Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն
«ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1993 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետև` Կողմեր,
ձգտելով արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում համագործակցության կատարելագործմանը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի 9-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնական և տեխնածին բնութի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհուրդն իր աշխատանքում առաջնորդվում է Կանոնակարգով, որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է»:
Հոդված 2
Համաձայնագիրը լրացնել «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի կանոնակարգ» հավելվածով (կցվում է):
Հոդված 3
Համաձայնագիրը լրացնել 10.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Համաձայնագրի մասնակիցների համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս»:
Հոդված 4
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:
Հոդված 5
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության միանալու համար՝ ավանդապահին միանալու մասին փաստաթուղթը փոխանցելու միջոցով:
Միացող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:
Կատարված է Դուշանբե քաղաքում 2015 թ. հոկտեմբերի 30-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ (վերապահումով) |
Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Թուրքմենստանի Կառավարության կողմից՝ ----------------------- |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Ուկրաինայի Կառավարության կողմից՝ ------------------------- |
Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից՝
/ստորագրություն/ |
Հավելված Հավելված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Համաձայնագրին կից |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհուրդը (հետագայում՝ Խորհուրդ) ստեղծված է «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Համաձայնագրի (հետագայում՝ Համաձայնագիր) համաձայն և հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության (հետագայում՝ ԱՊՀ) ոլորտային համագործակցության մարմին:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով, ԱՊՀ կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով, պետությունների ղեկավարների Խորհրդի, կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնակարգով:
3. Իր գործունեության մեջ Խորհուրդը հաշվետու է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդին:
4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ այլ ոլորտային համագործակցության մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
5. Խորհուրդը ձևավորվում է պետական իշխանության մարմինների ղեկավարներով, որոնք, համաձայն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությունների, պատասխանատու են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար:
Խորհրդի անդամներին փոխարինող անձանց Խորհրդի նիստերին ուղարկելիս նրանց լիազորությունները պետք է լինեն հաստատված: Լիազորությունները Խորհրդի Քարտուղարության միջոցով ներկայացվում են Խորհրդի նախագահին, ով այդ մասին տեղեկացնում է նիստի մասնակիցներին:
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:
Խորհրդի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:
Խորհրդի կազմի մեջ մտնում են նրա քարտուղարը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
II. Խորհրդի խնդիրներն ու գործառույթները
1. Խորհրդի հիմնական խնդիրներն են.
արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար Համաձայնագրի պատասխանատու մասնակից պետությունների օրենսդրությանը համաձայն՝ պետական իշխանության մարմինների փոխգործակցությանն աջակցումը,
արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակում,
ընդհանուր մեթոդական մոտեցումների մշակում արտակարգ իրավիճակների կանխատեսման և մշտադիտարկման ժամանակ,
աջակցություն արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հարցերով պետությունների ղեկավարների Խորհրդի, կառավարությունների ղեկավարների Խորհրդի, արտաքին գործերի նախարարների Խորհրդի և ԱՊՀ տնտեսական խորհրդի կողմից ընդունված որոշումների իրականացմանը:
2. Խորհրդի գործառույթները.
արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հարցերով Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրություններին համապատասխան՝ մասնակցում է պետական իշխանության մարմինների օպերատիվ փոխգործակցության կազմակերպմանը,
մասնակցում է արտակարգ իրավիճակներից բնակչության և Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքների պաշտպանության բարելավմանն ուղղված միջոցառուների մշակմանն ու իրականացմանը,
նախապատրաստում է գործողությունների համատեղ ծրագրեր՝ ուղղված լայնածավալ և անդրսահմանային արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանը,
մասնակցում է համատեղ վարժանքների կազմակերպմանն ու անցկացմանը,
նպաստում է արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի նվազեցմանն ու դրա մասշտաբների փոքրացմանն ուղղված միջպետական ծրագրերի, նախագծերի և միջոցառումների մշակմանն ու իրականացմանը,
նպաստում է համատեղ գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների կատարմանը, գիտատեխնիկական նվաճումների մասին փորձի փոխանակմանը, մեթոդական և տեխնոլոգիական փաստաթղթերի փոխանակմանը, հատուկ պարբերականների հրապարակմանը,
փոխգործակցում է ԱՊՀ այլ մարմինների հետ և անհրաժեշտության դեպքում նրանց հետ անց է կացնում համատեղ նիստեր,
բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար նշանակում է ԱՊՀ ուժերի Կորպուսի կառավարման մարմին, որոշում է դրա կազմը, աշխատանքի կանոնակարգը և վերահսկում է դրա գործունեությունը,
մշակում է առաջարկություններ բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացման նպատակով ԱՊՀ ուժերի Կորպուսի կազմի, դրանց կիրառման կարգի վերաբերյալ,
կազմակերպում է փոխադարձ իրազեկում արտակարգ իրավիճակների առաջացման (առաջացման սպառնալիքների) վերաբերյալ,
արտակարգ իրավիճակների կանխարգելման ընթացքում իրականացնում է աշխատանքային շփումներ միջազգային կազմակերպությունների հետ,
իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության շրջանակներում:
III. Խորհրդի իրավունքները
Իր խնդիրների լուծման և գործառույթների կատարման համար Խորհուրդն իրավունք ունի.
1. Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին հարցում անելու և նրանցից ստանալու տեղեկություն, որի հասանելիությունը չի սահմանափակվում հայցվող պետության օրենսդրությամբ, ինչպես նաև՝ Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկություն, որն անհրաժեշտ է իր գործառույթների կատարման համար:
2. Սահմանված կարգով ԱՊՀ մարմինների քննարկմանը ներկայացնելու Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր:
3. Անհրաժեշտության դեպքում ստեղծելու աշխատանքային խմբեր Խորհրդի գործունեության առանձին ուղղությունների կոնկրետ խնդիրները լուծելու նպատակով:
4. Իրականացնելու գործողություններ՝ ուղղված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման բնագավառում Համաձայնագրի մասնակից պետությունների փոխգործակցության զարգացմանն ու կատարելագործմանը:
5. Մշակելու և հաստատելու իր աշխատանքի կանոնակարգը, ինչպես նաև փոփոխություններ կատարելու դրանում:
IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումն ու կարգը
1. Խորհրդի աշխատանքները կատարվում են Համաձայնագրի մասնակից պետություններում հերթականությամբ նիստեր անցկացնելու միջոցով:
Խորհուրդն իր աշխատանքը կազմակերպում է իր հաստատած պլանների հիման վրա:
2. Խորհրդի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի նախորդ նիստի ժամանակ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Խորհրդի յուրաքանչյուր անդամի նախաձեռնությամբ և Խորհրդի անդամների մեծ մասի համաձայնությամբ:
Խորհրդի նիստը լիիրավ է, եթե ներկա են նրա անդամների կամ նրանց կողմից լիազորվածների կեսից ավելին:
3. Խորհրդում նախագահությունը իրականացվում է ըստ հերթականության՝ Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից՝ իրենց ներկայացուցիչների միջոցով, այբենական կարգով՝ ռուսերեն, ըստ պետությունների անվանումների, որպես կանոն, մեկ տարվա ընթացքում, եթե Խորհրդի կողմից այլ բան չի հաստատվում:
Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները համարվում են նրա համանախագահներ: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից որևէ մեկի վրա:
4. Խորհրդի նախագահը.
իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարում,
վարում է Խորհրդի նիստերը,
սահմանված կարգով Խորհուրդը ներկայացնում է ԱՊՀ մարմիններում,
Խորհրդի հանձնարարությամբ աջակցում և զարգացնում է կապերը այլ կազմակերպությունների հետ՝ իր լիազորությունների սահմաններում, դրանց աշխատանքային խմբերի մակարդակով,
աջակցում է պետական իշխանության մարմինների միջև փոխգործակցության ապահովմանը, որոնք, մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատու են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար,
իրականացնում է Խորհրդի գործունեության ապահովման հետ կապված այլ գործողություններ:
5. Խորհրդի անդամն իրավունք ունի ստանալու անհրաժեշտ տեղեկություն աշխատանքային խմբերի գործունեության, ընդունած որոշումների մասին, ինչպես նաև՝ քննարկման ներկայացնելու Խորհրդի լիազորությունների սահմաններում գտնվող ցանկացած հարց:
6. Խորհրդի նիստում, իր անդամների համաձայնությամբ, դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել Համաձայնագրի մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Համաձայնագրի մասնակից չհանդիսացող ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև երրորդ պետությունների ներկայացուցիչներ, միջպետական միավորումներ և միջազգային կազմակերպություններ:
7. Յուրաքանչյուր հաջորդ նիստի նախնական օրակարգը որոշվում է Խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Առաջարկությունները ներառվում են օրակարգում փաստաթղթերի նախնական նախագծերի կամ դրանց հայեցակարգերի տեսքով:
Օրակարգում հարցը ներառելու որոշումը ընդունում է Խորհուրդը:
Պետական կառավարման մարմինները, որոնք, Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատու են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման համար, ցուցաբերում են անհրաժեշտ օժանդակություն Խորհրդին աշխատանքներին:
8. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին ներկա գտնվող անդամների կոնսենսուսի հիման վրա: Կոնսենսուսը սահմանվում է որպես նիստի ժամանակ Խորհրդի անդամներից անգամ մեկ ներկա գտնվողի պաշտոնական առարկության բացակայություն, որն իր կողմից առաջադրվել է որպես խոչընդոտ՝ քննարկվող հարցի շուրջ որոշում ընդունելու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտարարել իր հետաքրքրության բացակայության մասին այս կամ այն հարցի վերաբերյալ, որը որոշման ընդունման համար խոչընդոտ չէ:
Ընթացակարգային հարցերը, այդ թվում նաև՝ նիստի բացման/փակման, դրա վարման, օրակարգի նախագծում առաջարկությունների ներկայացման և օրակարգի ընդունման, աշխատանքի կանոնակարգի, դիտորդներին խոսք տրամադրելու վերաբերյալ որոշվում են ներկա գտնվող Խորհրդի անդամների պարզ մեծամասնությամբ:
Խորհրդի նիստերի միջև եղած ժամանակահատվածում որոշումներ ընդունելու անհրաժեշտության դեպքում Խորհրդի քարտուղարությունը Գործադիր կոմիտեի հետ միասին, Խորհրդի նախագահի ցուցումով կազմակերպում է իր կողմից սահմանված ժամկետում որոշման ընդունում՝ օգտագործելով Խորհրդի յուրաքանչյուր անդամի ստորագրության բնօրինակը: Որոշման ընդունման ամսաթիվն է համարվում ստորագրմանը մասնակցող Խորհրդի անդամների վերջին ստորագրության ամսաթիվը:
9. Խորհրդի այն որոշումները, որոնք անմիջականորեն շոշափում են Համաձայնագրի որևէ մասնակից պետության շահերը, չեն կարող ընդունվել այն ներկայացնող անդամի կամ նրա լիազորված անձի բացակայության ժամանակ:
10. Խորհրդի աշխատանքը արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքման ժամանակ կատարվում է հատուկ կարգով, որը որոշվում է Խորհրդի նախագահի կողմից՝ ելնելով իրադրությունից:
V. Խորհրդի քարտուղարությունը
1. Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացվում են Համաձայնագրի մասնակից պետությունների պետական իշխանության մարմնի կողմից, որը նախագահում է Խորհրդում, ԱՊՀ գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ միասին:
2. Խորհրդի քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ընդունող կողմի հետ միասին Խորհրդի հերթական նիստերի անցկացման կազմակերպում և ապահովում,
Խորհրդի անդամների կազմակերպչական, փաստաթղթային և տեղեկատվական գործունեության ապահովում,
Խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա օրակարգերի նախագծերի ձևավորում և աշխատանքային նյութերի նախապատրաստում,
Խորհրդի նիստերին վերաբերող փաստաթղթերի նախագծերի նախապատրաստում և համաձայնեցում,
ստացվող նյութերի ամփոփում և դրանց առաքման կազմակերպում Խորհրդի անդամներին,
Խորհրդի գործունեության հարցերի շուրջ Խորհրդի անդամների հետ նամակագրության ապահովում,
Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման աստիճանն արտացոլող տեղեկությունների ամփոփում,
ԱՊՀ այլ մարմինների գործունեության և միջազգային կազմակերպությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ Խորհրդին ապահովում,
3. Խորհրդի քարտուղարը նշանակվում է Խորհրդի նախագահի կողմից:
Խորհրդի քարտուղար է հանդիսանում այն պետական իշխանության մարմնի ներկայացուցիչը, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում, իսկ քարտուղարի տեղակալ՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
4. Խորհրդի քարտուղարության կանոնադրությունը հաստատվում է Խորհրդի կողմից:
VI. Ֆինանսավորումը
1. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարվում են Համաձայնագրի այն անդամ երկրի պետական իշխանության համապատասխան մարմնի հաշվին, որի տարածքում անց է կացվում Խորհրդի նիստը:
2. Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերը կատարվում են պետական իշխանության ուղարկող մարմնի և ԱՊՀ մասնակից պետությունների կազմակերպությունների կողմից:
Ադրբեջանի Հանրապետության Վերապահումը
2015թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությանը կից
1. Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքը «ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների վերաբերյալ Ընդհանուր կարգի մասին» 2009 թ. հոկտեմբերի 9-ի՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի Որոշման առնչությամբ:
2. Բացառությամբ «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների Միջպետական խորհրդի մասին Կանոնակարգի» 1-ին կետի 3-րդ պարբերության, ինչպես նաև 2-րդ գլխի 2-րդ կետի 4-րդ, 8-րդ և 9-րդ պարբերությունների:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ |
Յագուբ Էյուբով |
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2019թ. հունիսի 20-ին
