Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
հաշվի առնելով երկու պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը,
ձգտելով բարենպաստ պայմաններ ստեղծել շուկայական հարաբերությունների հետագա զարգացման համար,
ընդունելով, որ տրանսպորտի նորմալ գործունեությունը հանդիսանում է տնտեսության զարգացում և Պայմանավորվող կողմերի արտաքին տնտեսական գործունեության արդյունավետություն ապահովելու կարևոր գործոն,
ցանկանալով փոխադարձության հիմունքներով զարգացնել տրանսպորտի բոլոր տեսակները և ձգտելով ապահովել բարենպաստ պայմաններ Պայմանավորվող կողմերի տարածքների սահմաններում բեռների տեղափոխման և երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության համար,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1 |
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պայմաններ կապահովի իր տարածքում Կողմերի տրանսպորտային միջոցների երթևեկության, բեռների ու արտադրանքի փոխադրման և պահպանման համար, այդ թվում` տարանցմամբ երրորդ երկրներ գնացող, ինչպես նաև իրենց վարչական տարածքներում գտնվող տրանսպորտային հաղորդակցության միջոցներով գազ տեղափոխելու համար:
Նման կարգ է սահմանվում նաև Պայմանավորվող կողմերի օդանավերի կողմից օդային տարածքի օգտագործման համար:
Տարանցիկ բեռների նկատմամբ հսկողության, ինչպես նաև մաքսային տուրքերի գանձման կարգը և այլ մաքսային հարցերը սահմանվում են Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների միջև` առանձին համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 2 |
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում ճանաչում է Կողմերի տարածքներում սահմանված կարգի համաձայն տրված` համապատասխան փոխադրումներ և տրանսպորտային-շահագործման գործունեության այլ տեսակներ իրականացնելու լիցենզիաները, տրանսպորտային միջոցին վերաբերող վկայականները և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի որակավորման վկայականները:
ՀՈԴՎԱԾ 3 |
Մինչև Պայմանավորվող կողմերի կողմից սեփական կանոններ ընդունվելը` նրանց տարածքներում պահպանվում է տրանսպորտի աշխատանքը կանոնակարգող` գոյություն ունեցող կանոնների, կարգերի, հրահանգների, ստանդարտների տեխնիկական պայմանների և այլ նորմատիվ ակտերի գործողությունը:
Տրանսպորտի աշխատանքը կարգավորող և Պայմանավորվող կողմերի շահերը շոշափող` գործող նորմատիվ ակտերի փոփոխությունները և նորերի ընդունումը իրականացվում են Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` նրանց միջև համաձայնեցմամբ:
ՀՈԴՎԱԾ 4 |
Տրանսպորտի բնագավառում փոխգործակցության հարցերը լուծելու համար Պայմանավորվող կողմերը իրավասու մարմիններին կհանձնարարեն մշակել հատուկ համաձայնագրեր երկաթուղային վագոնների և բեռնարկղերի պարկի օգտագործման մասին, Պայմանավորվող կողմերի ձեռնարկություններին պատկանող նավթամթերքների արտահանման և դատարկ ցիստեռնների վերադարձման մասին, ինչպես նաև երկաթուղային, ավտոմոբիլային և օդային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ հարցերով:
ՀՈԴՎԱԾ 5 |
Բոլոր վիճելի հարցերը, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագրի առանձին հոդվածների մեկնաբանման կամ կատարման հետ կապված, Պայմանավորվող կողմերի միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 6 |
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է այնքան ժամանակ, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը օրացուցային տարվա ավարտից երեք ամիս առաջ հայտարարի Համաձայնագիրը փոփոխելու կամ դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1992 թվականի հոկտեմբերի 15-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և թուրքմեներեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի հոկտեմբերի 15-ից: