Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության միջեվ ռազմական բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
դիտարկելով միջազգային ռազմական համագործակցությունը որպես Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության և կայունության կարևոր տարր,
աջակցելով և ակտիվորեն մասնակցելով Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) նախաձեռնած «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ընդունելով ՆԱՏՕ-ի դերը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում,
ցանկանալով սերտ համագործակցության միջոցով ավելի խորացնել իրենց զինված ուժերի միջև հարաբերությունները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. | Նպատակը |
Սույն Համաձայնագիրը սահմանում է փորձի և գիտելիքների փոխանակման և ռազմական համագործակցության այլ ձևերի շրջանակը` ի նպաստ Կողմերի զինված ուժերի:
Հոդված 2. | Համագործակցության ոլորտները |
1) Կողմերի միջև համագործակցությունը կներառի տեղեկատվության և փորձի կանոնավոր փոխանակումը հետևյալ ոլորտներում.
1. «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագիր,
2. անվտանգություն և ռազմական քաղաքականություն,
3. ազատ, ժողովրդավարական հասարակությունում զինված ուժերի ինտեգրում,
4. ղեկավարման հայեցակարգ (Innere Fuhrung),
5. զինված ուժերին առնչվող սահմանադրական դրույթներ և ռազմական իրավունք,
6. զինված ուժերի ներքին կանոնակարգ,
7. սպառազինությունների վերահսկման ռազմական ասպեկտներ,
8. անձնակազմի ընտրություն և ղեկավարում,
9. զինվորական և քաղաքացիական ծառայողների հիմնական ուսուցում և շարունակական վերապատրաստում,
10. պաշտպանական վարչարարություն և սոցիալական հարցեր,
11. զինված ուժերի կազմակերպչական կառույցներ,
12. զինված ուժերի պլանավորման ընթացակարգեր,
13. զինված ուժերի կազմակերպումը խաղաղ պայմաններում,
14. ռազմական բժշկություն,
15. ռազմական պատմություն,
16. ռազմական աշխարհագրություն,
17. շրջակա միջավայրի պաշտպանությունը զինված ուժերում,
18. զինված ուժերի մասնակցությունը աղետների հետևանքների վերացման և մարդասիրական օգնության գործողություններին,
19. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներ:
2) Կողմերը համաձայնում են դյուրացնել լրացուցիչ ռազմական շփումները և աջակցել դրանց` առաջին հերթին պահեստազորային միջոցառումների, ռազմական երաժշտության և սպորտի բնագավառներում:
Հոդված 3. | Համագործակցության ձևերը |
1) Կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի հիմնականում հետևյալ ձևերով.
1. պաշտպանության նախարարությունների` բարձր մակարդակի, ղեկավար զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչների պաշտոնական այցեր,
2. անձնակազմի և փորձագետների հանդիպումներ,
3. պատվիրակությունների` տեղեկատվական բնույթի և աշխատանքային այցելություններ,
4. շփումներ հավասարազոր ռազմական հաստատությունների միջև,
5. շփումներ Միավորված ազգերի կազմակերպության` խաղաղության աջակցման առաքելությունների համար նախատեսված ստորաբաժանումների միջև,
6. մասնակցություն ուսումնական դասընթացների, վերապատրաստման ծրագրերի, սեմինարների, բանակցությունների և գիտաժողովների,
7. ուսումնական այցեր զինվորական ստորաբաժանումներ և քաղաքացիական հաստատություններ,
8. ռազմական գիտությունների վերաբերյալ տեղեկատվության և նյութերի փոխանակում,
9. մշակութային և սպորտային միջոցառումներ:
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, կարող են համագործակցել նաև այլ ձևերով:
10) Ռազմական նյութերի և տեխնոլոգիաների փոխանակումը սույն Համաձայնագրով չի կարգավորվում:
Հոդված 4. | Իրականացման պայմաններ |
1) Համագործակցությունը կիրականացվի առանձին ծրագրերի հիման վրա, որոնք համատեղ կհաստատվեն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար: Այս ծրագրերը կհանդիսանան սույն Համաձայնագրի լրացուցիչ փաստաթղթեր:
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են ցանկացած ժամանակ փոփոխություն կատարել համաձայնեցված տարեկան ծրագրերում:
2) Պաշտոնական այցերը կկազմակերպվեն և կհամակարգվեն առանձին: Դրանք կիրականացվեն հաջորդաբար և փոխադարձ համաձայնությամբ: Նույնը կկիրառվի նաև Կողմերի փաստահավաք և աշխատանքային այցերի շրջանակներում պատվիրակությունների և առանձին անձանց փոխադարձ այցելությունների համար:
3) Ինչ վերաբերում է համագործակցության այլ ձևերին, մասնավորապես` զինված ուժերի կամ պաշտպանական վարչակազմի ուսումնական հաստատություններում ուսանողների հիմնական ուսուցում և շարունակական վերապատրաստում իրականացնելուն, ապա համապատասխան այլ կանոններ կարող են սահմանվել առանձին լրացուցիչ համաձայնագրերով:
4) Այդպիսի համագործակցության շրջանակներում համակարգված միջոցառումները կիրականացվեն` հաշվի առնելով համապատասխան ընդունող երկրի գործող օրենքները և այլ կանոնները:
5) Ըստ պահանջի` սույն Համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություններ կարող են կնքվել համագործակցության առանձին ոլորտների համար:
Հոդված 5. | Անվտանգություն |
Կողմերը երաշխավորում են երկկողմ համագործակցության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության և տվյալների գաղտնիությունը:
Կողմերը պարտավորվում են այդ տեղեկատվությունը և տվյալները չօգտագործել ի վնաս մյուս Կողմի շահերի:
Հոդված 6. | Ծախսեր |
1) Յուրաքանչյուր Կողմ ինքն է հոգում իր ծախսերը, եթե 4-րդ հոդվածում նշված տարեկան ծրագրերի առնչությամբ կամ հետագա համաձայնագրերում այլ բան նախատեսված չէ:
2) Մյուս Կողմին մատուցված և սույն Համաձայնագրի պայմանների կատարման համատեքստում իրականացված անհրաժեշտ ծառայությունների համար կփոխհատուցի ծառայությունների համար դիմած Կողմը՝ համապատասխան ազգային բյուջետային կանոնների համաձայն:
Հոդված 7. | Վեճերը |
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ կլուծվի միայն Կողմերի միջև` երկկողմ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 8. | Ուժի մեջ մտնելը, տևողությունը, փոփոխությունները, դադարեցումը |
1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարությանը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ սահմանադրական պահանջները կատարելու մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելու օրվանից: Ուժի մեջ մտնելու օր է համարվում ծանուցումը ստանալու օրը:
2) Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ մեկ տարով, եթե չդադարեցվի Կողմերից որևէ մեկի կողմից` վեց ամիս առաջ գրավոր ծանուցելու միջոցով:
3) Սույն Համաձայնագիրը կարող է ցանկացած ժամանակ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ գրավոր փոփոխվել կամ լրացվել:
Կատարված է Երևան քաղաքում` 2007 թ. մայիսի 15-ին, և Բոնն քաղաքում` 2007 թ. հունիսի 8-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, գերմաներեն և անգլերեն. ընդ որում` բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են: Հայերեն և գերմաներեն տեքստերի տարբեր մեկնաբանությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 31-ից:
