ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0014/01/09
|
Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան |
|
Դատավորներ՝ Ա. Դանիելյան Մ. Ռեհանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
|
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի |
16 սեպտեմբերի 2009 թվականին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է թիվ 13132308 քրեական գործը:
2. 2008 թվականի դեկտեմբերի 24-ին Գագիկ Գևորգի Շամշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով:
3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի ապրիլի 17-ի դատավճռով Գ.Շամշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի երեք հարյուր հիսունապատիկի՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
4. Գ.Շամշյանի պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ մերժել:
2009 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Գ.Շամշյանի նկատմամբ կիրառել է ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 15-ի որոշմամբ անփոփոխ թողնված՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանք պատժից:
5. Գ.Շամշյանի պաշտպանը 2009 թվականի հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ վերադարձվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
2009 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Գ.Շամշյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել այն բանի համար, որ 2008 թվականի օգոստոսի 5-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 5 նիստերի դահլիճում, դատական նիստի ժամանակ, իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ նույն դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրություններին չի ենթարկվել և դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է դատավորին վիրավորելով, ինչն արտահայտվել է դատավորի հասցեին հնչեցրած՝ «այ մառթ, արի մեր տեղը նյութ գրի, սրբագրություն արա, էտ էլ արա պռծի էլի», «Սաղ կյանքտ …էս, արգելանքի մեչ էս եղել հա», «հորթ», «տխմար» և այլ վիրավորական արտահայտություններով:
7. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշմամբ տուժող Արթուր Պողոսյանի գույքը խարդախությամբ հափշտակելու դրվագով Գ.Շամշյանի նկատմամբ կիրառվել է «ՀՀ անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ» համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման 2-րդ կետը, և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը ու այդ մասով նա ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Նույն դատարանի 2007 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ տուժող Ծովիկ Հայրապետյանի գույքը խարդախությամբ հափշտակելու դրվագով Գ.Շամշյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2001 թվականի հունիսի 12-ի որոշման 2-րդ կետը, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը ու այդ մասով նա ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունիսի 6-ի դատավճռով Գ.Շամշյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Ըստ բողոք բերած անձի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հուլիսի 15-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ, որի արդյունքում անհիմն և չարդարացված բարելավվել է ամբաստանյալի վիճակը: Վկայակոչելով ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ հոդվածի 2-րդ կետը՝ բողոք բերած անձը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Գ.Շամշյանի նկատմամբ չէր կարող կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 15-ի որոշումը և ուժի մեջ թողնել նույն դատարանի 2009 թվականի հունիսի 15-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասո՞ւ էր արդյոք Գ.Շամշյանի նկատմամբ կիրառել համաներման ակտ և նրան ազատել նշանակված պատժից` այն դեպքում, երբ նրա նկատմամբ նախկինում կիրառվել է համաներման ակտ:
10. ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային ժողովը Հանրապետության նախագահի առաջարկությամբ հայտարարում է համաներում»:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Համաներում կիրառելու կարգը սահմանում է համաներման ակտն ընդունող մարմինը»:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ համաներման կիրառման կարգը, այդ թվում՝ ըստ անձանց շրջանակի դրա կիրառման սահմանափակումները նախատեսվում են այն ընդունող մարմնի՝ Ազգային ժողովի կողմից:
11. ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` համաներումը չպետք է կիրառել այն անձանց նկատմամբ (…) և որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են (…) ՀՀ Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական գործերը կարճվել են ՀՀ Ազգային ժողովի համաներման մասին որոշումներով, և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հանցագործությունների համար դատվածությունը մարելուց հետո անցել է 10 տարի:
Վերոշարադրյալ դրույթի վերլուծությունից երևում է, որ ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ում վերաբերյալ քրեական գործը նախկինում կարճվել է կամ ազատվել է նշանակված պատժից ՀՀ Ազգային ժողովի համաներման մասին որոշմամբ:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի և 2007 թվականի ապրիլի 27-ի որոշումներով Գ.Շամշյանի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Գ.Շամշյանի նկատմամբ կրկին կիրառել է ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը, և նրան ազատել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հունիսի 15-ի որոշմամբ անփոփոխ թողնված՝ 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանք պատժից (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):
Փաստորեն, սույն գործով վերաքննիչ դատարանը, Գ.Շամշյանի նկատմամբ համաներման ակտ կիրառելով թույլ է տվել ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտում:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը և նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման կիրառման սահմանափակումները թույլ չեն տալիս Գ.Շամշյանի նկատմամբ կիրառել վերոնշյալ ակտը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված պահանջների պայմաններում Գ.Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու և նրան պատժից ազատելու որոշում կայացնելով, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն հիմք են հանդիսանում որոշումը բեկանելու և համաներման կիրառման մասով գործի վարույթը կարճելու համար:
Վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` ՀՀ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Գագիկ Գևորգի Շամշյանին «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ պատժից ազատելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և համաներման կիրառման մասով գործի վարույթը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |