«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 սեպտեմբերի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
8 հուլիսի 2005 թ. |
N 95-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 24 և 2001 թվականի նոյեմբերի 30-ի «Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 66 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի նոյեմբերի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Բ Ա Ժ Ի Ն I
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները.
Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
բնական գազ կամ գազ` այնպես, ինչպես սահմանված է ԳՕՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ստանդարտով սահմանված նշանակությունը.
մատակարար` գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը գազամատակարարման պայմանագիր է կնքել բաժանորդի հետ.
գազամատակարարման ցանց` գազի փոխադրման և բաշխիչ ցանց.
կենցաղային սպառում` վարչական, կենցաղային սպասարկման և հասարակական սննդի կազմակերպությունների սրահների ջեռուցման, տաք ջրամատակարարման, սննդի պատրաստման համար Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կենցաղային գազօգտագործող սարքավորման խմբին դասվող սարքերի օգտագործմամբ գազի սպառում.
գազասպառման համակարգ` գազի առաքման կետից կամ հաշվառքի սարքի ելքից (բկանցքից) հետո տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները, ու դրանց սարքավորումները.
ներտնային գազասպառման համակարգ` բնակչության կենցաղային կարիքների համար նախատեսված գազասպառման համակարգ.
հաշվարկային ժամանակաշրջան` բաժանորդին մատակարարված գազի քանակության առևտրային հաշվառման` սույն կանոններով կամ գազամատակարարման պայմանագրով ամրագրված ժամանակահատված.
միացման պայմանագիր` գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար մատակարարի և միացման համար դիմող անձի միջև կնքվող պայմանագիր, որում ներառված են մատակարարի և դիմող անձի պարտականությունները, ինչպես նաև միացման տեխնիկական պայմանները.
գազիֆիկացման պայմանագիր` առանձին պատվիրատուի կողմից նոր կառուցվող շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազիֆիկացման պայմանները սահմանող` պատվիրատուի և մատակարարի միջև կնքված պայմանագիր.
տեխնիկական սպասարկման պայմանագիր` գազասպառման համակարգի պարբերական տեխնիկական սպասարկման պայմանները, ծավալները և սպասարկման համար վճարման կարգը սահմանող սպասարկող անձի և կազմակերպության, բացառությամբ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների միջև կնքված սպասարկման և նորոգման ծառայությունների մատուցման պայմանագիր.
գազամատակարարման պայմանագիր կամ Պայմանագիր` մատակարարի և բաժանորդի միջև կնքված գազի մատակարարման պայմանները, այդ թվում բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման պայմանները, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանող պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանում է Հանձնաժողովը.
գազի միջին օրական ծախս` գազի քանակ, որը հավասար է հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի քանակի և տվյալ հաշվարկային ժամանակաշրջանի օրացուցային օրերի թվի հարաբերությանը.
գազի համակարգ` գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի համալիր.
կազմակերպություն` իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր.
սահմանազատման կետ` գազի համակարգի` մատակարարի և բաժանորդի սեփականության տարանջատման կետը.
առաքման կետ` մատակարարի կողմից գազը բաժանորդին փոխանցելու` գազի համակարգի Պայմանագրով սահմանված կետը: Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների համար գազամատակարարման դեպքում առաքման կետ է հանդիսանում գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը).
առևտրային հաշվառքի սարք (կայան)` գազամատակարարման պայմանագրում ամրագրված, սահմանված կարգով ստուգաչափված և վկայագրված գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը.
հսկիչ հաշվառքի սարք (կայան)` գազամատակարարման պայմանագրում ամրագրված, սահմանված կարգով ստուգաչափված և վկայագրված` մատակարարված գազի քանակը հաշվառող հաշվառքի սարք (կայան).
առևտրային հաշվառքի սարքի (կայանի) խախտում` առևտրային հաշվառքի սարքի (կայանի) ամբողջականության խախտումը, մեխանիկական վնասվածքները կամ մերժումները, կամ նրա առանձին հանգույցների վրա կապարակնիքների բացակայությունը կամ կեղծված լինելը.
առևտրային հաշվառքի սարքի (կայանի) միտումնավոր խախտում` առևտրային հաշվառքի սարքի (կայանի առանձին հանգույցների) խախտում, որը, համաձայն հավատարմագրված անձի կողմից սարքի ստուգման արդյունքում տրված եզրակացության, կատարված է միտումնավոր` հաշվառքի սարքի ցուցմունքների փոփոխման համար.
հավատարմագրված անձ` չափման միջոցների ստուգաչափման, ստուգումների իրավունք ունեցող իրավաբանական անձ.
գազամատակարարման ցանցի ընդլայնում` նոր սպառողների (բաժանորդների) գազամատակարարման նպատակով գազամատակարարման ցանցի գործող գազատարի շարունակումը, ճյուղավորումը, թողունակության մեծացումը կամ գազակարգավորիչ նոր կետերի կառուցումը, կամ վերակառուցումը.
գազամատակարարման ընդհատում` գազի մատակարարման ընդհատում ապահովիչ փակող սարքերի միջոցով կամ մատակարարի կողմից` պլանային աշխատանքների կատարման ժամանակ կամ վթարային, կամ ֆորս մաժորային իրավիճակներում.
գազամատակարարման դադարեցում` ԳՄՕԿ-ի կամ գազամատակարարման պայմանագրի պայմանները խախտելու, գազամատակարարման պայմանագիրը լուծելու, բաժանորդի դիմումի համաձայն կամ օրենքով սահմանված այլ դեպքերում գազի առաքման դադարեցում մատակարարի կողմից.
գազամատակարարման (գազասպառման) սահմանափակում` մատակարարի կողմից բաժանորդ կազմակերպությանը ներկայացվող` գազամատակարարման պայմանագրում ամրագրված գազասպառման սահմանափակման պահանջ, որի համաձայն հայտարարված սահմանափակման ռեժիմում վերջիններս սահմանափակում են գազի սպառումը մինչև գազամատակարարման պայմանագրով սահմանված քանակությունը.
տեխնիկական պայմաններ` ԳՄՕԿ-ով սահմանված պայմաններով նոր կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների համալիր.
ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են մատակարարի կամ բաժանորդի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը), սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, գազամատակարարման ցանցի վթարները այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, մատակարարից և բաժանորդից անկախ Հայաստանի Հանրապետություն գազի ներկրման ընդհատումները, որոնք խոչընդոտում են մատակարարի գործունեությանը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` անկախ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը.
գազօգտագործող սարքավորման օգտագործում` գազօգտագործող սարքավորման նկատմամբ գործողություն (միացում, անջատում, աշխատանքի ռեժիմի հսկում և այլն), որը կատարում է բաժանորդը (օգտագործողը) սարքը նպատակային նշանակությամբ օգտագործելու ընթացքում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, միացման պայմանագրով, գազամատակարարման պայմանագրով և սույն կանոններով:
2.2. Գազի մատակարարման և օգտագործման կանոնները (այսուհետև` ԳՄՕԿ) սահմանում են գազամատակարարման, գազիֆիկացման, գազամատակարարման ցանցի վերականգնման, գազամատակարարման ցանցին գազասպառման համակարգերի միացման, գործարկման ու տեխնիկական սպասարկման պայմանները:
2.3. Մատակարարը պարտավոր է իրականացնել բաժանորդի գազամատակարարումը` ԳՄՕԿ-ով և Պայմանագրով սահմանված պայմաններով: Գազամատակարարման ընթացքում մատակարարը պարտավոր է կատարել հետևյալ գործառույթները.
ա) գազամատակարարում,
բ) վճարման փաստաթղթերի կազմում և ներկայացում,
գ) բաժանորդի ահազանգով գազամատակարարման ընդհատում, դադարեցում, վերսկսում,
դ) բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների պարբերական հրահանգավորում ըստ ժամանակացույցի` գազասպառման համակարգի և սարքերի անվտանգ օգտագործման վերաբերյալ,
ե) սեզոնային գազամատակարարման դեպքում մատակարարման դադարեցում և վերսկսում բաժանորդի դիմումի համաձայն,
զ) կենցաղային սպառում ունեցող բաժանորդների գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների վերաբերյալ պայմանագրերի և դրանց կատարման պարբերական ստուգում,
է) բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի նկատմամբ հսկողություն իր կողմից կամ հանձնարարությամբ` սպասարկող կազմակերպությունների միջոցով:
2.4. Բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին և պատշաճ տեխնիկական վիճակն ապահովելու համար, Պայմանագրի հավելված հանդիսացող տեխնիկական սպասարկման համաձայնագրով և ԳՄՕԿ-ի 3.17 և 3.18 կետերով սահմանված պայմաններով, մատակարարը գազամատակարարման ընթացքում այդ բաժանորդներին մատուցում է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ:
Տեխնիկական սպասարկման աշխատանքների անվանացանկն ու պարբերականությունը սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և ամրագրվում Պայմանագրի հավելված հանդիսացող տեխնիկական սպասարկման համաձայնագրում:
Այդ բաժանորդների գազօգտագործող սարքավորումների, ծխաօդատար ուղիների վերականգնման կամ վերանորոգման, կամ փոխարինման ծառայությունները մատակարարը մատուցում է հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով հաշվարկված վճարով` բաժանորդի ներկայացրած անհատական հայտերի հիման վրա:
2.5. Մատակարարը պարտավոր է առաքման կետում ապահովել Պայմանագրում նշված գազի որակական ցուցանիշները և գազի ճնշումը` ստանդարտներով սահմանված թույլատրելի տիրույթում:
Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում մատակարարը պետք է մատակարարի հոտավետացված (օդորանտացված) գազ:
Մատակարարվող գազի որակական ցուցանիշներից շեղումների դեպքում բաժանորդի կողմից գազի օգտագործման կամ գազի օգտագործումից հրաժարվելու պայմանները սահմանվում են Պայմանագրով:
Մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա հինգը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել նախորդ ամսում մատակարարված գազի ջերմատվության միջին ցուցանիշները` ըստ տասնօրյակների:
2.6. Սահմանված որակական ցուցանիշներին համապատասխանող գազը մատակարարը վաճառում է բաժանորդներին Հանձնաժողովի սահմանած սակագներով, իսկ այդ ցուցանիշներին չհամապատասխանող գազը, բաժանորդի համաձայնության դեպքում` Պայմանագրով սահմանված փոխհամաձայնեցված գնով: Մատակարարը կարող է գազը վաճառել Հանձնաժողովի սահմանած սակագնից ցածր գնով` օրենքով սահմանված պայմաններով:
2.7. Գազի որակական ցուցանիշների վերահսկողությունն իրականացվում է իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով:
2.8. Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:
Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:
Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:
(2.8 կետը լրաց. 12.11.08 N 607-Ն)
2.9. Տարածքի վարձակալության դեպքում մատակարարը պարտավոր է վարձակալին մատուցել վարձատուի կամ վարձակալի հետ կնքված Պայմանագրերով նախատեսված ծառայությունները: Գազի համակարգի օգտագործման և շահագործման անվտանգության ապահովման վերաբերյալ ԳՄՕԿ-ի 3-րդ գլխի պահանջները տարածվում են նաև վարձակալած տարածքում գտնվող գազասպառման համակարգի վարձակալի (փաստացի օգտագործողի) վրա:
2.10. Բաժանորդը գազասպառման համակարգ ներառող տարածքը վարձակալության հանձնելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին` վարձակալին արտահերթ հրահանգավորման համար:
2.11. Բաժանորդը պարտավոր է իր սեփականությունը հանդիսացող գազասպառման համակարգ պարունակող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում դիմել մատակարարին` Պայմանագիրը լուծելու համար:
2.12. Գազամատակարարման ցանցի նախագծման, կառուցման, փորձարկման, գործարկման, շահագործման ու տեխնիկական սպասարկման նորմերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով, տեխնիկական կանոնակարգերով և դրանց համապատասխանող մատակարարի կազմակերպության ստանդարտներով:
2.13. Գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին կատարվում է միացման պայմանագրի համաձայն: Առանձին պատվիրատուի պատվերով թաղամասերի, բազմաբնակարան շենքերի կառուցման դեպքում գազիֆիկացումը իրականացվում է գազիֆիկացման պայմանագրով: Բնակչի կամ այն կազմակերպության հետ, որի գազասպառման համակարգը գտնվում է բազմաբնակարան շենքում, միացման պայմանագիրը կնքվում է Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան:
2.14. Միացման պայմանագրում ներառվող տեխնիկական պայմանները սահմանվում են` ելնելով հետևյալ նախապայմաններից.
ա) գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը,
բ) գազամատակարարման ցանցի թողունակության առավելագույն օգտագործումը:
2.15. Միացման պայմանագրով սահմանված տեխնիկական պայմանները դրանց կատարումից հետո կարող են փոփոխվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ` հետևյալ պայմաններով.
ա) մատակարարի նախաձեռնությամբ մատակարարման ցանցում կատարված փոփոխությունների հետևանքով բաժանորդների գազասպառման համակարգերում փոփոխությունների կատարման ծախսերը կատարում է մատակարարը,
բ) բաժանորդի նախաձեռնությամբ գազասպառման համակարգի, այդ թվում` միացման կետի փոփոխությունների, հաշվառքի սարքերի վերահավաքակցման համար անհրաժեշտ ծախսերը կատարում է բաժանորդը:
2.16. Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների նախաձեռնությամբ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը գրավոր դիմում է մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:
Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:
Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով:
2.17. Բնակելի թաղամասերի, փողոցների, նոր տարածքների կառուցապատման, առանձին շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքերում դրանցում գործող բաշխիչ ցանցերի վերակառուցումը կատարվում է կառուցապատողի միջոցներով` մատակարարի հետ համաձայնեցված նախագծերով և նրա վերահսկողությամբ:
2.18. Գազասպառման համակարգերի հավաքակցման, փորձարկման, գործարկման, գործող ցանցին միացման, գազամատակարարման ժամանակ վթարների վերացման և նորոգման աշխատանքների կատարման ու տեխնիկական սպասարկման համար մատակարարի լիազոր ներկայացուցիչները միացման պայմանագրի կամ գազամատակարարման պայմանագրի հիման վրա և պայմանագրով սահմանված պայմաններով կարող են մուտք գործել բաժանորդի (օգտագործողի) տարածք միայն անձի լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականի ներկայացման դեպքում: Գազասպառման և ներշենքային համակարգերում վթարի դեպքում ապահովվում է շուրջօրյա մուտք: Բաժանորդի (օգտագործողի) տարածքում մատակարարի ներկայացուցիչները պարտավոր են պահպանել բաժանորդի ներքին կանոնակարգը:
2.19. Մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
3.1. Գազասպառման համակարգը գործարկման և գազամատակարարման ընթացքում պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
3.2. Գազի համակարգի անվտանգության ապահովման պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
3.3. Գազամատակարարման ցանցի սեփականատերը (տիրապետողը) պարտավոր է ապահովել ցանցի պատշաճ տեխնիկական վիճակը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումը Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին, դրանց համապատասխանող կազմակերպության ստանդարտներին, ինչպես նաև գործունեության լիցենզիայի պայմանների համաձայն ապահովելով մատակարարման հուսալիությունը, աշխատանքի անվտանգությունը, մարդկանց առողջության, կյանքի ու գույքի անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանումը:
3.4. Կազմակերպությունը պարտավոր է ապահովել գազասպառման համակարգի պատշաճ տեխնիկական վիճակը և անվտանգությունը, շահագործումը, սպասարկումը, նորոգումը, իր մասնագիտացված անձնակազմի միջոցով կամ սպասարկող անձի հետ կնքված պայմանագրով` համաձայն Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի և դրանց հիման վրա կազմված` կազմակերպության ստանդարտների պահանջների, ապահովելով դրանց հուսալիությունը, աշխատանքի անվտանգությունը, իր տիրապետման կամ օգտագործման տակ գտնվող տարածքում տեղադրված գազամատակարարման ցանցի տարրերի պահպանությունը, մարդկանց առողջության, կյանքի ու գույքի անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանումը:
3.5. Բաժանորդը պարտավոր է գազասպառման համակարգի օգտագործման ընթացքում պահպանել տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջները և գազօգտագործող սարքավորման օգտագործման անվտանգության կանոնները` համաձայն Պայմանագրի, ԳՄՕԿ-ի և գազօգտագործող սարքավորման գործարանային անձնագրի (շահագործման հրահանգի) պահանջների:
3.6. Մատակարարը պարտավոր է կատարել բնակչի և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի փորձարկման, կարգաբերման և ըստ ժամանակացույցի պարբերական սպասարկման աշխատանքները` համաձայն Պայմանագրի պահանջների, որոնք վերաբերում են գազասպառման համակարգի անվտանգության ապահովմանը:
3.7. Գազասպառման համակարգի հավաքակցման և օգտագործման ընթացքում արգելվում է.
ա) կատարել գազաթողարկման կատարողական-տեխնիկական փաստաթղթերին և նախագծին չհամապատասխանող միացումներ և փոփոխություններ,
բ) գազը սպառել գազասպառման համակարգի անսարքության դեպքում,
գ) գազը սպառել հաշվառքի սարքի շրջանցմամբ,
դ) խախտել գազատարների և գազասարքավորումների պահպանման գոտիները,
ե) ինքնակամ միացումներ կատարել գազամատակարարման ցանցին, գազն օգտագործել գազօգտագործող սարքավորման տեխնիկական փաստաթղթով (անձնագրով) չնախատեսված նպատակներով:
3.8. Բաժանորդի յուրաքանչյուր գազասպառման համակարգի գազամատակարարումը պետք է իրականացվի գազամատակարարման համակարգի մեկ կետից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար կարևոր պաշտպանական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտների գազամատակարարման կազմակերպման համար Հանձնաժողովի կողմից նախատեսված առանձին տարբերակներից: Այդ օբյեկտների ցանկը «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3.9. Մատակարարը պարտավոր է ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն` վթարային կանչերը, դրանց արձագանքելու ժամանակը և կատարված աշխատանքները համապատասխան գրանցամատյաններում գրանցելու և վթարները վերացնելու համար: Վթարային-կարգավարական ծառայության հեռախոսահամարի մասին մատակարարը պարտավոր է ոչ պակաս, քան տարին երկու անգամ տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով:
3.10. Գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում բաժանորդը պարտավոր է անմիջապես ընդհատել գազի սպառումը և այդ մասին անհապաղ տեղեկացնել մատակարարին: Մատակարարը պարտավոր է ահազանգն ստանալուց հետո հնարավոր կարճ ժամկետում դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը: Մատակարարը վերսկսում է գազամատակարարումը վերոհիշյալ վտանգը վերացնելուց հետո` նախապես փոխհամաձայնեցված օրը և ժամին` հայտն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում: Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում գազամատակարարման դադարեցումից հետո մատակարարը պետք է միջոցներ ձեռնարկի գազասպառման համակարգի վերականգնման համար` համաձայն սպասարկման համաձայնագրի:
3.11. Բաժանորդի պահանջով Պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման պահանջի կամ օրենքով սահմանված այլ դեպքերում մատակարարը պարտավոր է դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Գազամատակարարման ժամանակավոր դադարեցման դեպքում գազամատակարարումը վերսկսվում է բաժանորդի դիմումի համաձայն, գազասպառման համակարգի` տեխնիկական կանոնակարգերով սահմանված ստուգումներից հետո` հայտն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում:
3.12. Գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման` ԳՄՕԿ-ով կամ Պայմանագրով սահմանված դեպքերում մատակարարը պարտավոր է նախապես տեղեկացնել բաժանորդին` ԳՄՕԿ-ով սահմանված ժամկետներում Պայմանագրով սահմանված կարգով: Գազամատակարարման վերսկսման դեպքում մատակարարը Պայմանագրով սահմանված կարգով պետք է տեղեկացնի բաժանորդին:
3.13. Գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման դեպքերում բաժանորդը պարտավոր է փակել գազասպառման համակարգի գազօգտագործող բոլոր սարքավորումների փականները:
Գազամատակարարման սահմանափակման կիրառման դեպքում մատակարարի և կազմակերպության գործողությունները սահմանվում են Պայմանագրով:
Գազասպառման համակարգում կատարվող նորոգման, փորձարկման և տեխնիկական սպասարկման բոլոր աշխատանքները պետք է ձևակերպվեն համապատասխան փաստաթղթով, որի տիպային ձևը բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների համար սահմանում է մատակարարը, իսկ այլ կազմակերպությունների համար` սպասարկող անձը:
3.14. Կազմակերպությունը պարտավոր է գազասպառման համակարգը չօգտագործելու, իր գործունեությունը դադարեցնելու դեպքերում փակել գազօգտագործող բոլոր սարքավորումների մուտքի փականները և տեղեկացնել մատակարարին` գազասպառման համակարգի անջատման կամ Պայմանագիրը լուծելու մասին:
3.15. Բոլոր գազասպառման համակարգերը Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով պետք է ենթարկվեն պարբերական տեխնիկական սպասարկման, իսկ անհրաժեշտության դեպքում` որոշ հանգույցների (մասերի) փոխարինման կամ նորոգման: Բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի պարբերական տեխնիկական սպասարկումն իրականացնում է մատակարարը` համաձայն Պայմանագրի:
Կենցաղային գազօգտագործող սարքավորման պարբերական տեխնիկական սպասարկումը երաշխիքային ժամկետում կարող է իրականացվել երաշխիք տրամադրած կազմակերպության կողմից:
3.16. Կազմակերպության տարածքից դուրս գտնվող` նրա սեփականությունը հանդիսացող գազատարների` մինչև առաքման կետն ընկած հատվածը պետք է սպասարկի տվյալ կազմակերպությունը կամ մատակարարը` պայմանագրային հիմունքներով: Ստորգետնյա գազատարը պետք է սպասարկի միայն մատակարարը:
3.17.Մատակարարի կողմից բնակչության ներտնային համակարգի և բազմաբնակարանային շենքերում գտնվող կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների տեխնիկական սպասարկման վճարը սահմանում է Հանձնաժողովը, իսկ մյուս կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը հաշվարկում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով:
(3.17 կետը խմբ. 12.11.08 N 607-Ն)
3.18. Մատակարարը բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման, վերականգնման, վերանորոգման և փոխարինման աշխատանքները կարող է կատարել անձամբ կամ պայմանագրով հանձնարարել Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված այլ սպասարկող անձի: Այդ դեպքում`
ա) բաժանորդի կողմից տեխնիկական սպասարկման համաձայնագրի պայմանների խախտման համար բաժանորդի նկատմամբ պատասխանատվության կիրառման իրավունքը մատակարարը չի փոխանցում սպասարկող անձին,
բ) տեխնիկական սպասարկման համաձայնագրում նշվում է տեխնիկական սպասարկման աշխատանքներն այլ սպասարկող անձի հանձնարարելու մասին,
գ) մատակարարի և սպասարկող անձի փոխհարաբերությունները (այդ թվում` սպասարկող անձի պատասխանատվությունը) կանոնակարգվում են նրանց միջև կնքված պայմանագրով,
դ) բաժանորդի առջև մատակարարի պատասխանատվությունը պայմանագրով չի փոխանցվում սպասարկող անձին:
3.19. Գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար`
ա) կազմակերպությունը, բացառությամբ բազմաբնակարան շենքերում գործողների, Պայմանագրի կնքման պահից պարտավոր է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել մատակարարի կամ սպասարկող այլ անձի հետ կամ ունենալ մասնագիտացված անձնակազմ (անձ)` տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման համար.
բ) գազասպառման համակարգն սպասարկող անձը պարտավոր է ունենալ վթարային-կարգավարական շուրջօրյա ծառայություն և իրականացնել գազասպառման համակարգի, այդ թվում` օդածխատար ուղիների համալիր սպասարկում, գազասպառման համակարգի վթարների օպերատիվ վերացում և վերականգնում: Սպասարկող անձը պարտավոր է անհապաղ հայտնել մատակարարին բաժանորդի գազասպառման համակարգի թերությունների (նախագծից շեղումների) մասին, որոնք չեն վերացվել բաժանորդի մեղքով և վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին և գույքին.
գ) մատակարարը պարտավոր է Պայմանագրով սահմանված պարբերականությամբ և ծավալներով հրահանգավորել բնակիչներին և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություններին գազօգտագործող սարքավորման անվտանգ շահագործման վերաբերյալ, ինչպես նաև կատարել Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման և ստուգման աշխատանքները,
դ) մատակարարը պարտավոր է հրապարակել հուշաթերթիկներ և անվճար տրամադրել բաժանորդներին` գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ.
ե) մատակարարը պարտավոր է զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ բաժանորդներին իրազեկել գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին:
Գ Լ ՈՒ Խ 4
ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ, ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ (ԿԱՅԱՆՆԵՐԻ) ՏԵՂԱԴՐՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
4.1. Մատակարարված գազի առևտրային հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները և Հանձնաժողովի հետ համաձայնեցված պայմանները բավարարող` Հայաստանի Հանրապետությունում հավաստված հաշվառքի սարքերով:
4.2. Առևտրային հաշվառքի սարքերի (կայանների) հավաքակցման, սպասարկման, փոխարինման գործառույթները մատակարարը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետություն օրենսդրության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան կազմված և Հանձնաժողովի հետ համաձայնեցված կազմակերպության ստանդարտներով:
4.3. Բնակչության բնակարանների առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, հավաքակցման և շահագործման (ներառյալ` պլանային ստուգաչափման և փոխարինման) ծախսերն իրականացնում է մատակարարը:
4.4. Առևտրային հաշվառքի սարքերը մինչև տեղադրումը պետք է անցնեն նախնական, իսկ շահագործման ընթացքում` պարբերական (պլանային) ստուգաչափում և կապարակնքվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված անձի կողմից:
4.5. Առևտրային հաշվառքի սարքը (արկղը) կապարակնքվում է մատակարարի կողմից: Բաժանորդն իրավունք ունի կապարակնքել առևտրային հաշվառքի սարքը (արկղը):
4.6. Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի առևտրային հաշվառքի սարքը տեղադրվում է նրա սեփականությունը հանդիսացող տարածքից դուրս: Մատակարարի և բաժանորդի փոխհամաձայնության դեպքում այն կարող է տեղադրվել բաժանորդի տարածքում:
Ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տեղադրման կետը սահմանվում է միացման պայմանագրով:
4.7. Մատակարարի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի պլանային փոխարինումը և ստուգաչափումը կատարում է մատակարարն իր միջոցներով: Եթե Պայմանագրով սահմանված է տվյալ հաշվառքի սարքի ամբողջականության պահպանման` բաժանորդի պարտականությունը, ապա բաժանորդի մեղքով հաշվառքի սարքի վնասման դեպքում փոխարինման, վերականգնման և ստուգաչափման ծախսերը կատարում է բաժանորդը: Այդ հաշվառքի սարքերի փոխարինման, վերականգնման և ստուգաչափման ծախսերի հաշվարկման մեթոդիկան կազմում է մատակարարը և համաձայնեցնում Հանձնաժողովի հետ:
4.8. Մատակարարի սեփականություն հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման դեպքում մատակարարը պարտավոր է տեղադրել վկայագրված և ստուգաչափված այլ հաշվառքի սարք, եթե այդ դեպքի համար Պայմանագրով նախատեսված չէ գազամատակարարում առանց հաշվառքի սարքի: Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ մատակարարը բաժանորդին գրավոր տեղեկացնում է հաշվառքի սարքի ապահավաքակցման ժամկետի մասին: Հաշվառքի սարքի փոխարինումն արձանագրվում է երկկողմ ստորագրված ակտով, որի մեկ օրինակը տրվում է բաժանորդին: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը փոխարինումը կատարում է առանց բաժանորդի մասնակցության: Նոր տեղադրված հաշվառքի սարքի գործարանային համարը, տեխնիկական պարամետրերը, կապարակնիքների համարները և ապահավաքակցված հաշվառքի սարքի ցուցմունքը ամրագրվում է ակտում և Պայմանագրում:
4.9. Բաժանորդն իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի պլանային փոխարինումը և ստուգաչափումը կատարում է իր միջոցներով` անձամբ կամ մատակարարի միջոցով` պայմանագրի հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ բաժանորդը տեղեկացնում է մատակարարին ապահավաքակցման ժամկետի մասին: Հաշվառքի սարքի ապահավաքակցումը և փոխարինումը կատարվում է մատակարարի մասնակցությամբ և արձանագրվում է երկկողմ ստորագրված ակտով, որում նշվում են տեղադրված հաշվառքի սարքի գործարանային համարը, տեխնիկական տվյալները, կապարակնիքների համարները և ապահավաքակցված հաշվառքի սարքի ցուցմունքը:
4.10. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի վերաբերյալ կասկածի դեպքում մատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ հաշվառքի սարքի փոխարինումը և արտապլանային ստուգաչափումը իրականացնում է դրա սեփականատերը մյուս կողմի ներկայացրած դիմումի հիման վրա` Պայմանագրով սահմանված կարգով և ԳՄՕԿ-ի 4.12 կետով սահմանված ժամկետում: Եթե, ըստ ստուգաչափման արդյունքների ակտի` հաշվառքի սարքն աշխատել է ճշտության դասի տիրույթում, ապա փոխարինման և ստուգաչափման ծախսերը կատարում է նախաձեռնող կողմը, հակառակ դեպքում` հաշվառքի սարքի սեփականատերը: Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի ներկա գտնվելու ստուգաչափման գործընթացին:
4.11. Ստուգաչափման արդյունքում առևտրային հաշվառքի սարքի սխալ աշխատանքի փաստը հաստատվելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ըստ Պայմանագրում ամրագրված հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքների: Հսկիչ հաշվառքի սարքի բացակայության դեպքում կատարվում է վերահաշվարկ` առևտրային հաշվառքի սարքի անձնագրում ամրագրված չափման սխալի թույլատրելի տիրույթը գերազանցող մասով` ըստ ԳՄՕԿ-ի 4.14.1 ենթակետի:
4.12. Առևտրային հաշվառքի սարքի, շահագործման կամ տեղադրման նորմերի խախտման, հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի սպառման դեպքերում մատակարարի կամ բաժանորդի նախաձեռնությամբ կողմերը կազմում են համատեղ արձանագրություն, որում նշվում են հաշվառքի սարքի տվյալները, խախտման բնույթը, հաշվառքի սարքի պահպանման համար պատասխանատու և շահագործող կողմերը: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից` մեկական օրինակ յուրաքանչյուր կողմի համար: Եթե կողմերից մեկը համաձայն չէ արձանագրության որևէ դրույթին, ապա նա իրավունք ունի արձանագրության մեջ նշել այդ մասին: Արձանագրությունը հիմք է հանդիսանում հաշվառքի սարքի փոխարինման, ստուգաչափման և մատակարարված գազի քանակի վերահաշվարկի (հաշվարկի) համար:
4.13. Հաշվառքի սարքի արտապլանային ստուգաչափման վերաբերյալ դիմումն ստանալուց կամ խախտում արձանագրելուց հետո հաշվառքի սարքի փոխարինումը (վերականգնումը) դրա սեփականատերն իրականացնում է իր միջոցներով ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
4.14. Բաժանորդին մատակարարված գազի քանակի վերահաշվարկը կատարվում է հետևյալ դեպքերում և կարգով.
4.14.1. Հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցելու դեպքում, եթե տեղադրված չէ Պայմանագրում ամրագրված հսկիչ հաշվառքի սարքը, վերահաշվարկը, բացառությամբ ԳՄՕԿ-ի 4.15 կետում նշված դեպքի, կատարվում է հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման պահից մինչև հաշվառքի վերականգնման պահը ժամերի քանակի և սխալի թույլատրելի տիրույթը գերազանցող մասով հաշվարկված գազի քանակի արտադրյալով:
4.14.2. ԳՄՕԿ-ի 4.11 կետում նշված խախտումների դեպքում, եթե տեղադրված չէ Պայմանագրում ամրագրված հսկիչ հաշվառքի սարք, վերահաշվարկը, բացառությամբ ԳՄՕԿ-ի 4.15 կետում նշված դեպքի, կատարվում է հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման օրվանից մինչև հաշվառքը վերականգնելու պահը եղած օրերի քանակով` հետևյալ կերպ.
ա) եթե բաժանորդի առևտրային հաշվառքի սարքը հանդիսանում է բաժանորդի սեփականությունը կամ մատակարարի սեփականություն հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության պահպանումը Պայմանագրով դրված է բաժանորդի վրա, և կատարվել է այդ սարքի միտումնավոր խախտում, ապա մատակարարը կարող է վերահաշվարկ կատարել աշխատանքի մեջ գտնվող գազօգտագործող սարքավորումների անձնագրային հզորությամբ` փաստացի աշխատանքային ժամերի քանակով` կազմակերպության համար, և օրական 16 ժամով` բնակչության համար.
բ) այլ դեպքերում հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է նախորդ տարվա նույն ամսվա միջին օրական ծախսի հիման վրա (եթե չի փոխվել գազօգտագործող սարքավորումների քանակը կամ հզորությունը): Այս պայմանները չապահովելու դեպքում հաշվարկը կատարվում է հաշվառքը վերականգնելուց հետո հաջորդ հաշվարկային ամսվա միջին օրական ծախսով: Ըստ սեզոնների փոփոխվող գազի ծախս ունեցող բաժանորդների համար հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է հաջորդ ամսվա միջին օրական ծախսը բազմապատկելով հաշվառքի խախտման ամսվա գործակցով և օրերի թվով: Ըստ ամիսների կիրառվում են հետևյալ գործակիցները.
հունվար` փետրվար` մարտ` ապրիլ` |
1.0 1.1 1.1 1.1 |
մայիս` հունիս` հուլիս` օգոստոս` |
1.1 1.0 1.0 1.0 |
սեպտեմբեր հոկտեմբեր նոյեմբեր դեկտեմբեր |
0.9 0.9 0.9 0.9 |
Ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար Պայմանագրով կարող են նախատեսվել վերահաշվարկի այլ կարգ և ժամկետ:
4.15. Հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի օգտագործման դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է որպես խախտման ամբողջ ժամանակահատվածի ժամերի և հաշվառքի սարքի շրջանցմամբ միացված աշխատանքի մեջ գտնվող գազօգտագործող սարքավորումների հզորությունների արտադրյալների գումար: Խախտման ժամանակահատվածը որոշում է մատակարարը, ելնելով խախտման հայտնաբերման պայմաններից և խախտման բնույթից, բայց այն չպետք է գերազանցի հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման պահից մինչև խախտումը հայտնաբերելու պահն ընկած ժամանակահատվածը, եթե շրջանցումը կատարված է վերգետնյա գազատարից:
4.16. Եթե ճնշման անկման սկզբունքով աշխատող ծախսաչափի ստուգման արդյունքում պարզվում է, որ չափող տափօղակի կամ չափող խողովակագծերի բնութագրերը չեն համապատասխանում այդ ծախսաչափի (հաշվառքի սարքի)` հավատարմագրված ստուգաչափող անձի կողմից հաստատված հաշվարկային թերթիկում նշված բնութագրերին, ապա վերահաշվարկը կատարվում է Պայմանագրում սահմանված կարգով:
4.17. Եթե բաժանորդը գազամատակարարման դադարեցման դեպքում ինքնակամ վերսկսել է գազասպառումը, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել մատակարարումը մուտքային գազատար խողովակի մեխանիկական խզմամբ: Մատակարարի կողմից գազամատակարարումը վերսկսվում է միայն այն դեպքում, եթե բաժանորդը վճարել է գազամատակարարման համար պարտքը կամ հաշվառքի խախտման մասին արձանագրության հիման վրա հաշվարկված գազի արժեքը, գազամատակարարման դադարեցման և վերսկսման համար մատակարարի ծախսերը, ինչպես նաև գազասպառման ինքնակամ վերսկսման արդյունքում մատակարարված գազի արժեքը, որը կարող է հաշվարկել գազամատակարարման դադարեցման պահից մինչև ինքնակամ վերսկսման փաստը հայտնաբերելու ամբողջ ժամանակահատվածի համար` գազօգտագործող սարքավորումների անձնագրային գումարային հզորությամբ հաշվարկված մատակարարված գազի քանակով:
Բ Ա Ժ Ի Ն II
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 5
ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5.1. Մատակարարը կազմակերպությունների գազամատակարարումն սկսում է հետևյալ պայմանների ապահովման դեպքում.
ա) գազասպառման համակարգը փորձարկվել և ստուգվել է, կազմվել են շահագործման ընդունման ակտը և գործարկման եզրակացությունը` համաձայն ԳՄՕԿ-ի 10.3 կետի,
բ) կատարվել են միացման պայմանագրի բոլոր պայմանները,
գ) կազմակերպությունն ունի սպասարկող անձի հետ կնքված գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման պայմանագիր կամ համաձայնագիր մատակարարի հետ, կամ գազասպառման համակարգը շահագործող և սպասարկող մասնագիտացված անձնակազմ, ինչպես նաև կազմակերպության ստանդարտներ` անվտանգ շահագործման վերաբերյալ,
դ) մատակարարը կազմակերպության հետ կնքել է Պայմանագիր:
5.2. Մատակարարը պարտավոր է գազը մատակարարել բաժանորդի կողմից առաջադրված և Պայմանագրում ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային) և չափաքանակներով: Պայմանագրով սահմանված չափաքանակների խախտման համար մատակարարի կամ բաժանորդի պատասխանատվությունը սահմանվում է Պայմանագրով:
5.3. Մատակարարվող գազի Պայմանագրով սահմանված քանակի փոփոխությունը կատարվում է բաժանորդի և մատակարարի փոխհամաձայնությամբ` Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
5.4. Մատակարարը պարտավոր է բաժանորդի դիմումի համաձայն կապարակնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականները, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ: Կապարակնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Բաժանորդն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել մատակարարի կապարակնիքները:
5.5. Մատակարարն իրավունք ունի ընդհատել, դադարեցնել կամ Պայմանագրով սահմանված կարգով սահմանափակել բաժանորդի գազամատակարարարումը`
ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները, ինչպես նաև վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,
բ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,
գ) հաշվառքի սարքի միտումնավոր խախտումներով գազի սպառման դեպքում, եթե հաշվառքի սարքը գտնվում է բաժանորդի պատասխանատվության տակ,
դ) բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի օգտագործման դեպքում,
ե) ԳՄՕԿ-ով կամ Պայմանագրով սահմանված ժամկետներում մատակարարված գազի համար չվճարելու դեպքում,
զ) օրենքով կամ Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:
5.5.1. Սույն կետի ա) ենթակետում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման և վերականգնման ժամանակի մասին:
5.5.2. Սույն կետի բ) ենթակետում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի Պայմանագրով սահմանված կարգով ընդհատել գազամատակարարումը` 1 օր առաջ նախազգուշացնելուց հետո:
5.5.3. Սույն կետի գ) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին, եթե խախտման միտումնավոր բնույթի վերաբերյալ հավատարմագրված անձի եզրակացության հիման վրա մատակարարված գազի վերահաշվարկված քանակի համար բաժանորդը վճարում չի կատարել վճարման փաստաթուղթը նրան ներկայացնելու պահից 7 օրվա ընթացքում:
5.5.4. Սույն կետի դ) ենթակետում նշված դեպքում մատակարարը` կազմելով արձանագրություն խախտման մասին, իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:
5.5.5. Սույն կետի ե) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 6.6. կետով սահմանված կարգով` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:
5.6. ԳՄՕԿ-ի 5.5 կետի գ), դ), ե) ենթակետերում նշված դեպքերում գազամատակարարման դադարեցման և վերսկսման, ինչպես նաև հաշվառքի սարքի փոխարինման (նորոգման) ծախսերը փոխհատուցում է բաժանորդը:
5.7. Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`
ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,
բ) բաժանորդի դիմումի համաձայն,
գ) գազասպառման համակարգի տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկում չկատարելու դեպքում,
դ) գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,
ե) բաժանորդի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի պլանային ստուգաչափում չկատարելու դեպքում,
զ) պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր պետական կառավարման մարմնի կարգագրի հիման վրա,
է) օրենքով սահմանված այլ դեպքերում:
5.7.1. Սույն կետի ա) և դ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում գազամատակարարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում վնասի փոխհատուցում և խախտված պահպանման գոտիների վերականգնում` բաժանորդի հաշվին:
5.7.2. Սույն կետի բ) ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի առաջադրած խելամիտ ժամկետում:
5.7.3. Սույն կետի գ) և ե) ենթակետերում նշված դեպքերում մատակարարը` կազմելով խախտման մասին արձանագրություն, դադարեցնում է բաժանորդի գազամատակարարումը` 3 օր առաջ նախազգուշացնելուց հետո:
5.7.4. Սույն կետի զ) ենթակետում նշված դեպքերում գազամատակարարման դադարեցումը կատարվում է կարգագրով սահմանված ժամկետում` գազամատակարարման դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:
5.8. ԳՄՕԿ-ի 5.5 կամ 5.7 կետերում նշված գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման, Պայմանագրով սահմանված սահմանափակման կարգը չպահպանելու դեպքում բաժանորդն իրավունք ունի մատակարարից պահանջել իր կրած վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:
5.9. Բարդ և անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում գազ օգտագործող բաժանորդների համար Պայմանագրով կարող է նախատեսվել միայն գազամատակարարման սահմանափակում, պայմանով, որ Պայմանագրով ամրագրված սահմանափակման ժամանակահատվածից հետո մատակարարն իրավունք ունենա ընդհատել կամ դադարեցնել գազամատակարարումը:
5.10. Եթե մատակարարը կանխատեսում է մատակարարվող գազի որակի և ճնշման շեղումներ Պայմանագրում նշված ցուցանիշներից, ապա պարտավոր է այդ մասին հնարավոր սեղմ կամ Պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով տեղեկացնել բաժանորդին: Մատակարարվող գազի որակը կամ ճնշումը Պայմանագրում նշվածին չհամապատասխանելու դեպքերի համար Պայմանագրում սահմանվում են այդպիսի գազի մատակարարման, սպառման և փոխհատուցման պայմաններ` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
5.11. Գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող իրավիճակներում մատակարարը գործողություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով որոշակի բաժանորդների գազամատակարարման առաջնահերթության պայմաններն արտացոլող` իր կողմից ներկայացված, կառավարության լիազոր մարմնի և Հանձնաժողովի կողմից համատեղ հաստատված ծրագրով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Մատակարարված գազի քանակը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) ցուցմունքով (ցուցմունքներով)` հաշվի առնելով տվյալ տարածքի համար հաշվարկված` բնակլիմայական պայմաններից կախված ճշգրտման գործակիցը, իսկ մատակարարվող գազի համար վճարումն իրականացվում է ԳՄՕԿ-ին և Պայմանագրին համապատասխան:
6.2. Հաշվարկային ժամանակաշրջանը սահմանվում է Պայմանագրով և 10 օրից պակաս չի կարող լինել:
6.3. Մատակարարը հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի քանակի որոշման համար հաշվառքի սարքի (կայանի) տվյալների գրանցումը կատարում է Պայմանագրում սահմանված կարգով:
6.4. Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ:
6.5. Վճարման ժամկետը (վճարման փաստաթուղթը ներկայացնելու պահից վճարման համար նախատեսված օրերի քանակը) սահմանվում է Պայմանագրով և 4 աշխատանքային օրից պակաս չի կարող լինել:
6.6. Վճարման ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը, վճարման ժամկետը լրանալուց հետո, գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը: Գազամատակարարումը դադարեցնելուց կամ սահմանափակելուց անմիջապես առաջ մատակարարը պարտավոր է այդ մասին զգուշացնել բաժանորդին:
Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` 36 ժամից ոչ ուշ, եթե Պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:
6.7. Մատակարարը կարող է չդադարեցնել կամ չսահմանափակել բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:
6.8. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում կողմերը տեղեկացնում են միմյանց: Տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կողմերը պարտավոր են ստուգել իրենց գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր տեղյակ պահել միմյանց:
Վճարման փաստաթղթում հայտնաբերված սխալի հաստատման դեպքում մատակարարը պարտավոր է ուղղել այն:
Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի գազամատակարարումը, եթե բաժանորդը վճարել է վճարման փաստաթղթում գրանցված գումարի` բաժանորդի կողմից չվիճարկվող մասը:
6.9. Արձանագրությամբ ամրագրված գազի հաշվառքի խախտումների դեպքում, ըստ ԳՄՕԿ-ի 4.14 կետի, վերահաշվարկված գազի քանակի համար վճարումները կատարվում են հետևյալ կերպ.
ա) ստուգաչափման արդյունքում գազի վերահաշվարկված քանակի համար վճարման (ավելի վճարված գումարի վերադարձման) ժամկետը որոշում են մատակարարը և բաժանորդը` փոխհամաձայնությամբ.
բ) ոչ բաժանորդի մեղքով հաշվառքի խախտման դեպքում մատակարարված գազի վերահաշվարկված քանակի համար պետք է վճարվի վճարման փաստաթուղթը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում.
գ) բաժանորդի մեղքով հաշվառքի խախտման, հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի սպառման դեպքերում գազի վերահաշվարկված քանակի համար բաժանորդը պետք է վճարի վճարման փաստաթուղթը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում:
Բ Ա Ժ Ի Ն III
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 7
ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7.1. Մատակարարը սկսում է բնակչության գազամատակարարումը հետևյալ պայմանների դեպքում.
ա) մատակարարը փորձարկել է ներտնային համակարգը և ստուգել նրա համապատասխանությունը նախագծին,
բ) ընդունող հանձնաժողովը կազմել է ներտնային համակարգի շահագործման ընդունման ակտը և գործարկման եզրակացությունը,
գ) միացման պայմանագրի բոլոր պայմանները կատարվել են,
դ) Պայմանագրով սահմանված կարգով մատակարարը հրահանգավորել է բաժանորդին (վարձակալին, փաստացի օգտագործողին) գազի սարքերի անվտանգ շահագործման կանոնների պահպանման մասին,
ե) մատակարարը բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր:
7.2. Մատակարարը պարտավոր է բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի գազ` Պայմանագրում ամրագրված գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում, Պայմանագրով ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային): Գազը մատակարարվում է անընդհատ, եթե բաժանորդի պահանջով Պայմանագրում մատակարարման այլ կարգ չի նախատեսվում:
7.3. Մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը`
ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,
բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,
գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,
դ) բաժանորդի կողմից հաշվառքի սարքի շրջանցմամբ գազի օգտագործման դեպքում,
ե) Պայմանագրով սահմանված ժամկետներում մատակարարված գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,
զ) օրենքով կամ Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:
(7.3 կետը խմբ. 12.11.08 N 607-Ն)
7.4 ԳՄՕԿ-ի 7.3 կետի ա) և բ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման պատճառների և վերականգնման ժամանակի մասին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի գ) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի Պայմանագրով սահմանված կարգով ընդհատել գազամատակարարումը՝ 1 օր առաջ նախազգուշացնելուց հետո: ԳՄՕԿ-ի 7.3 կետի դ) ենթակետում նշված դեպքում մատակարարը` կազմելով արձանագրություն խախտման մասին, իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը՝ դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի ե) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 8.6 կետով սահմանված կարգով՝ դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:
(7.4 կետը լրաց. 12.11.08 N 607-Ն)
7.5 ԳՄՕԿ-ի 7.3 կետի դ) և ե) ենթակետերում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման միջոցով դադարեցնելու և վերսկսելու, ինչպես նաև հաշվառքի սարքի փոխարինման (նորոգման) ծախսերը փոխհատուցում է բաժանորդը:
(7.5 կետը լրաց. 12.11.08 N 607-Ն)
7.6 Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`
ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,
բ) բաժանորդի դիմումի համաձայն,
գ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության կատարման նպատակով Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բաժանորդի ներտնային գազասպառման համակարգին խոչընդոտելու դեպքում,
դ) օրենքով սահմանված այլ դեպքերում։
(7.6 կետը լրաց. 12.11.08 N 607-Ն)
7.7 ԳՄՕԿ-ի 7.6 կետի ա) ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում գազամատակարարումը և ղեկավարվում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետով: ԳՄՕԿ-ի 7.6 կետի բ) ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի առաջադրած խելամիտ ժամկետում: ԳՄՕԿ-ի 7.6 կետի գ) ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմելով խախտման մասին արձանագրություն, դադարեցնում է բաժանորդի գազամատակարարումը՝ առավելագույնը մեկ օրվա ընթացքում։
(7.7 կետը լրաց. 12.11.08 N 607-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8
ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8.1. Գազի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է մատակարարը` հաշվարկային ժամանակաշրջանի վերջին օրը, պարտադիր զննելով առևտրային հաշվառքի սարքի արտաքին վիճակը և կապարակնիքների ամբողջականությունը: Բաժանորդն իրավունք ունի մասնակցել ցուցմունքի գրանցմանը:
8.2. Հաշվարկային ժամանակաշրջանը օրացուցային ամիսն է:
8.3. Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազը հաշվառվում է ըստ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի:
8.4. Հաշվառքի սարքի խախտումների կամ միտումնավոր խախտումների, կամ գազը հաշվառքի սարքի շրջանցմամբ օգտագործելու դեպքում մատակարարված գազի քանակը հաշվարկվում է ԳՄՕԿ-ի 4.14 կետում սահմանված կարգով, իսկ վճարումը` ԳՄՕԿ-ի 6.9 կետին համապատասխան:
8.5. Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը կատարում է վճարումը վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Վճարման փաստաթուղթը մատակարարը կարող է ներկայացնել Պայմանագրով սահմանված վճարման կետեր:
8.6. ԳՄՕԿ-ի 8.5 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին:
Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` բայց 36 ժամից ոչ ուշ, եթե Պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:
8.7. Մատակարարը կարող է չդադարեցնել բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:
8.8. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու կամ վճարի հաշվարկի ճշտության մեջ կասկածելու դեպքում մատակարարը և բաժանորդն առաջնորդվում են ԳՄՕԿ-ի 6.9 կետում սահմանված ընթացակարգով:
Բ Ա Ժ Ի Ն IV
ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ԿԱՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 9
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9.1. Գազիֆիկացումը կամ գազամատակարարման ցանցի վերականգնումը կատարվում է.
ա) գազամատակարար ընկերության զարգացման հեռանկարային ծրագրի համաձայն կազմված և Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ամենամյա ծրագրերով` ԳՄՕԿ-ի 10-րդ գլխում սահմանված կարգով,
բ) առանձին բնակավայրերի (թաղամասերի) կամ բազմաբնակարան շենքերի բնակիչների խմբի և կազմակերպությունների ֆինանսավորմամբ բաշխիչ ցանցի կառուցման (գազիֆիկացման) վերաբերյալ դիմումի և գազիֆիկացման պայմանագրի համաձայն` ԳՄՕԿ-ի 11-րդ գլխում սահմանված կարգով:
9.2. Բնակավայրի (թաղամասի, բազմաբնակարան շենքի) գազիֆիկացման կամ գազամատակարարման ցանցի վերականգնման ժամանակ մատակարարը պարտավոր է ԳՄՕԿ-ով սահմանված պայմաններով միացման պայմանագիր կնքել պատվիրատուի հետ, որը սահմանված կարգով դիմել է մատակարարին` իր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու (գազիֆիկացման) համար և բավարարում է գազիֆիկացման պայմանները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
9.3. Եթե գազասպառման հայտ է ներկայացնում կազմակերպություն, որի գազասպառման համակարգը տեղադրվում է բնակավայրի կառուցապատման հաստատված գլխավոր հատակագծի սահմաններից դուրս, ապա գազամատակարարման ցանցի ընդլայնման պայմանները սահմանվում են միացման պայմանագրով:
Գ Լ ՈՒ Խ 10
ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ԿԱՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
10.1. Մատակարարի նախաձեռնությամբ գազիֆիկացման աշխատանքներն իրականացվում են զարգացման հեռանկարային պլանին համապատասխան, մատակարարի կողմից հաստատված և Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրով` ապահովելով աշխատանքների պլանավորման, հաստատման և իրականացման թափանցիկությունը: Մատակարարը յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, տեղեկատվություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկում` հաջորդ տարի նախատեսվող գազիֆիկացման աշխատանքների մասին` նշելով բնակավայրերի անվանումը, կատարվելիք աշխատանքների նախնական ծավալները, գազիֆիկացվող բնակարանների և կազմակերպությունների ընդհանուր թվաքանակը և աշխատանքների սկզբի ու ավարտի կանխատեսվող ժամկետները:
10.2. Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի նախագծման, շինհավաքակցման և կարգաբերման աշխատանքները կատարվում են մատակարարի կողմից` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով որոշված գնով, հետևյալ կարգով.
10.2.1. Բնակավայրերի (թաղամասերի, բազմաբնակարան շենքերի) գազիֆիկացման աշխատանքներն սկսելուց անմիջապես առաջ մատակարարը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է գազիֆիկացման ավարտի և գազամատակարարման սկզբի ժամկետների մասին:
10.2.2. Հայտարարության հրապարակումից հետո գազամատակարարման համար դիմող բնակիչները և կազմակերպությունները (պատվիրատուները) մատակարարին են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևով դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր` նշելով իրենց գազօգտագործող սարքավորումների անվանումները և տիպերը:
10.2.3. Մատակարարը, ուսումնասիրելով դիմողի առաջարկած գազօգտագործող սարքավորումների կիրառման սահմանափակումները, 30 օրվա ընթացքում նրա հետ կնքում է գազամատակարարման ցանցին գազասպառման համակարգի միացման պայմանագիր` համաձայն Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևերի:
10.2.4. Միացման պայմանագրով սահմանված նախագծման աշխատանքների վճարը (կանխավճարը) դիմողի կողմից մատակարարի բանկային հաշվին մուծելուց հետո 30 օրվա ընթացքում մատակարարը նախագծային կազմակերպության միջոցով կազմում է գազասպառման համակարգի նախագիծը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման տիպային նախագծերը: Նախագիծը պարտադիր համաձայնեցվում է դիմողի հետ:
Միացման պայմանագրով սահմանված գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների վճարը (կանխավճարը) դիմողի կողմից մատակարարի բանկային հաշվին մուծելուց հետո մատակարարն անձամբ կամ Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված շինհավաքակցման կազմակերպության միջոցով իրականացնում է շինհավաքակցման աշխատանքները, որոնց ժամկետը սահմանվում է միացման պայմանագրով:
Եթե պատվիրատուն չի տրամադրում նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումների մի մասը կամ տրամադրում է այլ սարքավորում, ապա մատակարարը պարտավոր է նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ` լրացուցիչ վճարելու պայմանով: Եթե գազօգտագործող սարքավորումը հավաքակցվում է այն վաճառող կազմակերպության կողմից, ապա այդ սարքավորման փորձարկումները կատարվում են մատակարարի ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ: Վաճառող կազմակերպությունը պարտավոր է ապահովել գազօգտագործող սարքավորման միացման վերաբերյալ մատակարարի կազմակերպության ստանդարտների կատարումը:
10.2.5. Ընդունող հանձնաժողովի կողմից գազասպառման համակարգի ընդունումը, փորձարկումները, սարքերի կարգաբերումը կազմակերպում է մատակարարը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները: Ընդունող հանձնաժողովի կողմից աշխատանքների շահագործման ընդունման ակտի կազմումը հիմք է հանդիսանում շինհավաքակցման աշխատանքների ամբողջ արժեքը պատվիրատուի կողմից վճարելու համար:
10.2.6. Միացման պայմանագրի հիման վրա բնակիչ-բաժանորդը գազամատակարարման համար մատակարարի բանկային հաշվին մուծում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափով կանխավճար, որի դիմաց մատակարարը գազ է մատակարարում բաժանորդին գազամատակարարումն սկսելուց հետո 12 ամսվան հաջորդող ժամանակահատվածում: Կանխավճարի դիմաց գազը մատակարարվում է գազ մատակարարելու պահին գործող սակագնով հաշվարկված գազի արժեքի չափով` մինչև կանխավճարի մարումը: Կազմակերպության կողմից մուծվող կանխավճարի չափը սահմանվում է միացման պայմանագրով:
Կանխավճարի մուծումից հետո մատակարարը ապահովում է բնակչի առևտրային հաշվառքի սարքի տեղադրումը, բնակչի և կազմակերպության հրահանգավորումը և Պայմանագրի կնքումը:
Մատակարարը պետք է սկսի գազամատակարարումը Պայմանագիրը կնքելուց հետո 10 օրվա ընթացքում:
10.2.61. Սույն կանոնների 10.2.6 կետը չի տարածվում այն բնակիչ-բաժանորդների վրա, որոնց գազիֆիկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագրի մասին» N 584-Ն որոշման շրջանակներում:
(10.2.61 կետը լրաց. 25.08.06 N 189-Ն)
10.3. Կազմակերպությունների, բացառությամբ բազմաբնակարան շենքերում գտնվողների, գազասպառման համակարգերի նախագծման, շինհավաքակցման և կարգաբերման աշխատանքները կատարվում են հետևյալ կարգով.
10.3.1. ԳՄՕԿ-ի 10.2.2 կետում նշված հայտարարության հրապարակումից հետո գազամատակարարման համար դիմող կազմակերպությունները մատակարարին են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևով դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր` նշելով իրենց գազօգտագործող սարքավորումների քանակը, տիպերը, գազասպառման ռեժիմը:
10.3.2. Մատակարարը, ուսումնասիրելով դիմումը և գազամատակարարման ցանցի տեխնիկական հնարավորությունները (թողունակությունը, անվտանգության և հուսալիության պահանջները և այլն), դիմող կազմակերպության հետ քննարկում է կառուցվող գազամատակարարման ցանցի օգտագործման, նրա թողունակության մեծացման և ընդլայնման հնարավորությունները և դրանց համար պահանջվող ծախսերը:
10.3.3. Մատակարարը և կազմակերպությունը կնքում են միացման պայմանագիր: Եթե նոր սպառողի միացման համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցի ընդլայնում կամ այլ ճնշման ցանցի կառուցում, ապա միացման պայմանագրում ներառվում են նաև ընդլայնվող (կառուցվող) մասի ֆինանսավորման պայմանները: Գազասպառման համակարգի նախագծի պատվիրատու է հանդիսանում դիմողը: Նախագիծը համաձայնեցվում է մատակարարի և իրավասու պետական մարմնի հետ` օրենքով սահմանված կարգով:
10.3.4. Գազամատակարարման ցանցի թողունակության մեծացման (ընդլայնման) անհրաժեշտության դեպքում դրա նախագծի և շինարարության պատվիրատու է հանդիսանում մատակարարը, եթե միացման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
10.3.5. Գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքները կատարում է լիցենզիա ունեցող շինհավաքակցման կազմակերպությունը` միացման համար դիմող կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
10.3.6. Գազասպառման համակարգի ստուգումը, փորձարկումը և կարգաբերումը կատարում է սպասարկող անձը` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ծավալներով և կարգով, որոնց վերաբերյալ կազմվում են շահագործման ընդունման ակտը և գործարկման եզրակացությունը: Մատակարարն իրավունք ունի մասնակցել այդ աշխատանքներին, որոնց կազմակերպման պարտականությունը դրվում է կազմակերպության վրա:
10.3.7. Գազասպառման համակարգի ավարտված աշխատանքներն ընդունում և գործարկումը թույլատրում է ընդունող հանձնաժողովը, որի կազմը և գործունեության կարգը սահմանվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով:
10.3.8. Գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին, Պայմանագրի կնքումը և փաստացի գազամատակարարումը կատարվում է ԳՄՕԿ-ի 5.1 կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում: Առևտրային կազմակերպությունների համար Պայմանագրով կարող է նախատեսվել գազի մատակարարման համար կանխավճար, որի չափը և վերադարձման պայմանները սահմանվում են Պայմանագրով:
10.4. Նոր առանձնատների կառուցման (վերակառուցման) դեպքում սեփականատերն իր հայեցողությամբ ներտնային գազասպառման համակարգի հավաքակցումը (վերակառուցումը) կարող է իրականացնել ԳՄՕԿ-ի 10.3 կետում սահմանված կարգով:
10.5. Գազիֆիկացված և գազամատակարարումը վերականգնված բնակավայրերում նոր բաժանորդների գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է ԳՄՕԿ-ի 10.2 և 10.3 կետերով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11
ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ԿԱՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
11.1. Բնակիչների և կազմակերպությունների խմբի նախաձեռնությամբ գազիֆիկացման կամ գազամատակարարման ցանցի վերականգնման համար բնակիչները և կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձը գրավոր դիմում են մատակարարին: Մատակարարը պարտավոր է դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում առաջադրել գազիֆիկացման (գազամատակարարման ցանցի վերականգնման) պայմանները և կնքել միացման պայմանագիր: Մատակարարը կարող է մերժել դիմումը, եթե գազիֆիկացումը հակասում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին, շինարարական նորմերին ու կանոններին: Մերժման դեպքում մատակարարն այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողներին` նշելով մերժման պատճառները և հիմնավորումները:
11.2. Գազիֆիկացման աշխատանքները կատարվում են նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) ֆինանսավորմամբ` միացման պայմանագրով սահմանված կարգով: Բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի նախագծումը, կառուցումը, փորձարկումը, թողարկումը և հետագա սպասարկումը կատարվում է ԳՄՕԿ-ի 10.2 կետով սահմանված կարգով:
11.3. Միացման պայմանագիր կնքելուց հետո մատակարարը կազմում է բաշխիչ ցանցի նախագծման, շինհավաքակցման, փորձարկման, կարգաբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար կատարվելիք ծախսերի խոշորացված նախահաշիվ, որին նախաձեռնողների համաձայնության դեպքում պատվիրում է բաշխիչ ցանցի կառուցման (վերականգնման) նախագծանախահաշվային փաստաթղթերը:
11.4. Մատակարարը պարտավոր է ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցնել բաժանորդների հետ:
11.5. Նախագիծը և նախահաշիվը բնակիչների և կազմակերպությունների (նրանց խմբի) հավանությանն արժանանալու դեպքում մատակարարը, նախահաշվի հիման վրա, նախաձեռնողին է ներկայացնում գազիֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար կանխավճարի վճարման փաստաթուղթ: Կանխավճարի չափը սահմանվում է միացման պայմանագրով:
11.6. Գազիֆիկացման նախագծման, շինհավաքակցման, կարգաբերման և այլ աշխատանքներն սկսվում են նախաձեռնողների կողմից գազիֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար կանխավճարի վճարման անդորրագիրը մատակարարին ներկայացնելուց հետո:
11.7. Նախաձեռնող խմբի կողմից բաշխիչ ցանցի ընդլայնման համար բնակիչների կատարած ծախսերը փոխհատուցվում են հետևյալ պայմաններով.
ա) յուրաքանչյուր բնակչի ներդրած գումարը փոխհատուցվում է գազամատակարարման ընթացքում` գործող սակագնով հաշվարկված ամսական մատակարարված գազի արժեքի 50 տոկոսի չափով, սկսած գազամատակարարման սկզբից հաշված 12 ամիս հետո և անընդհատ` մինչև գումարի լրիվ մարումը.
բ) բնակչի ներդրած գումարը չի վերադարձվում, եթե նա հրաժարվում է գազամատակարարումից.
գ) եթե միացման պայմանագիրը լուծվում է բնակչի կողմից` միակողմանի, մատակարարը պարտավոր է երեք ամսվա ընթացքում վերադարձնել վճարված գումարի չօգտագործված մասը.
դ) եթե միացման պայմանագիրը լուծվել է մատակարարի կողմից` միակողմանի, մատակարարը պարտավոր է անմիջապես վերադարձնել ամբողջ գումարը և պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
11.8. Եթե նոր կառուցվող գազիֆիկացման ենթակա բազմաբնակարան շենքի կամ թաղամասի նախագծումը և կառուցումն իրականացվում է առանձին պատվիրատուի կողմից համալիր նախագծով, ապա բազմաբնակարան շենքի (թաղամասի) գազիֆիկացման պայմանները սահմանվում են պատվիրատուի և գազամատակարարի միջև կնքվող գազիֆիկացման պայմանագրերով` հետևյալ պարտադիր պայմանների կատարմամբ.
11.8.1. գազիֆիկացման բոլոր նախագծերը (այդ թվում` գազասպառման համակարգերի) համաձայնեցվում են մատակարարի հետ.
11.8.2. մատակարարն իրավունք ունի հսկողություն սահմանել գազամատակարարման և գազասպառման համակարգերի շինհավաքակցման աշխատանքների վրա դրանց կատարման ողջ ընթացքում և մասնակցել ընդունող հանձնաժողովի բոլոր աշխատանքներին, ինչպես նաև կարգաբերման, փորձարկման և ստուգման աշխատանքներին.
11.8.3. գազամատակարարման նոր համակարգերը հանձնվում են մատակարարի հաշվեկշիռ` համաձայն միացման պայմանագրում ամրագրված պայմանների:
Հավելված |
Մ Ի Ա Ց Մ Ա Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N___
(կնքվում է գազի օգտագործման հայտ ներկայացրած բնակչի կամ
բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության հետ)
___ ________________ 200__ թվական ______________ (կնքման վայրը)
_______________________________________________________ (մատակարար ընկերության և նրա մասնաճյուղի անվանումը) _______________________________________________________,
այսուհետև` Կատարող, ի դեմս ____________________________________
_______________________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
________________________________________________________, քաղաքացու անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը
այսուհետև` Պատվիրատու, ի դեմս ___________________________________
_________________________________________________________, (պաշտոնը, անունը, ազգանունը)
մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին. |
1. Պայմանագրի առարկան
1.1. Պատվիրատուն պատվիրում է, իսկ Կատարողը ապահովում է հետևյալ ծառայությունների մատուցումը.
ա) Պատվիրատուի գազասպառման համակարգի (այդ թվում` ծխատարների և օդատարների) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում ըստ սույն պայմանագրի N 1 հավելվածի տեխնիկական պայմանների, նախագծի համաձայնեցում իրավասու մարմինների և պատվիրատուի հետ, N 1 լրացուցիչ համաձայնագրով (հավելված N 2) սահմանված պայմաններով.
բ) Պատվիրատուի գազասպառման համակարգի բոլոր շինհավաքակցման աշխատանքների կատարում ըստ համաձայնեցված նախագծի, միացում գազի բաշխիչ ցանցին (հաշվառքի սարքին), պատվիրատուի տրամադրած գազօգտագործող սարքավորման հավաքակցում (եթե հավաքակցումը չի կատարվում սարքավորումը վաճառող կազմակերպության կողմից) ըստ սույն պայմանագրի N 2 լրացուցիչ համաձայնագրով (հավելված N 3) սահմանված պայմանների.
գ) ներտնային համակարգի ստուգումների և փորձարկումների իրականացում, գազօգտագործող սարքավորման կարգաբերում, սահմանված կարգով ներտնային համակարգի շահագործման ընդունման ակտի կազմում.
դ) ներտնային համակարգի թողարկում և գազամատակարման պայմանագրի կնքում:
2. Կողմերի պարտավորությունները
2.1 Կատարողը պարտավորվում է.
ա) ապահովել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումը իր կամ իր կողմից Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված կազմակերպությունների միջոցով` սույն պայմանագրով սահմանված պայմաններով.
բ) ապահովել գազասպառման համակարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին.
2.2 Պատվիրատուն պարտավորվում է.
ա) թույլատրել Կատարողի ներկայացուցիչների և լիազոր անձանց մուտքն իր տիրապետման տակ գտնվող տարածք` սույն պայմանագրով նախատեսված աշխատանքներ կատարելու համար.
բ) գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների ընթացքում տրամադրել Կատարողին նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումը.
գ) Պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով կատարել վճարումներ նախագծային և շինհավաքակցման աշխատանքների կատարման համար.
դ) շինհավաքակցման և կարգաբերման աշխատանքների ավարտից և դրանց ընդունումից հետո Կատարողի բանկային հաշվին մուծել --(--) դրամ կանխավճար` Կատարողի կողմից գազամատակարարման պայմանագրով և ԳՄՕԿ-ի 10.2.7 կետով սահմանված կարգով այն վերադարձնելու պայմանով:
3. Լրացուցիչ համաձայնագրերի կնքումը
3.1. Կողմերը լրացուցիչ համաձայնագրերը կնքում են սույն պայմանագրի հիման վրա` փոխհամաձայնեցված ժամկետներում:
4. Վճարման կարգը
4.1. Պայմանագրի 1.1 կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար Պատվիրատուն վճարում է Կատարողին լրացուցիչ համաձայնագրերով (սույն պայմանագրի N 2, N 3 հավելվածներ) սահմանված գնով:
5. Լրացուցիչ պայմաններ (սահմանում են Կողմերը)
________________________________________________________ ________________________________________________________ ________________________________________________________ |
6. Կողմերի պատասխանատվությունը
Սույն պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
7. Տարաձայնությունների լուծումը
Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
8. Պայմանագրի գործողության ժամկետը եվ փոփոխման կարգը
8.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 200__ թվականի ________-ը:
8.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
8.3 Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:
9. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները
Պատվիրատու`
|
Կատարող` Կ.Տ |
Հավելված N 1 |
Գազասպառման համակարգի միացման տեխնիկական պայմաններ
1. Պատվիրատուի տվյալները _________________________________________ ___________________________________________________________ բնակչի անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը
2. Պատվիրատուի հայտով տեղադրվող գազօգտագործող սարքավորման տիպը և հզորությունը ա) _________________________________________________________ բ) _________________________________________________________ գ) _________________________________________________________
3. Գազասպառման համակարգը պետք է նախագծվի և կառուցվի հետևյալ տեխնիկական պահանջների պարտադիր կատարումով.
3.1. Տեղակայվող կենցաղային գազասարքավորումների տեսակը և քանակը, այդ թվում. __________________________________________________________ __________________________________________________________
3.2. Գազասպառման համակարգի գազատարի տրամագիծը միացման կետում ____ մմ, 3.3. Լրացուցիչ պայմաններ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
3.4. Ծխատար և օդափոխման ուղիների նկատմամբ պահանջներ __________________________________________________________ __________________________________________________________ |
Պատվիրատու` ________________________ |
Կատարող` ______________________ |
Հավելված N 2 |
Լ ր ա ց ու ց ի չ հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր N 1
Գազասպառման համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եվ համաձայնեցման
1. Պատվիրատու _____________________________________________ քաղաքացու անունը, ազգանունը և բնակության (գտնվելու) վայրը կամ ________________________________________________________ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը
2. Կատարող ________________________________________________ ընկերության (նրա ստորաբաժանման) անվանումը և գտնվելու վայրը, ________________________________________________________ 3. Համաձայնագրով մատուցվող ծառայությունների անվանումը. Պատվիրատուի գազասպառման համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում ըստ սույն պայմանագրի N 1 հավելվածի տեխնիկական պայմանների, նախագծի համաձայնեցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական մարմինների և պատվիրատուի հետ` սույն հավելվածով սահմանված պայմաններով: Նախագծային աշխատանքները Կատարողը հանձնարարում է ________________________________________________________ նախագծող անձի անվանումը և գտնվելու վայրը
4. Ծառայությունների մատուցման գինը (հիմք ընդունելով Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով հաշվարկված գինը)` ______________դրամ, ԱԱՀ` __________ դրամ, ընդամենը` ____________________ դրամ: 5. Վճարման պայմանները (սահմանում են Կողմերը). ________________________________________________________ ________________________________________________________: 5.1 Վճարումները կատարվում են Կատարողի բանկային հետևյալ հաշվեհամարին _________________: 6. Աշխատանքի սկիզբը ___ _________200 թվական. Աշխատանքի ավարտը ___ _________200 թվական 7. Ծառայությունների ընդունման պայմանները Գազասպառման համակարգի համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերը` երկու օրինակից, Կատարողը հանձնում է Պատվիրատուին և կազմվում է աշխատանքի ավարտի մասին համատեղ ակտ: 8. Լրացուցիչ պայմաններ _________________________________________ _________________________________________________________ _________________________________________________________ _________________________________________________________ |
Պատվիրատու` |
Կատարող` |
Հավելված N 3 |
Լ ր ա ց ու ց ի չ հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր N 2
Գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների կատարման եվ շահագործման ընդունման ակտի կազմման
1. Պատվիրատու _________________________________________________ քաղաքացու անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը ____________________________________________________________ կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը 2. Կատարող ____________________________________________________ ընկերության (նրա ստորաբաժանման) անվանումը և գտնվելու վայրը 3. Համաձայնագրով մատուցվող ծառայությունները. Պատվիրատուի գազասպառման համակարգի բոլոր շինհավաքակցման աշխատանքների կատարում ըստ համաձայնեցված նախագծի, միացում գազի բաշխիչ ցանցին (հաշվառքի սարքին), Պատվիրատուի տրամադրած գազօգտագործող սարքավորման հավաքակցում (եթե հավաքակցումը չի կատարվում սարքավորումը վաճառող կազմակերպության կողմից) ըստ սույն հավելվածով սահմանված պայմանների, ծխահեռացման (օդատար) ուղիների հավաքակցում (ստուգում, մաքրում), գազասպառման համակարգի ստուգումների և փորձարկումների կատարում, գազօգտագործող սարքավորման կարգաբերում, սահմանված կարգով աշխատանքների շահագործման ընդունման ակտի կազմում, գազասպառման համակարգի թողարկում և գազամատակարման պայմանագրի կնքում: Ծառայությունների մատուցումը Կատարողը հանձնարարում է ___________________________________________________________ շինհավաքակցման կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը 4. Ծառայությունների մատուցման պայմանագրային գինը հաշվարկված է Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով և կազմում է.
__________________ դրամ, ԱԱՀ` ___________________ դրամ, ընդամենը` ________________________________________ դրամ: 5. Ծառայությունների մատուցման սկիզբը ____ _________200 թվական Ծառայությունների մատուցման ավարտը ____ _________200 թվական 6. Վճարման պայմանները (սահմանում են Կողմերը). ___________________________________________________ ___________________________________________________: 6.1. Վճարումները կատարվում են Կատարողի հետևյալ բանկային հաշվեհամարին _____________________: 7. Աշխատանքների ընդունման պայմանները. Աշխատանքները ընդունվում են Պատվիրատուի և ընդունող հանձնաժողովի կողմից, երբ կատարված են ստուգման, փորձարկման և կարգաբերման բոլոր աշխատանքները և կազմված է աշխատանքների շահագործման ընդունման ակտը: 9. Լրացուցիչ պայմաններ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ |
Պատվիրատու` Կ.Տ |
Կատարող` |