ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0594/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0594/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Է. Մուրադյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Է. Հայրիյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Ե. Սողոմոնյանի
Տ. Պետրոսյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սաբլեր Գրիգորյանի ներկայացուցիչ Նարիման Միրզաբեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ «Պրոգրես» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Սաբլեր Գրիգորյանի՝ գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Սաբլեր Գրիգորյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորը կամ բռնագանձել դրա արժեքը` 3.500.000 ՀՀ դրամի չափով:
Ընկերությունը, նվազեցնելով հայցային պահանջի չափը, պահանջել է բռնագանձել 2.800.000 ՀՀ դրամ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` պարտավորեցնել Սաբլեր Գրիգորյանին Ընկերությանը հանձնել «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորը կամ հօգուտ Ընկերության բռնագանձել դրա արժեքը՝ 2.800.000 ՀՀ դրամ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2008 թվականի որոշմամբ Սաբլեր Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սաբլեր Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 53-րդ, 130-րդ և 131-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորն Ընկերությանը պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, իսկ դրա արժեքը բռնագանձելիս չի որոշվել դրա իրական արժեքը, և որոշմամբ չի անդրադարձել դրա վերաբերյալ թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումներին:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելիս խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ հոդվածները, 87-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը, 92-րդ հոդվածը:
2. Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, որը սույն գործի համար ունի էական նշանակություն:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Բողոքին կից ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության «Ձեռնարկությունների գնահատման բաժնի» 19.06.1996 թվականի հավելված 1 ակտ-01 ակտի պատճենը, որով «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորի արժեքը գնահատվել է 352.004 ՀՀ դրամ և 01.04.1996 թվականի «Արմավիրշին» ՓԲ ընկերության հիմնական միջոցների անվանացանկի վերաբերյալ տեղեկանքի պատճենը, որի համաձայն` «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորի մաշվածությունը կազմել է 100 %:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411 -րդ հոդվածի համաձայն` վերոշարադրյալները նոր երևան եկած հանգամանքներ են և Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելու հիմք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 23.12.2008 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումը
Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, այն կայացվել է գործի փաստական հանգամանքների հիման վրա, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է, հետևաբար, այն պետք է մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. «Արմավիրշին» ԲԲ ընկերության 01.06.1998 թվականի թիվ ԿԲ-14 հրամանով Սաբլեր Գրիգորյանն ազատվել է աշխատանքից և տեղափոխվել Ընկերություն իրեն ամրակցված «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորով (գ.թ. 11-12):
2. 27.03.1998 թվականի թիվ 12 արձանագրության համաձայն` «Արմավիրշին» ԲԲ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշել է` պարտքի դիմաց «Արմավիրշին» ԲԲ ընկերության հաշվեկշռից փոխանցել Ընկերության հաշվեկշռին հիմնական և շրջանառու միջոցները, այդ թվում նաև` Սաբլեր Գրիգորյանին ամրակցված «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորը (գ.թ. 7):
3. «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորի արժեքի վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե´ս Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանագամանքը, որ սույն գործում էքսկավատորի արժեքի վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ: Ավելին, «ԷՕ-4321» մակնիշի էքսկավատորի արժեքը բռնագանձելու պայմաններում չի նշվել արժեքի վերաբերյալ հիմնավորումները` գնահատման հիմքը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությանը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելիս խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի ու 92-րդ հոդվածի պահանջները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա չէ:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411 -րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքին կից ներկայացված ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության «Ձեռնարկությունների գնահատման բաժնի» 19.06.1996 թվականի հավելված 1 ակտ-01 ակտը և 01.04.1996 թվականի «Արմավիրշին» ՓԲ ընկերության հիմնական միջոցների անվանացանկի վերաբերյալ տեղեկանքը չեն կարող համարվել որպես գրավոր ապացույցներ, իսկ դրանցում արձանագրված հանգամանքները գնահատվել որպես նոր երևան եկած հանագամանքներ, քանի որ փաստաթղթերը չեն ներկայացվել բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարման հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |