Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության կառավարության միջԵՎ մամուլի ԵՎ տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ոգեշնչված իրենց երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ընդհանուր ցանկությամբ,
կարևոր նշանակություն տալով երկու երկրների միջև մամուլի և տեղեկատվության բնագավառում համագործակցության զարգացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը նորությունների գործակալությունների միջոցով աջակցություն կցուցաբերեն տպագրական, լսատեսողական և զանգվածային լրատվական այլ միջոցներով քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրենց պետությունների գործունեությանը վերաբերող նորությունների պարբերական փոխանակման իրականացմանը:
Հոդված 2
Կողմերը կաջակցեն երկու երկրների տեղեկատվական հիմնարկների, մամուլի և տեղեկատվության մարմինների, գրահրատարակչական և տպագրական բնագավառի ձեռնարկությունների, տպագրական հրատարակություններ տարածողների միջև համագործակցությանը հետևյալ ոլորտներում.
փոխադարձության հիմունքների վրա Կողմերի պետությունների տարածքներում թղթակցային կետերի բացում,
տեղեկատվական նյութերի, զանգվածային լրատվությանը, տպագրությանը և գրահրատարակչությանը վերաբերող տեղեկատվական թերթիկների փոխանակում, այդ թվում նաև նյութատեխնիկական ապահովման բնագավառում,
զանգվածային լրատվական միջոցների, գրահրատարակչության և տպագրության, մամուլի տարածման բնագավառում պատվիրակությունների, փորձագետների, մասնագետների փոխանակում,
մասնագետների նախապատրաստման և ստաժավորման ոլորտում փորձի փոխանակում,
գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսներին, սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցություն:
Հոդված 3
Կողմերը իրենց տեղեկատվական հիմնարկների օգնությամբ կհրատարակեն և կցուցադրեն յուրաքանչյուր երկրի ազգային տոները լուսաբանող նյութեր և ծրագրեր: Այս հիմնարկները կփոխանակեն նշված նպատակների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերը:
Հոդված 4
Կողմերից յուրաքանչյուրը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի մի Կողմի պետության տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնելու համար մյուս Կողմի տեղեկատվական հիմնարկների կողմից գործուղված լրագրողներին, լուսանկարիչներին, հեռուստատեսային և հրատարակչական խմբերին, ինչպես նաև այլ մասնագետներին՝ նրանց կողմից այն Կողմի պետության օրենսդրության պահպանման պայմանով, որի տարածք նրանք գործուղված են:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի ամբողջ գործունեությունը կիրականացվի ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
Հոդված 6
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, համապատասխան արձանագրություն ստորագրելու ճանապարհով սույն Համաձայնագրի մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Այդ արձանագրությունը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին ծանուցագրերի փոխանակման օրվանից:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ գրավոր կարգով մյուս Կողմին չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 29-ից:
