ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0785/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0785/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Տ. Սահակյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Տատյանա Սաֆոնովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տատյանա Սաֆոնովայի ընդդեմ Լեոնիդ Դավթյանի և Ալլա Դուրյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումները վերացնելու պահանջների մասին և ըստ Լեոնիդ Դավթյանի և Ալլա Դուրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տատյանա Սաֆոնովայի՝ Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 հասցեի տան վերաբերյալ 17.10.2006 թվականին տրված թիվ 2157414 սեփականության իրավունքի վկայականում հողամասի հատակագծի 5, 6, 7 կետերում նշված ուղիղ հատվածն անվավեր ճանաչելու և այդ նույն հատվածն ըստ 21.10.2005 թվականին տրված թիվ 2111835 սեփականության իրավունքի վկայականի հողամասի հատակագծում նշված 2-3, 4-5, 5-6 աստիճանաձև գծագիրը երկու հասցեների համար վավեր և նույնական ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տատյանա Սաֆոնովան պահանջել է պարտավորեցնել Լեոնիդ Դավթյանին և Ալլա Դուրյանին վերադարձնել վերջիններիս կողմից ապօրինի տիրապետվող հողամասը, ինչպես նաև վերացնել սեփականության իրավունքի խախտումները, որոնք կապված չեն տիրապետումից զրկելու հետ, այն է՝ հողամասից հանել ջրահեռացման խողովակները, իրենց տան տանիքում կառուցել ձնահավաք շերտ և բարձրացնել բնական գազի մուտքն ապահովող խողովակը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լեոնիդ Դավթյանը և Ալլա Դուրյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 հասցեի տան վերաբերյալ Տատյանա Սաֆոնովային 17.10.2006 թվականին տրված թիվ 2157414 սեփականության իրավունքի գրանցման վկայականում հողամասի հատակագծի 5, 6, 7 կետերում նշված ուղիղ հատվածը և այդ նույն հատվածն ըստ 21.10.2005 թվականին տրված թիվ 2111835 սեփականության իրավունքի գրանցման վկայականում հողամասի հատակագծի 2-3, 4-5, 5-6 հատվածը ճանաչել վավեր և նույնական:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.07.2008 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2008 թվականի որոշմամբ Տատյանա Սաֆոնովայի վերաքննիչ բողոքը մերժվել և Դատարանի 23.07.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տատյանա Սաֆոնովան:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լեոնիդ Դավթյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ, 277-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել քաղաքացիական գործում առկա հետևյալ ապացույցները, մասնավորապես` ա) 11.01.2008թ. Երևանի քաղաքապետարանի ՃՔ վարչության պետի թիվ 18-06/2-24735 գրությունը, բ) ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի 25.01.2008 թվականի Ի1 ՍՀ-25/268 գրությունը, գ) Երևանի քաղաքապետարանի ՃՔ վարչության պետի 28.04.2008 թվականի գրությունն ուղղված ՀՀ ոստիկանության Երևանի Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետին, դ) Տատյանա Սաֆոնովային պատկանող անշարժ գույքի կադաստրային գործի նյութերը, ե) Լեոնիդ Դավթյանին և Ալլա Դուրյանին պատկանող անշարժ գույքի կադաստրային գործի նյութերը, զ) Կարինե Կալաջյանին պատկանող անշարժ գույքի կադաստրային գործի նյութերը, է) Ռ. Բաղդասարյանի հայտարարությունը, ը) Խ. Գալաջյանի հայտարարությունը, թ) Վ. Մամիկոնյանի և Ռ. Հարությունյանի վկայությունը, ժ) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» ստորաբաժանման կողմից կատարված տեղազննության արդյունքները, ի) տեղատեսության արձանագրությունը, լ) լուսանկարները։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՃՔ վարչության պետի 11.01.2008 թվականի թիվ 18-06/2-24735 և 28.04.2008 թվականի գրություններով ուղղակիորեն հիմնավորվում է, որ Երևանի Փափազյան 2-րդ նրբանցք 62, 62/1, 62/2 հասցեների հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 534,8քմ, որից 62 հասցեինը (Դավթյան, Դուրյան)՝ 263,19քմ, 62/1 հասցեինը (Կ. Գալաջյան)՝ 146,54քմ և 62/2 հասցեինը (Սաֆոնովա)՝ 125,07քմ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների համաձայն` 62 հասցեի հողամասի չափը կազմում է 240,6քմ, իսկ 62/1 և 62/2 հասցեներից յուրաքանչյուրի հողամասի չափը կազմում է 146,54քմ, ապա պարզ է դառնում, որ Դավթյանն ու Դուրյանն ապօրինի տիրապետում են Սաֆոնովային սեփականության իրավունքով պատկանող շուրջ 22քմ մակերեսով հողամասը։
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական տեսչության պետի 25.01.2008 թվականի գրության համաձայն՝ 62 հասցեի սեփականատերն իր հողամասից դուրս զավթել է 22,34քմ մակերեսով տարածք։
Վեճի լուծման համար կարևոր նշանակություն ունեցող այս ապացույցներն ուղղակիորեն հաստատում են, որ Լեոնիդ Դավթյանը և Ալլա Դուրյանն ապօրինի տիրապետում են Տատյանա Սաֆոնովային սեփականության իրավունքով պատկանող շուրջ 22 քմ մակերեսով հողամասը։
Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածը, որի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, ՀՀ միջազգային պայմանագրերը և իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է մերժում սույն բողոքում նշված ապացույցները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2008 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Տատյանա Սաֆոնովային 17.10.2006 թվականին տրված թիվ 2157414 սեփականության իրավունքի գրանցման վկայականում հողամասի լայնությունը մի կողմից նշված է 4,4մ, իսկ մյուս կողմից՝ 3,2մ:
Ստացվում է, որ Տատյանա Սաֆոնովայի հողամասի մակերեսը կազմում է 162,64քմ: Այնինչ, ըստ վերջինիս պնդման, իր հողամասի մակերեսը պետք է լինի 146,54քմ, սակայն այն իբրև թե 22,34քմ մակերեսով քիչ է: Սակայն հաշվարկը ցույց է տալիս, որ Տատյանա Սաֆոնովայի հողամասը կազմում է 162,64քմ, հետևաբար իրեն հասանելիք 146,54քմ ավել է օգտագործում 16,1քմ հողամաս:
Նշված փաստերով միանշանակորեն ապացուցվում է, որ ոչ ճիշտ չափագրումների և սխալ հաշվարկների հետևանքով առաջացել է այն կարծիքը, որ Լեոնիդ Դավթյանն ու Ալլա Դուրյանը զավթել են 22,34քմ մակերեսով հողամաս:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 13.10.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Վալենտինա, Հովհաննես, Մարիամ և Հակոբ Քալաջյանները Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 հասցեի 41,2քմ բնակելի տունը և 0,014654 հա հողամասը վաճառել են Տատյանա Սաֆոնովային: 17.10.2006 թվականի սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62/2 հասցեի 41,2քմ բնակելի տունը և 0,014654հա հողամասը պատկանում է Տատյանա Սաֆոնովային (գ.թ. 35-38, 95):
2. 08.10.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Հիլմա Վարթանյանը Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի 228,9քմ բնակելի տունը և 0,02406հա հողամասը վաճառել է Ալլա Դուրյանին և Լեոնիդ Դավթյանին: 21.10.2005 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի 228,9քմ բնակելի տունը և 0,02406հա հողամասը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ալլա Դուրյանին և Լեոնիդ Դավթյանին (գ.թ. 50-51, 53):
3. Երևանի քաղաքապետարանի 11.01.2008 թվականի թիվ 18-06/2-24735 և ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության 25.01.2008 թվականի թիվ ՍՀ-25/268 գրությունների համաձայն՝ թիվ 62 հասցեի սեփականատերն իր հողամասից դուրս զավթել է 22,34քմ մակերեսով տարածք (գ.թ. 5-6):
4. ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության 12.01.2008 թվականի թիվ ՍՀ-25/60 գրության համաձայն՝ Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 62 հասցեի տան հարևանությամբ կառուցվող երկհարկանի բնակելի տան կառուցապատողը, քանդելով գոյություն ունեցող և հարևանին պատկանող քարե պատը, ինքնակամ սկսել է բնակելի տուն կառուցել այդ հատվածում՝ խախտելով հատկացված հողամասի չափերը (գ.թ. 24):
5. Երևանի քաղաքապետարանի 28.02.2008 թվականի թիվ 19/Դ-740 գրության համաձայն՝ թիվ 62/2 հողամասի նկատմամբ իրավունքն ամրագրված է 17.10.2006 թվականին տրված թիվ 2157414 վկայականով: Երկու վկայականներում նշված հողամասերի ուրվագծերը համադրելուց պարզվում է, որ նրանք փոխադարձ կապակցված չեն, և կա տարբերություն գծապատկերների և փաստացի իրավիճակների միջև (գ.թ. 34):
6. ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության 15.04.2008 թվականի թիվ ՍՀ-25/1333 գրության համաձայն՝ երկու վկայականներում նշված հողամասերի ուրվագծերը համադրելուց պարզվում է, որ նրանք փոխադարձ կապակցված չեն, և գծապատկերների ու փաստաթղթերի միջև առկա է տարբերություն: Բացի այդ, ուսումնասիրությունների համար ներկայացվել են հողատարածքների նոր գեոդեզիական հանույթները, չափագրման գծագրերը, որոնց համադրությունից ճշտվել է, որ երկու հողամասերի միջնամասում գոյություն ունի մոտ 20քմ մակերեսով հողատարածք, որի պատկանելիությունը ճշտման կարիք ունի (գ.թ. 48):
7. Երևանի քաղաքապետարանի ՃՔ վարչության 28.04.2008 թվականի գրության համաձայն` Փափազյան 2-րդ նրբանցք հ. 62 և հ. 62/2 հասցեների ճշգրտված տեղագրական հանույթից պարզվել է, որ հ.հ. 62, 62/1 և 62/2 զբաղեցրած հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 534, 8 քմ (62՝ 263,19 քմ, 62/1՝ 146,54 քմ, 62/2՝ 125,07քմ), որը գրեթե նույնն է երեք հասցեների վկայականներում ամրագրված մակերեսների գումարի հետ: Ներկայացված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների և տեղագրական հանույթի տեղակապումից պարզվել է, որ հ. 62 հասցեի հողամասը գրեթե ամբողջ երկայնքով համադրվում է 62/2 հասցեի հողամասի հետ, որն առնչվում է հ. 62/2 հասցեի վկայականի հատակագծի 5-6-7 կետերում: Ընդհանուր համադրվող հողամասը, որն առաջացել է 5-6 կետերում պարսպի անկանոն ելուստների ձևով և 6-7 կետերում՝ պարսպի և հիմնական շինության երկայնական ճակատի լայն ծեփաձև սվաղով, կազմում է 21,4 քմ: Միաժամանակ հ. 62 և հ. 62/2 հասցեների բաժանարար պատը ըստ 26.12.2007 թվականի և 17.01.2008 թվականի չափագրությամբ ենթարկվել է փոփոխության, երբ և ում կողմից՝ վարչությանը հայտնի չէ (հ. 62/2 հասցեի սեփականության վկայականի հողամասի հատակագծի 5-6 հատվածներում) (գ.թ. 147):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ պարտադիր չէ, որ գործի նյութերում առկա բոլոր ապացույցների վերաբերյալ իր դատողությունները դատարանը ներկայացնի իր վճռում: Վճռում պետք է արտացոլվեն միայն այն ապացույցները, որոնցով հաստատվում են գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843/ՎԴ):
Սույն քաղաքացիական գործում առկա՝ Երևանի քաղաքապետարանի 11.01.2008 թվականի թիվ 18-06/2-24735 և ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության 25.01.2008 թվականի թիվ ՍՀ-25/268 գրություններով հիմնավորվում է, որ թիվ 62 հասցեի սեփականատերն իր հողամասից դուրս զավթել է 22,34քմ մակերեսով տարածք, իսկ Երևանի քաղաքապետարանի 28.02.2008 թվականի թիվ 19/Դ-740, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության 15.04.2008 թվականի թիվ ՍՀ-25/1333, Երևանի քաղաքապետարանի ՃՔ վարչության 28.04.2008 թվականի գրություններով հիմնավորվում է, որ հ. 62 հասցեի հողամասը գրեթե ամբողջ երկայնքով համադրվում է 62/2 հասցեի հողամասի 5-6-7 հետ, ինչպես նաև նշվել է, որ վիճելի է, թե հ. 62 և հ. 62/2 հասցեների բաժանարար պատը երբ և ում կողմից է ենթարկվել փոփոխության:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել գործում առկա վերը նշված հանգամանքները:
Ուստի, նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել հիմնավորված:
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում գործում առկա ապացույցները դատարանում գնահատման առարկա չլինելու պատճառով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2008 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Վ. Ավանեսյան | |
|
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|