Գլխավոր տեղեկություն
Համար
N 100-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2009-12.03.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.18/10(676) Հոդ.171
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2009 թվականի N 100-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված և 2008 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ` ֆինանսավորման համաձայնագիր) դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ:

2. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3. Հաստատել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից որպես նշված հիմնադրամի հիմնադրման կամավոր գույքային վճար հիմնադրամին հատկացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի միջոցները` 243874.4 հազ դրամ.

2) Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի պետական գրանցումից հետո հիմնադրամի հետ կնքել ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված սուբսիդավորման համաձայնագիր:

5. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Տիգրան Սահակյանին:

6. Լիազորել Տիգրան Սահակյանին (անձնագիրը` AH 0387840, տրված` 18.07.2007 թվականին, 036-ի կողմից) իրականացնելու Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման հետ կապված աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. փետրվարի 5

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունվարի 8-ի N 100-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։

2. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Հիմնադրամի գործունեության սկզբունքներն են՝ օրինականությունը, ժողովրդավարությունը, մարդասիրությունը, կամավորությունը և հրապարակայնությունը:

4. Իր գործունեության ընթացքում հիմնադրամը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԳԶՄՀ) միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) դրույթներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնադրամի անվանումն է՝

հայերեն լրիվ` Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ,

անգլերեն լրիվ` Fund for Rural Economic Development in Armenia,

հայերեն կրճատ` ՀԳՏՏԶ հիմնադրամ,

անգլերեն կրճատ` FREDA։

6. Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանափակված չէ:

7. Հիմնադրամի շահառուներն են՝ Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտները:

8. Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում՝ տվյալ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան __________:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

10. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

11. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

12. Հիմնադրամն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

13. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր (հայերենով իր անվանման պարտադիր նշումով), ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ

 

14. Հիմնադրամի նպատակը Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման միջոցով աղքատության նվազեցմանն օժանդակելն է:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հիմնադրամն ինքնուրույն որոշում է իր կառուցվածքը և գործունեության ձևերը։

16. Հիմնադրամն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

1) տրամադրելու գործունեության նպատակի հետ կապված դրամաշնորհներ, նվիրատվություններ, նվիրաբերություններ, կանոնադրական կապիտալում ուղղակի ներդրում կատարելու միջոցով ձեռք բերելու համաձայնագրով կամ դրա իրականացման վերաբերյալ ծրագրային փաստաթղթերով սահմանված ընդունելիության չափանիշներին համապատասխանող տնտեսական ընկերությունների բաժնեմասեր, համաձայնագրով կամ դրա իրականացման վերաբերյալ ծրագրային փաստաթղթերով սահմանված պայմաններով տրամադրելու դրամական փոխառություններ բացառապես իր դուստր կամ կախյալ ընկերություններին.

2) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու, ստանալու, վարձակալելու կամ այլ պայմաններով, այդ թվում՝ նաև անվճար, օգտագործելու անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք.

7) օտարելու կամ վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.

8) ինքնուրույն կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ դրամաշնորհների, նվիրատվությունների, ներդրումների, փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալու փոխառություններ (վարկեր), դրամաշնորհներ, նվիրատվություններ, այդ թվում՝ արտարժույթով:

17. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

18. Հիմնադրամը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն միայն այն դեպքում, երբ դա ծառայում է իր նպատակներին: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն սույն կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

19. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, համաձայնագրին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

20. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրանց ընձեռել հնարավորություն՝ իր կանոնադրությանը, կանոնադրության լրացումներին և փոփոխություններին ծանոթանալու համար:

21. Անօրինական գործունեություն ծավալելու համար հիմնադրամը և հիմնադրամի պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

22. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

23. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

24. Հիմնադրամն իր նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) խորհրդատվական և տեխնիկական բնույթի ծառայությունների մատուցում.

2) շուկայավարման հետազոտությունների իրականացում.

3) գյուղատնտեսական տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

25. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ առանձնացված գույք (անշարժ գույք, արտադրական կարողություններ, սարքավորումներ, այլ գույք՝ ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվներ, մտավոր գործունեության արդյունքներ՝ ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները):

26. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական, իրավաբանական անձանց, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները, նվիրաբերությունները, փոխառությունները, վարկերը, ներդրումները.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը՝ ներառյալ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ներգրավվող փոխառությունները.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները.

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

27. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը:

29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):

30. Խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:

31. Խորհրդի կազմը բաղկացած է 9 անձից: Խորհրդի կազմում ընդգրկվում են` մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից (համաձայնությամբ), հինգ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների զարգացման հետ առնչվող ոչ պետական կազմակերպություններից (համաձայնությամբ): Հիմնադրամի տնօրենը հանդիսանում է խորհրդի քարտուղարը: Խորհրդի առաջին անհատական կազմը uահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

32. Խորհրդի անդամները միաժամանակ չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

33. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում՝ նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ:

34. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) եթե նա նշանակվել է ի պաշտոնե` նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

3) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

4) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

5) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

6) նրա մահվան դեպքում.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում:

35. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

36. Խորհրդի նախագահի, տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

37. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների (2/3) մեծամասնությամբ:

38. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

39. Խորհրդի իրավասությանն են պատկանում՝

1) հիմնադրամի ընդհանուր քաղաքականության և ռազմավարության ուղենիշների հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաստիքացուցակի, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

4) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

5) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

6) տնտեսական ընկերությունների, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

7) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

8) տարեկան առնվազն մեկ անգամ տնօրենի հաշվետվությունը լսելը.

9) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

10) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

11) ներդրումային կոմիտեի և խորհրդակցական այլ մարմինների կազմի և աշխատակարգի հաստատումը.

12) հիմնադրամի ներքին կանոնակարգերի հաստատումը.

13) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

14) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

15) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

16) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

17) խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

18) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

19) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

20) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

40. Խորհրդի իրավասության ենթակա հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

41. Խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները` իրենց կազմից:

42. Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

43. Խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը:

Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները` խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

44. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

45. Խորհրդի որոշմամբ ստեղծվում է ներդրումային կոմիտե, որը որոշումներ է ընդունում սույն կանոնադրության 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումների նախագծերի վերաբերյալ:

46. Ներդրումային կոմիտեի անդամները վարձատրվում են իրենց կատարած աշխատանքի համար:

47. Ներդրումային կոմիտեի քանակական կազմը, աշխատակարգը, կոմիտեի անդամների վարձատրության կարգը և չափը որոշում է խորհուրդը:

48. Ներդրումային կոմիտեի անդամներն ընտրվում են խորհրդի կողմից:

49. Ներդրումային կոմիտեի անդամները չեն կարող լինել խորհրդի կամ հիմնադրամի այլ մարմնի անդամ:

50. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:

51. Հիմնադրամի տնօրենը նշանակվում է մրցութային կարգով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է խորհուրդը: Տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է խորհուրդը` համաձայնեցնելով ԳԶՄՀ-ի հետ:

52. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համաձայնագրով, օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով: Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

53. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը՝ բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ խորհրդի իրավասության ենթակա հարցերի: Տնօրենը կազմակերպում է խորհրդի և ներդրումային կոմիտեի որոշումների կատարումը:

54. Տնօրենը՝

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

6) բանկերում բացում է հինադրամի ընթացիկ, հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատանքային կանոնակարգը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին, այդ թվում` հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

55. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

56. Տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

57. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի հաշվառումը կատարվում է հիմնադրամի այլ ծախսերից` առանձնացված կարգով:

58. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

59. Հիմնադրամի վերակազմակերպումն իրականացվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

60. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է խորհրդի որոշմամբ:

61. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

62. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

63. Հիմնադրամը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.02.2009, N 188-Ն 12.03.2009, N 100-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան