. դատ. օր-ի 105-րդ հոդվածի հիմքով, որը համահունչ է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածին, որպես ապացույց չօգտագործի դրանք և մյուս ապացույցների գնահատմամբ լուծի գործի ելքը, գործը վերադարձնում է լրացուցիչ նախաքննության: Դրանով իսկ դատարանը նախաքննության մարմնին հնարավորություն է տալիս «վերակենդանացնել» ձախողված մեղադրանքը: Մյուս կողմից, խախտվում է քրեական դատավարության կարևոր մի սկզբունք, ըստ որի` դատարանը չպետք է հանդես գա մեղադրանքի կամ պաշտպանության կողմում, այլ արտահայտի միայն իրավունքի շահերը (ՀՀ քր. դատ. օր-ի 23-րդ հոդված), սկզբունք, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության ապահովմանը:
Երկրորդ` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջն է, ի թիվս արդար դատաքննության այլ երաշխիքների, դատաքննության իրականացումը կողմերի հավասարության պայմաններում և անկողմնակալ դատարանի կողմից: ՀՀ քր. դատ. օր-ով նախատեսված կարգով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով՝ դատարանը դուրս է գալիս դատավարությունում անկողմնակալության սկզբունքի շրջանակներից և ուղղորդում է լրացուցիչ նախաքննության ընթացքը՝ իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ: Դատարանը խախտում է նաև կողմերի միջև հավասարության սկզբունքն ի շահ մեղադրանքի կողմի, դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` անձի դատական և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:
Երրորդ` քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի կիրառումը պարունակում էր նաև արդար դատաքննության տարրերից մեկի՝ դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու պահանջի խախտման վտանգ, որի պարագայում սահմանադրական դատարանն արձանագրեց, որ դատարանի որոշմամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու հետևանքով անձն անազատության մեջ կարող է պահվել մեկ տարուց ավելի երկար ժամկետով:
Չորրորդ` ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքի կարևոր բաղադրատարրերից է չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու պահանջը: Նշված պահանջի կատարումը և քրեական գործը դատարանի որոշմամբ լրացուցիչ նախաքննության ուղարկելը գործնականում անհամատեղելի էին միմյանց հետ: Քրեական գործը նախկինում նախատեսված կարգով լրացուցիչ նախաքննության ուղարկելու դեպքում ըստ էության շրջանցվում էր նշված հոդվածում ամրագրված` չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու սահմանադրական պահանջը:
Հինգերորդ` սահմանադրական դատարանը գտել է նաև, որ դատարանի որոշմամբ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելն անհամատեղելի է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի այնպիսի տարրերի հետ, ինչպիսիք են դատաքննությունն անկողմնակալ դատարանի կողմից և այն հավասարության ու մրցակցության սկզբունքների հիման վրա իրականացնելու պահանջները:
Վեցերորդ` գործը դատարանից լրացուցիչ նախաքննության վերադարձնելու` քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված նախկին կարգն անհամատեղելի էր նաև երկրում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կատարվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանության հետ, որոնք ուղղված են դատարանի անկախության և անկողմնակալության ապահովմանը, մեղադրական թեքումից նրա վերջնական ձերբազատմանը:
Թվարկված իրավական դիրքորոշումների շրջանակներում սահմանադրական դատարանը նկատի էր ունեցել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերափոխումները համահունչ կլինեն սահմանադրական բարեփոխումների ընդհանուր տրամաբանությանը և քրեական գործի դատաքննության հիմքում կդրվի այն ելակետային սկզբունքի լիարժեք արմատավորումը, ըստ որի, երբ գործն ընդունվել է դատարանի վարույթ, ապա այն պետք է սկզբունքորեն լուծվի դատաքննության արդյունքում մեղադրանքի իրավական գնահատման վերաբերյալ դատարանի վերջնական որոշմամբ:
6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացված 309.1-րդ հոդվածը, որի իրավակարգավորման առարկան առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանների որոշումն է, նախատեսում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու իրավական ռեժիմ` մեղադրանքը փոխելը. ա) քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և բ) առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցով:
Միաժամանակ, օրենսդիրը մեղադրողի՝ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքի իրացման համար սահմանել է մի շարք պարտադիր նախապայմաններ, որոնք կոչված են երաշխավորելու քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և որոնք անվերապահորեն պետք է հաշվի առնվեն դատական պրակտիկայում: Դրանք են՝
ա) եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում,
բ) եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու,
գ) վերոհիշյալ հիմքերի առկայությունը պետք է գնահատի դատարանը,
դ) նիստը կարող է հետաձգվել բացառապես անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար,
ե) նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ,
զ) հետաձգումը չի կարող նպատակ հետապնդել լրացնելու նախկինում կատարված թերի նախաքննությունը:
Առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու մեղադրանքը փոխելու կարգը սահմանված է օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, որոնք հոդվածի այլ մասերի հետ կազմում են համակարգային առումով փոխկապակցված ամբողջականություն` առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու հիմնախնդրի օրենսդրական կարգավորման շրջանակներում: Մասնավորապես, օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է»:
Օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչև 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:
Մեղադրական եզրակացությունը վերահաստատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատասխան, կայացնում է դատական ակտ»:
Օրենսգրքի 309.1-րդ հոդվածի ամբողջական ուսումնասիրությունից բխում է, որ դատարանում մեղադրանքը փոփոխելը կատարվում է երեք կարգով`
ա) մեղադրողի նախաձեռնությամբ (օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր), որի դեպքում մեղադրողի միջնորդությամբ նիստը հետաձգվում է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար` առաջադրված մեղադրանքի թե՛ խստացման, թե՛ մեղմացման առումներով,
բ) մեղադրողի նախաձեռնությամբ (օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մաս), որի դեպքում մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով` դատաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքների հիման վրա, առանց անհրաժեշտ քննչական և այլ լրացուցիչ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար նիստը հետաձգելու,
գ) դատարանի նախաձեռնությամբ (օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մաս), որի դեպքում դատարանը նիստը մինչև 10 օր ժամկետով հետաձգում է` առաջարկելով մեղադրողին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը, եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական գործի դատաքննության փուլում ի հայտ եկած նոր փաստերի հիմքով օբյեկտիվորեն կարող են փոփոխվել գործի հանգամանքների և ամբաստանյալին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը կամ հանցակազմի հատկանիշների բովանդակությունը: Սակայն, բոլոր դեպքերում, էական հանգամանքն այն է, որ գործը շարունակում է գտնվել դատաքննության փուլում, չի փոխվում ամբաստանյալի իրավական կարգավիճակը, իսկ մրցակցային դատավարության սկզբունքի պահանջներին համապատասխան երաշխավորվում է ամբաստանյալի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքների պաշտպանությունը:
Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, ի տարբերություն մեղադրողի միջնորդության երկու հնարավոր դեպքերի, որոնք անմիջականորեն ուղղված են դատարանում մեղադրանքը փոփոխելուն, այդպիսի նպատակով դատարանի նախաձեռնության հնարավոր դրսևորումն ուղղակիորեն կարող է վերաբերել մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ մեղադրողին առաջարկություն անելուն: Ընդ որում, ի տարբերություն մեղադրողի միջնորդության երկու հնարավոր դեպքերի, որոնք վերաբերում են մեղադրանքի փոփոխմանը թե՛ խստացման, թե՛ մեղմացման առումներով, դատարանի նախաձեռնությունը կարող է վերաբերել մեղադրանքի փոփոխմանը միայն խստացման առումով, այսինքն` դատարանը «հուշում է» մեղադրողին կատարել մեղադրանքը խստացման առումով փոփոխելու համար անհրաժեշտ գործողություններ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս պարագայում լիարժեք հաշվի չի առնվել այն կարևոր սկզբունքի պահպանումը, համաձայն որի` դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը (ՀՀ քր. դատ. օր-ի 23-րդ հոդված)` սկզբունք, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության, ինչպես նաև մրցակցային դատավարության և կողմերի հավասարության սկզբունքների ապահովմանը:
7. Օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավակարգավորման ուղղվածության առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր մեղադրանք առաջադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորման շրջանակներում օրենսդիրն ազատ է ընտրելու իրավակարգավորման ցանկացած ուղղվածություն: Տվյալ պարագայում սահմանադրական դատարանի խնդիրն է գնահատել, թե արդյոք տվյալ իրավակարգավորման արդյունքում առկա են բավարար երաշխիքներ դատարանին` մեղադրական թեքումից ձերբազատվելու և դատական քննությունը հետաձգելուց հետո նոր մեղադրանք առաջադրելու փուլում կողմերի դատավարական իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:
Վերլուծելով ՀՀ քր. դատ. օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրաիրավական բովանդակությունը` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատաքննության շրջանակներում լրացուցիչ ապացույցների ձեռքբերման և այլ դատավարական գործողությունների կատարմամբ մեղադրանքը փոխելու դեպքում օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն իրավակարգավորման առումով դատարանին մեղադրական թեքումից ձերբազատվելու և անկողմնակալ արդարադատություն իրականացնելու բավարար երաշխիքներ պարունակում են` դրանց սահմանադրաիրավական իրենց բովանդակությանը համապատասխան ընկալման ու իրացման պարագաներում, համաձայն որի.
նախ` դատական նիստի հետաձգումը դատարանի հայեցողական լիազորությունն է, իսկ միջնորդությունը` մեղադրողի խնդրանքը, որը դատարանը կարող է բավարարել միայն օրենքով սահմանված պայմանների պահպանման, անհրաժեշտ հիմնավորումների ու մյուս կողմի կարծիքը լսելու արդյունքում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գործնականում ՀՀ քր. դատ. օր-ի 309.1-րդ հոդվածի վիճարկվող դրույթները խիստ հազվադեպ են կիրառվում դատական պրակտիկայում: Վերջին երկու տարիների դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ այն վերաբերում է քննված քրեական գործերի 0,6-0,7 տոկոսին:
Երկրորդ` յուրաքանչյուր այդպիսի կոնկրետ միջնորդություն քննելիս դատարանը` հիմք ընդունելով օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, պետք է գնահատի, թե տվյալ կոնկրետ քրեական գործով`
ա) մեղադրանքի ծավալի վրա ազդող` դատարանում ի հայտ եկած հանգամանքները մինչդատական վարույթում հայտնի են եղել, թե` ոչ, և, միաժամանակ, դրանք կարող էին հայտնի լինել նախաքննության մարմնին, թե` ոչ,
բ) գործի փաստական հանգամանքները հնարավորություն տալիս են, թե ոչ` մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու առանց դատական քննությունը հետաձգելու և քննչական գործողություններ կատարելու:
Երրորդ` դատարանը պետք է հանգի այն համոզման, որ այդ գործողությունները կատարվում են դատաքննության շրջանակներում` առանց ամբաստանյալի կարգավիճակի փոփոխության, երաշխավորելով նաև պաշտպանական կողմի դատավարական իրավունքները:
Չորրորդ` նկատի առնվի, որ նման կարգով ձեռք բերված ապացույցները չեն կարող օգտագործվել նախկինում առաջադրված մեղադրանքը հաստատելու համար:
ՀՀ քր. դատ. օր-ի 125-րդ հոդվածը նախատեսում է, որ ապացույցները ձեռք են բերվում հետաքննության, նախաքննության և դատական քննության ընթացքում` սույն օրենսգրքով նախատեսված քննչական և դատական գործողությունների կատարման ճանապարհով: Միաժամանակ, օրենսգրքի 310-րդ հոդվածը քրեական գործի քննությունը հետաձգելու հիմք է սահմանում նաև դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջելու անհրաժեշտությունը: Իսկ օրենսգրքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «...Դատարանը կաշկանդված չէ կողմերի կարծիքներով և իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար»: Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերափոխումների արդյունքում այս մոտեցումները նույնպես կարող են վերանայվել` մրցակցային դատավարության սկզբունքի առավել ամբողջական ու լիարժեք արմատավորման տեսանկյունից, այսուամենայնիվ, գործող իրավակարգավորման շրջանակներում ակնհայտ է, որ դատարանը կարող է իրականացնել ցանկացած դատավարական գործողություն ապացույցների ձեռքբերման նպատակով` առանց որևէ սահմանափակման:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջն այն մասին, որ` «...Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ»: Հետևաբար, եթե քրեական գործի դատաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, ապա դրանց գնահատումը դատարանի պարտականությունն է:
8. Սահմանադրական դատարանը կարևորում է նաև առկա իրավակարգավորման դիտարկումը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հիմնադրույթների տեսանկյունից: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք պետք է ունենա «բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար»: Այս նկատառումներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան` նաև դատարանում արարքի վերաորակման և ամբաստանյալի իրավունքների պաշտպանության առումով, այն է, որ պետք է երաշխավորվի ամբաստանյալին ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքերի վերաբերյալ մանրամասն տեղեկացված լինելու և պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ու հնարավորություն ունենալու իրավունքը (մասնավորապես` Մատեյն ընդդեմ Ֆրանսիայի գործով 19.12.2006թ. վճիռը, Mattei v. France, 34034/02):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ սույն գործով քննության առարկա նորմերի իրավակարգավորման շրջանակներում, մեղադրողի կողմից մեղադրանքը փոխելուց անմիջապես հետո, դատարանը հետաձգում է դատական նիստը և վիճարկվող հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին և նրա պաշտպանին` անկախ միջնորդությունից»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ հոդվածների տրամաբանությունից բխում է նաև, որ դատաքննության բոլոր փուլերում պետք է երաշխավորված լինեն կողմերի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ու դատաքննության մրցակցային սկզբունքի ամբողջական իրացումը:
9. Ի՞նչն է խանգարել իրավակիրառական պրակտիկան այս պահանջների շրջանակներում իրականացնելուն, և ինչու՞ է տեղ գտել ընդհուպ այնպիսի փաստ, երբ նույն գործով, առանց մեղադրողի հիմնավորված գրավոր միջնորդության, դատարանի կողմից վեց ամսվա ընթացքում երեք անգամ մեկական ամսով հետաձգվում է քրեական գործով դատաքննությունը` վերջում ամբաստանյալին ճանաչելով անմեղ և դատարանով արդարացված (քր. գործ ԵԿԴ/0192/01/09):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրա պատճառները հիմնականում հանգում են հետևյալներին.
նախ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային անկատարությունը, դրա շարունակական փոփոխությունների ընթացքում իրավակարգավորման նախկին սկզբունքները մասամբ պահպանելու հանգամանքը: Վերջինս իր դրսևորումն է գտել նաև քննության առարկային առնչվող օրենսդրական լրացումն իրականացնելիս: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի 2 նոյեմբերի 2007թ. նիստի թիվ 23 սղագրության ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 309.1-րդ հոդվածի լրացումը կատարվել է որպես համակարգային մի ամբողջականություն, որի շրջանակներում է հիմնավորվել նաև հոդվածի 5-րդ մասի անհրաժեշտությունը: Սակայն ներկայացված հիմնավորումների վերլուծությունը վկայում է, որ լիարժեք չի ապահովվել հիմնախնդրի համակարգային կարգավորումը, մասնավորապես` հաշվի չեն առնվել սահմանադրական դատարանի ՍԴՈ-710 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները: Ընդ որում, «Իրավական ակտերի մասին»6 ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին»: Վերջիններս իմաստ ու բովանդակություն են ստանում, դառնում են իրավունքի աղբյուր իրենց ամբողջականության մեջ` հիմքում ունենալով դատարանի իրավական դիրքորոշումները: Այս մոտեցումը պետք է հաշվի առնվի ոչ միայն իրավաստեղծ գործունեության ընթացքում, այլև իրավակիրառական պրակտիկայում:
Երկրորդ` այդ մասով օրենսդրական լրացման ընդհանուր տրամաբանության մեջ նկատելի է դատարանի` մեղադրական գործառույթից ձերբազատված չլինելու հանգամանքը: Վերջինս չի բխում մրցակցային դատավարության եվրոպական արդի զարգացումների հիմնական միտումներից: Մասնավորապես, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովն իր` 2010թ. մարտի 12-13-ի 82-րդ լիագումար նիստում հաստատեց «Դատական համակարգի անկախության մասին» չափորոշիչները, որում հատուկ շեշտվում է, որ դատական իշխանության անկախությունը չի կարող դիտարկվել միայն զուտ իշխանությունների տարանջատման տեսանկյունից: Այդ անկախությունն առաջին հերթին միջոց ու հնարավորություն է մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորման համար, որը և հանդիսանում է դատական իշխանության հիմնական առաքելությունը: Այս տրամաբանությանն ամենևին համահունչ չէ օրենսդրական այն դրույթը, համաձայն որի` դատավորը մեղադրողի վերադասի կարծիքը լրացուցիչ ճշտելուց հետո միայն կարող է իրավունքի պաշտպանություն երաշխավորել: Այն չի բխում նաև 1985թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված` Դատական մարմինների անկախության հիմնական սկզբունքների պահանջներից:
Երրորդ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված նորմի համաձայն. «Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է»: Հիշյալ դրույթը գրեթե նույնությամբ ամրագրված է մի շարք այլ երկրների քրեական դատավարության օրենսգրքերում (Էստոնիա` հոդվ. 215, Լեհաստան` 398, Լատվիա` 461-462, Սերբիա` 341, Ուկրաինա` 277, Ղազախստան` 320, Մոլդովա` 326, Բուլղարիա` 287 և այլն): Սակայն որն է էական տարբերությունը Հայաստանի համեմատությամբ: Դա առաջին հերթին վերաբերում է դատավարության կողմերի, մասնավորապես` դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությանը: Այս երկրներում դատախազությունը ոչ միայն հարուցում, այլև իրականացնում է քրեական հետապնդում: Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որը ՀՀ Սահմանադրության վեցերորդ գլխում ներկայացված է որպես դատական իշխանության մարմին, քրեական գործի նախաքննության փուլում վերապահելով միայն վերահսկողական գործառույթ գործադիր իշխանության ինստիտուտների քննություն իրականացնելու գործառույթի նկատմամբ, նույն կարգավիճակի մեջ է դրվել նաև դատաքննության փուլում: Դրանից բխեցվում է, որ եթե նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով պետք է քննչական և այլ բնույթի գործողություններ իրականացվեն, ապա ամբաստանյալը կրկին պետք է հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, որպեսզի համարժեք գործողությունների դեպքում ի վիճակի լինի պաշտպանել իր իրավունքները: Սակայն օրենսդրությունը կարգավիճակի նման փոփոխության ինստիտուտ չի նախատեսել, և դա նաև կհակասեր սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշմանը: Արդյունքում` քողարկված ձևով գործադրվում է գործը լրացուցիչ քննության վերադարձնելու պրակտիկան, որը չի բխում նաև ՀՀ քր. դատ. օր-ի վիճարկվող նորմերի դրույթներից, սակայն հարուցել է դիմողի ներկայացուցիչների արդարացի դժգոհությունը: Ուստի սահմանադրական դատարանը վիճարկվող հոդվածի սահմանադրականությունը գնահատում է դրանում բովանդակվող բոլոր մասերի համակարգային ամբողջականության մեջ` նաև դրանից բխող իրավական հետևանքների առումով:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրի լուծումը պայմանավորված է առկա նորմերի ճիշտ կիրառմամբ և առաջադրված մեղադրանքը դատաքննության փուլում փոփոխելու ինստիտուտի համակարգային ամբողջականության ապահովմամբ: Մասնավորապես, մեղադրողն իր սահմանադրական իրավասությամբ դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթը պետք է իրականացնի ամբողջական ու արդյունավետ` երաշխավորելով դատական քննության շրջանակներում գործի վերջնական հանգուցալուծումը:
Չորրորդ` դիմողն իր իրավունքների խախտումը դիտարկում է իրավակիրառական պրակտիկայի համատեքստում: Մասնավորապես ընդգծում է, որ դատախազի միջնորդության հիման վրա դատարանը գործի դատաքննությունը հետաձգել է 29.07.2008 թվականին` մեկ ամսով, մինչդեռ մեկ օր հետո` 30.07.2008 թվականին դատախազը որոշում է կայացրել մեղադրանքը փոխելու մասին: Նույն օրը փոփոխված մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան: Այդ ընթացքում ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Այն քննչական գործողությունները, որոնց հիման վրա ստացվել են ապացույցներ և որոնց վրա է հիմնվել նոր մեղադրանքը, այն է` զեկուցագիր, հարցաքննություն, լուսանկարով ճանաչման գործողություն, արդեն իսկ կատարվել էին մի քանի օր առաջ` 26.07.2008 թվականին:
Սահմանադրական դատարանի իրավասության հարցը չէ օրենքի նորմի կիրառման հետ կապված վեճի քննությունը: ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով ՀՀ վճռաբեկ դատարանին է վերապահված ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. դեկտեմբերի 18-ի` Սուրեն Նալբանդյանի վերաբերյալ ՀՅՔՐԴ2/0144/01/09 գործով նախադեպային իր որոշմամբ փորձել է քննության առարկայի շրջանակներում ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը և բացառել դատական պրակտիկայում քողարկված ձևով գործը լրացուցիչ քննության ուղարկելու ինստիտուտի կիրառումը: Մասնավորապես, վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավական ռեժիմներով մեղադրանքը փոփոխելու համար հիմք է մեղադրանքի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխությունը, որի հետևանքով փոխվում է արարքի իրավաբանական որակումը կամ երբ նման փոփոխման դեպքում արարքի որակումը թեև մնում է նույնը, սակայն փոխվում է հանցակազմի հատկանիշների բովանդակությունը, օրինակ` փոփոխվում է միևնույն հանցակազմի դիսպոզիցիայում նկարագրված այլընտրանքային արարքը»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, իր կարևորությամբ հանդերձ, հիշյալ նախադեպային որոշումն իրավակիրառական պրակտիկան լիարժեք չի կարող ուղղորդել այնպես, որ մեղադրողը, ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հիմքերով` դատարանում մեղադրանքը պաշտպանելու իրավասության շրջանակներում, առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ հիմնավոր միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում, անհրաժեշտ գործողություններ կատարի այն պայմանով, որ բացառվի ամբաստանյալի դատավարական կարգավիճակի որևէ փոփոխություն և նրա շահերի ու իրավունքների ցանկացած ոտնահարում, որի գնահատողն ու երաշխավորողը տվյալ գործը քննող դատարանն է: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավապայմանների ապահովման դեպքում է հնարավոր դատաքննության փուլում երաշխավորել անձանց սահմանադրական իրավունքները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները:
3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
2 ապրիլի 2010 թ. ՍԴՈ-872 |
|