ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0470/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0470/05/08 |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 22.05.2008 թվականի վճռի և 26.06.2008 թվականի լրացուցիչ վճռի դեմ՝ ըստ հայցի «Կայարանշին» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Սպանդարյանի բաժնի 28.11.2007 թվականի թիվ 1109800 ակտը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել Ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության Սպանդարյանի բաժնի 28.11.2007 թվականի թիվ 1109800 ակտը:
Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Լրացուցիչ դիմումով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կայացնել լրացուցիչ վճիռ Ընկերության ներկայացուցչին վճարված 240.000 ՀՀ դրամը Հայաստանի Հանրապետությունից բռնագանձելու մասին:
Դատարանի 26.06.2008 թվականի լրացուցիչ վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն` 200.000 ՀՀ դրամի չափով:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման(հաշվառման)» կարգի (այսուհետ՝ Կարգ) 5-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, որը պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել նույն Կարգի 2-րդ մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն Ընկերության կողմից շինհրապարակ տեղափոխված մեխը, ամրանը և բետոնը, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, համարել է գրանցման ոչ ենթակա, քանի որ դրանք ոչ թե ապրանք կամ պատրաստի արտադրանք են, այլ հումք, նյութ:
Նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայությունը` գույքը պատրաստի ապրանք կամ պատրաստի արտադրանք չհանդիսանալը և այն ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը: Մինչդեռ Դատարանն Ընկերության կողմից որպես ապրանք ձեռք բերած և պահեստ մուտք եղած մեխը, բետոնը և ամրանը դիտել է որպես հումք` հաշվի առնելով Ընկերության ձեռնարկատիրական գործունեության բնույթը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 22.05.2008 թվականի վճիռը և 26.06.2008 թվականի լրացուցիչ վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ծառայության պետի 12.11.2007 թվականի թիվ 1109800 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ստուգում:
2) 28.11.2007 թվականի թիվ 1109800 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել է 6.348.300 ՀՀ դրամի հարկային պարտավորություն` տեղափոխվող ապրանքները սահմանված կարգով չգրանցելու համար: Ակտով սահմանվել է, որ Ընկերությունը 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ապրանքային պահեստից շինարարական հրապարակ է տեղափոխել 12.696.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ապրանքներ՝ դրանք չգրանցելով առաքվող-տեղափոխվող ապրանքների գրանցման գրքում: Ավելին, Ընկերությունը չի ունեցել Ծառայության կողմից հաստատված գրանցման գիրք:
3) Ընկերության և «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ-ի միջև 28.03.2008 թվականին կնքվել է փաստաբանական ծառայություն մատուցելու պայմանագիր, որի գինը կազմել է 240.000 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված Կարգի 5-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները, բացառությամբ նույն կարգի 2-րդ կետի 2-րդ մասում նշվածների:
Առաքվող ապրանքը ներառում է իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի) տրամադրումը (հատկացումը, բացթողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց):
Տեղափոխվող ապրանքը ներառում է տնտեսական տեղաշարժի ենթարկվող (պատրաստի արտադրանքի` պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն) տեղափոխվող) ապրանքը (պատրաստի արտադրանքը), ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը:
Նույն որոշման 2-րդ կետի համաձայն` առաքումների գրանցման գրքում չի գրանցվում պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսացող գույքի ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը, խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով արտադրանքի առաքումը, տարածման նպատակով մամուլի տեղափոխումը, վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը, տնտեսվարող սուբյեկտների հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, բլանկների ու ձևաթղթերի տեղափոխումը:
Վերոնշյալից հետևում է, որ Կարգի 2-րդ մասի կիրառման համար անհրաժեշտ է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Դրանք են՝ գույքի պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսանալը և դրա ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը:
Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը շինարարական կազմակերպություն է, որն իրականացրել է ոչ պատրաստի արտադրանք ապրանքի (հումքի) ներտնտեսական տեղափոխություն: Հետևաբար` Ընկերության կողմից պահեստից նույն հասցեում գտնվող շինհրապարակ տեղափոխվող ամրանը, մեխը և բետոնը պատրաստի ապրանք չէ, ուստի այն ենթակա չէ գրանցման առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման գրքում:
Մինչդեռ սույն գործով Դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել ապրանքը նույն հասցեով տեղափոխված լինելու հանգամանքը, որը համապատասխան գրանցման գրքում գրանցում չկատարելու համար պարտադիր վավերապայման է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը և լրացուցիչ վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 22.05.2008 թվականի վճիռը և 26.06.2008 թվականի լրացուցիչ վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |