Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ուկրաինայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով հավասարության և փոխադարձ շահավետության հիմունքով Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը,
ելնելով ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքից,
մտադիր լինելով աջակցել տնտեսական ակտիվության աճին, լիակատար զբաղվածության ապահովմանը, արտադրողականության բարձրացմանը և խոչընդոտների արդյունավետ օգտագործմանը,
ձգտելով նպաստել համաշխարհային առևտրի ներդաշնակ զարգացմանն ու աճին, դրա զարգացման ճանապարհին ընկած պաշարների վերացմանը,
հաստատելով սակագնի և առևտրի գծով Գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ) Պայմանավորվող կողմեր դառնալու Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի մտադրությունը, կիսելով ՍԱԳՀ-ի նպատակներն ու սկզբունքները և ուշադրության առնելով առևտրային բազմակողմ բանակցությունների ուրուգվայական ռաունդի շրջանակներում ձեռք բերված համաձայնագրերի և պայմանավորվածությունների արդյունքները,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային տարածքից ծագող և մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման և /կամ ներմուծման նկատմամբ համարժեք ներգործություն ունեցող մաքսատուրքեր, հարկեր և գանձումներ չեն կիրառվում: Համաձայնեցված ապրանքացանկի նկատմամբ տվյալ առևտրային գործելակարգից բացառությունը ձևակերպվում է փաստաթղթերով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են, եթե Պայմանավորվող կողմերն անհրաժեշտ համարեն:
2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամանակամիջոցում Պայմանավորվող կողմերի տարածքից ծագող ապրանքների տակ հասկացվում են ապրանքների ծագման երկրի բնորոշման` 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Կանոններով որոշված ապրանքները` հաստատված Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ:
Հոդված 2
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ`
- սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չի հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք գերազանցում են այն համապատասխան հարկերն ու գանձումները, որոնցով հարկվում են ներքին արտադրության համանման ապրանքները կամ երրորդ երկրի ծագում ունեցող ապրանքները,
- մյուս Պայմանավորվող կողմի ծագում ունեցող ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրումների նկատմամբ, ինչպես նաև վճարումների ու վճարումների փոխանցման նկատմամբ չի կիրառի այլ կանոններ, քան այն կանոնները, ինչպիսիք համանման դեպքերում կիրառվում են սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը փոխադարձ առևտրում ձեռնպահ կմնան սույն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների արտահանման և /կամ ներմուծման նկատմամբ խտրական միջոցառումներ կիրառելուց, քանակական սահմանափակումներ կամ դրանց համարժեք միջոցներ մտցնելուց:
Կողմերը կարող են միակողմանի կարգով քանակական կամ ուրիշ առանձնահատուկ սահմանափակումներ սահմանել, միայն թե` խելամիտ շրջանակներում և խիստ որոշակի ժամկետով:
Տվյալ սահմանափակումները պետք է բացառիկ բնույթ կրեն և կարող են կիրառվել միայն ՍԱԳՀ-ի շրջանակներում համաձայնագրերով նախատեսված դեպքերում:
Պայմանավորվող կողմը, որը սույն հոդվածին համաձայն, քանակական սահմանափակումներ է կիրառում, պետք է հնարավորության դեպքում մյուս Կողմին վաղօրոք լիակատար տեղեկություն տա հիշյալ սահմանափակումները մտցնելու հիմնական պատճառների, ձևերի և ենթադրյալ ժամկետների մասին, որից հետո կնշանակվեն խորհրդակցություններ:
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը կանոնավոր հիմունքներով տեղեկություն կփոխանակեն`
- տնտեսական գործունեության հետ կապված օրենքների և այլ նորմատիվ ակտերի, այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկային, բանկային և ապահովագրական գործունեության և ֆինանսական այլ ծառայությունների գծով, տրանսպորտային ու մաքսային հարցերի գծով, ներառյալ` մաքսային վիճակագրությունը:
Պայմանավորվող կողմերն անհապաղ միմյանց հաղորդում են ազգային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի կատարման վրա:
Պայմանավորվող կողմերի լիազոր մարմինները համաձայնեցնում են այդպիսի տեղեկության փոխանակման կարգը:
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են համարում անբարեխիղճ գործարար պրակտիկան և պարտավորվում են թույլ չտալ, մասնավորապես, բայց ոչ բացառապես, դրա հետևյալ մեթոդները.
- ձեռնարկությունների միջև պայմանագրերը, ձեռնարկությունների միավորման կողմից ընդունված որոշումները և գործարար պրակտիկայի ընդհանուր մեթոդները, որոնք նպատակ ունեն խանգարելու կամ սահմանափակելու մրցակցությունը կամ խախտելու դրա համար պայմանները Պայմանավորվող կողմերի տարածքում,
- այնպիսի գործողություններ, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերակա դիրքը` սահմանափակելով մրցակցությունը Պայմանավորվող կողմերի տարածքում կամ դրա մի զգալի մասում:
Հոդված 6
Երկկողմ տնտեսական հարաբերությունների սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկության փոխանակման, մաքսային ընթացակարգերի անցկացման համար Պայմանավորվող կողմերը կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության իննանիշ միասնական ապրանքացանկը (ԱՏԳ ԱՑ)` հիմնված ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և Եվրոպական տնտեսական համագործակցության սակագնավիճակագրական համակցված ապրանքացանկի վրա: Ընդ որում Պայմանավորվող կողմերը անհրաժեշտության դեպքում իրենց սեփական կարիքների համար ապրանքացանկը զարգացնում են ինը նիշերի շրջանակներից դուրս:
Ապրանքացուցակի չափանմուշ մտցնելն իրականացվում է փոխհամաձայնեցված հիմքով` համապատասխան միջազգային կազմակերպություններում ունեցած ներկայացուցչությունների միջոցով:
Հոդված 7
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայման է և աշխատանքի միջազգային բաժանման և կոոպերացման համակարգի մեջ մտնելու ընթացակարգի էական տարր:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրների մաքսային տարածքի ծագում ունեցող և մեկ ուրիշ Պայմանավորվող կողմի կամ ցանկացած երրորդ երկրի մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումն իր տարածքով և արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին կտրամադրի տարանցման ապահովման համար անհրաժեշտ իր ունեցած բոլոր միջոցներն ու ծառայությունները ոչ ավելի պակաս պայմաններով, քան այն պայմաններն են, որոնցով նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրվում են սեփական արտահանողներին, ներմուծողներին կամ ցանկացած երրորդ պետության արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին:
2. Պետությունների տարածքով ապրանքների անցման կարգը և պայմանները կարգավորվում են փոխադրումների միջազգային կանոններին համապատասխան:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի` միջազգային պրակտիկայում ընդունված այնպիսի միջոցներ ձեռնարկելու իրավունքին, ինչպիսիք նա անհրաժեշտ է համարում իր շահերի պաշտպանության համար, կամ որոնք պարտադիր են այն միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակիցն է նա կամ մտադիր է դառնալ, եթե այդ միջոցառումները վերաբերում են`
ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկությանը,
զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,
պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,
միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի ու սարքավորումների մատակարարումներին,
հասարակական բարոյականության, հասարակական կարգի պաշտպանությանը,
արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը,
ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին ու քարերին,
մարդկանց, կենդանիների և բույսերի պաշտպանությանը:
Հոդված 9
Երրորդ երկրների նկատմամբ արտահանման վերահսկողության համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով Պայմանավորվող կողմերը կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն և փոխհամաձայնեցված միջոցներ կձեռնարկեն արտահանման վերահսկողության արդյունավետ համակարգ ստեղծելու համար:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի դրույթները Պայմանավորվող կողմերի միջև նախապես կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթներին փոխարինում են այն չափով, որքանով վերջիններս կամ անհամատեղելի են առաջինների հետ, կամ նույնական են դրանց:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կլուծվեն բանակցությունների միջոցով:
Պայմանավորվող կողմերը կձգտեն խուսափել փոխադարձ առևտրում բախումնային իրավիճակներից:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի, որ իր տարածքում լինեն արբիտրաժային որոշումները ճանաչելու և ի կատար ածելու արդյունավետ միջոցներ:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման և երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հիմնել համատեղ հայ-ուկրաինական հանձնաժողով:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի կողմից ծանուցումների փոխանակման օրվանից սկսած և ուժի մեջ կմնա մինչև 12 ամիս լրանալը այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում կուղարկի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի դրույթները դրա գործողությունը դադարեցնելուց հետո կկիրառվեն երկու երկրների ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև կնքված, բայց դրա գործողության ժամանակաշրջանում չկատարված պայմանագրերի նկատմամբ:
Կատարված է Կիև քաղաքում 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի դեկտեմբերի 18-ից: