ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
14 հոկտեմբերի 2008 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող կողմի ներկայացուցիչ` փաստաբան Մ. Շուշանյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Վարդան Մալխասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացի Վ. Մալխասյանի` 26.05.2008 թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործի նյութերը, սույն գործով զեկուցողների գրավոր հաղորդումը և կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2003 թ. ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2003 թ. ապրիլի 29-ին և համաձայն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` ուժի մեջ է մտել 2003 թ. օգոստոսի 1-ից:
ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը»: Հոդվածը սահմանում է. «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
2. Ըստ գործում առկա դատական ակտերի` քաղ. Վ. Մալխասյանը, 2006 թ. դեկտեմբերի 2-ին մասնակցելով «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, «Արաքս-Քուռ» վերաբնակեցման և զարգացման հիմնադրամի հոգաբարձու խորհրդի նախագահ Ժ. Սեֆիլյանի նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի պետական քոլեջի դահլիճում կայացած «Հայ կամավորականների համախմբման» անդրանիկ հավաքին, ներկա գտնվող շուրջ 150 անձանց ներկայությամբ կատարել է ՀՀ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թ. օգոստոսի 6-ի դատավճռով դիմողը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով և դատապարտվել ազատազրկման երկու տարի ժամկետով:
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանն իր 25.09.2007 թ. որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թ. օգոստոսի 6-ի դատավճիռը դիմողի մասով թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 04.05.2008 թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է:
3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի դիսպոզիցիայի` «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերը» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը» բառակապակցություններն առաջացնում են իրավական անորոշություն, և այդ հիմքով հակասում են ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 5, 14.1, 16, 27 և 43-րդ հոդվածներին: Մասնավորապես, ըստ դիմող կողմի` ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող հոդվածում «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերը» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը» բառակապակցությունների իրավական անորոշության պատճառով իրավակիրառ մարմինները ճիշտ չեն մեկնաբանել հոդվածի դրույթները, ինչի հետևանքով դիմողի արտահայտած կարծիքը դիտարկվել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով նախատեսված արարք, դրա արդյունքում, ի թիվս այլոց, սահմանափակվել է դիմողի` Սահմանադրության 27 հոդվածով սահմանված` կարծիք հայտնելու ազատության իրավունքը:
Իրավական անորոշության առնչությամբ իր փաստարկները դիմող կողմը հիմնականում հիմնավորում է նրանով, որ իշխանությունը ոչ նյութական երևույթ է, և, հետևաբար, այն հնարավոր չէ ենթարկել նյութական երևույթների ազդեցությանը, ինչպիսին, ի թիվս այլոց, բռնությամբ զավթելն է: Ըստ դիմողի` իշխանության ընկալումը որպես նյութական երևույթ, ինչպես նաև «պետական իշխանություն» և «պետական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձ» հասկացությունների նույնականացումն ընդունված էր խորհրդային ամբողջատիրական հասարակությունում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող հոդվածը` նման բովանդակությամբ, խորհրդային կարծրատիպ է, ինչն ընդունելի չէ ժողովրդավարական հասարակությունում:
Բացի վիճարկվող դրույթներում իրավական անորոշության առկայության հարցից, դիմող կողմը բարձրացնում է նաև իրավակարգավորման և օբյեկտիվ իրականության միջև անհամապատասխանության հարցը` հիմնվելով «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերը» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը» բառակապակցությունների բովանդակության մեկնաբանության սեփական տարբերակների վրա: Մասնավորապես, փաստարկելով, որ «պետական իշխանություն» և «ժողովրդի իշխանություն» հասկացությունները նույնանշանակ են, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է որպես պետական իշխանություն և տեղական ինքնակառավարում, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 104 հոդվածի համաձայն տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է, դիմող կողմն ընդհանրացնում է, որ «պետական իշխանություն» հասկացությունը նշանակում է «պետական նշանակության հարցերը սեփական պատասխանատվությամբ լուծելու Հայ ժողովրդի իրավունք ու կարողություն»: Այս ձևակերպումից, ինչպես նաև իշխանության բնույթի և էության վերաբերյալ իր փաստարկներից ելնելով` դիմող կողմը գտնում է, որ օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ զավթել ժողովրդի իրավունքը և կարողությունը, և այդ կապակցությամբ վիճարկվող դրույթների ուղիղ, սովորական, տառացի մեկնաբանության դեպքում կարելի է հանգել անհեթեթության: Դիմողը գտնում է, որ «...իրականության մեջ անհնար` «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն» կամ «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն» ուղղված «հրապարակային կոչերը» հանրության համար վտանգավոր «արարքներ» չեն և չեն կարող լինել, դրանց արգելքը «պաշտպանություն» է գոյություն չունեցող, երևակայական վտանգից, ապահովում է ոչ թե իրավական որոշակիությունը, մատչելիությունը և կանխատեսելիությունը, ... այլ ընդհակառակը, «ապահովում է» իրավական անորոշություն, կամայականություն և խտրականություն, ուստի հակասում է Սահմանադրությանը և Կոնվենցիային»:
Վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի վիճարկվող դրույթների, ինչպես նաև 300 հոդվածի և ՀՀ Սահմանադրության հատկապես 2, 3 և 5 հոդվածների փոխառնչությունները, դիմող կողմն ընդհանուր հետևություն է անում, որ վեճի առարկա դրույթների ու ընդհանրապես օրենսգրքի 11-րդ բաժնի բովանդակությունը` իմաստի, էության, բնույթի, ներքին տրամաբանության, արժեքային համակարգի և նպատակային նշանակության առումով, ՀՀ քրեական օրենսգիրքը պահում են խորհրդային անցյալի քաղաքակրթական ճգնաժամի հարթությունում:
4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկների դեմ` գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը դիմողի հարցադրումների շրջանակում սահմանադրականության խնդիր չի առաջացնում, և բավարար հիմք չի տեսնում այն ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 5, 27 և 43 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու համար:
Պատասխանող կողմը շեշտում է, որ ՀՀ Սահմանադրության 2 հոդվածն ամրագրում է, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: Ընդ որում, «յուրացումը» կարող է կատարվել տարբեր եղանակներով` ինչպես բռնի, այնպես էլ ոչ բռնի: ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածում օգտագործված «զավթում» եզրույթը միանշանակ ենթադրում է բռնություն կամ բռնության սպառնալիք:
Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը կազմում են սահմանադրորեն ձևակերպված ՀՀ սահմանադրական կարգի այն հիմունքները, որոնցում ամրագրված են պետական իշխանության ձևավորման և գործունեության սկզբունքները: Այդ հոդվածով քրեորեն հետապնդելի են պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն և Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը` ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի 2-րդ մասի ուժով, ՀՀ Սահմանադրության 43 հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերով և կարգով, նույն հոդվածի 2-րդ մասում, ինչպես նաև միջազգային իրավունքում ամրագրված` իրավունքը սահմանափակելու թույլատրելի սահմաններում:
Պատասխանող կողմը գտնում է նաև, որ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կոչը` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի իմաստով, նշանակում է «...այնպիսի բանավոր, գրավոր կամ պատկերավոր այլ ներգործություն մարդկանց գիտակցության, կամքի կամ վարքագծի վրա, որը նպատակ ունի նրանց մոտ ձևավորելու հակասահմանադրական եղանակով սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հակում»: Ուստի, բռնության կոչը` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի իմաստով, նշանակում է քաղաքական պայքարի հակասահմանադրական զինված ձևեր, ավերիչ ուղղվածությամբ զանգվածային գործողություններ, իշխանական ինստիտուտների բռնի վերացում կամ փոփոխում և այլն: Ընդ որում, կոչում հնչած բռնության բնույթը կոչի բովանդակությունում պետք է արտահայտված լինի որոշակիորեն, ընդհուպ մինչև բռնության եղանակի ուղղակի նշումը:
Պատասխանող կողմը մատնանշում է նաև, որ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչ» արտահայտությունը գործածվում է նաև այլ պետությունների, մասնավորապես` Շվեյցարիայի, Լիտվայի, Լատվիայի, Բուլղարիայի և մի շարք այլ պետությունների քրեական օրենսգրքերում: Պատասխանող կողմը հղում է կատարում նաև Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 2007 թ. դեկտեմբերի 17-ին տրված թիվ 542/2007 եզրակացությանը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի` եվրոպական չափանիշներին, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածին համապատասխանության հարցի վերաբերյալ:
Պատասխանողի կարծիքով` իրավական որոշակիության իմաստով ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածում նախատեսված` պետական իշխանության ճյուղերից ցանկացածը բռնությամբ զավթելու հրապարակային կոչն ուղղված է պետական իշխանության դեմ: Տվյալ դեպքում իրավական որոշակիությունը, մատչելիությունը և կանխատեսելիությունն ապահովված են:
5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն իր իրավունքների խախտումը հիմնականում պայմանավորում է ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթներում իրավական անորոշության առկայությամբ և դրա հետևանքով իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթներին տրված, իր կարծիքով, սխալ մեկնաբանությամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի 1-ին մասի և 68 հոդվածի 7-րդ մասի պահանջները, սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի դրույթների սահմանադրաիրավական իմաստի բացահայտման, ինչպես նաև կիրառման պրակտիկայում դրսևորված մոտեցումների գնահատման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի դիսպոզիցիան սահմանադրական նորմերի ու սկզբունքների տեսանկյունից հետապնդում է իրավաչափ նպատակ, և արդյո՞ք «բռնության գործադրմանն ուղղված հրապարակային կոչ» և «կարծիքի ազատ արտահայտում» հասկացությունների միջև առկա է ողջամիտ տարանջատվածություն:
6. ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածում «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերը» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը» բառակապակցությունները համադրված գնահատման ենթակա արտահայտություններ են: Երկրի սահմանադրական կարգն իրենից ներկայացնում է հասարակության հիմնարար հարաբերությունների կանոնակարգման, պետական իշխանության կազմակերպման, անհատ-պետություն փոխհարաբերությունների սահմանադրորեն ամրագրված համակարգը: Վերջինիս հիմքում դրվող արժեքների և սկզբունքների ամբողջականությունն առանձնացվում է որպես երկրի սահմանադրական կարգի հիմունքներ: Հասարակության հիմնարար հարաբերությունների կանոնակարգման, պետական իշխանության կազմակերպման և անհատ-պետություն փոխհարաբերությունների կարգը չի կարող սահմանվել կամ փոփոխության ենթարկվել այլ կերպ ու այլ ձևերով և մեթոդներով, քան նախատեսված է Սահմանադրությամբ: Հետևաբար, վեճի առարկա դրույթների փոխհարաբերակցությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից:
Սահմանադրական իրավունքի տեսանկյունից իշխանությունը կամքը պարտադրելու իրավունք և կարողություն է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական իշխանությունը, որպես ժողովրդի կամքը միջնորդավորված կերպով պարտադրելու իրավունք և կարողություն, պետության գործառնական կարևոր բաղադրատարրերից է, որն արտահայտվում է պետության կողմից իր առաքելությունը հրապարակային և ինքնիշխան ձևով իրականացնելու կարողունակությամբ` համապարտադիր վարքագծի կանոններ սահմանելու և դրանց կիրառումն ապահովելու միջոցով:
Սահմանադրական մակարդակում հստակ տարբերակվում են «ժողովրդի իշխանություն» և «պետական իշխանություն» հասկացությունները: Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը հանդիսանում է այդ իշխանության միակ կրողը և աղբյուրը: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 2 հոդվածը սահմանում է, որ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 5 հոդվածների համալիր վերլուծությունից բխում է, որ պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր` իշխանության մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Պետական իշխանությունն իրականացվում է գործառույթ - ինստիտուտ - իրավասություն եռամիասնական սահմանադրական ներդաշնակության հիման վրա` մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրորեն նախատեսված սահմանափակումների շրջանակներում: Այդ եռամիասնության մեջ ինստիտուտն ու իրավասությունը միջոց են գործառույթն իրականացնելու համար, որը ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքների հիման վրա տեղի է ունենում Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կառուցակարգերի, կոնկրետ լիազորությունների, ձևերի ու մեթոդների շրջանակներում, որոնց արդյունքում երաշխավորվում է պետության ողջ տարածքում հասարակական հարաբերությունների կանոնակարգումը (համապարտադիր վարքագծի կանոնների սահմանումը) և դրանց իրացման ապահովումը: Դրանցից դուրս իրականացվող գործողությունները ճանաչվում են որպես հակաիրավական: Նման հակաիրավական գործողությունների թվին են դասվում նաև Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանադրական ինստիտուտին վերապահված պետաիշխանական գործառույթին և դրա իրականացման միջոցներին բռնությամբ տիրանալը, իրեն ենթարկելը կամ այլ կերպ` զավթելը: ՀՀ Սահմանադրության 47 հոդվածը միանշանակ պահանջ է առաջադրում, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը, ինչպես նաև նույն հոդվածն արգելում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով: Այս համատեքստում սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակով իրավունքների և ազատությունների օգտագործման արգելումն ունի այն սահմանադրաիրավական իմաստը, որ իրավունքների չարաշահման արգելք է նախատեսվում այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են սահմանադրորեն նախատեսված իրավակարգավորումը բռնության գործադրմամբ ձախողելուն (կործանելուն, քայքայելուն, ավերելուն և այլն), անիրագործելի դարձնելուն:
Իրավունքների չարաշահման արգելքը նախատեսված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 17 հոդվածով:
Պետությունը պարտավոր է իրավական երաշխիքներ ստեղծել սահմանադրական այդ պահանջն իրականացնելու և երկրի սահմանադրական կարգի կայունությունն ապահովելու ուղղությամբ:
Վերոշարադրյալ մոտեցումները հաշվի առնելով` «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր» և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» հասկացությունները ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետք է հասկանալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմինների պետաիշխանական գործառույթներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ` բռնությամբ կամ դրա գործադրման անմիջական և իրական սպառնալիքով տիրանալու համար գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր: Իրավակիրառական պրակտիկան և ցանկացած գործի փաստական հանգամանքների գնահատումը պետք է ելնի տվյալ հասկացությունների սահմանադրաիրավական այդ բովանդակությունից, առաջին հերթին նկատի ունենալով հակաիրավական (բռնի) գործողությունների միջոցով պետաիշխանական գործառույթի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու նշված հանգամանքը: Բռնության կոչերի նպատակը մեկն է` համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց բռնի գործողություններին: Քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները:
Հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին: Մյուս կողմից, այդ քննադատությունը չի կարող վերածվել բռնության կոչերի, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման:
Վերոշարադրյալ մեկնաբանությունից բխում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի իմաստով` «պետական իշխանություն» հասկացությունը չի կարող նույնականացվել «պաշտոնատար անձ» հասկացության հետ, և դա չի կարող արվել նաև իրավակիրառական պրակտիկայում:
Վեճի առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնահատվի միայն ու միայն վերոշարադրյալ իմաստով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկյունից: Այս շրջանակներում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի դիսպոզիցիան սահմանադրական նորմերի ու սկզբունքների տեսանկյունից կարող է ունենալ իրավաչափ բնույթ:
7. ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի համաձայն.
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։
Սահմանադրության 27 հոդվածի վերլուծությունից բխում է, որ անհատին անմիջականորեն վերաբերում են հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված իրավունքները: Հոդվածի երրորդ և չորրորդ մասերով սահմանված դրույթները վերաբերում են լրատվամիջոցներին, երաշխավորում են համապատասխան ինստիտուցիոնալ և կազմակերպչական միջոցների առկայությունը` ապահովելու համար Սահմանադրության 27 հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված իրավունքների արդյունավետ իրացումը: Այդ կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը հարկ է գնահատել ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված իրավունքների և դրանց սահմանափակումների տեսանկյունից:
Սահմանադրության 27 հոդվածի առաջին և երկրորդ մասերում ամրագրված` կարծիքն ազատ արտահայտելու և խոսքի ազատության իրավունքները կարող են սահմանափակվել ՀՀ Սահմանադրության 43 հոդվածում ամրագրված հիմքերով:
Սահմանադրության 43 հոդվածի համաձայն.
«Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:
ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ հոդվածի դրույթները` իրենց իրավակարգավորման շրջանակներում, ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածով երաշխավորված` կարծիքն ազատ արտահայտելու և խոսքի ազատության իրավունքները սահմանափակելու առումով համահունչ են ՀՀ Սահմանադրության 43 հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններին, ինչպես նաև իրավունքների չարաշահման արգելմանն ուղղված` ՀՀ Սահմանադրության 47 և Կոնվենցիայի 17 հոդվածների պահանջներին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր վճիռներում բազմիցս անդրադարձել է այս հարցին և նշել, որ ինչպես սահմանում է Կոնվենցիայի 10 հոդվածը, այդ ազատությունը ենթարկվում է բացառությունների, որոնք, սակայն, պետք է մեկնաբանվեն խիստ, և ցանկացած միջամտության անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով սահմանված լինի: Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխում է, որ բռնությամբ իշխանությունը զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կոչերը կարող են արգելվել համաձայն այն բացառությունների, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 10 հոդվածի 2-րդ կետում: Այդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ «հրապարակային կոչ» արտահայտությունը սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների իմաստով անորոշ չէ և այն, անձանց մասնավոր հաղորդակցությունից դուրս, տարբեր ձևերով ուղղված է հանրության անդամներին: Անորոշ չեն նաև «պետական իշխանությունը բռնությամբ զավթել» և «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխել» արտահայտությունները, որոնք չեն ներառում օրինական կարգով իրականացվող գործողություններ:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի, ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի և Կոնվենցիայի 10 հոդվածի դրույթների փոխառնչությունները պետք է դիտարկել ոչ միայն Սահմանադրության 47 և Կոնվենցիայի 17, այլ նաև Սահմանադրության 29 և Կոնվենցիայի 11 հոդվածների տեսանկյունից: Բանն այն է, որ վերջին երկու հոդվածներում ամրագրված իրավունքները սահմանադրաիրավական առումով ճանաչվում են այդպիսին, եթե խաղաղ են ու առանց զենքի: Իսկ Կոնվենցիայի 10 հոդվածի 2-րդ մասը, նկատի ունենալով, որ արտահայտվելու իրավունքի իրականացումը կապված է նաև պարտավորությունների ու պատասխանատվության հետ, նախատեսում է ոչ միայն օրենքով սահմանափակումների, այլև պատժամիջոցների կիրառման հնարավորություն` իրավունքի չարաշահումը բացառելու և ժողովրդավարական հասարակությունում նույն այդ 10 հոդվածով թվարկված իրավաչափ նպատակներին հասնելու համար:
Նշված հոդվածների համալիր վերլուծությունից հետևում է, որ «բռնության գործադրմանն ուղղված հրապարակային կոչ» և «կարծիքի ազատ արտահայտում» հասկացությունների միջև առկա է ողջամիտ տարանջատվածություն:
8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա գործի շրջանակներում առաջնային խնդիրը վեճի առարկա նորմի պատշաճ իրավական մեկնաբանման և կիրառման երաշխավորումն է: Դրա ապահովման իրավական պարտավորությունը, ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, կրում է ՀՀ վճռաբեկ դատարանը: Ի տարբերություն բազմաթիվ երկրների, ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով ՀՀ սահմանադրական դատարանն իրավասու չէ սահմանադրականության տեսակետից քննության առարկա դարձնել դատական ակտերը: Սահմանադրական դատարանն իրավասու չէ նաև գնահատելու դատարանների կողմից քրեական պատժաչափերի կիրառման համաչափությունը, քանի որ չի կարող գնահատել կոնկրետ քրեական գործերի փաստական հանգամանքները, որոնք առիթ են տվել կիրառելու այս կամ այն պատժաչափը: Այսուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածով նախատեսված դրույթների, ինչպես նաև իր` 09.04.2007 թ. ՍԴՈ-690 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում արձանագրում է, որ սույն գործին առնչվող հարցով ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 04.05.2008 թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է` պարզապես նշելով, որ «Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ չկան հիմքեր եզրակացնելու, որ բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար…»: Մինչդեռ, սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները վկայում են, որ տվյալ գործի շրջանակներում ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի և ՀՀ դատական օրենսգրքի 50 հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի պաշտոնական մեկնաբանումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից էական նշանակություն կարող էր ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Առավել ևս, երբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թ. սեպտեմբերի 25-ի դատավճռում ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի իրավական բովանդակության որևէ մեկնաբանում չի տրվել, իսկ դատական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր տվյալ նորմի կիրառման պրակտիկա փաստորեն չի ձևավորվել:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301 հոդվածի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 14 հոկտեմբերի 2008 թ. ՍԴՈ-766
Գ. Հարությունյան