ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/4129/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4129/05/08 2009թ. |
Դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 07.10.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարի՝ ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրը:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը, կիրառել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 55-րդ, 57-րդ, 63-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ, 5.1-րդ մասերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նշված օրենքը չի կարգավորում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հարաբերությունները: Հետևաբար, հիմնավոր չէ Դատարանի այն եզրահանգումը, թե նշված օրենքով են սահմանվում ստուգում իրականացնող և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները, ստուգման արդյունքների ամփոփումը: Օրենքի սխալ մեկնաբանման հետևանքով Դատարանը հանգել է սխալ եզրահանգման այն մասին, որ Նախարարությունը պետք է ստուգման հետ կապված գործողություններն իրականացներ և համապատասխան ակտերն ընդուներ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված կարգով, մինչդեռ, նշված օրենքի դրույթները քրեադատավարական հարաբերություններում կիրառելի չեն:
Միաժամանակ, դատարանը ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրը դիտել է որպես վարչական ակտ և, կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ և 57-րդ հոդվածները, որոնք վերաբերում են գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին, եկել է այն համոզման, որ հանձնարարագիրն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչը նույն օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է այն անվավեր ճանաչելու համար:
Դատարանի այդ պնդումը հիմնավոր չէ, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ նշված օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա: Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հանձնարարագիրը տրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ ոստիկանության քննիչի կայացրած որոշման հիման վրա:
Քննիչն իրավասու է որոշմամբ Նախարարությունից պահանջել կատարելու ստուգում, իսկ Նախարարությունը պարտավոր է կատարել այդ որոշման պահանջները: Հետևաբար, 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագրի տրման ժամանակ Նախարարությունը կատարել է այնպիսի գործողություն, որի համար լիազորված էր ՀՀ օրենսդրությամբ: Նշված հանձնարարագիրն ընդամենը հանձնարարական է Նախարարության համապատասխան աշխատակիցներին՝ կատարելու քննիչի որոշման պահանջները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 07.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Ընկերության հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչի 13.12.2007 թվականի որոշմամբ Ընկերությունում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
2) ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագրի համաձայն՝ նախարարը, հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պահանջը, ՀԿԳՎ ավագ քննիչի առաջադրված հարցերի ստուգումը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության իրավապահ մարմինների հետ համագործակցության բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչներին: Ստուգման ժամկետը սահմանվել է 30 օր: Որպես հանձնարարագրի արձակման հիմք նշվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության 19.03.2008 թվականի թիվ 7/816 գրությունը և ավագ քննիչի 13.12.2007 թվականի որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն, և գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, նույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է քննիչի լիազորությունները, որի 5-րդ կետի համաձայն՝ քննիչը լիազորված է պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ: Նույն հոդվածի 5.1-րդ մասի համաձայն՝ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:
Վիճարկվող հանձնարարագրի արձակման պահին գործող՝ «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.07.2002 թվականի թիվ 1460-Ն որոշմամբ (ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Կառավարության 15.05.2008 թվականի թիվ 503-Ն որոշման հիմքով, որն ուժի մեջ է մտել 12.06.2008 թվականին) հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացման և ֆինանսական վերահսկողության ոլորտում Նախարարությունն իրականացնում է նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ստուգում նշանակելու մասին ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագրի արձակման հիմքը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության 19.03.2008 թվականի թիվ 7/816 գրությունը և ավագ քննիչի 13.12.2007 թվականի որոշումն է:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նշված օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նշված օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները: Նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշված օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:
Վերը նշված նորմերից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման հետ կապված հարաբերությունները դուրս են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից:
Մինչդեռ, ՀՀ ֆինանսների նախարարի 27.05.2008 թվականի թիվ 147-Ա հանձնարարագիրն անվավեր ճանաչելիս Վարչական դատարանը պատճառաբանել է, որ նշված հանձնարարագիրն արձակվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 55-րդ և 57-րդ հոդվածների պահանջների խախտմամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով և վերը նշված պատճառաբանություններից ելնելով, վերոնշյալ հոդվածները սույն վեճի լուծման համար կիրառելի չեն:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 07.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ «Ջեներալ Տրանսուորլդ Մենյուֆեքչրինգ Քամփնի» ՓԲԸ-ի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
Ե. Խունդկարյան | ||
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |