ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0247/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0247/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
|
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Էլմիրա Զոհրաբյանի և Ռադիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հասմիկ Ավետիսյանի ընդդեմ Ռադիկ Հակոբյանի, Էլմիրա Զոհրաբյանի, Արտակ Հակոբյանի, Արմեն Հակոբյանի, Վիրաբ Հակոբյանի` վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Դատարան` Հասմիկ Ավետիսյանը պահանջել է բռնագանձել Ռադիկ Հակոբյանից, Էլմիրա Զոհրաբյանից, Արտակ Հակոբյանից, Արմեն Հակոբյանից, Վիրաբ Հակոբյանից 14.514.321 (տասնչորս միլիոն հինգ հարյուր տասնչորս հազար երեք հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ՝ որպես 13.05.1999 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված տոկոսների գումար և նախավճարի պայմանագրով վերադարձրած 2.000.000 դրամը:
Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Ռադիկ Հակոբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձել 14.514.321 (տասնչորս միլիոն հինգ հարյուր տասնչորս հազար երեք հարյուր քսանմեկ) դրամ՝ որպես 13.05.1999 թվականից մինչև 29.02.2008 թվականը 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված տոկոսների գումար: 29.02.2008 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել տոկոսներ՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, և այդ գումարը ևս բռնագանձել Ռադիկ Հակոբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի: Հայցապահանջը մնացած գումարի բռնագանձման և գումարն Էլմիրա Զոհրաբյանից, Արտակ, Արմեն, Վիրաբ Հակոբյաններից բռնագանձելու մասով մերժել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2009 թվականի որոշմամբ Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն. որոշվել է «Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և այն փոփոխել՝ Ռադիկ, Վիրաբ, Արմեն, Արտակ Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի տոկոսները կետանցի օրվանից` 14.12.1999 թվականից մինչև պարտավորության դադարման օրը: Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ»:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էլմիրա Զոհրաբյանը և Ռադիկ Հակոբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոք բերող անձի կողմից նշվել է, որ Երևանի քաղաքացիական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտել է՝ Ռադիկ Հակոբյանից բռնագանձում կատարելու վերաբերյալ 25.04.2001 թվականի և 29.12.2007 թվականի վճիռները համեմատելու և հակադրելու հիմքով և դրա արդյունքում ճիշտ չի գնահատել 29.12.2007 թվականի վճիռը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման մասին վերաքննիչ բողոքի փաստարկը, անդրադարձել է այն հարցին, թե արդյոք որպես գործարքի կողմ չմասնակցող անձանց համար պարտավորությունը կարող է պարտականություն ստեղծել, դրանով իսկ դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը և 52-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով:
Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշման մեջ նշվել էր, որ գործարքի անվավերությունը բացառում է միայն Ռադիկ Հակոբյանի պարտավորության դիմաց համատեղ սեփականության ներքո գտնվող վեճի առարկա ամբողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու իրավական հիմքը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանի 27.03.2009 թվականի որոշմամբ սահմանվել է, որ Հասմիկ Ավետիսյանի հանդեպ Ռադիկ Հակոբյանի պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն են կրում Ռադիկ Հակոբյանը, Էլմիրա Զոհրաբյանը, Արտակ Հակոբյանը, Արմեն Հակոբյանը և Վիրաբ Հակոբյանը:
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իմաստով Ռադիկ Հակոբյանը Հասմիկ Ավետիսյանի դրամական միջոցներն ապօրինի չի պահել կամ դրանք վերադարձնելուց չի խուսափել պարտավորության խախտման պահից` 13.12.1999 թվականից մինչև դրամական պարտավորության դիմաց Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանը Հասմիկ Ավետիսյանի սեփականությանը հանձնելը` 08.01.2002 թվականը: Դրանից հետո ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով պարտավորությունը չկատարելու համար դրամական պարտավորություն չի կարող առաջանալ, քանի որ դրամական պարտավորությունը բնակարանի փոխհատուցմամբ արդեն դադարել էր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 27.03.2009 թվականի որոշումը Հասմիկ Ավետիսյանի հայցի բավարարման մասով, իսկ որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճռով Ռադիկ Հակոբյանից հոգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձվել է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարտքի գումար, և բռնագանձումը տարածվել է Ռադիկ Հակոբյանի, Էլմիրա Զոհրաբյանի, Արտակ, Արմեն, Վիրաբ և Օֆելյա Հակոբյանների սեփականության իրավունքով պատկանող Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք, թիվ 118 բնակարանի վրա: Հասմիկ Ավետիսյանին 15.000 ԱՄՆ դոլարը Ռադիկ Հակոբյանը պետք է վերադարձներ 7 ամսից, որը չէր կատարել(գ. թ. 1).
2. 08.01.2002 թվականին Հասմիկ Ավետիսյանին տրվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք, թիվ 118 բնակարանի սեփականության իրավունքի վկայականը:
3. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճիռը՝ բռնագանձումը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք, թիվ 118 բնակարանի վրա տարածելու մասով բեկանվել է Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Տվյալ որոշմամբ հաստատվել է, որ գործարքի անվավերությունը բացառում է միայն Ռադիկ Հակոբյանի պարտավորության դիմաց համատեղ սեփականության ներքո գտնվող վեճի առարկա ամբողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու իրավական հիմքը (գ. թ. 133-134, հ. 1-ին):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններում:
Սույն գործով Վերաքննիչ դատարանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք որպես գործարքի կողմ չմասնակցող անձանց համար պարտավորությունը կարող է պարտականություն ստեղծել: Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ ամուսիններից մեկի պարտավորության դիմաց ամուսինները պատասխանատու են իրենց ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող գույքով, բեկանել և փոփոխել է դատական ակտը:
Մինչդեռ սույն գործով Հասմիկ Ավետիսյանը 04.12.2008 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքում որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հիմնավորում նշել է, որ Երևանի քաղաքացիական դատարանը ճիշտ չի գնահատել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճիռը, որի համաձայն՝ վճռվել է Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններից՝ դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:
2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Ռադիկ Հակոբյանի ցուցմունքով հիմնավորվել է այն փաստը, որ Ռադիկ Հակոբյանի և Հասմիկ Ավետիսյանի միջև 1999 թվականին կնքված փոխառության պայմանագրով ձեռք բերված գումարն օգտագործվել է հօգուտ ամբողջ ընտանիքի շահերի, գտել է, որ կիրառելի է տվյալ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը և հանգել այն հետևության, որ Հասմիկ Ավետիսյանի հանդեպ Ռադիկ Հակոբյանի պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն են կրում Ռադիկ Հակոբյանը, Էլմիրա Զոհրաբյանը, Արտակ Հակոբյանը, Արմեն Հակոբյանը և Վիրաբ Հակոբյանը:
Մինչդեռ գործում առկա նույն անձանց միջև նախկինում քննված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 26.04.2001 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է Ռադիկ Հակոբյանի 15.000 ԱՄՆ դոլարի պարտավորությունը Հասմիկ Ավետիսյանի նկատմամբ, իսկ Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ հաստատվել է, որ գործարքի անվավերությունը բացառում է միայն Ռադիկ Հակոբյանի պարտավորության դիմաց համատեղ սեփականության ներքո գտնվող վեճի առարկա ամբողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու իրավական հիմքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն անձանց միջև քննված և նախկինում օրինական ուժի մեջ մտած 26.04.2001 թվականի վճռով, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքները սույն գործով ապացուցման կարիք չունեն, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռադիկ Հակոբյանի 15000 ԱՄՆ դոլար պարտավորության համար տոկոսները ենթակա են բռնագանձման միայն Ռադիկ Հակոբյանից:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են բողոք բերած անձանց փաստարկները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը և 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասին:
3. Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ դրամական պարտավորության չկատարման համար գումարին տոկոսներ հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ 08.01.2002 թվականին դրամական պարտավորության դիմաց Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի հանձնումը Հասմիկ Ավետիսյանին որպես սեփականություն, հիմք չէ Ռադիկ Հակոբյանի կողմից պարտավորությունը կատարելու համար, հանգել է այն հետևության, որ վկայակոչված ժամկետում Ռադիկ Հակոբյանի կողմից պարտավորությունը չի դադարել, հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-ի հոդվածի ուժով սահմանված տոկոսները պետք է հաշվարկվեն մինչև պարտավորության դադարման օրը:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ Ռադիկ Հակոբյանը 13.05.1999 թվականին Հասմիկ Ավետիսյանից վերցրել է 15.000 ԱՄՆ դոլար գումար 7 ամսից վերադարձնելու պայմանով, այսինքն` Ռադիկ Հակոբյանը գումարը պետք է վերադարձներ մինչև 13.12.1999 թվականը, որը չի կատարել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճռով վճռվել է Ռադիկ Հակոբյանից հոգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումար, և բռնագանձումը տարածել է Էլմիրա Զոհրաբյանի, Ռադիկ, Արտակ, Արմեն, Վիրաբ և Օֆելյա Հակոբյանների սեփականության իրավունքով պատկանող Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք, թիվ 118 բնակարանի վրա: 08.01.2002 թվականին Հասմիկ Ավետիսյանին տրվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք, թիվ 118 բնակարանի սեփականության իրավունքի վկայականը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճիռը կատարվել է վեճի առարկա բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածելու եղանակով (08.01.2002 թվականին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք, թիվ 118 բնակարանի նկատմամբ Հասմիկ Ավետիսյանին սեփականության իրավունքի վկայական տալով), հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև վերոնշյալ վճռի համապատասխան մասով բեկանումը Ռադիկ Հակոբյանը Հասմիկ Ավետիսյանի դրամական միջոցները ապօրինի չի պահել:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճռի կատարումից հետո մինչև դրա բեկանումը ընկած ժամանակաշրջանի համար, այն է՝ 08.01.2002 թվականից մինչև 12.12.2007 թվականը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները ենթակա չեն հաշվարկման և բռնագանձման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշման՝ Ռադիկ, Վիրաբ, Արմեն, Արտակ Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների բռնագանձման մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. Դրմեյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Ե. Խունդկարյան |