ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՆԴ/0013/11/08
|
Նախագահող դատավոր՝ Ժ. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Ջ. Ֆարխոյանի | |
փաստաբան |
Վ. Քոսյանի |
2009 թվականի օգոստոսի 21-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2006 թվականի մայիսի 16-ին Սերգեյ Արշակի Հակոբյանը դիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազություն այն մասին, որ իր տնօրինած «Իրինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պատվերով դեռևս 2002 թվականին կառուցված գազատարի կատարողական-տեխնիկական փաստաթղթերում իր ստորագրությունները կեղծված են, և որ 2003 թվականի հոկտեմբեր ամսին Հակոբ Խաչիկի Քոսյանի կողմից ապամոնտաժվել և վաճառվել է 1.080 մետր երկարությամբ խողովակաշարը:
2. Ս.Հակոբյանի դիմումի հիման վրա նախապատրաստած նյութերով 2006 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է թիվ 17204706 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2006 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ թիվ 17204706 քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
3. ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Ս.Հովսեփյանի 2007 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացվել է:
4. Վերոգրյալ որոշումը Հ.Քոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանի կողմից բողոքարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի 2008 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է, թիվ 17204706 թրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին ավագ դատախազ Ս.Հովսեփյանի 2007 թվականի փետրվարի 8-ի որոշումը վերացվել է:
5. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանը, քննարկելով Ս.Հակոբյանի կողմից 2008 թվականի օգոստոսի 26-ին ներկայացված դիմումը, 2008 թվականի սեպտեմբերի 5-ին որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:
6. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշումը Վ.Քոսյանի կողմից բողոքարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազին, որի կապակցությամբ 2008 թվականի նոյեմբերի 4-ին հայտնվել է, որ բողոքարկվող որոշումը հիմնավոր է, և այն վերացնելու հիմքեր չկան:
7. 2008 թվականի նոյեմբերի 5-ին Վ.Քոսյանը բողոք է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին ավագ դատախազ Հ.Հովսեփյանի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Վ.Քոսյանի բողոքը բավարարվել է, իսկ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին ավագ դատախազ Հ.Հովսեփյանի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը` վերացվել:
8. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 19-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, իսկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
9. Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազը, որը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ 2009 թվականի հունիսի 11-ին վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը` խնդրելով վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի:
Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը համարել է հարգելի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
11. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին ավագ դատախազ Հ.Հովսեփյանի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը վերացվել է այն պատճառաբանությամբ, որ «Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման սպառիչ հիմքերը նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածով: Տվյալ դեպքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը»:
12. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումն օրինական ուժի մեջ է թողել` եզրահանգելով, որ «Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պահպանելով օրենքը, կայացրել է օրինական, հիմնավորված, պատճառաբանված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, ուստի դատախազի վերաքննիչ բողոքը պետք է մերժել»:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Բողոք բերած անձը գտնում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումն օրինական է և հիմանվորված, դրա հիմքում դրված հանգամանքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը վերանայելու համար նոր երևան եկած հանգամանքներ են, հետևաբար դատարաններն անհիմն կերպով վերացրել են հիշատակված որոշումը` զրկելով նախաքննության մարմնին քննություն կատարելու և ճշմարտությունը բացահայտելու հնարավորությունից:
14. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքն ու Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու որոշումը դատական վերահսկողության ոլորտից դուրս է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այն բողոքարկելու հիմքեր կամ կարգ սահմանված չէ:
Ըստ բողոքաբերի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու հիմնական նպատակը ոչ թե անձի իրավունքների և ազատությունների սահմանափակումն է, այլ օրինական քննության համար քրեադատավարական հիմք ստեղծելը, որը հնարավորություն է տալիս արդյունավետ քննություն իրականացնելու և դիմողի կողմից նշված փաստարկները ստուգելու նպատակով օգտագործել քրեադատավարական օրենքով նախատեսված իրավական գործիքները` ստանալ փաստաթղթեր, նշանակել փորձաքննություններ և այլն:
15. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
16. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4265 -րդ հոդվածով նախատեսված՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին դատախազի որոշումը կարո՞ղ է արդյոք բողոքարկվել դատական կարգով:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4265 -րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած հանգամանքների մասին հայտարարությունները և հաղորդումներն ուղարկվում են դատախազին:
2. Սույն օրենսգրքի 4263 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին: (…)»:
Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարությունում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ դատախազի կողմից հարուցվում է իրեն ուղղված հայտարարության կամ հաղորդման մեջ նշված նոր երևան եկած հանգամանքների առկայությունը հաստատելու կամ հերքելու նպատակով: Նշված որոշման կայացման պահից է սկսվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4265 -րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քննությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշման կայացումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներից: Այդ որոշումը, որպես վարույթի վերաբացման հիմքը ձևավորող իրավական միջոց, կարևոր երաշխիք է հանդիսանում ապահովելու համար անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, ինչպես նաև հնարավորություն է տալիս քրեական դատավարություն իրականացնող մարմիններին ձեռնարկելու բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում քրեական oրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական oրենքով նախատեսված դեպքերում և ՀՀ քրեական դատավարության oրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի:
18. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:
Անձի դատական պաշտպանության իրավունքն ամրագրող սահմանադրական այս նորմից երևում է, որ խախտված իրավունքների վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը տարածվում է քրեական դատավարություն իրականացնող մարմինների բոլոր այն որոշումների և գործողությունների վրա, որոնք խախտում են իր իրավունքները և օրինական շահերը: Այլ կերպ ասած, եթե քրեական դատավարություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են բողոքարկման դատական կարգով:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանը, քննարկելով Ս.Հակոբյանի դիմումը, որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Ինչպես նշվել է սույն որոշման 17-րդ կետում, նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթի հարուցումը նպատակ է հետապնդում հաստատել կամ հերքել դատախազին ուղղված հայտարարության կամ հաղորդման մեջ նշված նոր երևան եկած հանգամանքների առկայությունը: Նշված որոշումը կայացվում է փաստի (հայտարարության կամ հաղորդման) առթիվ, և ինքնին չի առնչվում քրեական դատավարության ոլորտ ներգրավված որևէ անձի իրավունքների և օրինական շահերի հետ:
20. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազի որոշումը դատական բողոքարկման առարկա լինել չի կարող:
Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իրավասու չէր դատական ստուգման ենթարկելու նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին ավագ դատախազ Հ.Հովսեփյանի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի եզրահանգումն այն մասին, որ «Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պահպանելով օրենքը, կայացրել է օրինական, հիմնավորված, պատճառաբանված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, (…)» (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), անհիմն է: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ, օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, այն է` վարույթն իրականացնող մարմինը զրկվել է հաղորդման մեջ նշված նոր երևան եկած հանգամանքների առթիվ քննություն կատարելու, դրանց առկայությունը հաստատելու կամ հերքելու հնարավորությունից:
21. Դատավարական իրավունքի վերոնշյալ խախտումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է:
Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով, անհրաժեշտ է համարում կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել վճռաբեկ բողոքը, բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և փաստաբան Վ.Քոսյանի կողմից` Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման բողոքարկման արդյունքում դատարանում հարուցված վարույթը կարճել:
22. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշումը դատական բողոքարկման առարկա չի հանդիսանում, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման հիմքում դրված հանգամանքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը վերանայելու համար նոր երևան եկած հանգամանքներ են:
23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշման դատական վերահսկողության առարկա չլինելու հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշումները բեկանել և փաստաբան Վ.Քոսյանի բողոքի հիման վրա դատարանում հարուցված վարույթը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | |
Հ. Ղուկասյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|