ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2009 թվականի N 1358-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրով տրվող սուբսիդիայի հիմքում դրվող ծախսերը տարբերակելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 26-ի N 1358-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՏՐՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով (այսուհետ` պետական բյուջե) նախատեսված միջոցների սահմաններում թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ (այսուհետ` ծառայություններ) մատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) և ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) շրջանակներում տրվող սուբսիդիայի հիմքում դրվող ծախսերը տարբերակելու հիմունքները:
2. Պայմանագրի շրջանակներում կազմակերպությանը տրվող սուբսիդիայի հիմքում դրվող ծախսերը տարբերակվում են`
1) ընթացիկ փոփոխուն ծախսեր (այսուհետ` փոփոխուն ծախսեր), որոնք անմիջականորեն կախված են մատուցվելիք ծառայությունների համար նախատեսված շահառուների թվի փոփոխությունից.
2) ընթացիկ հաստատուն ծախսեր (այսուհետ` հաստատուն ծախսեր), որոնք անմիջականորեն կախված չեն մատուցվելիք ծառայությունների համար նախատեսված շահառուների թվի փոփոխությունից:
3. Պայմանագրի շրջանակներում կազմակերպությանը տրվող սուբսիդիայի հիմքում դրված`
1) փոփոխուն ծախսերը կարող են ներառել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` նախարար) 2007 թվականի հունվարի 9-ի N 5-Ն հրամանի (այսուհետ` հրաման) N 5 հավելվածում ներկայացված «Ընթացիկ ծախսեր» դասում ներառված ծախսերի միայն «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 426600 սինթետիկ հաշվում ընդգրկված անալիտիկ հաշիվներն ու «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 426700 սինթետիկ հաշվում ընդգրկված «Հանրային սննդի նյութեր» անալիտիկ հաշիվը.
2) հաստատուն ծախսերը կարող են ներառել նախարարի հրամանի N 5 հավելվածում ներկայացված «Ընթացիկ ծախսեր» դասում ներառված բոլոր հաշիվները` բացառությամբ «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 426600 սինթետիկ հաշվում ընդգրկված անալիտիկ հաշիվների, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 426700 սինթետիկ հաշվում ընդգրկված «Հանրային սննդի նյութեր» անալիտիկ հաշվի, ինչպես նաև «Սոցիալական նպաստներ», «Տոկոսավճարներ» և «Դրամաշնորհներ» կատեգորիաներում ընդգրկված հաշիվների:
4. Պայմանագրի շրջանակներում կազմակերպությանը տրվող սուբսիդիաների հիմքում դրված հաստատուն ծախսերը փոխհատուցվում են կազմակերպությանը` անկախ շահառուների փաստացի թվի առկայությունից (ընդհուպ մինչև շահառուներ չլինելու դեպքը):
5. Անհրաժեշտության դեպքում` կազմակերպության կողմից մատուցվելիք ծառայությունների դիմաց տրամադրվող սուբսիդիայի հիմքում դրված փոփոխուն և հաստատուն ծախսերում ներառված սինթետիկ հաշիվներում ընդգրկված անալիտիկ հաշիվների գծով նախատեսված միջոցների սահմաններում ներքին հոդվածային վերաբաշխումներ իրականացնում է նախարարությունը` կազմակերպության ներկայացրած հայտի հիման վրա:
6. Նախարարությունը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար կազմակերպության կողմից հաշվետվություններով ներկայացված` մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպությանը տրվող սուբսիդիաների հիմքում դրվող հաստատուն ծախսերի գծով վճարում է վճարման ենթակա փաստացի կատարված ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված գումարի չափն է:
7. Կազմակերպությունը տարեկան ամփոփ հաշվետվությունը նախարարությանը հանձնելուց հետո եռօրյա ժամկետում` պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց նախարարության կողմից տրամադրված, սակայն փաստացի պակաս ծախսված միջոցների գծով տվյալ տարվա սկզբի դրությամբ գոյացած տարբերությունը հետ է փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և փոխանցագրի պատճենը ներկայացնում նախարարություն:
8. Պայմանագրում յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա գումարի չափով նախատեսվում է կանխավճար, որը մարվում է մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան