«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1098-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԵՐԻ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.10.09 N 1176-Ն)
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 15.10.09 N 1176-Ն)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ճշտել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մասնավորեցումից ստացված գումարների մեծությունը` ըստ համայնքների, և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԵՐԻ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
(վերնագիրը փոփ. 15.10.09 N 1176-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի` 30 տոկոս կազմող ֆինանսական միջոցների տնօրինման գործընթացը:
(1-ին կետը փոփ. 15.10.09 N 1176-Ն)
2. Սույն կարգի 1-ին կետում նշված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն են ներկայացվում կապիտալ ծախսերի ծրագրերի (այսուհետ` ծրագիր) տեսքով, որոնց իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվում են համայնքի բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները:
3. Ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող ծրագրերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ծրագրերից, իսկ նախահաշիվները պետք է կազմվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության համար սահմանված նորմատիվների շրջանակներում: Նույն գումարի սահմաններում քննարկման համար մշակվում են 2 կամ ավելի ծրագրեր` տվյալ համայնքի համար առավել արդյունավետն ընտրելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությունը մասնավորեցումից ստացված գումարների փոխանցման մասին տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, ինչպես նաև համապատասխան համայնքին:
5. Առաջարկել`
1) Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա Երևանի ավագանու նիստի քննարկմանը ներկայացնել ծրագիրը (ծրագրերը) և այն հաստատվելու օրվանից 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին.
2) համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տեղեկատվությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում համապատասխան մարզպետին ներկայացնել ավագանու հավանությանն արժանացած ծրագիրը (ծրագրերը):
(5-րդ կետը խմբ. 15.10.09 N 1176-Ն)
6. Մարզպետը 5-օրյա ժամկետում ստուգում է ծրագրի (ծրագրերի) համապատասխանությունը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, քննարկելով ներկայացված ծրագրի (ծրագրերի) արդյունավետությունը, իսկ Երևան քաղաքի դեպքում` նաև դրա համապատասխանությունը սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին, սահմանված կարգով այն (դրանք) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
(7-րդ կետը լրաց. 15.10.09 N 1176-Ն)
8. Ծրագրերի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը:
(8-րդ կետը փոփ. 15.10.09 N 1176-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 15.10.09 N 1176-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |