ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2201/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2201/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Է. Մուրադյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանների ընդդեմ Հասմիկ Դիլանյանի, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման և Երևանի Կենտրոն նոտարական տարածքի՝ ժառանգության իրավունքի գրանցումը և վկայագիրը, սեփականության իրավունքի գրանցումը և վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի մի մասի սեփականատերեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի Ավան 6-րդ փողոցի թիվ 22 տան նկատմամբ ժառանգության իրավունքի գրանցումը և վկայականը, սեփականության իրավունքի գրանցումը և վկայականը և ժառանգական գույքի մի մասի նկատմամբ ճանաչել սեփականատերեր:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.11.2008 թվականի որոշմամբ վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հասմիկ Դիլանյանը, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել իրավահարաբերության պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վեճի առարկա գույքը սեփականության իրավունքով պատկանել է Գառնիկ Ավետիսյանին, որը մահացել է 27.12.1979 թվականին: Նրա մահից հետո փաստացի տիրապետման եղանակով վեճի առարկա ժառանգական գույքը տիրապետել են նաև Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները, որը հիմնավորվում է գործում առկա Ավանի թիվ 2 տնատիրության նախագահի 08.05.2008 թվականի տեղեկանքով և հարևանների վկայություններով: Սակայն, նշված հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ժառանգական գույքը Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանների կողմից չի տիրապետվել:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Ալետա Ավետիսյանը բնակվել է Գառնիկ Ավետիսյանի սեփականության ներքո գտնվող տանը մինչև 1981 թվականը, Անահիտ Ավետիսյանը՝ մինչև 1984 թվականը, Գոհարիկ Ավետիսյանը՝ մինչև 1985 թվականը։ Գառնիկ Ավետիսյանի մահվանից` 27.12.1979 թվականից հետո ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վեցամսյա ժամկետում Ալետա, Անահիտ, Գոհարիկ Ավետիսյանները ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն չեն ներկայացրել, այսինքն՝ ժառանգությունը չեն ընդունել։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Ավան 6-րդ փողոց թիվ 22 տունը սեփականության իրավունքով պատկանել է Գառնիկ Ավետիսյանին (գ.թ. 31):
2. Գառնիկ Ավետիսյանը մահացել է 27.12.1979 թվականին (գ.թ. 23):
3. Գառնիկ Ավետիսյանի առաջին հերթի ժառանգներ են Ալետա, Անահիտ, Գոհարիկ, Մուկուչ Ավետիսյանները, որոնք ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ չեն դիմել:
4. Մուկուչ Ավետիսյանը մահացել է 15.08.2007 թվականին (գ.թ. 24):
5. Մուկուչ Ավետիսյանի առաջին հերթի ժառանգներ են Հասմիկ Դիլանյանը, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանները: 17.04.2008 թվականին Երևանի Ավան 6-րդ փողոց թիվ 22 տան նկատմամբ նրանց տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (գ.թ. 22):
6. Ժառանգության իրավունքի վկայագիրը ենթարկվել է պետական գրանցման և Հասմիկ Դիլանյանի, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյանների անվամբ 20.05.2008 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական ամբողջ տան նկատմամբ (գ.թ. 18):
7. Ավանի թիվ 2 տնատիրության նախագահ Ա. Սիմոնյանի գրության համաձայն՝ Գառնիկ Ավետիսյանի մահից հետո վեճի առարկա տանը Ալետա Ավետիսյանը բնակվել է մինչև 1981 թվականը (հաշվառումից դուրս է եկել և այլ հասցեում հաշվառվել է 06.03.1984 թվականին), Գոհարիկ Ավետիսյանը՝ մինչև 1984 թվականը (հաշվառումից դուրս է եկել և այլ հասցեում հաշվառվել է 23.11.1984 թվականին), Անահիտ Ավետիսյանը՝ մինչև 1985 թվականը (հաշվառումից դուրս է եկել և այլ հասցեում հաշվառվել է 17.02.1988 թվականին) (գ.թ. 43):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Գառնիկ Ավետիսյանի ժառանգության բացման ժամանակ գործող ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի (1964 թվական) 549-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին: Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Ընդունված ժառանգությունը ժառանգի սեփականությունն է համարվում ժառանգության բացման պահից:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու մասին ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին դիմելը (հայտարարելը) և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը:
Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման է:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Գառնիկ Ավետիսյանի մահից հետո (27.12.1979 թվական) վիճելի տանը Մուկուչ Ավետիսյանի հետ միասին բնակվել են նաև Ալետա Ավետիսյանը մինչև 1981 թվականը, Գոհարիկ Ավետիսյանը մինչև 1984 թվականը, Անահիտ Ավետիսյանը մինչև 1985 թվականը: Այսինքն՝ Ալետա, Գոհարիկ, Անահիտ Ավետիսյանները փաստացի տիրապետել են ժառանգական գույքը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգության բացման ժամանակ բնակվելով վեճի առարկա տանը այդ պահին գործող ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի ուժով, այն է` փաստացի տիրապետման հիմքով Ալետա, Գոհարիկ, Անահիտ Ավետիսյանները ընդունել են իրենց հասանելիք ժառանգությունը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունը այն մասին, որ բողոք բերած անձանց կողմից վեճի առարկա տանը միայն փաստացի բնակվելը և հետագայում ամուսնությունից հետո գույքը թողնել հեռանալը դեռևս հիմք չէ ժառանգական գույքը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ճանաչելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մուկուչ Ավետիսյանի առաջին հերթի ժառանգեր Հասմիկ Դիլանյանին, Լիլիթ և Քրիստինե Ավետիսյաններին ժառանգության իրավունքի վկայագիր կարող էր տրվել միայն Մուկուչ Ավետիսյանի բաժնի մասով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |