ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1410/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1410/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2009 թվականի որոշման դեմ՝ Երևանի քաղաքապետի դիմումի հիման վրա քաղաքացիական գործով՝ ըստ Գրիգոր Խաչատրյանի հայցի ընդդեմ Թամո Թամոյանի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ Երևանի քաղաքապետը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճիռը, որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացնելով «Քրեական գործի մասը կարճելու և գործով վարույթը կասեցնելու մասին» ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 20.10.2008 թվականի որոշումը:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի 02.02.2007 թվականի թիվ 2-45-07 քաղաքացիական գործով կայացված վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու մասին Երևանի քաղաքապետի դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 26.12.2008 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 20411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի հիմքերից որևէ մեկը չի պարունակում, Վերաքննիչ դատարանը դատական ակտում նույնպես չի արձանագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմքի առկայությունը, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 20.10.2008 թվականի «Քրեական գործի մասը կարճելու և գործով վարույթը կասեցնելու մասին» որոշումը օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չէ և չի կարող դատարանի կողմից գնահատվել որպես նոր երևան եկած հանգամանքով դատական ակտը վերանայելու հիմք։
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Երևանի քաղաքապետարանի դիտարկումները կամ կասկածները չեն կարող գնահատվել որպես կեղծված փաստաթղթի մասին իրազեկված լինելու հանգամանք այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի իմաստով փաստաթղթի կեղծված լինելու մասին իմանալը պահանջում է համապատասխան իրավասու (լիազոր) մարմնի համապատասխան որակումը, ինչը տվյալ դեպքում առաջ է եկել ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի 3-153/ՎԴ/ որոշման կայացումից հետո՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի կողմից իրականացված նախաքննության շրջանակներում։ Այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ ենթակետով օրենսդիրը ոչ թե պահանջում է համապատասխան իրավասու (լիազոր) մարմնի որակում, ինչպես նշել է Վերաքննիչ դատարանը, այլ փաստաթղթի կեղծված լինելը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված լինելու պայման, որը տվյալ դեպքում առկա չէ։
Միաժամանակ, սույն գործով ՀՀ ազգային արխիվի Երևանի մասնաճյուղի կողմից 15.03.2006 թվականին և 08.12.2006 թվականին տրված արխիվային քաղվածքներով հաստատվում է, որ վիճելի հողատարածքը նախկինում պատկանել է Ներքին Շենգավիթի Կալինինի անվան կոլտնտեսությանը, որի ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 արձանագրությամբ Ալթուն Թամոյանին հատկացվել է 1.300քմ հողամաս: Վերոգրյալով ամրագրվում է, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ վիճելի հողամասը պատկանել է կոլտնտեսությանը և այն հատկացվել է Ալթուն Թամոյանին՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: Նշված հանգամանքներն ընկած են դատական ակտի հիմքում, իսկ հողամասի մակերեսի նշումը սույն վեճը լուծելու տեսանկյունից էական նշանակություն չի ունեցել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.12.2008 թվականի որոշմանը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 20.10.2008 թվականի «Քրեական գործի մասը կարճելու և գործով վարույթը կասեցնելու մասին» որոշման հիմքում ընկած փաստերից ակնհայտ է, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից 02.02.2007 թվականի թիվ 2-45-07 վճռի կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը կեղծված են եղել: Երևանի քաղաքապետարանն իմացել է արձանագրության և արխիվային քաղվածքի միջև առկա հակասության մասին, բայց ոչ վերջինիս կեղծ լինելու մասին, քանի որ փաստաթուղթը կեղծված լինելու հանգամանքի պարզումը ՀՀ գործող օրենսդրությամբ հանդիսանում է համապատասխան իրավապահ մարմինների լիազորությունը։ Տվյալ դեպքում նոր երևան եկած հանգամանք է հանդիսանում այն, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի կողմից իրականացրած նախաքննության արդյունքում հաստատվել է, որ դատական նիստի ժամանակ ներկայացված Կալինինի անվան կոլտնտեսության ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրության վերաբերյալ 08.12.2006 թվականի թիվ 01-20/1910 արխիվային քաղվածքում կատարվել է կեղծիք, և ավելացվել է «1.300քմ» նշումը։ Երևանի քաղաքապետարանի կասկածները կամ դիտարկումները չեն կարող գնահատվել որպես կեղծված փաստաթղթի մասին իրազեկված լինելու հանգամանք այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի իմաստով փաստաթղթի կեղծված լինելու մասին իմանալը պահանջում է համապատասխան իրավասու (լիազոր) մարմնի համապատասխան որակումը, ինչը տվյալ դեպքում առաջ է եկել ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-153/ՎԴ/ որոշումից հետո՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի կողմից իրականացված նախաքննության շրջանակներում։
Հողամասի մակերեսի վերաբերյալ «1.300 քմ» նշումն էական նշանակություն ունի վեճի լուծման համար այն պատճառաբանությամբ, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը Գրիգոր Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչել է կոնկրետ 1.300 քմ մակերսով հողամասի նկատմամբ։ Ուստի ակնհայտ է դառնում այն փաստը, որ 29.04.1980 թվականի թիվ 3 արձանագրության մեջ հողամասի մակերեսի վերաբերյալ տեղեկության բացակայության պայմաններում դատարանի կողմից կկայացվեր այլ բովանդակությամբ վճիռ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դիմելով Դատարան՝ Գրիգոր Խաչատրյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Շիրակի փողոցի 2/3 հասցեում գտնվող 1.300 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Դատարանի 02.02.2007 թվականի վճռով Գրիգոր Խաչատրյանի հայցն ընդդեմ Թամո Թամոյանի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Կադաստրի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է:
2) Վերաքննիչ դատարանի 27.09.2007 թվականի վճռով Գրիգոր Խաչատրյանի հայցն ընդդեմ Թամո Թամոյանի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Կադաստրի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժվել է:
3) ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27.09.2007 թվականի վճիռը բեկանվել է և օրինական ուժ է տրվել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռին:
4) 06.11.2008 թվականին դիմելով Դատարան՝ Երևանի քաղաքապետը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճիռը, որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացնելով «Քրեական գործի մասը կարճելու և գործով վարույթը կասեցնելու մասին» ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 20.10.2008 թվականի որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝
1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապoրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
3) դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ
4) այն դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի և 20411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման համար պարտադիր նախապայման են վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված լինելու հանգամանքը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 20.10.2008 թվականի «Քրեական գործի մասը կարճելու և գործով վարույթը կասեցնելու մասին» որոշման համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռի հիմքում դրված Կալինինի անվան կոլտնտեսության ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրության վերաբերյալ 08.12.2006 թվականի թիվ 01-20/1910 արխիվային քաղվածքում կատարվել է կեղծիք, և ավելացվել է «1.300 քմ» մեքենագիր գրառումը: Սակայն, նույն որոշմամբ Գրիգոր Խաչատրյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ հնարավոր չի եղել պարզել այդ քաղվածքը պատրաստող անձին, և բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել քաղվածքը Գրիգոր Խաչատրյանի կողմից քաղաքապետարանի աշխատակցին ներկայացնելու հանգամանքը հաստատելու կամ հերքելու համար, ինչպես նաև ապացույցներ ձեռք չեն բերվել Գրիգոր Խաչատրյանի կողմից 08.12.2006 թվականի թիվ 01-20/1910 արխիվային քաղվածքում «1.300 քմ» գրառումը ավելացնելու մասին: Իսկ քրեական գործով վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով:
Այսպիսով, Կալինինի անվան կոլտնտեսության ընդհանուր ժողովի թիվ 3 արձանագրության վերաբերյալ 08.12.2006 թվականի թիվ 01-20/1910 արխիվային քաղվածքի կեղծված լինելը թույլատրելի ապացույցով, այն է՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 20.10.2008 թվականի «Քրեական գործի մասը կարճելու և գործով վարույթը կասեցնելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով չի կարող հիմք հանդիսանալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռի վերանայման համար:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի դիրքորոշմանն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի 20.10.2008 թվականի «Քրեական գործի մասը կարճելու և գործով վարույթը կասեցնելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411 -րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով համարվում է նոր երևան եկած հանգամանք, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատում է անհիմն, քանի որ փաստաթղթերի կեղծված լինելը կարող է հաստատվել ոչ այլ կերպ, քան դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այնինչ քննարկվող դեպքում նույնիսկ քրեական գործի նախաքննությունն ավարտված չէ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու մասին Երևանի քաղաքապետի դիմումը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |