Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
17 հունվարի 2008 թվականի N 30-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԻՄԱՑ ԳՈՒՅՔՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմից առանձնացնել Երևանի Նոր Նորքի Գյուրջյան 6 հասցեում գտնվող ծննդատան շենքի 1330 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, այդ թվում` ցոկոլային հարկից` 39 քառ. մետր, 1-ին հարկից` 225 քառ. մետր, 2-րդ հարկից` 1066 քառ. մետր (այսուհետ` գույք)` 6509419 դրամ հազ. դրամ հաշվեկշռային արժողությամբ, և դրանով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
(1-ին կետը փոփ. 06.03.08 N 218-Ա)
2. Գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
3. Ընկերության գույքի կազմից առանձնացված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով` սահմանված կարգով նվազեցումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Երևանի քաղաքապետին` ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից համապատասխան չափով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և դրանց ձեռքբերման դիմաց սույն որոշման 1-ին կետում նշված գույքով վճարումը:
6. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` իր միջոցների հաշվին:
7. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքը երկու տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` Ընտանեկան բժշկության երկրորդ կրթական կենտրոնի աշխատանքները կազմակերպելու նպատակով:
8. Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|