«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 ապրիլի 2003 թ. |
N 166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը, սահուն գործունեությունը և զարգացումն ապահովելու, փոքր ավանդատուների շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հայերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակումը՝ յուրաքանչյուրից 30 (երեսունական) օրինակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2003 թ. մայիսի 6 Երևան |
|
Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի թիվ 166-Ն որոշմամբ |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման չափը, երաշխիքային վճարների չափը, ավանդների երաշխավորման հիմնադրամի միջոցների կառավարման, երաշխավորված գումարի հատուցման կարգը, պայմանները և ժամկետները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 գլխի պահանջներին համապատասխան՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով և պայմաններով երաշխավորել ֆիզիկական անձանցից ներգրաված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները:
3. Ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի (այսուհետև՝ հիմնադրամ) միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ֆոնդ» հիմնարկը` ստեղծված Կենտրոնական բանկի նախագահի 20.03.2003թ. թիվ N 1/92Լ, (այսուհետև՝ հիմնարկ) երաշխավորում է նաև ֆիզիկական անձանց դրամային և արտարժութային բանկային հաշիվները՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով և պայմաններով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
4. Պարտադիր երաշխավորման օբյեկտ են՝
ա) ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից (այսուհետև՝ ֆիզիկական անձ կամ անձ) ներգրաված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները,
բ) ֆիզիկական անձանց դրամային և արտարժութային հաշիվները:
5. Երաշխավորված գումարի առավելագույն չափ է հանդիսանում երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ֆիզիկական անձի ավանդների, հաշիվներում առկա միջոցների (այսուհետև՝ ավանդ) ամբողջ գումարը, բայց ոչ ավելի, քան սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված չափերով:
5.1. Երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդի գումարի չափ է համարվում երաշխավորված գումարի ստացված դեպքի օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում առկա գումարը:
6. Երաշխավորված գումարի առավելագույն չափերն են՝
ա) արտարժութային ավանդի համար՝ 1 (մեկ) միլիոն հայկական դրամ,
բ) դրամային ավանդի համար՝ 2 (երկու) միլիոն հայկական դրամ:
6.1. Եթե մեկ ֆիզիկական անձը մեկ բանկում ունի դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը 1 (մեկ) միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը մինչև 2 (երկու) միլիոն հայկական դրամի չափով:
6.2. Եթե մեկ ֆիզիկական անձը մեկ բանկում ունի դրամային և արտարժութային ավանդներ, և նրա դրամային ավանդը փոքր է 1 (մեկ) միլիոն հայկական դրամից, ապա 1 (մեկ) միլիոն դրամից պակաս մասով երաշխավորվում է նաև արտարժութային ավանդը:
7. Երկու կամ ավելի ֆիզիկական անձանց համատեղ ավանդը դիտարկվում է որպես յուրաքանչյուր անձի առանձին ավանդ՝ համատեղ ավանդի պայմանագրով սահմանված ավանդատուի մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ ավանդը բաժանվում է ավանդատուների միջև հավասարաչափ:
8. Եթե մեկ անձը մեկ բանկում ունի առանձին ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ ավանդի ավանդատու է, ապա երաշխավորվող ավանդը հաշվարկվում է որպես առանձին ավանդի և համատեղ ավանդի իր մասնաբաժնի հանրագումարը, իսկ երաշխավորման ենթակա գումարը հաշվարկվում է սույն կանոնակարգի 6-րդ կետի համաձայն:
9. Ֆիզիկական անձի կողմից տվյալ բանկի նկատմամբ պարտավորություն ունենալու դեպքում երաշխավորված գումարը հատուցվում է միայն այն դեպքում, եթե այդ պարտավորությունը պակաս է երաշխավորված գումարի առավելագույն չափից: Ընդ որում, այս դեպքում հատուցվում է միայն երաշխավորված գումարի և անձի կողմից տվյալ բանկի նկատմամբ պարտավորության տարբերությունը, իսկ երաշխավորման ենթակա գումարը հաշվարկվում է սույն կանոնակարգի 6-րդ կետի համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 3
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
10. Բանկերի կողմից երաշխիքային վճարների հաշվարկումը և վճարումն իրականացվում է բանկերի կողմից ներգրավված ավանդների հիման վրա՝ սույն գլխով սահմանված կարգով:
10.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը երաշխիքային վճարներն իրականացնում են 2003 թվականի հուլիսի 1-ից:
10.2. 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ և դրանից հետո ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո գտնվող բանկերը երաշխիքային վճարներ չեն իրականացնում:
11. Բանկերը երաշխիքային վճարների հաշվարկն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով սահմանված հաշվարկի հիման վրա:
12. Երաշխիքային վճարների գումարի չափը կազմում է հաշվետու եռամսյակի ընթացքում բանկերի կողմից ներգրավված ավանդների միջինի տարեկան 0,5 տոկոս: Երաշխիքային վճարի չափը մեծացնելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից վեց ամիս հետո:
12.1. Բանկերը երաշխիքային վճարները կատարում են հայկական դրամով՝ եռամսյակը մեկ անգամ:
12.2. Բանկերը երաշխիքային վճարները կատարում են (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դրանք գանձում է) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը:
(12.2-րդ կետը խմբ. 30.07.03 N 261-Ն)
13. Բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով սահմանված ձև թիվ 26 հաշվետվությունը, որի հիման վրա երաշխիքային վճարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գանձում է բանկերի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող թղթակցային հաշիվներից:
14. Երաշխիքային վճարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կուտակում է հիմնադրամում:
15. Հիմնադրամի միջոցները կառավարում է հիմնարկը՝ սույն կանոնակարգով և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և պայմաններով:
16. Հիմնադրամի միջոցների, այդ թվում՝ հատուցված և բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարների, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարված մասհանումների, հիմնադրամի հաշվին ստացված դրամաշնորհների, վարկերի գումարներից առաջացած միջոցները հիմնարկը տեղաբաշխում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում որպես ավանդ:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԸ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
17. Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 533 -րդ հոդվածով սահմանված դեպքը, որը վրա է հասել 2005 թվականի հուլիսի 1-ից հետո:
18. Երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց հետո երեք օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այդ մասին հայտարարություն է տալիս պաշտոնական մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
19. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող հայտարարության մեջ պարտադիր նշվում են.
-
բանկի անվանումը,
-
տեղեկություն այն մասին, որ տվյալ բանկի ավանդատուները կարող են դիմել բանկին իրենց ավանդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով,
-
երաշխավորված գումարը ստանալու կարգը և պայմանները,
-
երաշխավորված գումարը ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
20. Սույն կանոնակարգի 19-րդ կետով սահմանված կարգով հայտարարության հրապարակման պահից 10 (տասը)-օրյա ժամկետում բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում մանրամասն տեղեկություններ երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ բանկում առկա ավանդատուների, նրանց ավանդների չափի վերաբերյալ:
Հիմնարկը սույն կետով սահմանված տեղեկատվության ներկայացման ձևը բանկին է ներկայացնում երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց հետո երկօրյա ժամկետում:
20.1. Սույն կետով սահմանված տեղեկատվությունը ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը լրացուցիչ հայտարարություն է տալիս մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ նշելով այն բանկի անվանումը, գտնվելու վայրը, աշխատանքային ժամերը, որտեղից ավանդատուն կարող է ստանալ երաշխավորված գումարը:
21. Սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի ընթացքում բանկի ավանդատուները տվյալ բանկում իրենց հաշիվների քաղվածքներին ծանոթանալու և սխալ հայտնաբերելու դեպքում, գրավոր պարզաբանումներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ և բանկ:
22. Երաշխավորված ավանդների հատուցումը սկսվում է երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց 14 (տասնչորս) օր հետո և իրականացվում է այդ պահից սկսած եռամսյա ժամկետում: Բացառիկ դեպքերում (տվյալ բանկի բոլոր ավանդատուներին երաշխավորված գումարների հատուցումը չհասցնելու, տարերային աղետի և այլն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս երեք ամսով:
23. Երաշխավորված ավանդի գումարը ստանալու համար ավանդատուն երաշխավորված գումարները վճարող բանկին ներկայացնում է գրավոր դիմում՝ սկսած երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց 14 (տասնչորս) օր հետո՝ մինչև եռամսյա ժամկետում:
23.1. Ավանդատուի և երաշխավորված գումարները վճարող բանկի միջև տարաձայնություն առաջանալու դեպքում ավանդատուն կարող է սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում գրավոր դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:
23.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ավանդատուի դիմումը քննարկում և անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում և արդյունքների մասին հայտնում է դիմողին և երաշխավորված գումարները վճարող բանկին:
23.3. Երաշխավորված գումարները վճարող բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրության հիման վրա իրականացնում է երաշխավորված գումարի հատուցումը:
24. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում անձի կողմից երաշխավորված գումարը չստանալու դեպքում, հիմնարկը չհատուցված ավանդը հատուցում է երաշխավորված գումարի ստացման դեպքը վրա հասնելու պահից երեք տարվա ընթացքում:
25. Հատուցումը կազմակերպվում և իրականացվում է այլ բանկի միջոցով: Այլ բանկի ընտրության որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ մրցութային եղանակով:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ընտրված բանկի հաշվին է փոխանցում անհրաժեշտ գումարը և տրամադրում ավանդատուների ցուցակը, որի մեջ ներառվում են ավանդատուի անուն ազգանունը, անձնագրային տվյալները, տվյալ բանկում ներդրված ավանդի գումարի չափը, տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված գումարի չափը և այլն:
26. Երաշխավորված գումարները վճարող բանկն այդ գումարի վճարումն իրականացնում է սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում՝ ավանդատուի կողմից ներկայացված գրավոր դիմումի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված սույն կանոնակարգի 25-րդ կետի երկրորդ մասով սահմանված ավանդատուների ցուցակի հիման վրա: