Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները (այսուհետ` կողմեր կամ կողմ),
հասկանալով, որ երկկողմանի առևտրի զարգացումը կարող է նպաստել ավելի լավ փոխըմբռնմանը և համագործակցությանը,
հաշվի առնելով տնտեսական վերակազմավորման համար անհրաժեշտ առևտրական հարաբերությունների ընդլայնման և Հայաստանի` շուկայավարության վրա հիմնված տնտեսության զարգացման նպաստավոր պայմանները,
հաշվի առնելով, որ Կողմերի միջև ընդլայնված առևտրական հարաբերությունները կնպաստեն յուրաքանչյուր Կողմի ժողովրդի բարեկեցությանը և կմեծացնեն հարգանքը դեպի աշխատավոր մարդկանց` միջազգայնորեն հաստատված իրավունքները,
գիտակցելով, որ ԱՄՆ-ի ընկերությունների, քաղաքացիների և Հայաստանի կազմակերպությունների միջև առևտրական հարաբերությունների զարգացումը և ուղիղ կապը կնպաստեն անկեղծությանը և փոխըմբռնմանը,
հաշվի առնելով, որ տնտեսական կապերը անհրաժեշտ և կարևոր տարրեր են իրենց երկկողմ հարաբերությունների համար,
վերահաստատելով իրենց ցանկությունը` զարգացնել տնտեսական համագործակցությունը` համաձայն 1975 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկիում կնքված Եզրափակիչ ակտի սկզբունքների և դրույթների և Եվրոպայում Անվտանգությանը և համագործակցությանը վերաբերող կոնֆերանսի այլ փաստաթղթերի և 1990 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Բոննում կայացած` Եվրոպայում տնտեսական համագործակցության կոնֆերանսի փաստաթղթերի,
համոզված լինելով, որ երկու Կողմերի միջև առևտրական հարաբերությունների մասին համաձայնագիրը կծառայի նրանց փոխադարձ շահերին, և
ցանկանալով ստեղծել մի ցանց, որը կխթանի հայկական կազմակերպությունների և ԱՄՆ-ի ընկերությունների և քաղաքացիների միջև առևտրային կապերի զարգացումն ու ընդլայնումը,
համաձայնության են եկել հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԱԶԳԱՅԻՆ և ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
1. Յուրաքանչյուր Կողմ կտրամադրի իր տարածքում արտադրված կամ մյուս Կողմի տարածք արտահանված ապրանքներին ոչ պակաս նպաստավոր պայմաններ, քան նրանք, որոնք տրամադրվել են որևէ երրորդ երկրում արտադրված կամ որևէ երրորդ երկրի տարածքից արտահանված նման ապրանքներին, այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են.
ա) ներմուծման կամ արտահանման վրա դրված բոլոր տեսակի մաքսատուրքերին և հարկերին` ներառելով հարկերի գանձման մեթոդները,
բ) ներմուծման և արտահանման համար վճարման մեթոդներին և նման վճարումների միջազգային փոխանցմանը,
գ) ներմուծման և արտահանման հետ կապված կանոններին ու պաշտոնականություններին` ներառելով մաքսային պարզեցումներին, փոխադրմանը, պահեստներին և վերաբեռնմանը վերաբերող կանոններն ու պաշտոնականությունները,
դ) բոլոր տեսակի հարկերին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվում են ներմուծված ապրանքներին, և
ե) ներքին շուկայի ապրանքների վաճառքին, գնմանը, փոխադրմանը, բաշխմանը, պահեստավորմանը և օգտագործմանը վերաբերող կանոններին:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի իր երկրում արտադրված կամ մյուս Կողմի տարածք ներմուծված ապրանքները անխտրականության սկզբունքով` քանակական սահմանափակումների և արտոնագրի շնորհմանը համապատասխան:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է համաձայնի առանց խտրականության ներմուծել մյուս Կողմի տարածքում արտադրված ապրանքները` նման ներմուծումների վճարման համար անհրաժեշտ արտարժույթի համապատասխան:
4. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չպետք է կիրառվեն.
ա) այն առավելությունների նկատմամբ, որոնք տրամադրել է Կողմերից մեկը նման Կողմի` մաքսային միությանը կամ ազատ առևտրի գոտուն լիիրավ անդամակցելու հիման վրա,
բ) երրորդ երկրներին` սահմանային տրանսպորտի դյուրացման համար շնորհված առավելությունների նկատմամբ,
գ) առավելությունների նկատմամբ, որոնք տրամադրվել են երրորդ երկրներին` ըստ Առևտրի և տարիֆների ընդհանուր համաձայնագրի (GATT), և այն առավելությունների նկատմամբ, որոնք տրամադրվում են զարգացող երկրներին` GATT-ի և այլ միջազգային համաձայնագրերի ներքո, և
դ) սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով (շուկայի քայքայում) ձեռնարկված գործողություններին:
ՀՈԴՎԱԾ 2.
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գիտակցելով առևտրական հարաբերությունների փոխշահավետությունը, սույն Համաձայնագրի հիման վրա և 1-ին հոդվածում արտահայտված ամենաբարենպաստ ազգային ռեժիմին համապատասխան, Կողմերը, փոխադարձության հիման վրա և առանց վնաս հասցնելու երրորդ երկրի հետ փոխհարաբերություններին, պետք է մեծացնեն մյուս Կողմի ապրանքների և ծառայությունների շուկա մուտք գործելու հնարավորությունը և երկկողմ առևտրական հնարավորությունները` ներառյալ բազմակողմ բանակցությունների արդյունքում առաջացած շուկայի հիմնման չափանիշների գոհացուցիչ առաջընթացը: Հաշվի առնելով վերոհիշյալը և դատելով Հայաստանում շուկայական մեխանիզմի զարգացման արդյունքից և Առևտրի և տարիֆների ընդհանուր համաձայնագրի հետ դրա սերտ փոխհարաբերությունից` հնարավորություններ պետք է ստեղծվեն ԱՄՆ-ում ապրանքների և ծառայությունների նկատմամբ ազգային ռեժիմը քայլ առ քայլ մեծացնելու համար:
2. Ապրանքների և ծառայությունների առևտրի վրա պետք է ազդեցություն ունենան Հայաստանի կազմակերպությունների և Միացյալ Նահանգների ընկերությունների և քաղաքացիների միջև կնքված պայմանագրերը, որոնք կնքվել են ի կատարումն նրանց անկախ առևտրային որոշումների և սովորական առևտրային քննարկումների հիման վրա, օրինակ` գնի, որակի, առաքման և վճարման պայմանների շուրջ:
3. Կողմերից ոչ մեկը չպետք է պահանջի կամ խրախուսի հայկական կազմակերպությունների կամ ԱՄՆ-ի քաղաքացիների կամ ընկերությունների ներգրավումը փոխանակման կամ առևտրական գործարքներում: Այնուամենայնիվ, եթե քաղաքացիները, ընկերությունները կամ կազմակերպությունները որոշեն վերսկսել առևտրական գործողություններ, Կողմերը պետք է խրախուսեն իրենց գործարքների դյուրացման համար ամբողջ անհրաժեշտ տեղեկությամբ միմյանց ապահովումը:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է տրամադրի մյուս Կողմի տարածքից ներմուծված ապրանքներին նույն բարենպաստ պայմանները, որոնք նա տրամադրում է որևէ երրորդ երկրում արտադրված ապրանքներին` կապված տեխնիկական չափորոշիչների և ստանդարտների հետ` ներառելով համապատասխանության ստուգումը և հավաստագրումը: Այնուհետև Կողմերը պետք է երաշխավորեն, որ նման տեխնիկական չափորոշիչներն ու ստանդարտները նախապատրաստված, հարմարեցված կամ կիրառված չեն խտրականության ձևով երկկողմ առևտրի համար խոչընդոտներ ստեղծելու կամ հայրենական առևտուրը պաշտպանելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 3. ԱՌԵՎՏՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ և ԽԹԱՆՈՒՄԸ
1. Կողմերը հաստատում են ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման իրենց ցանկությունը սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան: Նրանք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն ապրանքների և ծառայությունների փոխանակումը խթանելու և դյուրացնելու համար և ապահովեն նպաստավոր պայմաններ հայկական կազմակերպությունների և Միացյալ Նահանգների քաղաքացիների ու ընկերությունների միջև առևտրային հարաբերությունների երկարաժամկետ զարգացման համար:
2. Կողմերը, առևտուրը զարգացնելու հեռանկարով, պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն առևտրական կապերի ընդլայնումը խթանելու համար: Այս դեպքում հայկական Կողմն ակնկալում է, որ սույն Համաձայնագրի ժամկետի ընթացքում հայկական կազմակերպությունները կմեծացնեն Միացյալ Նահանգներում ապրանքների և ծառայությունների իրենց պատվերները, մինչդեռ ամերիկյան Կողմը կանխորոշում է, որ սույն Համաձայնագրի արդյունավետությունը կլինի Հայաստանից ԱՄՆ-ի քաղաքացիների և ընկերությունների կողմից ապրանքների և ծառայությունների ձեռք բերման խթանումը: Ի վերջո Կողմերը կհրատարակեն սույն Համաձայնագիրը և կհավաստիացնեն, որ այն մատչելի է շահագրգիռ բոլոր կողմերի համար:
3. Կողմերը պետք է խրախուսեն երկու երկրների շահագրգիռ քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին մեքենաշինության, սարքավորումների և տեխնոլոգիաների ոլորտում առևտրի ընդլայնման համար` ներառելով նման ապրանքների առևտրի համար ֆինանսական բարենպաստ պայմանների ստեղծումը:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է խթանի և դյուրացնի իր տարածքում և մյուս Կողմի տարածքում առևտուրը խթանող միջոցառումների անցկացումը, ինչպես, օրինակ` տոնավաճառներ, ցուցահանդեսներ, ծրագրերի մշակումներ և սեմինարներ: Նմանապես յուրաքանչյուր Կողմ պետք է խթանի և դյուրացնի իր համապատասխան քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների մասնակցությունը այդ միջոցառումներում: Համաձայն իրենց տարածքներում գործող օրենսդրությունների` Կողմերը մաքսատուրքից կազատեն նման միջոցառումների ընթացքում օգտագործման համար նախատեսված` ներմուծվող բոլոր իրերը և ապրանքները` պայմանով, որ նման իրերը չպետք է վաճառվեն կամ այլ կերպ փոխանակվեն:
ՀՈԴՎԱԾ 4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի կառավարության առևտրային կառույցներին` ուղղակիորեն աշխատանքի վերցնել հյուրընկալ երկրի քաղաքացիներին և, օտարերկրացիների մուտքի և բնակության իր օրենքների և ընթացակարգերի համաձայն` երրորդ երկրի քաղաքացիներին:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի հյուրընկալ երկրի քաղաքացիների անխոչընդոտ մուտքը դեպի մյուս Կողմի կառավարության առևտրային կառույցներ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է խրախուսի իր երկրի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների մասնակցությունը իր կառավարության առևտրային կառույցների գործունեությանը հատկապես նման առևտրական կառույցների նախադրյալների հիման վրա կայացած միջոցառումների համապատասխան:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի մյուս Կողմի կառավարության առևտրական կառույցների անձնակազմի համար, որպեսզի ընդունի երկրի պաշտոնյաներին և պետական, և մյուս մակարդակներում, պետական ձեռնարկությունների, կառույցների, օտարերկրյա առևտրական կազմակերպությունների, համատեղ ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
ՀՈԴՎԱԾ 5. ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՈՒՄ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի իր տարածքում հիմնել մյուս Կողմի ընկերությունների և կազմակերպությունների առևտրական ներկայացուցչություններ և պետք է տրամադրի այդ ներկայացուցչություններին ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան երրորդ երկրի ընկերությունների և կազմակերպությունների առևտրական ներկայացուցչություններին: Եթե Կողմերից որևէ մեկը հավատարմագրի առևտրական ներկայացուցչությունները, այդ Կողմը պետք է սկսի արագացված հավատարմագրման գործընթաց: Այդ ընթացակարգի ընթացքում կենտրոնական հավատարմագրող պաշտոնյան պետք է ջանքեր գործադրի հավատարմագրման համար խնդրագրի քննարկման համար և դրական որոշում կայացնելու դեպքում տրամադրի հավատարմագրման հավաստագիր մյուս Կողմի առևտրական ներկայացուցիչների համար այդ խնդրագրի ներկայացումից հետո 60 օրվա ընթացքում: Հավատարմագրման գործընթացը պետք է կատարվի հավատարմագրող Կողմի` շուկայում արդեն գործող ընկերությունների, նորամուտների և փոքր ընկերությունների մասնակցությունը շուկային մեծացնելու նպատակով: Վերոհիշյալ ընթացակարգով հավատարմագրված Կողմի առևտրական ներկայացուցիչներին պետք է տրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան երրորդ երկրի հավատարմագրված առևտրական ներկայացուցչությունների ռեժիմն է, միայն թե գրասենյակի և բնակվելու վայրի տեղադրման հարցում նրանց չպետք է օգնի հավատարմագրող Կողմը:
2. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի առևտրական ներկայացուցիչներին պետք է տրամադրի հավասար և բավարար ռեժիմ` նրանց գործողությունների ղեկավարմանը համապատասխան:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլ տա մյուս Կողմի առևտրական ներկայացուցչություններին` ներմուծել և համաձայն սովորական առևտրական պրակտիկայի օգտագործել գրասենյակային և այլ սարքավորումներ, օրինակ` գրամեքենաներ, պատճենահանման մեքենաներ, համակարգիչներ և տելեֆաքսի մեքենաներ` այդ Կողմի տարածքում իրենց գործունեությունը իրականացնելու նպատակով:
Յուրաքանչյուր Կողմ, անխտրականության և անխտրական գների վրա (եթե նման գները հաստատվել կամ վերահսկվում են կառավարության կողմից) հիմնվելով, պետք է թույլատրի մյուս Կողմի առևտրական ներկայացուցչություններին` ձեռք բերել գրասենյակային տարածք և կենցաղային հարմարություններ, եթե դրանք ենթակա են օգտագործման օտարերկրացիների կողմից, ինչպես նաև օգտվել հեռահաղորդակցությունից, մունիցիպալ և հասարակական ծառայություններից:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի իր տարածքում հիմնված առևտրական ներկայացուցչություններին` ուղղակիորեն աշխատանքի ընդունել աշխատողների, որոնք հանդիսանում են երկու Կողմերի կամ երրորդ երկրների քաղաքացիներ և վարձատրել այդ աշխատողներին աշխատանքային պայմաններով և այն դրամով, որը համաձայնեցված է երկու Կողմերի միջև` տվյալ Կողմի նվազագույն աշխատավարձի օրենքին համապատասխան:
5. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի մյուս Կողմի քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին` գովազդել իրենց ապրանքները և ծառայությունները` ա) զանգվածային լրատվության միջոցների հետ ուղիղ համաձայնությամբ` ներառյալ հեռուստատեսությունը, ռադիոն, տպագրությունը և հայտարարությունների տախտակը, և բ) ուղիղ փոստով` ներառյալ տվյալ քաղաքացուն, ընկերությանը կամ կազմակերպությանը նախապես հասցեագրված քարտերը և կցված նամակները:
6. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի մյուս Կողմի քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին` իր տարածքում ղեկավարել շուկայավարական հետազոտությունները ուղղակի կամ պայմանագրի միջոցով: Շուկայի ուսումնասիրության ղեկավարումը հեշտացնելու համար յուրաքանչյուր Կողմը մյուս Կողմի խնդրանքով պետք է այդ Կողմի շահագրգիռ քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների համար մատչելի դարձնի իր տրամադրության տակ եղած ոչ գաղտնի և ոչ սեփականատիրական շուկայավարական տեղեկությունը:
7. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի առևտրական ներկայացուցչություններին` պահեստավորել և մատակարարել ապրանքների նմուշների և պահեստամասերի համապատասխան քանակություն ոչ առևտրական հիմքի վրա հիմնված վաճառքի համար:
8. Յուրաքանչյուր Կողմ պետք է ուղիղ կապ ապահովի իր տարածքում գտնվող սպառողների և մյուս Կողմի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների միջև: Յուրաքանչյուր Կողմ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի իր կազմակերպությունների և կառավարության կառույցների միջև ուղիղ կապի համար, որոնց որոշումներն ազդեցություն են գործում մյուս Կողմի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների և ապրանքների ու ծառայությունների պոտենցիալ առք ու վաճառքի վրա: Յուրաքանչյուր Կողմ պետք է նաև խրախուսի հայկական կազմակերպությունների և ԱՄՆ-ի քաղաքացիների ու ընկերությունների միջև ուղիղ առևտրական գործարքները` ներառյալ նրանց, ովքեր մյուս Կողմից գործում են որպես արտադրողներ, սպառողներ կամ գնորդներ:
9. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի մյուս Կողմի քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին` Կողմերի միջև համաձայնեցված գներով և պայմաններով աշխատել որպես գործակալներ կամ խորհրդատուներ Կողմերից որևէ մեկի կամ երրորդ երկրների քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների համար: Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի մյուս Կողմի քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին` ներգրավել բաշխողներ հանդիսացող իր քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին` պայմանով, որ այդ քաղաքացիները, ընկերությունները և կազմակերպությունները լիազորված են ներգրավվել նման գործունեության մեջ` երկու Կողմերի միջև համաձայնեցված գներով և պայմաններով:
10. Կողմերից ոչ մեկը չպետք է պարտադրի այն, ինչն անպատճառ վնասում է պայմանագրային կամ սեփականության իրավունքներին կամ այլ շահերին, որոնք ձեռք են բերվել իր տարածքում մյուս Կողմի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների կողմից:
11. Սույն հոդվածի 1-ին, 5-րդ կամ 10-րդ կետերում ոչինչ չպետք է մեկնաբանվի երկու Կողմերի` օտարերկրացիների մուտքի և բնակավայրի վերաբերյալ օրենքների և ընթացակարգերի համաձայն քննարկելու որևէ իրավունք:
ՀՈԴՎԱԾ 6. ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ժամանակավորապես մատչելի դարձնի հասարակությանը բոլոր ընդունված օրենքները և կանոնակարգերը, որոնք վերաբերում են առևտրական գործունեությանը` ներառյալ առևտրային, ներդրումային, հարկերի գանձման, բանկային համակարգի, երաշխավորման և այլ ֆինանսական ծառայությունների, տրանսպորտային և աշխատանքային օրենսդրական ակտերը:
2. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին պետք է տրամադրի ազգային տնտեսության և առանձին սեկտորների մասին ոչ գաղտնի և սեփականություն չհանդիսացող տվյալներ, ինչպես նաև օտարերկրյա առևտրի մասին տեղեկությունը:
3. Յուրաքանչյուր Կողմ հետաքրքրություն ցուցաբերած Կողմին պետք է հնարավորություն ընձեռի խորհրդակցել կանոնների և կանոնակարգերի ձևակերպման վերաբերյալ, որոնք ազդում են գործարարության վրա:
ՀՈԴՎԱԾ 7.
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌևՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայկական կազմակերպությունների և ԱՄՆ-ի քաղաքացիների ու ընկերությունների միջև բոլոր գործարքները պետք է կատարվեն ԱՄՆ դոլարով կամ ցանկացած այլ տարադրամով, որը կհամաձայնեցվի այդ կազմակերպությունների, քաղաքացիների և ընկերությունների միջև, եթե կողմերը առանձին գործարքների վերաբերյալ այլ բան չեն նախատեսել:
2. Կողմերից ոչ մեկը չպետք է որևէ սահմանափակում դնի իր տարածքից ազատ փոխարկելի տարադրամների արտահոսքի վրա` ներառյալ ավանդները կամ նման տարադրամները ներկայացնող փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել վավերացված կերպով` կապված մյուս Կողմի քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների Կողմից կատարված ապրանքների և ծառայությունների առևտրի հետ:
3. Որևէ Կողմի քաղաքացիները, ընկերությունները և կազմակերպությունները, որոնք ունեն մյուս Կողմի դրամական միավոր, կարող են ավանդ դնել այդ դրամը լիազորված ֆինանսական հաստատություններում, որոնք գտնվում են մյուս Կողմի տարածքում և կարող են պահպանել և օգտագործել այդ դրամը տեղական ծախսերը հոգալու համար` մյուս Կողմի կիրառելի օրենքների և կանոնակարգերի համապատասխան:
4. Առանց 2-րդ կետից բացառություն կատարելու և կապված ապրանքների և ծառայությունների առևտրի հետ` յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի քաղաքացիներին, ընկերություններին և կազմակերպություններին պետք է տրամադրի առավել բարենպաստ ազգային ռեժիմ, ինչը վերաբերում է.
ա) և արտարժույթով, և տվյալ երկրի պետական դրամով հաշիվների բացմանը և պահպանմանը և մյուս Կողմի տարածքում գտնվող ֆինանսական հաստատություններում ավանդավորված դրամական միջոցներին մուտք ունենալու հնարավորությանը,
բ) ազատ փոխարկելի տարադրամով երկու Կողմերի կամ Կողմերից որևէ մեկի և որևէ երրորդ երկրի տարածքում վճարումներին, դրամական փոխադրումներին և փոխանցումներին կամ դրանք ներկայացնող ֆինանսական փաստաթղթերին,
գ) արտոնագրված ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկված փոխանակման դրույքաչափին և տարադրամի ձեռք բերման միջոցներին, և
դ) տվյալ երկրի պետական դրամի ստացմանը և օգտագործմանը:
ՀՈԴՎԱԾ 8. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Կարևորելով մտավոր սեփականության դերը և դրա իրավական պաշտպանության անհրաժեշտությունը առևտրատնտեսական համագործակցությանը խթանելու համար և գիտակցելով մտավոր սեփականության հավասար ու արդյունավետ իրավական պաշտպանության համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը` Կողմերը համաձայնության են եկել, որ պետք է.
ա) համաձայն ներպետական օրենսդրության դրույթների երաշխավորեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը և իրականացումը` ներառյալ գրական, գիտական և գեղարվեստական գործերի, համակարգչային ծրագրերի և տվյալների հեղինակային իրավունքը և գյուտարարությունների, արդյունաբերական նախագծերի, «նոու-հաուների», առևտրական գաղտնիքների, առևտրական և ծառայությունների նշանների, առևտրական անվանումների և անարդար մրցակցության դեմ պաշտպանությունը,
բ) երաշխավորեն, որ իրենց միջազգային պարտավորությունները մտավոր սեփականության իրավունքների ոլորտում կհարգվեն: Համապատասխանաբար յուրաքանչյուր Կողմ վերահաստատում է իր առաջարկությունները 1983 թ. մարտի 30-ին ընդունված և 1967 թ. հուլիսի 14-ին Ստոկհոլմում վերանայված Արդյունաբերական սեփականության պաշտպանության վերաբերյալ Փարիզյան կոնվենցիային համապատասխան («Փարիզյան կոնվենցիա») և 1952 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած Համաշխարհային հեղինակային իրավունքի կոնվենցիայում ամրագրված հեղինակային իրավունքի համաձայն,
գ) խթանել Հայաստանի և ԱՄՆ-ի հաստատությունների միջև պայմանավորվածությունները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
2. Մտավոր սեփականության իրավունքների համապատասխան և արդյունավետ պաշտպանություն և այդ իրավունքների իրագործումը ապահովելու համար յուրաքանչյուր Կողմ համաձայնում է իր օրենսդրական մարմիններին ներկայացնել այն օրենքների նախագծերը, որոնք անհրաժեշտ են այս հոդվածի պարտավորվածություններն իրագործելու համար և ջանքեր կգործադրի այս օրենքները ընդունելու և կիրառելու համար: Այս դեպքում Կողմերը պետք է.
ա) զարգացնեն իրենց հեղինակային իրավունքի հարաբերությունները` համաձայն Գրական և գեղարվեստական աշխատությունների պաշտպանման Բեռնի կոնվենցիայի («Բեռնի կոնվենցիա») (Փարիզ 1971),
բ) հեղինակային իրավունքի պաշտպանություն ապահովեն համակարգչային ծրագրերի և տվյալների` որպես գրական աշխատությունների, համաձայն հեղինակային իրավունքի իրենց օրենքների,
գ) 1) պաշտպանություն ապահովել սկզբում իրենց քաղաքացիների կողմից ամրագրված կամ առաջինն իրենց երկրում արտադրված ձայներիզների համար,
գ) 2) այս ապրանքներն արտադրողներին երաշխավորված նվազագույն իրավունքների հետ միասին նման պաշտպանությունը պետք է ներառի վերարտադրության իրավունքը և հասարակական բաշխման, ներմուծման իրավունքը և ձայներիզի հատուկ պատճենն ունեցողի իրավունքները, ձայներիզ արտադրողը կշարունակի ունենալ պատճենը վարձակալության տալու բացառիկ իրավունքներ,
գ) 3) Կողմերը համաձայնում են, որ երկու Կողմերը իրենց երկրում ստեղծված ձայներիզների պաշտպանությունը հաստատելուց անմիջապես հետո ներպետական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն մյուս Կողմի երկրում արտադրված ձայներիզների պաշտպանությունը ընդլայնելու համար,
դ) ապահովեն ապրանքների և ամբողջ գործընթացի արտոնագրի պաշտպանությունը տեխնոլոգիաների բոլոր ոլորտներում (բացի ատոմային զենքերում օգտագործվող նյութերից) դիմումից հետո ամենաքիչը 20 տարվա ընթացքում կամ արտոնագրի շնորհումից հետո 17 տարվա ընթացքում, և
ե) ապահովեն առևտրական գաղտնիքի պաշտպանությունը:
3. Մինչ երկու Կողմերն էլ Բեռնի միության անդամներ կդառնան, աշխատանքների պաշտպանությունը մինչև այդ ժամկետը պետք է որոշվի համաձայն Բեռնի կոնվենցիայի, 1971 թ. Փարիզյան ակտի 18-րդ հոդվածի:
4. Կողմերը իրենց օրենսդրական առաջարկներում պետք է ներկայացնեն սույն Համաձայնագրին կից նամակներում թվարկված սկզբունքները: Այս կից նամակները պետք է դառնան այս Համաձայնագրի անքակտելի մասը:
5. Կողմերը համաձայնում են Համաձայնագրի պայմաններին համապատասխան և այստեղ կցված նամակներում նշված նպատակների համար կազմել աշխատանքային խումբ մտավոր սեփականության հարցերով զբաղվելու համար:
ՀՈԴՎԱԾ 9. ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
Յուրաքանչյուր Կողմ պետք է դյուրացնի մյուս Կողմի երկրում արտադրված և իր տարածքով անցնող ապրանքների փոխադրումը գործող օրենսդրության և կանոնակարգերի համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 10. ՀԵՏԱԳԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՏԵՐԸ
1. Կողմերը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն տնտեսական համագործակցություն զարգացնելու համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` հաշվի առնելով վիճակագրությունը և ստանդարտները:
2. Հաշվի առնելով ծառայությունների ոլորտի աճողական տնտեսական կարևորությունը` Կողմերը համաձայնում են խորհրդակցել երկու երկրների միջև ծառայությունների գործնական ղեկավարման վրա ազդող և փոխշահավետությանը վերաբերող հատուկ հարցերի շուրջ, որոնք առնչվում են անհատ ծառայության սեկտորներին` շուկայում հնարավոր ավելի մեծ մուտք և ազատականացում ձեռք բերելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 11. ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅՈՒՄԻՑ
1. Կողմերը համաձայնում են որևէ Կողմի խնդրանքով անմիջապես խորհրդակցություն կազմակերպել, երբ մյուս Կողմի տարածքում արտադրված ապրանքների գործող կամ հեռանկարային ներմուծումները առաջացնեն, սպառնան առաջացնել շուկայի քայքայում կամ նշանակալից կերպով նպաստեն դրան: Շուկայի քայքայում տեղի է ունենում ներքին արդյունաբերության մեջ, երբ ներքին արդյունաբերությունում արտադրված ապրանքին նման կամ դրա հետ մրցունակ ապրանքի ներմուծումը արագ մեծանում է բացարձակ կամ հարաբերական կերպով այնպես, որ դառնում է ներքին արդյունաբերության նյութական վնասի հսկայական պատճառ կամ սպառնալիք:
2. 1-ին կետի համար արված խորհրդակցությունը պետք է ունենան` ա) շուկայի քայքայման պատճառ կամ սպառնալիք դառնալու հավանականություն ունեցող ներմուծված ապրանքների ներկայացման և քննարկման, բ) շուկայի քայքայումը կանխելու կամ վերացման միջոցների որոնման նպատակ: Այս խորհրդակցությունը պետք է կատարվի այդ խորհրդակցության համար խնդրանքի ստացումից հետո 60 օրվա ընթացքում, եթե այլ կերպ Կողմերը չեն համաձայնում:
3. Քանի դեռ այդ խորհրդակցության ընթացքում մեկ այլ որոշում չընդունվի երկու երկրների կողմից, ներմուծող Կողմը կարող է` ա) պարտադրել ներմուծման քանակական սահմանափակումներ, սակագնային միջոցառումներ կամ այլ սահմանափակումներ կամ միջոցառումներ, որոնք համարվում են համապատասխան, և որ այդ ժամանակահատվածի համար անհրաժեշտ են` կանխելու կամ վերացնելու շուկայի` սպառնացող կամ գոյություն ունեցող քայքայումը, բ) համապատասխան քայլեր ձեռնարկել երաշխավորելու համար, որ մյուս Կողմի տարածքից ներմուծված ապրանքները ենթարկվեն շուկայի քայքայման հետ կապված քանակական կամ այլ սահմանափակումներին: Այս դեպքում մյուս Կողմը կարող է շեղվել այս Համաձայնագրի պարտավորություններից` նմանատիպ առևտրի համապատասխան:
4. Եթե ներմուծող Կողմի վճռով անհապաղ գործողություններ են անհրաժեշտ շուկայի քայքայումը կանխելու կամ վերացնելու համար, ներմուծող Կողմը կարող է այդպիսի գործողություն սկսել ցանկացած ժամանակ և առանց նախնական խորհրդակցության` պայմանով, որ այդ խորհրդակցությունները կկազմակերպվեն անմիջապես:
5. Սույն հոդվածին համապատասխան միջոցառումների ընտրության ժամանակ Կողմերը պետք է փորձեն առաջնություն տալ այն միջոցառումներին, որոնք ավելի քիչ են խանգարում սույն Համաձայնագրի նպատակներին հասնելուն:
6. Կողմերը գիտակցում են, որ այս հոդվածի` շուկայի պաշտպանությունը քայքայումից կետերի մշակումը չի վնասում Կողմերի իրավունքին` կիրառելու օրենքներ անարդար առևտրի դեմ:
7. Յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի, որ իր ներքին օրենսդրությունը և շուկայի քայքայումը որոշող ընթացակարգերը թափանցիկ են, և վնաս կրած Կողմին տա իր տեսակետները ներկայացնելու հնարավորություն:
ՀՈԴՎԱԾ 12. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
1. Երկու Կողմերի քաղաքացիները, ընկերությունները և կազմակերպությունները պետք է ունենան ազգային ռեժիմ մյուս Կողմի տարածքում գտնվող դատարաններ և վարչական մարմիններ մուտք ունենալու համար` որպես հայցվորներ, պաշտպանյալներ կամ այլք: Նրանք չպետք է անձեռնմխելի լինեն դատարանից, դատավճռի իրականացումից, արբիտրաժի որոշումների ճանաչման և կիրարկման վարույթներից կամ մյուս Կողմի տարածքում ունեցած այլ պատասխանատվություններից` առևտրական գործարքների կապակցությամբ: Նրանք չպետք է նաև պնդեն կամ ունենան անձեռնմխելիություն հարկերից առևտրական գործարքների համար` բացի երկկողմանի համաձայնագրերի մեջ պարունակվող գործարքներից:
2. Կողմերը խթանում են արբիտրաժի ընդունումը Հայաստանի կազմակերպությունների և ԱՄՆ-ի ընկերությունների և քաղաքացիների միջև կնքված գործարքների ժամանակ ծագած վեճերի լուծման համար: Այսպիսի արբիտրաժը կարող է ապահովվել քաղաքացիների, ընկերությունների և կազմակերպությունների միջև պայմանագրի ձևով կնքված համաձայնագրերով կամ նրանց միջև առանձին գրավոր համաձայնագրերով:
3. Անհատական գործարքների համար միջազգայնորեն հաստատված դատական կանոններով Կողմերը կարող են դիմել արբիտրաժի, ներառյալ UNCITRAL-ի կանոնները, որի դեպքում Կողմերը վերոհիշյալ օրենքներով Հայաստանից կամ ԱՄՆ-ից տարբեր մեկ այլ երկրում պետք է նշանակեն Նշանակող մարմին:
4. Կողմերը պետք է նշանակեն դատարանի վայրը, որը Հայաստանից կամ ԱՄՆ-ից տարբեր մեկ այլ երկիր է և 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորքում ստորագրված Օտարերկրյա արբիտրաժի որոշումների ճանաչման և կիրարկման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի անդամ է:
5. Ոչինչ այս հոդվածում չպետք է մեկնաբանվի կանխելու, և Կողմերը չպետք է արգելեն, արբիտրաժի կամ վեճի լուծման մեկ այլ ձևի շուրջ համաձայնությունը, որը երկու Կողմերն էլ համարում են ամենահամապատասխանը երկուսի համար:
6. Յուրաքանչյուր Կողմ պետք է հավաստիացնի, որ արբիտրաժի որոշումների ճանաչման և կիրարկման համար իր տարածքում գործում են արդյունավետ միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 13. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Համաձայնագրի կետերը չպետք է սահմանափակեն Կողմերից և ոչ մեկի` անվտանգության պահպանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իրավունքները:
ՀՈԴՎԱԾ 14. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն Համաձայնագրի գործողությունները վերանայելու համար Կողմերը համաձայնում են պարբերաբար խորհրդակցություններ կազմակերպել Հայաստան-ԱՄՆ համատեղ առևտրական հանձնաժողովի շրջանակներում:
2. Կողմերը համաձայնում են որևէ Կողմի պահանջով համապատասխան ուղիներով քննարկել սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ իրականացմանը և Կողմերի հարաբերությունների այլ ոլորտներին վերաբերող ցանկացած հարց:
ՀՈԴՎԱԾ 15. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Այս Համաձայնագրում օգտագործված ներքոհիշյալ տերմինների նշանակությունը հետևյալն է.
ա) «ընկերություն» նշանակում է Կողմերից որևէ մեկի օրենքներով և սահմանված կարգերով հիմնված, դրամական միջոցներ ստանալու համար կազմակերպված, մասնավոր կամ պետության կողմից սեփականաշնորհված բաժնետիրական ընկերության ցանկացած տեսակ. ընկերություն, ասոցիացիա, անհատ ձեռնարկություն կամ այլ կազմակերպություն կամ դրա որևէ ստորաբաժանում` պայմանով, որ յուրաքանչյուր Կողմ իրեն վերապահում է ցանկացած ընկերության մերժելու իրավունքը, եթե մի որևէ երրորդ երկրի քաղաքացի ղեկավարում է մի այսպիսի ընկերություն, և Կողմերից որևէ մեկի ցանկացած ընկերություն հիմնական բիզնես-գործունեություն չի ծավալում մյուս Կողմի տարածքում կամ ղեկավարվում է մի որևէ երրորդ երկրի քաղաքացու կողմից, որի հետ մերժող Կողմը չի պահպանում նորմալ տնտեսական հարաբերություններ,
բ) «առևտրական ներկայացուցչություն» նշանակում է Կողմերից որևէ մեկի ընկերության կամ կազմակերպության ներկայացուցչությունը,
գ) «քաղաքացի» նշանակում է ֆիզիկական անձ, որը Կողմերից որևէ մեկի երկրի քաղաքացի է այդ երկրի օրենքների համաձայն,
դ) «կազմակերպություն» նշանակում է ԱՄՆ-ի համար ամերիկյան որևէ ընկերություն, իսկ Հայաստանի համար` տնտեսական որևէ մարմին կամ ձեռնարկություն (ներառյալ ընկերություն), որը արտերկրի քաղաքացիների կամ ընկերությունների հետ ներգրավված է արտերկրի հետ առևտրի կամ առևտրական այլ գործունեության մեջ:
ՀՈԴՎԱԾ 16. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Այս մեթոդները չեն կիրառվում այն ձևով, որ ստեղծեն կամայական կամ անարդար խտրականություն երկրների միջև, որտեղ գերակշռում են միևնույն պայմանները կամ թաքցվում են միջազգային առևտրի վրա դրված սահմանափակումները: Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի Կողմերից որևէ մեկի կողմից`
ա) սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան օրենքներին կամ կանոնակարգերին համապատասխանություն ապահովող անհրաժեշտ միջոցների,
բ) սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում (և կից նամակներում) արտահայտված մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և խաբուսիկ հմտության կանխման միջոցների,
գ) Տարիֆների և առևտրի ընդհանուր համաձայնագրի 20-րդ հոդվածում նշված այլ միջոցների ընդունման կամ կիրարկման արգելման համար:
ՀՈԴՎԱԾ 17. ՈՒԺԻ ՄԵՋ ԼԻՆԵԼԸ, ԺԱՄԿԵՏԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրը (ներառյալ սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող կից նամակները) ուժի մեջ կմտնի դիվանագիտական հայտարարագրերի փոխանակման պահից, որոնցով Կողմերը կծանուցեն միմյանց, որ ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը կատարվել են, և կմնան ուժի մեջ մինչև սույն հոդվածում նշված ժամկետը:
2. Սույն Համաձայնագրի սկզբնական ժամկետը երեք տարի է` համաձայն ներքոհիշյալ 4-րդ կետի:
3. Սույն Համաձայնագիրը կերկարաձգվի հետագա երեք տարի ժամկետներով, մինչև Կողմերից որևէ մեկը գրավոր ձևով առնվազն երեսուն օր ընթացիկ ժամկետի լրանալուց առաջ հայտնի մյուս Կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
4. Կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր ձևով մյուս Կողմին սույն Համաձայնագրի դադարեցման իր մտադրության մասին վաթսուն օրվա ընթացքում, և այդ դեպքում Կողմերը պետք է ձգտեն նվազագույնի հասցնել իրենց առևտրական հարաբերությունների քայքայումը:
Ի վկայումն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրել են սույն Համաձայնագիրը:
Կատարված է Վաշինգտոնում 1992 թվականի ապրիլի 2-ին, երկու բնօրինակով, անգլերեն: Հայերեն տեքստը պետք է պատրաստվի, որը անգլերեն տեքստի հետ համապատասխանությունը հաստատող դիվանագիտական նոտաների փոխանակումից հետո կհամարվի հավասարազոր:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի ապրիլի 7-ից: