Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/3105/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/3105/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ Քնարիկ Չիթչյանի՝ 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Քնարիկ Չիթչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության՝ 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Քնարիկ Չիթչյանի կողմից 100.000 ՀՀ դրամ վճարելու համար արձակել վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Քնարիկ Չիթչյանը պահանջել է վերացնել Տեսչության 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Քնարիկ Չիթչյանի գործողություններում բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշները, անհիմն է, քանի որ իրավախախտման փաստն արձանագրված է Տեսչության 06.12.2008 թվականի արձանագրությամբ: Նշված արձանագրությունը և վիճարկվող որոշումը կազմված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջներին համապատասխան, ստորագրված են Քնարիկ Չիթչյանի կողմից, և վերջինս իրավախախտման փաստի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության 06.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 560 արձանագրության համաձայն՝ խախտելով ՀՀ կառավարության 26.10.1999 թվականի թիվ 662 որոշմամբ նախատեսված ժամկետանց ակցիզային դրոշմանիշերով ապրանքների իրացման կարգը՝ Քնարիկ Չիթչյանն իրացրել է ընդհանուր 6.100 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ օղի և երկու շիշ գինի: Վերջինս թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում: Նշված արձանագրությունը ստորագրված է Քնարիկ Չիթչյանի կողմից (գ.թ. 27):

2) Տեսչության պետի 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշմամբ Քնարիկ Չիթչյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հարյուր հազար դրամը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով:

Նշված նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ է ՀՀ կառավարության սահմանած որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնող անձը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ է համարվում դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողը (հայտարարատուն), իսկ այդ իրավախախտման օբյեկտիվ կողմը՝ նշված ապրանքներն իրացնելն է:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական և փաստական հիմնավորումները:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, արձանագրելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման սուբյեկտ է համարվում դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողը (հայտարարատուն), չի հիմնավորել այդ պնդումը:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքներ իրացման թույլատրելի ժամկետներից հետո իրացնող անձն է: Իսկ ապրանքների ներմուծող հանդիսանալու հանգամանքը տվյալ դեպքում քննարկվող զանցակազմի անհրաժեշտ տարր չէ:

Ինչ վերաբերում է Դատարանի վկայակոչած ՀՀ կառավարության 26.10.1999 թվականի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման» կարգին, ապա այն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կիրառվում է միայն որոշակի թվագրումով դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետները բացահայտելու համար: Հետևաբար, Դատարանի վկայակոչած կարգը չի վերաբերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակին:

Բացի այդ, Քնարիկ Չիթչյանը, Տեսչության 06.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 560 արձանագրությունը ստորագրելով և նշելով, որ խախտումը կատարվել է սխալմամբ, ընդունել է արձանագրված խախտումը կատարելու փաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա Տեսչության 06.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 560 արձանագրությամբ և Տեսչության պետի 17.12.2008 թվականի թիվ 095116 որոշմամբ հաստատվում է այն հանգամանքը, որ Քնարիկ Չիթչյանը կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17012-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության հայցը բավարարել՝ Քնարիկ Չիթչյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 100.000 ՀՀ դրամ: Քնարիկ Չիթչյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Քնարիկ Չիթչյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:

3. Քնարիկ Չիթչյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան