ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/4166/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4166/05/08 2009թ. |
Դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձինք Իզաբել Փարսադանյանի և Բրաբիոն Շահինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Դոնարա Սարգսյանի ընդդեմ Երևանի Կենտրոն թաղապետարանի, Հակոբ Կարապետյանի, երրորդ անձինք Իզաբել Փարսադանյանի, Բրաբիոն Շահինյանի` Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակարանի ամբողջ տարածքի նկատմամբ նոր որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դոնարա Սարգսյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի սեփականաշնորհման 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշումը և պարտավորեցնել Երևանի Կենտրոն թաղապետարանին բնակարանի ամբողջ տարածքի նկատմամբ կայացնել սեփականաշնորհման նոր որոշում:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է 8.6 քմ մակերեսով սենյակը չընդգրկելու մասով անվավեր ճանաչել Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշումը, իսկ Երևանի Կենտրոն թաղապետարանին բնակարանի ամբողջ տարածքի նկատմամբ սեփականաշնորհման նոր որոշում կայացնելուն պարտադրելու պահանջի մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Իզաբել Փարսադանյանը և Բրաբիոն Շահինյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դոնարա Սարգսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 20.08.2001 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատված հանգամանքները սույն գործով ապացուցման կարիք չունեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են հայցը բավարարելու մասով բեկանել Դատարանի 04.12.2008 թվականի վճիռը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը գործը քննել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, մասնավորապես ներկայացված պետական փաստաթղթերի և փաստարկների հիմքով եկել է այն եզրահանգման, որ Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշմամբ խախտվել են «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները: Բողոք բերած անձանց այն փաստարկը, որ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, հիմնավոր չէ:
3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1. Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 28.04.1963 թվականի թիվ 146 օրդերով Երևանի Ալավերդյան փողոցի 78 շենքի 23 քմ բնակելի մակերեսով թիվ 41 բնակարանը հատկացվել է Արտաշես, Լիպարիտ և Ռաֆիկ Կարապետյաններին (գ.թ. 12):
2. Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշմամբ Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի 16,2 քմ մակերեսով մեկ սենյակը որպես ընդհանուր համատեղ սեփականություն սեփականաշնորհվել է Հակոբ Կարապետյանի ընտանիքին (գ.թ. 13):
3. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.08.2001 թվականի վճռով վճռվել է Բրաբիոն Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի հայցը բավարարել՝ Հակոբ Կարապետյանին 21.10.1994 թվականին տրված Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի թիվ 10681 սեփականության վկայագիրը 8,6 քմ օժանդակ մակերեսի մասով ճանաչել անվավեր, և 8,6 քմ օժանդակ մակերեսը թողնել Բրաբիոն Շահինյանի և Իզաբել Փարսադանյանի օգտագործմանը: Հակոբ Կարապետյանին վտարել 8,6 քմ օժանդակ մակերեսից: Դոնարա Սարգսյանի հայցը բավարարել մասնակիորեն՝ Դոնարա Սարգսյանին ճանաչել ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող Երևանի Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանի 1/5 մասի սեփականատեր: Դոնարա Սարգսյանի հայցապահանջը՝ 8,6 քմ օժանդակ տարածքն իր օգտագործմանը թողնելու մասով մերժել (գ.թ. 123):
4. 21.08.2001 թվականի վճռով հաստատվել են հետևյալ փաստերը՝
● Դոնարա Սարգսյանը բնակվում է թիվ 41 բնակարանում, որն ունի առանձին կոմունալ հարմարություններ, իսկ 8,6 քմ տարածքը գտնվում է թիվ 40 բնակարանի տարածքում և ոչ մի առնչություն չունի թիվ 41 բնակարանի տարածքի հետ:
● Տեղատեսությամբ պարզվել է նաև, որ 8,6 քմ տարածքը ծառայել է որպես խոհանոց, քանի որ այն գազաֆիկացված է և չի կարող դիտվել որպես բնակելի տարածություն:
● Թիվ 41 բնակարանի վարձակալին 28.04.1963 թվականին տրված թիվ 146 միասնական օրդերում 8,6 քմ տարածքը որպես բնակելի տարածություն ստանալու վերաբերյալ որևէ նշում չկա (գ.թ. 122):
5. ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.09.2003 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.08.2001 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման: Վճռաբեկ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 15.09.1961 թվականի նիստի արձանագրության քաղվածքը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ ընդհանուր կոմունալ հարմարություններով բնակարանները փաստացի առանձնացված են (առանձին մուտքերով և առանձնացված կոմունալ հարմարություններով բնակարաններ են), և 8,6 քմ մակերեսը գտնվում է թիվ 40 բնակարանի տարածքում (գ.թ. 126):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որեւէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշնակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, միևնույն կողմերի մասնակցությամբ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը ապացուցման կարիք չունեն:
Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դնելով Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 28.04.1963 թվականի թիվ 146 միասնական օրդերը, ինչպես նաև Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 15.09.1961 թվականի նիստի արձանագրության քաղվածքը, հասատատված է համարել, որ Հանրապետության փողոցի 78 շենքի թիվ 41 բնակարանը սեփականաշնորհման ժամանակ բաղկացած է եղել 23 քմ բնակելի մակերեսով մեկուսացված կոմունալ հարմարություններով երկու սենյակից, հետևաբար, բնակարանը Հակոբ Կարապետյանի անվամբ 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշմամբ պետք է սեփականաշնորհվեր ամբողջությամբ, այլ ոչ թե նրա մի մասը:
Մինչդեռ սույն գործում առկա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 21.08.2001 թվականի վճռով և ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.09.2003 թվականի որոշմամբ հաստատվել է, որ Դոնարա Սարգսյանը բնակվում է թիվ 41 բնակարանում, որն ունի առանձին կոմունալ հարմարություններ, իսկ 8,6 քմ տարածքը գտնվում է թիվ 40 բնակարանի տարածքում և ոչ մի առնչություն չունի թիվ 41 բնակարանի տարածքի հետ, թիվ 41 բնակարանի վարձակալին 28.04.1963 թվականին տրված թիվ 146 միասնական օրդերում 8,6 քմ տարածքը որպես բնակելի տարածություն ստանալու վերաբերյալ որևէ նշում չկա, 8,6 քմ տարածքը ծառայել է որպես խոհանոց, այն գազաֆիկացված է և չի կարող դիտվել որպես բնակելի տարածություն, հետևաբար այդ փաստերը ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 27-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով սույն գործով ապացուցման կարիք չունեն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն պատճառաբանությունը, որ Երևանի Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշմամբ խախտվել է «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները, և այդ որոշումը ենթակա է անվավեր ճանաչման մասնակի՝ բնակարանի 8,6 քմ սենյակը սեփականաշնորհման որոշման մեջ չընդգրկվելու մասով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.12.2008 թվականի վճռի՝ Դոնարա Սարգսյանի հայցը բավարարելու մասը և այն փոփոխել՝ Դոնարա Սարգսյանի հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |