Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՂՁՈՒՑԻՉ, ԹՈՒՆԱՎՈՐՈՂ ԿԱՄ ԱՅԼ ԳԱԶԵՐԻ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներքոստորագրյալ լիազորված ներկայացուցիչները, իրենց համապատասխան կառավարությունների անունից,
նկատի ունենալով, որ պատերազմի ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի և բոլոր համանման հեղուկների, նյութերի կամ սարքերի օգտագործումը արդարացիորեն դատապարտվել է քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր կարծիքով, և
նկատի ունենալով, որ այդպիսի օգտագործման արգելումը հայտարարվել է այն պայմանագրերում, որոնց անդամ է հանդիսանում աշխարհի տերությունների մեծ մասը, և
նպատակ ունենալով, որ այդ արգելքը պետք է համընդհանուր ընդունվի՝ որպես միջազգային իրավունքի մաս, հավասարապես պարտադիր դառնալով ազգերի խղճի և սովորույթի համար,
հայտարարում են՝
Բարձր Պայմանավորվող կողմերը, այնքանով, որքանով դեռևս չեն հանդիսանում նման օգտագործումն արգելող պայմանագրերի կողմեր, ընդունում են այս արգելքը, համաձայնում են տարածել այս արգելքը մանրէաբանական պատերազմի միջոցների վրա և համաձայնում են միմյանց նկատմամբ պարտավորված լինել սույն hռչակագրի պայմանների համաձայն:
Բարձր Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր ջանքերը որպեսզի հորդորեն այլ պետություններին միանալու սույն Արձանագրությանը: Նման միանալու մասին կտեղեկացվի Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը, իսկ վերջինիս կողմից՝ բոլոր ստորագրած և միացած պետություններին, և ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ծանուցման օրվանից:
Սույն Արձանագրությունը, որի ֆրանսերեն և անգլերեն տեքստերը հավասարազոր են, պետք է վավերացվի հնարավորինս շուտ: Այն կկրի այսօրվա ամսաթիվը:
Սույն Արձանագրության վավերագրերը պետք է հասցեագրվեն Ֆրանսիայի Հանրապետության կառավարությանը, որն այդպիսի վավերագրերն ի պահ ընդունելու մասին կծանուցի ստորագրած և միացած պետություններին:
Սույն Արձանագրության վավերացնելու կամ միանալու մասին փաստաթղթերը կպահվեն Ֆրանսիայի Հանրապետության կառավարության արխիվներում:
Սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության համար ուժի մեջ կմտնի իր վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից, և այդ պահից սկսած՝ յուրաքանչյուր պետություն պարտավորված կլինի վավերագրերն արդեն ի պահ հանձնած պետությունների նկատմամբ:
Ի վկայություն որի՝ լիազոր ներկայացուցիչներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ժնևում, մեկ օրինակով, հազար ինը հարյուր քսանհինգ թվականի հունիսի տասնյոթին: