ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
6 սեպտեմբերի 2006 թ. |
N 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.12.07 N 24-Ն, 13.11.09 N 37-Ն)
Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում եմ.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի»:
(1-ին կետը փոփ. 04.12.07 N 24-Ն, 13.11.09 N 37-Ն)
2. Հաստատել`
ա) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.
բ) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 04.12.07 N 24-Ն, 13.11.09 N 37-Ն)
Հ. Մանուկյան |
Հավելված 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ»
(վերնագիրը խմբ. 04.12.07 N 24-Ն, փոփ. 13.11.09 N 37-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին (այսուհետ` Դատարան) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
(1-ին կետը փոփ. 13.11.09 N 37-Ն)
2. Աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովելուն:
3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:
4. Աշխատակազմն ունի հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
6. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
7. Աշխատակազմի անվանումն է՝ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ»:
(7-րդ կետը փոփ. 13.11.09 N 37-Ն)
8. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Օտյան 53/2:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով Դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը.
բ) սահմանված կարգով վարում է դատական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների անձնական գործերը.
գ) տնօրինում է Դատարանի, Աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.
դ) օժանդակում է դատական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին, վարում դատական վիճակագրությունը.
ե) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
(9-րդ կետը փոփ. 24.06.09 N 20-Ն)
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
10. Աշխատակազմը կառավարում են Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդն ու հիմնադիրն օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Դատարանի նախագահը, իսկ դատական ծառայության իրականացման նկատմամբ հսկողություն է իրականացնում Դեպարտամենտի ղեկավարը:
11. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:
12. Աշխատակազմի ղեկավարը՝
ա) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.
բ) Աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
գ) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնադրի կողմից սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները՝ բացառությամբ հիմնադրի կողմից գույքի տնօրինման դեպքերի.
դ) ներկայացնում է Աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
ե) ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը.
զ) Դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
է) պարբերաբար ուսումնասիրում է Աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին.
ը) ղեկավարում է Աշխատակազմի աշխատանքները.
թ) (ենթակետն ուժը կորցրել է 24.06.09 N 20-Ն)
ժ) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
ժա) Աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
ժբ) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում Աշխատակազմի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը և տարեկան հաշվեկշիռը.
ժգ) ապահովում է Աշխատակազմում դատական ծառայության արդյունավետ իրականացումը.
ժդ) ապահովում է Աշխատակազմին հանձնված գույքի արդյունավետ կառավարումն ու շահագործումը.
ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Աշխատակազմի դատական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
ժզ) սահմանված կարգով նշանակում և ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.
ժէ) (ենթակետն ուժը կորցրել է 24.06.09 N 20-Ն)
ժը) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Աշխատակազմի աշխատողների կողմից թույլ տված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.
ժթ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին.
ի) հանդիսանում է Աշխատակազմում դատական ծառայողների անձնական գործերի վարման պատասխանատուն.
իա) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ։
(12-րդ կետը փոփ. 24.06.09 N 20-Ն)
13. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայողը։
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գրասենյակն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով`
ա) ստանում է Դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը.
բ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.
գ) ստանում է Դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
դ) ապահովում է Դատարանում գործավարության իրականացումը.
ե) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
զ) պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և սահմանված կարգով ներկայացնում արխիվացման.
է) վարում է պետական տուրքի հաշվառում.
ը) կազմում է վիճակագրական հաշվետվություններ.
թ) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:
15. Հաշվապահությունն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում`
ա) կազմում է Աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.
բ) կազմում է ծախսերի նախահաշիվներ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին հաստատման.
գ) միջոցներ է ձեռնարկում Աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
դ) ներկայացնում է առաջարկություններ պահպանման ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև գումարային տեղաբաշխումներ կատարելու վերաբերյալ.
ե) հաշվառում և Աշխատակազմի ղեկավարին առաջարկություն է ներկայացնում ապրանքանյութական արժեքները հաշվառումից հանելու վերաբերյալ.
զ) իրականացնում է Աշխատակազմին վերապահված հաշվապահական հաշվառման գործառույթներից բխող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ ու պարտականություններ:
16. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման պատասխանատուն հանդիսանում է գլխավոր հաշվապահը:
17. (կետն ուժը կորցրել է 24.06.09 N 20-Ն)
18. Տեխնիկական սպասարկման բաժինը`
ա) ապահովում է Աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.
բ) ապահովում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների, համակարգչային, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայության անխափան աշխատանքը.
գ) ապահովում է Դատարանի նախագահի, Աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.
դ) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.
ե) սահմանված կարգով ապահովում և սպասարկում է Աշխատակազմում կառավարման տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների նախագծումը, կազմակերպումը և շահագործումը:
19. Աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, կանոնադրությամբ, հիմնադրի հրամաններով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով Աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
20. Աշխատակազմի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. Աշխատակազմն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
22. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 04.12.07 N 24-Ն, փոփ. 24.06.09 N 20-Ն, 13.11.09 N 37-Ն)
Հավելված 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ»
(վերնագիրը խմբ. 04.12.07 N 24-Ն, փոփ. 13.11.09 N 37-Ն)
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Գրասենյակ
2. Հաշվապահություն
3. (կետն ուժը կորցրել է 24.06.09 N 20-Ն)
4. Տեխնիկական սպասարկման բաժին
(հավելվածը խմբ. 04.12.07 N 24-Ն, փոփ. 24.06.09 N 20-Ն, 13.11.09 N 37-Ն)