ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1237-Ն
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և 3-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատում իրականացնող գործադիր իշխանության հանրապետական մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1237-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը:
2. Մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման ենթակա են օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը (այսուհետ` նորմատիվ իրավական ակտի նախագիծ):
3. Նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակող մարմինը, նախագծի կապակցությամբ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն ստանալու նպատակով, նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (ազդեցության գնահատող): Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից տրամադրված ապրանքային շուկաների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
4. Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում և դրա վերաբերյալ եզրակացություն կազմում է նորմատիվ իրավական ակտի նախագիծն ստանալու օրվանից հետո 15-օրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում:
5. Նորմատիվ իրավական ակտի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելիս` ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագծի ընդունման դեպքում պարզում է դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները և մրցակցության բնագավառի վրա դրանց ազդեցությունը:
6. Ազդեցության գնահատողի կողմից ազդեցության գնահատումն իրականացվում է երեք փուլով`
1) նախնական փուլ.
2) ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլ.
3) եզրակացության կազմման փուլ:
7. Նախնական փուլում ազդեցության գնահատողը`
1) սահմանում է այն ապրանքները և ծառայությունները, որոնց շրջանառության ոլորտի (ապրանքային շուկայի) վրա հնարավոր ազդեցություն կարող են ունենալ կարգավորման նոր շրջանակները.
2) դիտարկում է այդ ապրանքային շուկայում մրցակցության առկա մակարդակը, որը հիմք կծառայի մրցակցության վրա կարգավորման ազդեցության գնահատման հետագա գործընթացի համար:
8. Ազդեցության գնահատողը, մինչև ազդեցության գնահատման գործընթացի իրականացումը, դիմում է հանձնաժողովին` համապատասխան ապրանքային շուկայի վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով: Հանձնաժողովը սահմանված կարգով ուսումնասիրում է տվյալ ապրանքային շուկան և արդյունքները տրամադրում ազդեցության գնահատողին:
9. Եթե նախնական փուլում ստացված տեղեկատվության հիման վրա հաստատվում է, որ իրավական ակտի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի կարող լինել, ապա մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվում են և արձանագրվում են դիտարկումների արդյունքները, մասնավորապես, զգալի ազդեցություն չհայտնաբերվելու կապակցությամբ հիմնավորված եզրակացություն:
10. Եթե նախնական փուլում ստացված տեղեկատվության հիման վրա հաստատվում է, որ իրավական ակտի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն կարող է լինել, ապա շարունակվում է մրցակցության վրա նորմատիվ իրավական ակտի ազդեցության գնահատման գործընթացը:
11. Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլը ներառում է հետևյալ առանցքային ուղղությունները`
1) ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակիորեն սահմանափակումը կամ սահմանափակման հնարավորությունը.
2) ապրանքային շուկայում մատակարարների քանակի անուղղակիորեն սահմանափակումը կամ սահմանափակման հնարավորությունը.
3) միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակումը կամ սահմանափակման հնարավորությունը.
4) միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակումը կամ սահմանափակման հնարավորությունը:
12. Ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակիորեն սահմանափակման խնդիրը դիտարկելիս` հաշվի են առնվում հետևյալ տարբերակները, որոնք կարող են հանգեցնել շուկայում մատակարարների քանակի սահմանափակմանը`
1) որևէ ընկերությանը կամ ընկերություններին բացառիկ մատակարարման իրավունքի շհորհմանը.
2) մեկ կամ սահմանափակ քանակով մատակարարից գնումներ կատարելուն.
3) լիցենզավորման բարդ համակարգի ստեղծմանը.
4) մատակարարների հստակ քանակի սահմանմանը:
13. Ապրանքային շուկայում մատակարարների քանակի անուղղակիորեն սահմանափակման խնդիրը դիտարկելիս` հաշվի են առնվում հետևյալ տարբերակները, երբ առաջարկվող կարգավորման նոր շրջանակներ`
1) էականորեն բարձրացնում են շուկա մուտք գործող նոր ընկերությունների ծախսերն ի համեմատ շուկայում արդեն իսկ գործողների.
2) էականորեն բարձրացնում են շուկայում գործող որոշ ընկերությունների ծախսերն ի համեմատ այլ գործող ընկերությունների.
3) էականորեն բարձրացնում են շուկա մուտք գործելու և դուրս գալու ծախսերը:
14. Միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակման խնդիրը դիտարկելիս` հաշվի են առնվում հետևյալ տարբերակները, երբ կարգավորման նոր շրջանակները`
1) վերահսկում կամ էականորեն ազդում են մատակարարների գների վրա, մատակարարվող ապրանքների հատկանիշների վրա (օրինակ` սահմանելով որակական նոր շեմ).
2) սահմանափակում են տվյալ բնագավառում նորարարությունների ներդրման շրջանակը.
3) սահմանափակում են վաճառքի ցանցը, որը մատակարարը կարող է օգտագործել և աշխարհագրական տարածքը, որտեղ մատակարարը կարող է գործել.
4) էականորեն սահմանափակում են մատակարարների հնարավորությունները գովազդելու իրենց արտադրանքը և ծառայությունները.
5) սահմանափակում են մատակարարների հնարավորությունները կազմակերպելու իրենց սեփական արտադրական գործընթացը կամ ընտրությունը կազմակերպաիրավական կառուցվածքի նկատմամբ:
15. Միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակման խնդիրը դիտարկելիս` հաշվի են առնվում հետևյալ տարբերակները, երբ կարգավորման նոր շրջանակները ենթադրում են, որ`
1) մատակարարները չեն ընդգրկվում մրցակցության օրենսդրության կարգավորման դաշտում.
2) մատակարարների ինքնարժեքի, գների, վաճառքի ծավալների վերաբերյալ առկա է սպառիչ տեղեկատվություն.
3) սպառողների համար բարձրանում են առկա մատակարարին փոխելու և մեկ այլ մատակարարից գնումներ կատարելու ծախսերը:
16. Եզրակացության կազմման փուլում ազդեցության գնահատողը, հիմք ընդունելով առաջին և երկրորդ փուլերով իրականացված աշխատանքները, կազմում է նորմատիվ իրավական ակտի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն և ներկայացնում նախագիծը մշակած մարմին:
17. Նորմատիվ իրավական ակտի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելիս` ազդեցության գնահատողը դիմում է նախագիծը մշակած կամ այլ իրավասու մարմիններին ու կազմակերպություններին` նորմատիվ իրավական ակտի նախագծի տնտեսական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման համար անհրաժեշտ լրացուցիչ հաշվարկներ և (կամ) հիմնավորումներ և (կամ) այլ տվյալներ և (կամ) տեղեկություններ ստանալու համար:
18. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը մշակած կամ այլ իրավասու մարմինը կամ կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հաշվարկները և (կամ) հիմնավորումները և (կամ) այլ տվյալները կամ տեղեկությունները (այդպիսիք լինելու դեպքում) ներկայացնում են ազդեցության գնահատողին` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |