ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1446-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օտարերկրյա պետություններում քիմիական, ճառագայթային և կենսաբանական վտանգներին առնչվող հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 17 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1446-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օտարերկրյա պետություններին աջակցելու համար Հայաստանի Հանրապետությունում ազգային փորձագետների խումբը ձևավորվում է մրցութային կարգով:
2. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններին աջակցելու համար Հայաստանի Հանրապետությունում ազգային փորձագետների խումբ ձևավորելու համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը և մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
3. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային փորձագետների խմբում ընդգրկվելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
4. Մրցույթին կարող են մասնակցել քիմիական, ճառագայթային և կենսաբանական վտանգներին առնչվող ոլորտներում ներգրավված, տվյալ մասնագիտությամբ 10 տարվանից ոչ պակաս մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, ռուսերենին և անգլերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
5. Քիմիական, կենսաբանական և ճառագայթային ազդակներին առնչվող ոլորտները համակարգող լիազոր մարմինները կարող են տվյալ ոլորտից առաջադրել փորձագետների:
6. Մրցույթի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմինն է (այսուհետ` ազգային համակարգող մարմին):
7. Մրցույթն անցկացնում է ազգային համակարգող մարմնի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ` մրցութային հանձնաժողով), որը կազմված է 9 անդամից` 2-ը` ազգային համակարգող մարմնի ներկայացուցիչներից, և մեկական անդամ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, և 3 անդամ` քիմիական, կենսաբանական և ճառագայթային ոլորտներում գործող գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներից: Հանձնաժողովի անդամներն ազգային համակարգող մարմնի ներկայացուցիչներից մեկին ընտրում են մրցութային հանձնաժողովի նախագահ:
8. Մրցույթն անցկացվում է ազգային համակարգող մարմնում, քիմիական, կենսաբանական և ճառագայթային ազդակներին առնչվող ոլորտները համակարգող լիազոր մարմինների, քիմիական, կենսաբանական և ճառագայթային ոլորտներում ընդգրկված գիտահետազոտական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների, ռուսերենի և անգլերենի մասնագետների մասնակցությամբ ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
9. Մրցույթի մասին հայտարարությունը տրվում է ազգային համակարգող մարմնի կողմից:
10. Հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, առնվազն հազար օրինակ տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում` «Միջազգային առողջապահական կանոններ» բաժնում: Հայտարարությունը կարող է պարբերաբար հրապարակվել մինչև մեկ ամիս` մրցույթից առաջ:
11. Հայտարարությունը պարունակում է հետևյալ տվյալները`
1) փորձագետի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներ`
ա. կրթություն և ստաժ` մասնագիտական ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն, գիտական աստիճան և առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ` համապատասխան բարձրագույն կրթություն, համապատասխան ոլորտում առնվազն 15 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
բ. փորձառություն` ազգային, միջազգային փորձագիտական գործունեության, միջազգային կառույցներում աշխատանքի կամ միջազգային կառույցների հետ աշխատանքի փորձ,
գ. հմտություններ` երկու օտար լեզվի տիրապետում, առնվազն մեկին լավ և մեկ լեզվի գերազանց տիրապետում (գրել, կարդալ, խոսել).
2) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը.
3) մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը.
4) մրցութային հանձնաժողովի կոնտակտային տվյալները:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
12. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ազգային համակարգող մարմինը:
13. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիներն անձամբ ներկայացնում են փաստաթղթերի պատճենները` բնօրինակների և անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին:
14. Ներկայացվող փաստաթղթերն են`
1) գրավոր դիմում` ազգային համակարգող մարմնի ղեկավարի անունով.
2) երկու լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
3) փորձագետի կրթությանը և ունեցած այլ որակավորումներին վերաբերող դիպլոմների, վկայականների, դրանց ներդիրների պատճենները.
4) աշխատանքային գրքույկի պատճենը.
5) գիտական հրապարակումների ցանկը (եթե այդպիսիք առկա են):
15. Ներկայացված փաստաթղթերի մասին տրվում է համապատասխան տեղեկանք:
16. Ազգային համակարգող մարմնում ստացված դիմումները գրանցվում են մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների վերաբերյալ վարվող գրանցամատյանում, որտեղ նշվում են դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը, մասնագիտական ոլորտը:
17. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր անձ կարող է մինչև մրցույթի օրը հրաժարվել մրցույթին մասնակցելուց և հետ վերցնել իր ներկայացրած փաստաթղթերը:
18. Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը մրցույթից 10 րոպե առաջ ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:
19. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
20. Մրցույթն անցկացվում է 2 փուլով` փաստաթղթային և հարցազրույցի: Նախ` ուսումնասիրվում են ներկայացված փաստաթղթերը, ապա հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:
21. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է:
22. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է մասնագիտական և փորձառության գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
23. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
24. Հանձնաժողովը հարցազրույցն անցկացնելուց հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
25. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:
26. Մրցույթն անցած են համարվում այն մասնակիցները, ովքեր փակ քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները:
27. Հանձնաժողովի` մրցույթի արդյունքների մասին որոշումը մրցույթի մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել ազգային համակարգող մարմնին, որը եռօրյա ժամկետում քննության է առնում բողոքը և ընդունում որոշում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
28. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամները դրա մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:
29. Մրցույթը համարվում է չկայացած, և ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ է անցկացվում, եթե`
1) մրցույթի հարցազրույցի փուլի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները և մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել.
2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.
3) մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել:
30. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում` «Միջազգային առողջապահական կանոններ» բաժնում:
31. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակման մեջ նշվում են փորձագետ ճանաչված մասնագետների տվյալները:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
32. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված դիտորդները: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:
V. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
33. Փորձագետին վկայական է տրվում, և վկայականի գործողությունը կասեցվում է ազգային համակարգող մարմնի կողմից:
34. Ազգային համակարգող մարմնի կողմից մրցութային հանձնաժողովի արձանագրության համաձայն եռօրյա ժամկետում` մրցույթում հաղթող ճանաչված անձին տրվում է Միջազգային առողջապահական կանոնների շրջանակներում օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետի վկայական (այսուհետ` վկայական)` համաձայն ձևի:
35. Փորձագետին տրված վկայականը կասեցվում է, եթե`
1) փորձագետի ներկայացրած փաստաթղթերում հայտնաբերվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
2) առկա է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստացված բողոք.
3) անձը սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել:
36. Փորձագետին տրված վկայականի կասեցման համար ազգային համակարգող մարմինը հարցի քննարկման ժամանակ ուսումնասիրում է ներկայացված նյութերը, լսում փորձագետի պարզաբանումները և քննարկման հիման վրա ընդունում է որոշում`
1) փորձագետին տրված վկայականը կասեցնելու վերաբերյալ.
2) որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով որոշ ժամկետով հարցի քննարկումը հետաձգելու և նշված հանգամանքները պարզելու վերաբերյալ:
37. Ազգային համակարգող մարմնի կողմից կազմված արձանագրության մեջ պետք է նշվեն ընդունված որոշման հիմնավորումները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
|
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
մրցութային հանձնաժողովի 20 թ.____________ __ - ի որոշմամբ Միջազգային առողջապահական կանոնների շրջանակներում օտարերկրյա պետություններին աջակցելու համար ճանաչվել է ազգային փորձագետ:
Ազգային համակարգող մարմնի ղեկավար`
Քաղ. Երևան ______ ____________ 20 թ. |
MINISTRY OF HEALTH RA CERTIFICATE N_______
This is to certify that Mr./Mrs ________________
in accordance with the Decree #_ _of the National Competition Commision of Armenia adopted on ___ ______________ 20 _ is qualified as National Expert eligible in providing assistance to foreign countries within the framework of the International Healthcare Regulations.
Head of National Coordinating Body
Yerevan |