Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ` ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 1992թ. մայիսի 15-ի «Կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի և 1997թ. հունվարի 17-ի «Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման գործում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներով,
հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև կրթության բնագավառում ավանդական կապերը,
գիտակցելով Կողմերի քաղաքացիներին այն Կողմի քաղաքացիների հետ հանրային կրթություն ստանալու հավասար իրավունքներ տրամադրելու համար միասնական մոտեցումներ մշակելիս փոխգործակցության անհրաժեշտությունը, որի տարածքում իրականացվում է կրթությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերն ապահովում են պետական կրթական ստանդարտների սահմաններում կրթություն ստանալու համար Կողմերի քաղաքացիների մուտքը հանրակրթական հաստատություններ այն Կողմի քաղաքացիների հետ հավասար իրավունքներով, որի տարածքում իրականացվում է կրթությունը:
Հոդված 2
Պետական հավատարմագրում ունեցող և հանրակրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական հաստատություններ Կողմերի քաղաքացիների ընդունելության կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում է կրթությունը, սույն Համաձայնագրով և հանրակրթական հաստատությունների կանոնադրություններով:
Հոդված 3
Կողմերն աջակցում են ուղիղ պայմանագրերով, ինչպես նաև հանրակրթական հաստատությունների միջև պայմանագրերով հանրակրթական հաստատություններ Կողմերի այն քաղաքացիների ընդունմանը, որոնք մշտապես բնակվում են իրենց տարածքներում:
Հոդված 4
Կողմերի քաղաքացիների ուսուցումը ոչ պետական հանրակրթական հաստատություններում, որոնք ունեն պետական հավատարմագրում և իրականացնում են հանրակրթական ծրագրեր, իրականացվում է հատուցման հիմունքներով:
Հոդված 5
Կողմերն աջակցում են այն Կողմի պետական լեզվի ուսումնասիրման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որի տարածքում իրականացվում է կրթությունը:
Հոդված 6
Կողմերը, հանրակրթական հաստատություններում ուսման ընթացքում ապահովում են սովորողների իրավունքների սոցիալական պաշտպանությունը, կյանքի ու առողջության պահպանումը և խտրականության բոլոր տեսակներից նրանց պաշտպանությունը` այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է կրթությունը:
Հոդված 7
Կողմերն աջակցում են մյուս Կողմի հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժական աշխատակիցների սոցիալական պաշտպանության միջոցառումների մշակմանը և իրագործմանը շահագրգիռ Կողմերի միջև լրացուցիչ կնքվող համաձայնագրերին համապատասխան:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող` Կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը բաց է նրա դրույթներն ընդունող պետությունների միանալու համար, որը կատարվում է միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Հոդված 12
Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը համարվող և սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան ուժի մեջ մտնող արձանագրությամբ:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրը կգործի ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:
Հոդված 14
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից այդ մասին դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Կատարված է Չոլպոն Աթա քաղաքում 2004 թվականի ապրիլի 16-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության
Հատուկ կարծիքը
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների` հանրակրթական հաստատություններ մուտք գործելը ապահովելու մասին` այդ պետությունների քաղաքացիներին տրամադրվող պայմաններով, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում սովորողների և մանկավարժական աշխատակիցների սոցիալական պաշտպանության մասին» Համաձայնագրի վերաբերյալ
1992թ. մայիսի 15-ի «Կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի և 1997թ. հունվարի 17-ի «Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման գործում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները Ադրբեջանի Հանրապետության համար ուժ կունենան առաջին փաստաթղթին նրա միանալու և երկուսի համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումից հետո:
Ադրբեջանի Հանրապետության
վարչապետի առաջին տեղակալ`
Ա. ԱԲԱՍՈՎ
Վրաստանի վերապահումը
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների` հանրակրթական հաստատություններ մուտք գործելը ապահովելու մասին` այդ պետությունների քաղաքացիներին տրամադրվող պայմաններով, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում սովորողների և մանկավարժական աշխատակիցների սոցիալական պաշտպանության մասին» Համաձայնագրի վերաբերյալ
Բացառությամբ նախաբանի երկրորդ պարբերության:
ԶՈՒՐԱԲ ԺՎԱՆԻԱ
Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանական Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունները
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության համար՝ 03.06.2005, Բելառուսի համար՝ 03.06.2005, Հայաստանի Հանրապետության համար՝ 03.06.2005
