«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
16 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 421-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒ-ՔԱՍԼ ԿԱՄ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել թռչունների Նյու-Քասլ հիվանդության կամ կեղծ ժանտախտ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
Ա. Բախչագուլյան |
Հավելված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 16-ի N 421-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒ-ՔԱՍԼ ԿԱՄ ԿԵՂԾ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Թռչունների «Նյու-Քասլ» հիվանդությունը կամ «Կեղծ ժանտախտ» հիվանդությունը (այսուհետ՝ հիվանդություն) սուր ընթացքով և արագ տարածվող վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է շնչառական օրգանների, մարսողական և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, հանգեցնում է թռչունների զանգվածային անկման: Հիվանդության նկատմամբ զգայուն են հավազգիների ընտանի և վայրի ցեղատեսակների բոլոր ներկայացուցիչները (հավեր, հնդկահավեր, փասիաններ, սիրամարգեր, խայտահավեր և այլն):
2. Հիվանդության հարուցիչ է հանդիսանում պարամիքսովիրուսների ընտանիքին պատկանող ՌՆԹ (ռիբոնուկլեինային թթու) պարունակող վիրուսը: Վիրուսը արտաքին միջավայրում տարածվում է հիմնականում քթարտադրության միջոցով:
3. Հիվանդության վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կամ հիվանդության գաղտնի շրջանում գտնվող թռչունները: Հիվանդության աղբյուր կարող են հանդիսանալ նաև հիվանդ թռչուններից ստացված՝ չախտահանված թռչնամթերքները, հումքը (հավկիթ, միս, փետուր, աղվափետուր), հիվանդ կենդանիների արտաթորանքով աղտոտված ջուրը, գույքը, սպասարկող անձնակազմի հագուստը, կոշիկները, տրանսպորտային միջոցները և այլն, որոնց վրա վիրուսը տևական ժամանակ կարող է պահպանվել:
4. Հիվանդության գաղտնի շրջանը 3-7 օր է, առանձին դեպքերում՝ մինչև 10 օր: Հիվանդությունն ախտորոշվում է կլինիկական, ախտաբանաանատոմիական, համաճարակաբանական տվյալների, վիրուսի անջատման և տիպավորման պարտադիր լաբորատոր հետազոտությունների հիման վրա: Թույլ դիմադրողականություն ունեցող, պատվաստված թռչունների մոտ հիվանդությունը կարող է ընթանալ առանց վառ արտահայտված կլինիկական և ախտաբանաանատոմիական ախտանիշների:
5. Հիվանդության ախտորոշումը տրվում է համաճարակաբանական, կլինիկական, ախտանատոմիական տվյալների և լաբորատոր պարտադիր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա: Ախտորոշման ժամանակ պետք է բացառել նման կլինիկական նշաններով և ախտաբանական փոփոխություններով մյուս հիվանդությունները:
6. Վարակի դեմ պայքարի և տարածման կանխման նպատակով սահմանափակող միջոցառումները կազմակերպվում են ըստ անապահով կետի, վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու և բուֆերային գոտու, որոնց սահմանները որոշում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ լիազոր մարմին) հաշվի առնելով տնտեսական կապերը, տարբեր բնապահպանական և աշխարհագրական պայմանները, ինչպես նաև բոլոր համաճարակաբանական գործոնները և անասնապահության վարման առանձնահատկությունները:
7. Անապահով կետ են համարվում անասնապահական տնտեսությունները և դրանց տարածքները, անասնապահական ֆերմաներն իրենց օժանդակ հարմարություններով, արոտավայրերով, ջրամբարներով, երբեմն առանձին արոտավայրեր, կենդանիների տեղափոխման երթուղիների որոշակի հատվածներ և այլ տարածքներ, բնակավայրը իր վարչատարածքային բաժանմամբ, որոնց սահմանում արձանագրվել է հիվանդությունը:
8. Վարակի օջախ է համարվում շինությունը, առանձին անասնապահական ֆերման, զբոսաբակը, ամառային ճամբարը, արոտավայրը կամ դրա մի հատվածը, սպանդանոցները կամ այլ տարածքները, որտեղ առկա են հիվանդ կենդանիներ կամ նրանցից ստացված չվարակազերծված մթերքներ և հումք:
9. Վարակի նկատմամբ սպառնալիքի գոտի է համարվում բնակավայրը, տնտեսությունը, արոտավայրերը կամ անապահով կետի շրջակայքում գտնվող այն տարածությունը, որն անմիջականորեն հարակից է նրան և կա վիրուսի ներթափանցման հնարավոր վտանգ:
10. Բուֆերային գոտի է համարվում այն տարածքը կամ երկրի մնացած տարածքները կամ ապահով գոտիները, որտեղ իրականացվում են կենդանիների կանխարգելիչ պարբերական պատվաստումներ:
II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
11. Հայաստանի Հանրապետությունում հիվանդության կանխարգելման նպատակով պետական միջոցների հաշվին իրականացվում են հավազգի թռչունների կանխարգելիչ պատվաստումներ, որի կատարմանն աջակցում են թռչունների սեփականատերերը, համայնքների ղեկավարները:
12. Պետական միջոցառումներում չներառված թռչնագլխաքանակի իմունականխարգելումը կատարվում է սեփականատերերի միջոցների հաշվին:
13. Թռչնագլխաքանակի սեփականատերը կամ տվյալ տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով լիազոր մարմնին ծանուցում է հիվանդության հայտնաբերման կամ կասկածի կամ թռչունների հիվանդացության և անկման դեպքերի մասին:
14. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իմունականխարգելիչ միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվե հումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:
III. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
15. Հիվանդության նկատմամբ կասկածի կամ հիվանդության ախտորոշումը հաստատվելու դեպքում թռչնաբուծական ֆաբրիկաների ղեկավարները, անասնաբույժները պարտավոր են՝
1) արգելել կողմնակի անձանց մուտքը տնտեսություն (բակ).
2) արգելել թռչունների, հավկիթների, թռչնաբուծության այլ արտադրանքների, գույքի, կերերի, գոմաղբի տեղաշարժը թե՛ տնտեսության և/կամ համայնքի ներսում, թե՛ տնտեսությունից և/կամ համայնքից դուրս.
3) հիվանդության մասին տեղեկատվությունը անհապաղ տրամադրել համայնքի ղեկավարին, անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններին /անձանց/ և լիազոր մարմնին:
16. Հիվանդության բռնկման կասկածի կամ ախտորոշման հաստատումից հետո լիազոր մարմինը կազմակերպում և իրականացնում է՝
1) դեպքի վայրում և հարակից տարածքներում, այդ թվում՝ համայնքներում համաճարակաբանական հետազոտություն և վերլուծություն.
2) համաճարակային իրավիճակը, հիվանդության հնարավոր տարածման ուղիները և սահմանները պարզելուց հետո սահմանում է անապահով կետի վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու սահմանները.
3) վարակի մեջ կասկածվող թռչունների կլինիկական զննում և ջերմաչափում` ուշադրություն դարձնելով լորձաթաղանթի վրա.
4) կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի, կենդանական ծագման հումքի և բոլոր տեսակի կերերի օգտագործման, տեղափոխման և իրացման նկատմամբ սահմանափակումներ:
17. Նախնական ախտորոշումը ճշտելու և վիրուսը որոշելու նպատակով հիվանդ կենդանիներից վերցվում է ախտաբանական նյութ, պահածոյացվում, փաթեթավորվում և 3-6 ժամվա ընթացքում ուղարկվում է լաբորատորիա:
18. Հիվանդության ախտորոշման հաստատման նպատակով տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը հերմետիկ փակ տարայի մեջ լաբորատորիա է ուղարկում թարմ դիակներ (ոչ պակաս՝ 3-5 թև) և հիվանդ թռչուններից ստացված արյան շիճուկ՝ 10-20 նմուշից ոչ պակաս:
18. Հիվանդության նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ բնակավայրը, տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը լիազոր մարմնի կողմից հայտարարվում է հիվանդության նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:
19. Քաղաքում հիվանդության հայտնաբերման դեպքում (կախված վարակի տարածվածությունից) կարանտինացվում են քաղաքի առանձին փողոցները, համայնքները կամ ամբողջ քաղաքը:
20. Հիվանդության բռնկման կասկածի և/կամ ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանտին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
21. Թռչնամիս արտադրող կազմակերպություններում հիվանդության հայտնաբերման դեպքում կարանտինը շարունակվում է այնքան ժամանակ, որքան պահանջվում է կազմակերպության տարածքում հիվանդության նկատմամբ ընկալունակ ողջ գլխաքանակի սպանդի և արտադրական մասերի և ձեռնարկության տարածքների մեխանիկական մաքրման, ախտահանության, միջատազերծման և կրծողազերծման համար:
22. Հիվանդության ախտորոշումից հետո վարակի նկատմամբ սպառնալիքի և բուֆերային գոտու տնտեսություններում առկա թռչնագլխաքանակը ենթարկվում է պարտադիր իմունականխարգելիչ պատվաստումների՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի: Հիվանդության հարուցիչը չտարածելու նպատակով միաժամանակ իրականացվում են պարբերական ընթացիկ ախտահանություններ: Ստուգվում է նաև վարակամերժության լարվածությունը՝ փորձաքննության ենթարկելով նույն թռչնանոցի 30 թռչունների արյան շիճուկը և անհրաժեշտության դեպքում կրկնակի պատվաստվում:
23. Մինչ կարանտինի ավարտը անապահով տնտեսություններում դադարեցվում է ձվերի ինկուբացիան և աճեցման համար նախատեսված ճտերի ընդունումը: Ինկուբացիոն ձվերը ոչնչացվում են կամ օգտահանվում:
24. Կարանտինի ընթացքում հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում, տարածքներում, համայնքներում արգելվում է՝
1) տեղակայման վայրերից հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների տեղափոխումը.
2) կողմնակի անձանց մուտքը.
3) թռչունների, հիվանդությունից անկած դիակների, թռչուններից ստացված մթերքի՝ հավկիթներ, սաղմեր, աղվափետուր և այլն առևտուրը, դուրսբերումը կամ մուտքը:
25. Հիվանդության նկատմամբ անապահով տարածքների տնտեսություններում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝
1) մորթի ոչ ենթակա մատղաշի մոտ հիվանդության հայտնաբերման դեպքում բոլոր հիվանդ և առողջ կենդանիները ենթարկվում են սպանդի (անարյուն եղանակով) կամ օգտահանման: Հիվանդության հարուցչի տարածման բացառման նպատակով անհապաղ անջատվում է սպանդանոցի օդափոխության համակարգը, փակվում են դռներն ու պատուհանները.
2) մորթի ենթակա մատղաշի և հասուն թռչունների մոտ հիվանդության հայտնաբերման դեպքում վերջիններս ենթարկվում են սպանդի (անարյուն եղանակով): Ոչնչացման կամ օգտահանման ենթակա են միայն հիվանդ և/կամ հիվանդության կասկածով թռչունները: Թռչնանոցում առկա մնացած թռչնաքանակը ենթակա է մորթի՝ մսեղիք ստանալու նպատակով: Մյուս գոմերում, որտեղ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, կատարվում են առկա թռչունների իմունականխարգելիչ պատվաստումներ՝ ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի և պատվաստված քանակությունը պահվում է խիստ մեկուսացված պայմաններում՝ հետագայում մորթի ենթարկելու համար: Պատվաստված խմբաքանակի մորթն իրականացվում է կարանտինի չեղյալ հայտարարումից առնվազն երկու շաբաթ առաջ.
3) անապահով տնտեսության ներսում մորթված թռչունների մսեղիքը ենթարկվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության և ջերմային մշակումից հետո օգտագործվում է տնտեսության ներսում աշխատող մարդկանց սննդի համար.
4) մեծ քանակությամբ մորթի դեպքում թույլատրվում է մսեղիքն օգտագործել նույն համայնքի կամ մարզի տարածքում գործող հանրային սննդի կազմակերպություններում՝ վերջիններիս առաքելով միայն ջերմային վերամշակումից հետո.
5) անապահով տնտեսություններում հարկադիր մորթն իրականացվում է անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովմամբ և մորթի սրահի, գույքի և սարքավորումների հետագա ախտահանմամբ.
6) կլինիկապես առողջ կենդանիների մորթից հետո ստացված աղվափետուրները, փետուրները ենթակա են ախտահանության՝ ըստ ախտահանիչ նյութի օգտագործման հրահանգի.
7) կարանտինի ընթացքում կամ մինչև հիվանդության հայտնաբերումը ստացված հավկիթները որպես սննդամթերք ենթակա են օգտագործման միայն տնտեսության ներսում 10 րոպե խաշելուց հետո: Մեծ քանակությամբ հավկիթների դեպքում, վերջիններս ախտահանվում են աերոզոլային եղանակով, որից հետո թույլատրվում է իրացնել մարզի տարածքում միայն բարձր ջերմաստիճանով պատրաստվող հրուշակեղենում կամ հացաբուլկեղենում.
8) անապահով գյուղացիական տնտեսություններում հիվանդ կամ հիվանդության կասկածով բոլոր թռչունները ենթակա են մորթի և օգտագործման միայն սեփական սննդում՝ բացառելով տնտեսությունից դուրս իրացումը կամ վաճառքը.
9) անապահով տնտեսություններին հարակից տնտեսությունների կամ բակերի թռչունները, որոնք շփում են ունեցել հիվանդ թռչունների հետ, ենթակա են պարտադիր մորթի և օգտագործվում են միայն ջերմային մշակումից հետո տվյալ տնտեսության ներսում.
10) անապահով և կարանտինի ենթակա տարածքների տնտեսություններում, թռչնանոցներում, փարախներում, օժանդակ տարածքներում, բակերում իրականացվում են մեխանիկական մաքրման և ախտահանության աշխատանքներ, իսկ գոմաղբը և ցամքարը ենթարկվում են կենսաջերմային ախտահանության: Անապահով տնտեսությունը սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները, աղբը, թառերը, կերամանները, կերի մնացորդները ենթակա են ախտահանության, ոչ թանկարժեք փայտյա գույքը՝ այրման:
26. Անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումն ապահովելու դեպքում սպառնալիքի և բուֆերային գոտիների թռչնանոցներից թույլատրվում է՝
1) մորթի համար նախատեսված թռչունների արտահանումը վերամշակող ձեռնարկություններ.
2) ախտահանված հավկիթների մատակարարումը սննդի իրացման ցանց.
3) ձվերի ինկուբացումը տնտեսության ներքին նպատակների համար.
4) ախտահանված աղվափետուրի և փետուրի դուրսբերումը և իրացումը կազմակերպություններին:
27. Հիվանդության նկատմամբ կարանտինը հանվում՝ չեղյալ է հայտարարվում լիազոր մարմնի ներկայացմամբ՝ հիվանդության վերջին դեպքի գրանցումից, մաքրման աշխատանքներից, տարածքների և օժանդակ կառույցների եզրափակիչ ախտահանությունից 30 օր հետո: Հիվանդության բռնկման հետևանքով ամբողջ գլխաքանակի ոչնչացման դեպքում կարանտինը հանվում է թռչնանոցի և օժանդակ տարածքների եզրափակիչ ախտահանությունից 15 օր հետո:
28. Կարանտինը չեղյալ հայտարարելուց առաջ լիազոր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների կողմից կազմվում է ակտ, նշելով հիվանդության ընթացքը մինչև պատվաստումները, ըստ կենդանատեսակների անկումների քանակը և անկման ամսաթիվը, պատվաստված կենդանիների քանակը, օգտագործված պատվաստանյութի անվանումը, դոզան, սերիան և պետհսկիչի համարները, պատվաստման ժամկետը, պատվաստանյութն արտադրողը, պատվաստումներից հետո տեղի ունեցած բարդությունների, անցկացված անասնաբուժասանիտարական միջոցառումների, վարակված գոմաղբի պահեստավորման տեղերի և այլնի մասին: Ակտը կազմում են երկու օրինակից, որից մեկը տրվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, մյուսը ուղարկվում է լիազոր մարմին:
29. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:
